Մելանի | ԸՆԴՎԶՈՒՄ

Մանկական անհոգությունը չէր խանգարում ինձ ընկալել մեր տան մեջ սպասվող մուտալուտ փոփոխությունը: Իսկ դա կապված էր մեր ընտանիքում նոր անդամ ավելանալու խոսակցությունների հետ:

Պատկերացում անգամ չունեի թե դա ինչ է նշանակում. անգամ չէի նկատում մորս արտաքին փոփոխությունները: Բայց անկախ ամեն բանից, մեր տան մեջ, բոլորը ջանք չէին խնայում ինձ պատրաստել՝ «փոքրիկ եղբայր» ունենալու հեռանկարին: Ինձ մոտ հարց էր առաջացել, թե ո՞րտեղից է գալու այդ «փոքրիկ եղբայր» կոչվածը: Անհամբեր էի դարձել, մտքումս պատկերացնում էի նրան իմ գրկում, նրա հետ խաղալիս… Իմ փոքրիկ, դեռ լույս աշխարհ չեկած եղբայրը դարձել էր մի գեղեցիկ, հեռավոր երազ, որը լուռ փայփայում էի սրտիս խորքում գիշեր ու ցերեկ: Եվ այնքան էի տարված իմ երազով, որ ամփոփվել էի ինքս իմ մեջ ու չէի արտահայտվում այդ մասին: Մեր տնեցիները զարմանում էին, թե ինչո՞ւ հարցեր չեմ տալիս կամ ինչո՞ւ չեմ արձագանքում նրանց ասածներին: Իսկ ես գերադասում էի մենակ մնալ ու մանկական երևակայությանս մեջ պատկերացնել «փոքրիկ եղբորս»: Այդ օրերին ես նոր էի թևակոխել հինգ տարիս:
Օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից. ես շարունակում էի ապրել երազներիս աշխարհում: Մոտենում էր Ամանորը. համոզված էի, որ Նոր-տարվա առաջին օրը տոնածառի տակ պիտի գտնեմ իմ փոքրիկ եղբորը: Կարծում էի, որ այս տարի խաղալիքներ չեն լինի տոնածառի տակ: Բայց, քանի որ խաղալիքների փոխարեն կլինի իմ եղբայրը և այն միտքը, որ երևի նա էլ ինչ-որ խաղալիք է, օգնում էր ինձ համակերպվել ցավալի իրողության՝ շատ խաղալիքներ ստանալու հաճույքից զրկվելու փաստի հետ…
Նոր տարվա առաջին օրը, արթնանալուն պես, վեր թռա անկողնուց ու գիշերանոցով վազեցի տոնածառի մոտ: Այնտեղ, ինչպես միշտ, շարված էին Ձմեռպապիի բերած նվերները: Մի պահ մոռացա ամեն բան ու սկսեցի մեկ առ մեկ բացել գույնզգույն կապոցները: Ամբողջ օրը ուրախությունից դես ու դեն էի թռչկոտում, ցույց տալիս խաղալիքները տնեցիներին ու բլբլացնում: Իսկ քնելիս, հանկարծ հիշեցի փոքր եղբորս ու եզրակացրի, որ հակառակ իմ համոզմանը՝ Ձմեռպապին մոռացել էր բերել նրան… Իհարկե դրանով չխամրեց ուրախությունս, բայց ինձ անհանգստացրեց նոր սպասումի և հարցիս նոր պատասխան գտնելու մտահոգությունը:
Եկավ գարունը: Մորաքույրս սկսեց ավելի հաճախ այցելել մեզ: Մայրս քիչ էր աշխատում ու երկար հանգստանում: Բնազդով զգում էի, որ նա անսովոր դրության մեջ է: Իսկ ամենասոսկալին այն էր, որ օրվա մեջ նա հազիվ մի քանի րոպե էր խաղում ինձ հետ: Շուտ էր հոգնում, և ես դա չէի հանդուրժում: Աղաչում էի քիչ էլ մնար, բայց նա վստահեցնում էր, որ շուտով, շատ շուտով նորից կկարողանա երկար խաղալ ինձ հետ: «Շուտո՞վ, իսկ ինչո՞ւ ոչ՝ հիմա, իսկ եթե այլևս չխաղա՞»…
Գարնան մի գեղեցիկ օր, երբ վեր կացա ու քնաթաթախ գնացի ծնողներիս սենյակը, նրանց չգտա: Վազեցի խոհանոց: Այնտեղ միայն մորաքուրս էր: Նա, ինչպես միշտ, ժպիտով ողջունեց ինձ.
-Մայրիկն ու հայրիկը գնացել են քո փոքրիկ եղբորը տուն բերելու,- ասաց նա շողալով ուրախությունից:
Ուրեմն, փոքրիկ եղբայրս գալիս է, իսկ ես կարծում էի, որ էլ չի գա: Ե՞րբ են բերելու տուն: Նա ինչպիսի՞ն է: Շատ փոքրի՞կ է: Ես կար՞ող եմ նրան գրկել: Լացո՞ւմ է: Իմ հետ կխաղա՞… Մորաքույրս հազիվ էր հասցնում պատասխանել հարցերիս տարափին: Ասես, դուրս էի եկել երազների աշխարհից ու ամիսների լռությունից հետո ուզում էի միանգամից գտնել բոլոր հարցերիս ու պատկերացումներիս պատասխանը…
Եվ ահա մեր տունը լցվեց ցնծությամբ: Վերջապես ժամանեց վաղուց սպասված «փոքրիկ եղբայրս»՝ իրոք փոքրիկ, շա՜տ փոքրիկ մի գեղեցիկ ու անչափ սիրելի մանչուկ: Նա միայն ուտում էր ու քնում: Ոչ խոսում էր, ոչ պատասխանում իմ հարցերին, ոչ էլ կարողանում էր քայլել ու խաղալ ինձ հետ: Մասամբ հուսախաբվել էի, բայց նրան սիրում էի ողջ սրտով: Հաճախ մոռանում էի իմ այնքան սիրելի խաղալիքները: Ժամերով կանգնում էի եղբորս օրորոցի կողքին ու հետևում նրա շարժումներին: Խոսում էի նրա հետ, բացատրություններ տալիս խաղալիքներիս մասին…
Սակայն, ինձ արգիլում էին գրկել եղբորս, անգամ բռնել ձեռքը: Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր: Հիմա արդեն մայրիկը, հակառակ իր խոստմանը, ժամանակ չուներ խաղալու ինձ հետ: Իսկ երբ եղբայրս քնած էր, ես ստիպված էի լուռ մնալ, չերգել ու չբղավել, որպեսզի նա չզարթնի… Շատ ծանր էի տանում, այս բոլորը, մանավանդ, մորաքրոջս պարագային, բայց ամեն դեպքում չէի դադարում սիրել եղբորս: Նա ասես մարմնավորվել էր իմ երազներից ու պատկերացումներից, և նրան մոտ լինելը իմ գերագույն հաճույքն էր:
Երբ եղբայրս հիվանդանում էր մորաքույրս անձամբ էր հոգ տանում նրա մասին: Նա չէր վստահում նույնիսկ ծնողներիս: Իսկ ես դա տանել չէի կարողանում: Նախքան եղբորս հայտնվելը, ես էի մորաքրոջս ուշադրության առարկան, նա անչափ սիրում ու փայփայում էր ինձ, իսկ հիմա ասես ես գոյություն չունեի իր համար: Վրդովում էի, երբ նա արգիլում էր ինձ մոտենալ եղբորս օրորոցին… Բարկանում էր: Չէի գանգատվում, բայց այնպես էի ցանկանում գոնե մեկ անգամ գրկել եղբորս… Շատ ուշ հասկացա, որ մորաքույրս համոզված էր եղել, թե ես որևէ կերպ կվնասեմ եղբորս՝ դրդված նախանձից…
Մի օր հայրս ու մայրս մեզ հանձնելով մորաքրոջս խնամքին՝ երկու օրով մեկնեցին ճամփորդության: Ինձ համար միևնույն էր, թե ով հոգ կտաներ մեր մասին: Ես գերադասում էի մենակ մնալ: Նրանց գնալուց հետո մի քիչ տխրեցի, բայց շատ շուտ մոռացա: Միևնույնն է, մայրիկը հետս չէր խաղալու, մինչև անգամ եթե տանը լիներ…
Ծնողներիս բացակայության օրերին, մորաքույրս անչափ ուշադիր էր եղբորս նկատմամբ: Իմ հանդեպ էլ ուշադիր էր, բայց ոչ նախկինի պես, երբ իր ողջ ժամանակն էր ինձ տրամադրում: Հաջորդ օրը, երբ մորաքույրս կերակրում էր եղբորս, իսկ ես խաղում էի նստած գետնին, հանկարծ ուժեղ տեղատարափ սկսվեց: Մորաքույրս եղբորս դրեց մահճակալի մեջ, շտապ վազեց պատշգամբ ու սկսեց արագ-արագ հավաքել նախապես փռած լվացքը:
Անձրևը գնալով ուժեղանում էր: Այդ պահին, մի միտք ծագեց գլխիս մեջ… Հանգիստ վեր կացա տեղից, մոտեցա դեպի պատշգամբը բացվող դուռը ու ներսից բանալիով փակեցի այն: Հիմա արդեն դրության տերը ես էի ու կարող էի հանգիստ խաղալ եղբորս հետ, գրկել նրան…
Քիչ անց, մորաքույրս հավաքեց լվացքը ու փորձեց բացել փակ դուռը… Բռնակը ներսից անդադար բարձրանում էր ու իջնում, սակայն դուռը չէր բացվում:
Պատուհանի ետևից տեսնում էի նրա մտահոգ դեմքը:
-Բացի՛ր դուռը,- զայրացած բղավեց նա:
-Չեմ բացի,- լացս հազիվ զսպելով՝ ասացի ես:
-Բացի՛ր, ասում եմ…
-Չեմ բացի…
Մորաքույրս սկսեց համոզել ինձ, իսկ ես կանգնած նայում էի նրան: Համոզված էի, որ եթե դուռը բացեմ, նա անտարակույս շատ խիստ կպատժի ինձ: Մի կողմից էլ ուրախ էի արածս գործի համար: Վերջապես նորից ուշադրության կենտրոնում էի: Մոտեցա եղբորս օրորոցին ու փորձեցի գրկել նրան: Մորաքուրս շարունակում էր ծեծել պատուհանը և բղավել… Մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչու չգրկեցի եղբորս, չէ՞ որ դա իմ սրտագին ցանկությունն էր… Պատշգամբի դուռը փակ էր ու ոչ ոք ինձ չէր խանգարում… Չգիտեմ մորաքրոջս բղավոցների, թե կերը կիսատ մնալու պատճառով եղբայրս սկսեց լացել: Այլևս չդիմացա: Արագ բացեցի դուռը և, մինչ մորաքույրս ներս կմտներ, վազեցի դուրս: Վերջին պահին, նկատեցի, որ անտարբեր իմ գոյությանը՝ մորաքույրս մոտեցավ ու գրկեց եղբորս ու սկսեց տնտղել նրան, ասես ուզում էր համոզվել, որ չեմ վնասել…
Իսկ ես վազեցի նկուղ, դուռը մի կերպ բացեցի ու ներս մտա: Նկուղը մութ էր ու լցված հին ապրանքներով: Թաքնվեցի մի անկյունում: Ես միշտ էլ սարսափել էի նկուղից, բայց պատժից խուսափելու մղումը ինձ ստիպում էր հաղթահարել վախը: Եվ այսպես, նստած իմ թաքստոցում, մենակ ու լքված, լուռ հեկեկում էի: Շատ չանցած լսեցի մորաքրոջս ձայնը, որ անհանգիստ կանչում էր ինձ: Հետո չհասկացա, թե ինչպես ննջեցի:
Չգիտեմ ինչքան էի մնացել այդ դրության մեջ, երբ ասես երազում լսեցի մորաքրոջս ձայնը.
-Մենին, Մենին, ի՞նչ ես անում այստեղ…
Աչքերս բաց արեցի ու տեսա ինձ վրա կախված մորաքրոջս դեմքը: Վախից սկսեցի բարձրաձայն լաց լինել: Համոզված էի, որ հասել է պատժի ժամը:
Բայց նա փաղաքշաբար գրկեց ինձ ու մաքրելով արցունքներս՝ ասաց.
-Գիտե՞ս ինչ: Եղբայրդ առավոտից սոված քեզ է սպասում որ գնաս ու իրեն կերակրես:
-Ե՞ս: Ե՞ս եմ կերակրելու նրան:
-Իհարկե դու:
-Իսկ կարո՞ղ եմ գրկել նրան:
-Իհարկե կարող ես, մեծ աղջիկ ես դարձել արդեն…
Մոռանալով ամեն բան՝ սլացա եղբորս մոտ…
Այդ պահին, ես ամենաերջանիկ մարդն էի այս աշխարհի վրա…

5-Հունիս-2010
Թավրիզ

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի