Վրացերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը
. . .
Այն երեկոյան լուսին էիր դու
աստղերի կողքին,
ճերմակն անբիծ ձյան առկայծ էր խայտուն
սև շորիդ ճեղքից:
Օ՜, ինչ թովիչ էր, ինչ հրապուրիչ
պահն այս տեսիլքի,
դու՝ պահի գերին, պահի թագուհին՝
քնքուշ, նազելի:
Լույս շողը ջահից լույս էր որոնում,
խաղում էր կրծքիդ,
ու ալիքվում էր սև շորդ, ծփում
լույսի հորձանքից:
Կիզեց խենթ կիրքը, կրակից նրա
իմ հոգին վառվեց…
Ես օրորվեցի…տեսիլքն այս թունդ էր
գինուց առավել…
Ու երբ աչքերս ամենքից անտես
հայացքդ գտան,
լուռ աղերսեցին՝ մի շանթիր խեղճիս,
թշվառիս գթա…
Սևը չէ մենակ, երանգներն ամեն
քեզ պճնում նույն կերպ,
խառնում հավերժին, ու ցոլքդ, ահա,
հավերժից մի փերթ:
Այն երեկոյից դու քո լույս թովքով,
պատկերով բոցե
հոգիս ավերել, տիրական պահով
իմ սիրտն ես խոցել:
Վերհուշ-երեկոն՝ ինձ համար պատրանք՝
քաղցր ու տանջալի,
կանգ առներ պահն այն… Ես նրա համար
կյանքս կտայի:
. . .
Մոտիկությունդ
սարսուռ սառույցը ջուր է դարձնում,
անկոտրում ծառը հողին տապալում
մոտիկությունդ:
Մոտիկությունդ
մի՞թե կարող է ձանձրացնել մեկին,
քնքուշ համբույրի իմաստ անմեկին
մոտիկությունդ:
Մոտիկությունդ
ուրվագծերով ոտնահետքերիս
պատանության դուռն է հասցնում ինձ,
մոտիկությունդ…
Մոտիկությունդ
տարին վայրկյան է դարձնում ինձ համար,
ապրելու տենչ է, լույսի ակ անմար
մոտիկությունդ:
. . .
Համրանա՞մ: Ինչպե՞ս համրանամ,
երբ քեզ հետ եմ, քեզ մոտ, քո կողքին,
երբ կրքից ու սիրուց անսահման
հալվում են իմ մարմինն ու հոգին:
Հա, ասենք բառերը կալանեմ
ու փակեմ մտքերիս խորքում,
իսկ սրտիս, խենթ սրտիս ի՞նչ անեմ,
ախր նա քեզնով է զարկում:
Դու իմ բախտ, երազանք իմ անմահ,
խնդություն ու բերկրանք անգին,
ի՞նչ անեմ, չեմ կարող համրանալ,
երբ քեզ հետ եմ, քեզ մոտ, քո կողքին:
Վերջին մեկնաբանություններ