Յոթ երկինքների և յոթ անդունդների կենտրոնում մի ծառ էր աճում:
Պոետը չմաշվող նյութից հանդերձանք պատրաստեց և ճամփա ընկավ՝ որոնելու ճշմարտությունը:
Քայլեց այնքան, որ մաշվեցին օրերն ու ամիսները, տարվա եղանակները ձանձրացնող երգի կրկնություն դարձան: Քայքայվեցին հագուստն ու կոշիկները: Մերկ ու բոկոտն էր արդեն, երբ տեսավ ծառը:
Քաղցած էր: Ծառի պտուղը ոսկեփայլ-ծանր էր, թովիչ հյութալիությամբ լեցուն:
Պոետը անհոդաբաշխ աղաղակներով մագլցեց ծառի վրա, օրհնեց պտուղը և կերավ: Երկար կերավ, մինչև աչքը տերևներից բացի ուրիշ ոչինչ չորսաց ճյուղերին: Քաղցի զգացումը չանցավ, սակայն ուռեց հղի կնոջ պես: Պառկեց ստվերում և քնեց: Երազ չտեսավ:
Երբ արթնացավ, Օձը ժպտալով իրեն էր նայում:
Պոետը վեր թռավ:
— Մի՛ վախեցիր,- ասաց Օձը,- թունավորներից չեմ:
— Ի՞նչ ես անում այստեղ,- վախը թաքցնելու համար զայրույթ կեղծեց Պոետը:
— Ես այստեղ ապրում եմ: Իսկ դու ի՞նչ ես անում:
— Ես փնտրում եմ ճշմարտությունը,- անակնկալից ապշած՝ ինքն իրեն մատնեց Պոետը:
— Ա…, — ծոր տվեց Օձը:- Դու Պոետն ես: Բարի գալուստ ճշմարտության կենտրոն:
— Ի՞նչ իմացար՝ ես ով եմ: Ի՞նչ կենտրոն:
— Ճանաչեցի քեզ հագուստից և խոսքերից: Ես ցույց կտամ ճշմարտության դուռը: Ահա՛,- Օձը լեզվով ցույց տվեց ծառի բունը:
Պոետը նայեց և նեղլիկ փչակ տեսավ:
— Խաբում ես,- ասաց նա,- սա սկզբում չկար:
— Սկզբում դու քաղցած էիր,- առարկեց Օձը,- և ուտելու մասին էիր մտածում: Երբ մարդիկ քաղց են զգում, ուտելիքից բացի ոչինչ չեն տեսնում:
-Պոետը շփոթվեց: «Նա լավ հոգեբան է,- առկայծեց նրա մտքում:- Ճիշտ է ասում:»
— Ուզո՞ւմ ես տեսնել ճշմարտությունը, որն այդքան փնտրում էիր: Դեմ առ դեմ հանդիպել նրան: Միայն դու և նա: Տիրանալ նրան:
«Այս Օձը երևի ճիշտ է ասում,- մտածեց Պոետը,- նրա ձայնը ո՛չ քաղցրանուշ է, ո՛չ նենգ կամ կեղծավոր, ո՛չ համոզիչ: Ավելի շուտ՝ ձանձրացած և անտարբեր: Դա՛ է ինձ համոզում:
Պոետը կրկին նայեց փչակին: Այս անգամ այն պակաս նեղ թվաց:
-Եթե մի քիչ նեղություն տաս քեզ, մարմինդ գալարելով կանցնես:
«Կորցնելու ի՞նչ ունեմ,- մտածեց Պոետը,- այսքան թափառեցի, օձեր շատ տեսա, սակայն ճշմարտության մասին բարբառող օձ չտեսա: Երևի իսկապես Նա է:»
Պոետը պառկեց և գլուխը ընդհուպ մոտեցրեց փչակի մուտքին:
-Շատ նիհար ես,- նկատեց Օձը:- Երևի երկար ես փնտրել: Դժվարը գլուխդ է. եթե գլուխդ անցկացնես, հեշտությամբ կմտնես: Ուսերդ կանցնեն:
Պոետը գլուխը առաջ մղեց: Ծառը աքցանեց գլուխը, քերծեց: Հպարտորեն կրճտացնելով ատամները՝ Պոետը ձգեց ինքն իրեն և ականջները թողնելով դրսում՝ ժպտացող Օձի կողքին, գալարվելով քարշ տվեց ոտքերը:
Չկարողանալով զսպել ոռնոցը՝ նա ոտքի կանգնեց և անմիջապես էլ մոռացավ ցավի մասին: Նրա առջև կանգնած էր մերկությամբ կուրացնող մարդկային արարած:
Պոետը երկար-երկար նայում էր: Նրա հոգին մերթ տանջվում էր այրող ամոթից, մերթ հարբում սքանչելի գեղեցկությամբ: Պոետի առջև ինքն էր, իր եղկելի մերկությունը, իր հրեշտակային մերկությունը:
Երբ ընտելացավ հակասական ապրումների հաջորդականությանը, ձեռքը մեկնեց առաջ: Կետ առ կետ շոշափեց ինքն իրեն: Հայելին արձագանքում էր նրա ամենաչնչին շարժմանը:
Պոետը պտտվեց փչակում, և ինչ դիրքով էլ կանգնեց՝ ճիշտ իր առջև հայտնվեց ինքը՝ հուզիչ ու կեղեքող մերկությամբ:
Նա դուրս եկավ փչակից՝ չնկատելով, որ ուղղաձիգ և առանց ցավի հաղթահարեց շեմը, և անհամբերությունից քիչ մնաց տրորեր անվրդով ննջող Օձին:
Օձը մի կողմ քաշվեց և անթարթ աչքերը հառեց նրան:
-Ես գտա ճշմարտությունը,- ասաց Պոետը:
Օձը լռում էր:
Պոետը բառերից վարագույրներ հյուսեց և կախեց փչակի ներսում՝քողածածկելով հայելի-մերկությունը:
Օձը հանձն առավ հսկել:
Պոետը մեկնեց:
Հետո եկավ ընթերցողը: Նա ճշմարտություն էր փնտրում:
Ներողամիտ ժպիտով զրուցեց օձի հետ, ձևացրեց, թե չի ճանաչում նրան, ապա մտավ փչակ ու պոկեց բառերի վարագույրը: Նա երկար կանգնեց հայելու առաջ՝ անկարող աչքը կտրելու տեսածից, և հոգին մերթ այրող ամոթ էր դառնում, մերթ սքանչացող գեղեցկություն:
Հարբածի պես երերալով՝ ընթերցողը մի կերպ դուրս սողոսկեց փչակից՝ ականջները թողնելով ներսում, և օձին պատվիրեց ոչ ոքից չթաքցնել գեղեցկությունը:
Ընթերցողը հեռացավ:
Եկավ Պոետը:
Պոետը մեկնեց:
Եկավ ընթերցողը:
Պոետն ու ընթերցողը հաջորդում էին միմյանց:
Օձը ապրում էր փչակում: Երբեմն, զվարճանալու համար, նա պոետ կամ ընթերցող էր դառնում և խաղում ինքն իր հետ:
Վերջին մեկնաբանություններ