ԴԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ
Արմատները սնվում են ավշահյութով հոգու,
կորուսյալների հառաչով ու արյամբ,
ցեղի ղողանջներով անլռելի:
Արմատներից սաղարթ`
մի անընդգրկելի կարճ տարածություն,
ուր ներամփոփվում են հարազատ կանչի անսահմանությունը
եւ հուշակալվածքը ժառանգական:-
Անչափելի, անարտածելի է մրմունջը սրտի,
անհանգիստ երազը թափառուն, քանզի
հող ու երկնքի միջեւ օթեւան ենք փնտրում
անուղղելի վտարանդիների կտակարարմամբ.-
նրանք միախառնում են օթեւանն ու հայրենիքը,
գերդաստանն ու հանրույթը պատեհածին`
ճակատագրի կարմիր ծալքերի տակ:-
Նույնական չէ ոչինչ, անգամ անվերջորեն
կրկնվող ոտնահետքը, որ միակերպ սիրով
հստակ դրոշմվում է տունդարձի արահետի եւ
մխացող հորիզոնների սահքի վրա:-
Մեր միակ գերազանցությունը` չընդգծել
տարբերությունները բախտի ու շնորհի,
երազի ու երանելի օրրանի միջեւ,
եւ մի գիշեր անխոս ճանապարհվել ուղիղ
դեպի երկրորդ կյանք,
ուր բնավորված-դադրած սիրելիներդ
դիմավորում են քեզ աղ ու հացով…
ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ` ՄՈՏԻԿ, ԵՐԱԶԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Ի մոտո այնպես, մերձ ու զգայելի
քո դեմ բացվում է անքողարկելին`
Նա` անցավորաց զանգակ-ծաղիկն ու այրացուն կոչյալ,
անգիր ձոներգը լռության ծոցի,-
էակ է վճիտ, վառվռուն մատաղ,
ժպիտ ունի բիլ, ոչ` թագ ու պսակ,
բայց հոգին է բաց ու ծովատարած,-
Նա իր անունն է կամենում ասես
նվիրել ոմն արկածասերի,
որ անվերք կանցնի ցավի լեռներով…
Ինչ-որ տեղ` մոտիկ, կենաց տոն է, ուր
Նրա մարմինն են հուշով զմռսում
ընտրյալները շնչավոր դասի.-
թողեք, Նա շենշող կենդանին է ու անպարփակելին,
քո կորուսյալի հառնումն է հավերժ
այնտեղ, այս մեգում, երազից այն կողմ:
ԱՆԱՑԻԿԼԱՅԻՆ ԵՂԵՐԵՐԳ
Պատմությունը խաղում է ազատ ու թեթեւ
անլուր հոգիներում եղեռնահարների`
ինչպես նժույգ սրարշավային:-
Մինչդեռ կարեկից ու ողջ ես, մխիթարված անչափ
եւ հեռվից ես գալիս սիրատոչոր, բայց
կրկին բանտված ես խորշերում անցյալի`
մահապարտի շնչով` պաղ ու սարսռալի…
Սարսռալի ու պաղ շնչով մահապարտի`
անցյալի խորշերում ես բանտված կրկին,
բայց սիրատոչոր գալիս ես հեռվից
եւ անչափ մխիթարված ես, ողջ ու կարեկից:
Մինչդեռ սրարշավային նժույգ ինչպես`
եղեռնահարների հոգիներում անլուր
թեթեւ ու ազատ Է խաղում պատմությունը…
…
Երբ հրաշալիքները փլվում են քո թիկունքում
(ի կատարումն ծես ու պատվիրանի(,
ինչպես` տաճարակուռ մայրաքաղաքը երկրաշարժից կամ`
խոշորագեղ օդանավի պայթյունը թռիչքուղու վրա,
երբ թվում է` անկումը անցյալի սերն է լոկ
եւ քո տեսադաշտում ժամանակը շարժվում է
հեռահաշվարկներով նորաշխարհային,
մինչդեռ երազները ճռինչով տապալվում են աչքիդ առաջ,
ինչպես բյուրեղապակե ճաքած երկնաքեր կամ`
ատոմակայանի ուրանահար բուրգ,-
ուրեմն ժամն է Բանաստեղծության,
որի հետ թաքուն բանակցել է ուզում
աղետների աստված…
ԿԱՆՏԱՏ
(Էլիտար երգչախմբերի եւ շանսոնիեների համար)
Ջրհեղեղները լիաշուք անցնում են առաջին, երկրորդ
եւ երրորդ կարգի երկրների միջով` որպես
հավասարության տարերք-զինանիշ,-
համաչափ կրքով բռնազավթում են
սրճարանները, ամառանոցները շիկ,
գործազուրկների ու օլիգարխների բնակարանները
եւ օժտում նրանց նույն բացիլներով դժբախտության:-
Մխիթարության մշուշն է լցվում
ներսը հանրույթի` հրճվանքի խառնակ թմրանյութ ինչպես:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են թռչուն ու մեռյալ`
համամարդկային ուրախությունը
աղետագույն է եւ աղետաբույր…
Համաճարակները անաչառ են եւ
նույն հավատով ու կենսախնդությամբ
պիրկ փաթաթվում են կոչվածներին ու անանուններին,-
ՁԻԱՀ տարասփռող պչրուհու խաղով,-
քանզի գալիս են արդարության կպչուն թելադրությամբ`
ասես ինքնիշխան կամակատար:-
Միակերպ վախի սավանն է փռվում
ախտահարների ու մաքրամարմինների ամբոխի վրա`
իբրեւ հովանոց ցավատապի դեմ:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են մարդ ու ուրվական`
ճշմարիտ վարքին` երկրպագություն,
օրհնություն, օրհնություն անսահման…
ՍՊԻՏԱԿ ՇՐՋԱՆ
Ամեն “սեւ թուղթ” չէ վճիռ-մահագիր:
(Մահը կյանքի պես խայտաբղետ է, բազմալեզու եւ):
Ամեն “սեւ արկղ” կործանման խոսնակ չէ:
(Թեկուզ ավիաաղետ` չի լրագծվում ձայնագրությամբ):
Ամեն “սեւ անցք” չէ տիեզերքի անդունդ:
(Սրտի վիհերը երիցս անտակ են):
Ամեն “սեւ ռասա” օտարման զանգված չէ:
(Տերը երգում է նեգրական խռպոտ բաս-բարիտոնով):
Ամեն “սեւ հոգի” չէ չարության մառան:
(Քաշիր վշտի քողը` կհորդի լույս զվարթ):
Ամեն “սեւ քառակուսի” արվեստի ֆիգուր չէ:
(Գեղանկարային է սուպրեմատիստների անրջանքն ինքը):
Ամեն “սեւ ցուցակ” չէ հղի հալածանքով:
(Համակիրների որս է առավելս, ոչ` ախոյանաց):
Ամեն “սեւ ոսկի” բարիքամուղ չէ:
(Հրավտանգ են կայքն ու գանձերը` աէրոբենզին ինչպես):
Ամեն “սեւ բախտ” չէ Աստծո թողությամբ:
(Երջանկությունը ընտրում է նաեւ անհույս խաչվածին):
Ամեն սեւավոր խավարի զավակ չէ:
(Սեւը դարպաս է` Սպիտակ շրջանի վրա բացվող):
Ամեն:
ՀԸՄ…
(Բառարկումներ)
-Եռակի դիմակ է ձեր փաղաքուշ դեմքին,
միջուկային ճամպրուկ-վահանակով ընտրյալ տիրակալներ:
Անսահման դող կա ձեր փափկասուն ու զորեղ ձեռքերի մեջ…
-Ամենուր վախի ուրվականներ են: Նրանց շքերթներից
ցած են գլորվում գունդուկծիկ երկիրն ու ժամանակը…
-Չկա ազատություն, մարդը գերին է իր երազանքի…
-Երկրի խաղաղությունը ահով ծվարել է
ճարտասանների ժխորի տակ…
-Դուք էլ պակասը չեք, շողոմաժպիտ բանագնացներ,
երբեք չես կռահի` ինչ կա նոթ-բուքերում եւ մտքի մեջ ձեր…
-Ավերողները նմանակում են կառուցողներին`
դափնեկիր դերասանի մեծաշնորհությամբ…
-Այս Թատրոնը գոնե հանգիստ դիտելու հնար ունենայինք…
-Ձեռքներդ հեռու իմ տխրությունից…
-Թող խոսի ամառը նաեւ սառցակալ ձմեռվա փոխարեն…
-Բաժանեք իրար միջեւ, ճանկեք միմյանցից,
մի պատառ անգամ թող չհասնի հլու արդարներին…
-Իշխանությունը համախմբում է արկածախնդիրներին,
հետո նրանց միջեւ քաշում ատելության ցանցառ փշալարեր…
-Ձեզ ինչ` թե հիմա բուրյան վարդեր չկան
իմ անձկության փակ ու տրտմադալուկ այգում:
Հողին հարցրեք` ինչ վառ սերմեր է նա դեռ պարտակում…
-Առեք իմ խնայած օրհնանքներից մեկը, անիծված բոզեր…
-Տար քեզ հետ ավաղ-ափսոսանքս, քայլերթի դրոշակակիր,
դու սիրելի թիրախն ես անքուն դիպուկահարի…
-Ջահ է` չի լուսավորում,
ճամփա է` առանց հանգրվանների…
-Բաց թող քո ներսի դառնության բազեներին,
երկինքն է նրանց խնամակալը…
-Հեռվից գալիս եք աղմուկ-աղաղակով:
Հեռանում եք խայթված գող ու համրի պես:
-Ոգեղեն խոսքի ծաղկեփնջեր կան մտքիս պարտեզներում`
անցնող փոթորիկներին ի պատախան…
…
Քո ոլոր-բեկբեկ հետագծերը
անցյալի նեղլիկ նրբանցքներում`
ինչպես մեռած լեզվով ողբը
կավե սալիկներին`
առ ճակատագրի խաղ ու որոգայթ…
Թող գնդակահարվեմ ճիշտ ծոծրակից,
անծպտուն ելնեմ ամեն կառափնարան,
միայն քո կենդանի ձայնը ելեւէջի աշխարհատան մեջ,
թեկուզ ողբի նման
կամ ցնծերգի պես…
…
Հուլիսյան գիշերը անխոս նահանջում է
չսահմանագծվող փռվածքներից եւ
բաբախ առ բաբախ առինքնում է քեզ
թախծոտ հմայքը իրերի ու օրվա:-
Դեռ այն կնքվելու է հազար ու մի անվամբ,
երկրային խաղաղ հմայքի տակ կրկին
իրենց վերգտնելու են աստղ ու կարիճ,
սակայն
կուսական լույսը զգույշ քողարկում է
իրականության ծեփագույն դեմքը,
ինչպես բարեպաշտն է սրբիչով ծածկում
ծովեզերք նետված ջրահեղձին:
…
Տեսանելի կյանքը`
3D ձեւաչափի շարժանկար ասես.-
գալարվում է քո շուրջ իր զիլ գրավչությամբ
եւ հին խաղակարգով`
քեզ չի ներառում իր բուն շարժման մեջ:
Եվ դու անդադար աղաղակում ես`
մերթ հիացմունքով, մերթ կատաղորեն:-
Կյանքը սիրում է,
երբ դիտում են իրեն կրքոտ չիմացությամբ`
ինչպես մոլեռանդ երկրպագու:
ՈԳԻՆ ՀԱԳՆՈՒՄ Է ԿՐԱԿԵ ՇԱՊԻԿ
Աննահանջ, հատու մղվում են առաջ
հուժկու հրդեհները անտառային, ինչպես
անցյալից խուժող կարմիր լեգեոններ հույժ հրամանով`
“թաղել մոխրի մեջ արարչության ոգին…”
Կրակն անկասելի է.-
խոր քնից անգամ տեսանելի են
նրա խոյահար հրաալիքները —
փթթուն ցամաքներում, ծով ու անապատի անեզրության մեջ,
մեգապոլիսներում, խուլ գաղութներում,
Երկրի կենտրոնում է ու աշխարհից վեր,
մարմնի ներսում է անմար կրակը
եւ ժամանակի սառը երակներում,-
վառվում է ապագան, ասես մետաքսե օդապարիկ:-
Մեծ խարույկներ կան Հուշերի ծոցում
եւ բաղձանքների խաչուղիներին:
Կյանքի բոցերը համբառնում են վեր`
որպես մերժված սրբի հրեղեն աղոթք:
(Կյանքն ու Երկիրը մնում են ծպտյալ կրակապաշտներ(:
Հեռվում մի ճարտար ձեռք ուրվանկարում է
մոխրացող կմախքները գոյահանդեսի:-
Ոգին հագնում է կրակե շապիկ…
ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԱՂՋԻԿԸ
Ինքնահաճ ամբոխի ու աշնան ծփանքով
անցավ աղջիկը` ինչպես տուն առաքված կակաչափունջ…
Դեմքը իրենն էր` գողտրիկ-հայկական,
հայացքն էր ուրիշի` այլաբերված ասես,
եւ հարազատ ինչ-որ ջերմություն կար նրա
մելամաղձոտ, ներհուն նայվածքի մեջ…
Իմ նախատա՞տն էր նայում անսեթեւեթ
նրա խաժագույն աչուկներով, թե՞
թոռ-ծոռնուհիս էր ապագայից նրան առաջնորդում…
Աշնան կեսօր էր:
Անցավ աղջիկը`
երկու ճակատագիր իր նազանքում առած…
…
Հայկական լեռնաշղթան սեւեռուն հատում է
հասարակածները պատմության ու կրքի`
ինչպես ոսկեբեռ ավտոշարասյուն`
վառված լույսերով մառախուղային:-
Ամենուր փայլում են ավարառուների մթամած աչքերը —
նրանք ոսկուց զատ ուրան են փնտրում
եւ վկայագրեր կայքի ու ծննդոց…
Տեսապատկերվում է անկանգ կողոպուտն այդ
երկնքի անթիվ ճակատամասերից, բայց
լիակատար չէ դրվագաշարը իբրեւ հայտարար —
պարագլուխները շրջված դեմքով են,
իսկ վերից համր աստղեր են տեղում`
դաջվելով հոգուն լեռնապարի…
Վերջին մեկնաբանություններ