Սիրանույշ Օհանյան | ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ

Մանկուց էր տանջում հարցը, թե ինչու է երկինքը կապույտ:

Ենթադրությունները, կարծիքներն ու երևակայությամբ ընդունած պատկերացումները փոփոխվում էին իր ներքին աճին զուգընթաց:
Փնտրեց բոլոր հին ու նոր հեքիաթներում` չստացավ պատասխան:
Ուսումնասիրեց ողջ գիտական միտքը` չբավարարվեց: Եկավ այն համոզման, որ գիտությունը երբեք չի պատասխանում ինչու-ին, այլ միայն` ինչպես-ին:
Որոնեց ոգեգիտության բավիղներում, խարխափեց, մոլորվեց, երբեմն զգաց լույսը` չտեսնելով, սակայն չհասավ ըմբռնման կատարելության:
Մոռացավ բոլոր փնտրտուքներն ու փորձերը, տրվեց երևակայության հյուսած պատումներին:
Օրեր շարունակ ապրեց` գլխից ու ոտքերից անդին ունենալով սև մի երկինք: Կրեց ուսերին իր սև երկինքը, քայլեց` ոտքերի տակ, հողագնդից անդին պատկերացնելով սև երկինք:
Եվ գիշերն էր սև, և ցերեկը: Տարակույսները կրծում էին հոգին. ինչո՞ւ էին վառվում աստղերը ցերեկվա սև երկնքում: Մերժեց, չհանձվեց գիտության բացատրությանը` սև է, որովհետև… Թվում էր, թե ինչ-որ ուրիշ մի բան էլ կա:
Հարբածությունը իշխեց ներսում. հարբած էր սև երկնքի գույներից: Հետո եկան մղձավանջները:
Պայքար էր` դաժան, ջլատիչ: Ոչինչ չէր տեսնում աշխարհում. ինքն էր, իր սև երկինքը: Աստղեր` գիշերը, աստղեր` ցերեկը: Խելագարության շեմին էր կանգնած շուրջօրյա աստղերի սևեռուն շողերի հետ մղած կռվի ավարտին:
Սթափությունը գալիս էր կամաց-կամաց` երակներով վազող արյանը աստիճանաբար տալով հոգնություն ու բժժանք: Այդ օրերին չիմացավ` ինչ գույն է կրում երկինքը: Ամենուր դառնություն էր` հոգում, երկնքում, ներսում և դրսում:
Չիմացավ նույնպես, թե որքան տևեց ապաշխարանքը: Հայտնաբերեց, որ ակնթարթն ու հավերժությունը և միևնույն պահի մեջ կարող են բովանդակվել:
Հետո, մի օր, բարձրացրեց հայացքն ու տեսավ նարնջագույն երկինք: Հայացքը հառեց Հողագնդից անդին, նայեց, զննեց Տիեզերքի չորս կողմերը` ամենուր նարնջագույն էր երկինքը: Գլխին տվեց, սեղմեց աչքերը, բայց չկարողացավ ջնջել հայացքը: Ամենուր նույն նարնջագույն երկինքն էր: Գիշերները շլացուցիչ շողում էին նախկին աստղերը. որքան անփոփոխ ու մշտնջենական էին թվում դրանք: Գիշերն ամոքում էր բերում ու վախ, որով անքնությունը հաստատեց իր իշխանությունը. կգա առավոտը, կփայլի էլի նարնջագույն երկինքը: Ու՞ր կորչել: Նորից եկան մղձավանջները:
Ամենը նույնն էր, ոչինչ չէր փոխվում, միայն երկինքն էր մերթընդմերթ նետում նախկին գույնն ու հագնում նորը, արտառոցը, որի հետ նորից գալիս էին մղձավանջները:
Սթափության պահերին դառնորեն անիծում էր իր անհագ հետաքրքրասիրությունը: Նոր մի ճշմարտություն հայտնաբերեց. մի փնտրիր, որպեսզի չգտնես: Մի փնտրիր, թե չէ կգտնես:
Իսկ երկինքը շարունակում էր իր բազմագույն ծաղրը: Ցերեկներ` աշխարհիս բոլոր գույները փորձող երկինքներով, գիշերներ` ծանոթ, հարազատ ու միակ երկինք-աստղերով ու մղձավանջային անքնությամբ պարուրված: Սարդոստայնային կաշկանդվածություն, քաջահմուտ լողորդ-խեղդվողի թպրտումներ: Իր ինչի՞ն էր պետք: Նոր մի ճշմարտություն հայտնաբերեց. տառապանք հանուն տառապանքի իմացության: Իր ինչի՜ն էր պետք…
Անցնում էին օրերն ու գիշերները հերթագայությամբ գունափոփոխ երկնքների և նույնատարբեր գիշերների: Գալիս էին նորից մղձավանջները: Քանի՞ գույն կարող է ընկալել մարդուս աչքը: Խաբեբա գիտությունը հույսեր ներշնչեց. տառապանքների շղթան վերջ կունենա: Օղակները կարելի է համրել հատ առ հատ:
Մինչդեռ սպառվում էին աչքի ընկալած գույները, իսկ երկնքի գույները չէին սպառվում: Աղաչեց գիտությանը, աղաչեց կուռքերին: Աղաչեց անգույն երկնքին: Աղաչանքների համար ներեց իրեն:
Աղոթեց գիտությանը, աղոթեց կուռքերին: Աղոթեց անմեկին երկնքին: Աղոթքերի համար չներեց երբեք: Քանզի աղոթեց ոչ թե հանուն պայքարի, այլ` հանուն հրաժարման:
Մերթընդմերթ սթափվում էր ու տեսնում մի նոր գույնի երկինք, որը գիշերներն էլի շքեղորեն պճնվում էր նախկին աստղերով ու ծաղրում իր երկնատենչ ծարավը:
Որոշեց հանձնվել խելագարությանը: Զոհը չընդունվեց: Էլ ինչ խելագար, որ հասկանում է իր խելագարությունն ու պատճառը դրա- նոր մի ճշմարտություն հայտնաբերեց:
Այսքան ապրումներից հոգին ճկվեց կարծր երկաթալարի հանգույն: Թվում էր, թե կռան է իջնելու իր կորացած մեջքին` փշուր-փշուր գետնին թափելով ողնաշարը: Եվ հարվածն էլ զգաց մի օր: Բայց կռանը ետ շպրտվեց զարհուրելի, մինչ այդ իրեն անհայտ զորությամբ, իսկ երկաթալարը օրեր շարունակ դողաց, դողդողաց ու զնգաց արծաթե զանգերի թովիչ ղողանջներով:
Մի օր էլ եկավ իր երկնատենչ հոգու հրաժարումը: Բերանքսիվայր փռվեց գետնին, համբուրեց հողը` չտեսնելու համար վերևում տարածվող ինչ-որ մի գույնի երկինք, բայց սարսուռով զգաց, որ հողի միջով տեսնում է հակոտնյաների գլխավերևում տարածված նույն երկինքը. ինքը հրաժարվեց երկնից, բայց երկինքը չհրաժարվեց իրենից:
Փորձեց գլուխը ջարդել պատերին հարվածելով: Հայտնաբերեց, որ ազատ է և չունի պատեր: Քանզի չի տրված այն, ինչի կարիքը թվում է, թե ունենք: Հուսահատվեց իր ունեցածից, հիասթափվեց չունեցածից:
Կրկին ոտքի ելավ` հարգելով միակ ճիշտ որոշումը. եթե միևնույնն է` պառկած, թե կանգնած, լավ է` կանգնած: Երկինքը չմոռացավ դա:
Իսկ երկինքը շարունակում էր ի ցույց հանել իր վառ-խունացած գույները, և գալիս էին նույն մղձավանջները:
Անձնատուր ելավ: Սկսեց խմել արբշիռ երկնքի գույներն ու մղձավանջների ոգիներին այնպես, ինչպես կխմեր թույնը, որը ոչ թե մոռացում է բերում, այլ` արբեցում:
Գլորվում էին օրերը գունափոփոխ երկնակամարով, գլորվում էր երկնից արբածը օրերի ու երկինքների բազմագույն հորձանուտներում:
Անիծեց իրեն, անիծեց երկնքի գույները, անիծեց պնդերես մղձավանջներին: Երազեց դատարկ մի երկինք` անգույն, անհոտ, անհամ: Այդ մի գույնը երկինքը զլացավ իրեն:
Ատեց արևին, որն իրեն մղձավանջների պես էր պահում` մի՛շտ նույնը, միշտ նույնը: Ատելությամբ էլ թաքուն շնորհակալ եղավ նրան. ի՜նչ կլիներ, եթե արևն էլ սթափումից սթափում մի գույն փոխեր:
Եվ ծանրորեն իջավ անգույն մի վհատություն, և ոգին ճանաչեց սպառված իր զորությունն անմեռ: Եվ ծունկի իջավ, արտասվեց անարտոսր հեծկլտուքներով` համակերպվելով մշտապես դավաճանող, բայց ինքնզինքը հավատարիմ երկնքին: Եվ երազեց էլ երբեք, երբեք չփորփրել ինչու-ների հիմքերը:
Գլորվում էին օրերը գունափոփոխ երկնակամարով, գլորվում էր վհատվածը` հանձնված իրեն տանող պտույտներին:
Սթափությունը գալիս էր կամաց-կամաց` երակներով վազող արյանը տալով խոնջանք ու ավյուն: Երկինքը փոփոխում էր գույները, գիշերները պճնվում հանրածանոթ աստղերով: Մի օր հանկարծ զգաց, որ բազում գույներում իրեն հարազատ ինչ-որ մի բան կա: Դառնությամբ ընկճվեց` մտածելով, թե ընտելացե՜լ է տեղի ունեցածին: Գլխի չընկավ, որ երկինքն աստիճանաբար է ընտրում կապույտին մոտ գույներ:
Մղձավանջները կամաց-կամաց սակավանում էին: Ցավով մտածեց, որ դրա’նց էլ է ընտելացել:
Եկավ օրը, երբ հուսամեռիկ սովորույթի ուժով վախախառն հայեց առ երկին և տեսավ ամենուր անդորրությամբ տարածվող օրհնյալ կապտությունը…
Լաց եղավ և լալով հասկացավ, թե ինչո՛ւ երկինքը կապույտ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի