«

»

Մար 22 2011

Տպել Գրառում

Արմենուհի Սիսյան | ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *
Ես մաքրեցի աչքերիս փոշին, որ գիշերից հետո էր նստել, ասացի Լույսին, որ բարի է նա ու մտա իմ ծաղկաթերթերի մեջ…
Հրեշտակը համբուրել էր միտքս…

* * *
Քեզ նվիրած իմ սիրո դիմաց ստացա ես՝ ցավ:
Չեմ կարող ժխտել՝ շռայլ ես անշուշտ. քո տված ցավն ավելի շատ էր, քան իմ սերը…

* * *
Իմ կորցրած հեքիաթի հետքերն ինձ տարան այնտեղ, ուր չկար հեքիաթ. “Կյանքը հեքիաթ չէ,-ասացին,-սխալվել ես դու”… Շրջվեցի ինձ խղճացող հայացքներից, բայց ո՛չ հեռանալու, այլ` փնտրելու մեկ ուրիշ կողմում…
Սիրտս ճմլվեց նրանց համար, որ չունեն հեքիաթ…

* * *
Երբ աչքերիս ցոլքով ուղեկցեցի ընթացքդ, երկի’նք, ջերմացան քո տարածքները. ես չգիտեի, որ այսքան կարոտ ուներ երկինքն ինձ համար պահված…

* * *
Հրաշքը եկավ ու խոնարհվեց պարզության առջև.
– Որքան հրաշալի՜ ես դու, պարզությո՛ւն…

* * *
Քնքշանքը եթերում սավառնում է իմ ետևից. “Դու սազում ես ինձ”,- ասում է,- արի թևանցուկ քայլենք”: Ու նրան ձուլված’ քայլում եմ երկրում’ եթերի միջով… Չգիտեմ անցնելու ուրիշ ճանապարհ…

* * *
Երբ նվիրեցի քեզ սրտիս թրթիռը, այն դադարեց տրոփել…
Պարզվեց, որ դու դրել էիր այն մյուս ծանրակշիռ նվերներիդ տակ…

* * *
Երջանկությունը գրկաբաց եկավ դեպի ինձ, իսկ ես չնկատեցի ու սառնորեն անցա նրա կողքով…
Ու առ այսօր չեմ կարողանում հանդիպել նրան, որ բացատրեմ. նրան չտեսնելուս պատճառը լոկ իմ կարճատեսությունն է…

* * *
Եվ ընդունելով մարտահրավերը՝ ճակատամարտեցի գիշերվա հետ մինչև վերջ:
Պարտության մատնվեց ինքը՝ գիշերը. չհաջողվեց նրան գեթ մեկ ակնթարթ փակել աչքերս…

* * *
– Ինչու՞ են գեղեցիկ ծաղիկները ճահճում աճում…
– Որովհետև նրանց հայացքի առջև երկինքն է միայն, երկի՜նքն են տեսնում…

* * *
Արևն ու ես արթնացանք միաժամանակ. ձգվեցի նրա հետ երկար ու բարակ, տարածեցի թևերս ողջ լայնքով մահճակալի, ճիշտ այնպես, ինչպես նույնն արեց երկնքում արևն իր շողերով ու հետո ժպտացի. ո՞վ ասաց, թե մեծացել եմ. ես դեռ թաքուն նմանակում եմ, ինչպես փոքրիկ աղջնակ, մորս բոլոր շարժումները…

* * *
Ես որոշեցի վաճառել իմ տխրությունը.
-Ես վաճառում եմ իմ տխրությունը. նա շատ գեղեցիկ է, նայե՛ք…
Ոչ ոք չնայեց նրան ու լուրջ դեմքերով անցան նրա կողքով: Ես առաջարկեցի ժպտացող դեմքերին, իսկ նրանք շրջեցին գլուխներն ու համարյա փախան տխրության կողքով…
-Ես էժան կտամ, տեսեք՝ ինչ նուրբ է…
Անցորդները սկսեցին այս անգամ ավելի արագ քայլել ու անցնել նրա մոտից հեռու…
Մի՞թե իմ տխրությունը ոչինչ չարժե,- տխրեցի ես:
Ես ձեռքերիս վրա առա իմ տխրությունն ու բացականչեցի.
-Ես նվիրու՜մ եմ իմ թանկ տխրությունը…
Ապա նայեցի շուրջս ու տեսա, որ փողոցում մենակ եմ մնացել… Ես խղճացի իմ տխրությանը, որ պետք չէր ոչ մեկին, գրկեցի նրան քնքշորեն, որ միայնակ չզգա իրեն ու քայլեցի նրա հետ դեպի տուն…

* * *
Դու գլխատեցիր իմ երազները, գլխատեցիր այնքան ճշգրիտ, անթերի, որ չհասկացա, թե գլխատվել են դրանք: Երբ հասկացա, արդեն չունեի երազներ…

* * *
Սթափվեցի՝ այտիս այրող ցավից…
Ձեռքս տարա այտիս. այդ իմ հավատքն էր, որ ապտակեց ուժգին՝
մեղքի մեջ թաթախված մտքերիս համար…

* * *
-Մա’մ, ի՞նչ է նշանակում երազում թռչուն տեսնելը:
-Չգիտեմ: Ես չեմ հավատում քնած երազներին:
Հետո համբուրեց աղջկան ու շշնջաց.
-Հավատա արթո’ւն երազներիդ, որ իրական դառնան…

* * *
Երբ գլուխս շրջեցի՝ ուղեկցելու իմ ամռանը, պարզվեց, որ նա փախել է ինձնից…
Երբ ետ դարձա, աշունն ուղիղ ինձ էր նայում՝ արցունքոտ աչքերով…
* * *
-Քնած է,- ասացին,- դուրս գանք սենյակից:
Շունչս պահեցի. չթրթռան կոպերս հանկարծ: Թե չէ ինչպե՞ս բացատրեմ, որ ես պարզապես մեռնում եմ սպիտակ թղթի առջև, այն էլ՝ շատ հաճախ…

* * *
Ձեռքիդ նարինջը տեղափոխեցի մտածումիս մեջ,
ու կյանքն իմ ջղերում սկսեց նարնջագույն արև բաբախել…

* * *
Մատներիցս ծորում է իմ սիրած մեղեդին…
Պատրա՞ստ ես, երկի’նք, ընդունել քնքշանքն իմ համակ…

* * *
Բորբոքված էի ու լի` հաշվեհարդարով, հանկարծ քեզ հիշեցի, Որդի’ Աստծո.
երբ գլուխս շրջեցի հետ, չարության նշույլ անգամ չգտա իմ մեջ…

Share Button

1 կարծիք

  1. Tata

    Aisqan zulal parzutyan mej aisqan xor mtqer.Hianali e.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>