ով, չգիտեմ` այդ ինչպե՞ս, միշտ չոր է դուրս եկել…
-Վերջապես կասես` էդ ներկը ինչի՞ համար ես պատրաստում,- հարցրեց Ռուբը և նորից նայեց պատուհանից դուրս, ուր երևում էր Թուրքիայի հյուպատոսարանի կտուրին ծածանվող, աստղի ու մահիկի նշանով կարմիր դրոշը:
Էդը լուռ շարունակում էր փայտե ձողիկով, թիթեղե ժանգոտ մի ամանի մեջ լուծիչի օգնությամբ ջրիկացնել թանձր, սև ներկը: Օրվա վերջում նրանք երկուսով էին մնացել մարզա-մշակույթային ակումբի սկաուատական բաժնում:
-Էս մեծ քաղաքում հենց մեր միության կողքի՞ն պիտի ցցված լիներ տաճկական կոնսուլատը,- ասաց Ռուբը քթի տակ ու աչքով չափեց իրենց շենքի կտուրի բարձրությունը: Նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Ապրիլի 24-ի նախօրեին ձեռները ծալած պիտի նստեր, ու հարևան շենքի կտուրին անարգել ծածանվեր «տաճկական» դրոշը:
— Ի՜նչ էլ շուտ տղերքը գնացին. մնային, կօգնեին ինձ, կբարձրանայի կտուր և այնտեղից մի ցատկով՝ նրանց կտուրը, մի քայլ է, ու էդ դրոշակը ցած կբերեի,- ափսոսաց Ռուբը:
— Եկեղեցում ծրագիր կա, բոլորը գնացին էնտեղ, -գլուխը կախ՝ ասաց Էդը,- դու էլ քո քաջնազարական ֆանտազիաներով համը հանեցիր…
— Իսկ դու զահլա տարար քո էդ ներկով ու ներկահոտով,- զայրացավ Ռուբը,- գոնե ասեիր՝ ինչի՞դ է պետք:
-Աթոռ, սեղան եմ ներկելու:
Էդը չարաճճի ժպտաց և ապա դեմքին խորհրդավոր արտահայտություն տալով` ավելացրեց:
-Մի բան եմ մտածել, ճանապարհին կասեմ, արի գնանք:
Վերցնելով սև ներկով լցված թիթեղե ամանը և դասագրքերի պայուսակները` նրանք դուրս եկան ակումբից ու քիչ անց կանգնած էին Թուրքիայի հյուպատոսարանի գլխավոր մուտքի հանդիպակաց մայթին:
-Ես կհսկեմ ու հեռվից ազդանշան կտամ,- Ռուբի ականջին շշնջաց Էդը ու վերցրնելով նրա պայուսակը՝ հեռացավ մինչև փողոցի խաչմերուկը, ուր կանգնած էր Գագոյի` վերջերս Գերմանիայից ներմուծած “Օպել” մակնիշի ավտոմեքենան, որն այդ օրերին քաղաքում հազվագյուտ երևույթ էր:
Օրն սկսում էր մթնել: Լսվեց կառքին լծված ձիերի սմբակների ձայն. Ռուբը սպասեց, մինչև կառքն անցավ: Մի անցորդ էլ անցավ: Փողոցը դատարկվեց: Նա դողում էր ոգևորության հետ միախառնված վախից ու մեծ գործ անելու վճռականությունից: Այն օրվանից, ինչ հայրը նրան պատմել էր հայերի՝ անպատիժ մնացած ցեղասպանության մասին, Ռուբի պատանեկան հոգում բույն դրած անարդարության ու ցասումի զգացումը նրան հանգիստ չէր տալիս: Դիմացի մայթին հյուպատոսարանի մեծադիր, ճաղավոր, երկաթյա դարպասն էր, իսկ դարպասի աջակողմյան քարաշեն պատին ամրացված էր ոսկեգույն մի ցուցանակ, որի վրա պարսկերեն ու լատիներեն նշված էր՝ «Թուրքիայի Հանրապետության Հյուպատոսարան», իսկ դրանից վեր՝ պատին, փակցված էր, նույնպես ոսկեգույն ֆոնով, Թուրքիայի՝ հնգաթև աստղով ու կեռ մահիկով, ձվաձև գերբը: Նայեց ձախ, ոչ ոք չկար: Աջից՝ Էդը ձեռքով նշան արեց. պահը հարմար էր: Ռուբը միայն մեկ վայրկյան հապաղեց, ապա, արագ կտրելով փողոցը, մոտեցավ դարպասին, ներկի ամանի ողջ պարունակությունը շպրտեց գերբի վրա ու առվի մեջ նետելով դատարկ ամանը՝ սլացավ դեպի խաչմերուկը: Վերջին պահին նա ետ նայեց ու գոհունակությամբ նկատեց, որ սև ներկը ցած է հոսում գերբի վրայից ու առվակներ կազմած՝ տարածվում նաև ցուցանակի վրա: «Ա՜յ, էղավ, սիրտս հովացավ»,- ուրախ մտմտաց նա: Ըստ պայմանավորվածության՝ Էդը պայուսակը դրել էր մեքենայի մոտորի կափարիչի վրա ու հեռացել: «Ինձ էնտեղ կանգնած տեսնեն, կկասկածեն», արդարանալու պես ասել էր Էդը: Ռուբը վերցրեց պայուսակն ու սկսեց արագ քայլել, համարյա վազել դեպի քիչ հեռու գտնվող եկեղեցու բակը, ուր տեղի էր ունենում Մեծ Եղեռնին նվիրված երեկոյան արարողություն: Ձեռքը ներկոտված էր սևով: «Իրեղեն ապացույց է,-անցավ մտքով. Ռուբը սիրում էր գործածել հայագիտական դասին սովորած նոր բառերը. նա զայրանում ու կռիվներ էր սարքում, երբ իր դասընկերներից ոմանք մայրենի լեզվի դասաժամերը վերածում էին խառնակության: «Պետք է մի կերպ մաքրեմ, թե չէ բռնեն` բանս բուրդ է»: Ռուբը գրպանից հանեց թաշկինակն ու դրանով փաթաթեց աջ ձեռքը: Հետևից լսվում էր քայլերի ձայն: Ռուբը վախից ետ չնայեց ու քայլերն արագացնելով՝ իրեն մի կերպ գցեց եկեղեցու բակն ու վազեց տիրացուի տուն: Այնտեղ մի քիչ նավթ խնդրեց ու փորձեց մաքրել ձեռքը: Չէ, սև հետքը դեռ մնում էր:
Նրա հետևից եկեղեցու բակ մտան իրենից տարիքով մեծ՝ Սիլիկը, Կոլիկը և Չաչիկը:
— Էդ ո՞ւր էիր թաքնվել,- ասաց Չաչիկը, երբ Ռուբը դուրս եկավ տիրացուի տնից:
-Իսկ քո ի՞նչ գործն է,-ըմբոստացավ Ռուբը:
Չաչիկը բռնեց Ռուբի օձիքը և քաշելով դեպի իրեն` բարկացած ֆշշացրեց.
-Ո՞ւր ես դրել Գագոյի մեքենայի ապակեմաքրիչը:
-Ի՞նչ ապակեմաքրիչ, ի՞նչ բան,- զարմացավ Ռուբը:
-Մենք տեսնաք. ընկերդ հանեց դրեց մեքենայի վրա, հետո դու վերցրիր ու փախար: Ձեռքդ էլ յուղոտել ու սևացրել ես:
Ռուբը շշմել էր.
-Ես միայն իմ պայուսակն եմ վերցրել:
-Իսկ պայուսակդ ի՞նչ գործ ուներ էնտեղ:
Ռուբը կցկտուր պատմեց եղելությունը, բայց ակնհայտ էր, որ նրանք չհավատացին:
-Հեքիաթներ մի պատմիր,-ասաց Կոլիկը, -թող Գագոն եկեղեցուց դուրս գա, քեֆդ կհարցնեմ…,- իսկ հիմա փախչելու փորձ չանես, մեկ է` տանը յախեդ կբռնենք:
Տղաները հեռացան: Հեռվում մեկը երգում էր «Դլե Յաման»-ը: Ոմանք լուռ արտասվում էին: Ռուբի աչքերից էլ սկսեցին հոսել անզորության արցունքներ. ի՜նչ էր սպասում, ինչ դուրս եկավ. իրեն անարդացիորեն մեղադրում էին ինչ-որ ապակեմաքրիչի գողության մեջ, այն էլ մի այսպիսի օր, երբ… Գոնե Էդը մոտը լիներ, չգիտես, ուր է անհետացել, երևի հիմա եկեղեցու ներսում է…
Ռուբը չէր կարողանում տեղը հանգիստ նստել: Եկեղեցական արարողությունը շարունակվում էր: Տրամադրություն չուներ եկեղեցի մտնելու, թեև շատ էր ուզում հանդիպել ընկերներին ու պատմել իր քաջագործության մասին: Մթնում էր: Ծածուկ դուրս եկավ եկեղեցուց ու գնաց դեպի մեքենան՝ քաջ գիտակցելով, որ արածը հիմարություն է: Ահա և մեքենան. իրոք չկար զույգ ապակեմաքրիչներից մեկը, իսկ ոչ շատ հեռվում, հյուպատոսարանի դարպասի առջև մարդիկ ու ոստիկաններ էին հավաքվել: Ինչ-որ մեկը առվում գտել էր ներկի ամանն ու ցույց էր տալիս ոստիկաններին, որոնցից մեկը կասկածանքով նայեց Ռուբին: Ռուբի մեջքով մրջյուններ վազեցին: Նա այն է` պատրաստվում էր փախչել, երբ մեկը հետևից ասաց.
-Քեզ հանգիստ ու բնական պահի՛ր…
Ռուբը արագ հետ շրջվեց: Գագոն էր Չաչիկի հետ:
-Նստի՛ր,- մեքենայի դուռը բացելով՝ ասաց Գագոն:
-Ապակեմաքրիչը ե՛ս չեմ վերցրել,- Ռուբը ընդդիմացավ:
-Գիտեմ, նստի՛ր:
Մեքենան մոտեցավ հյուպատոսարանի դարպասին ու դանդաղացրեց ընթացքը. երեքի հայացքները ակամայից բևեռվեցին սևով աղճատված գերբի ու ցուցանակի վրա:
-Ուրեմն… ճիշտ էիր ասում…,- աչքերին չհավատալով՝ ասաց Չաչիկն ու համբուրեց Ռուբի ճակատը,- Ապրե՛ս…
-Բա ապակեմաքրի՞չը,- հարցրեց Ռուբը:
-Էդ երեկ ընկել էր քարքարոտ ճանապարհին,- ծիծաղեց Գագոն, — ա՛յ տղա, գիժ հո չե՞ս, ինչո՞ւ էիր գնացել դեպքի վայրը: Լավ է` Չաչիկը պատմեց քո «հեքիաթը», քիչ էլ ուշանայինք… Ես գիտեի, որ կգնաս մեքենան ստուգելու…
* * *
Սա, իհարկե, Ռուբի առաջին և վերջին արկածը չէր: Նրան մի օր ձերբակալեցին թուրքերի հետ ծեծկռտուքի մեղադրանքով ու տարան ոստիկանատուն: Դեպքի մասին իմանալով` օգնության հասավ Չաչիկը, որը, ծանոթ լինելով ոստիկանապետի հետ, ազատեց Ռուբին հետագա բարդություններից:
Ապրիլ, 2010
Թեհրան
Վերջին մեկնաբանություններ