ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Տեղ՝ լաց լինելու համար
Մարթա Մեդեյրոս (Martha Medeiros)

Մի քանի օր էր, ինչ ցավը զուսպ հասունանում էր: Կինն ուզում էր, որ գոնե անհարմար ժամի չպոռթկա, բայց ինչպե՞ս էր կարող դա վերահսկել: Դեպի հանրախանութ գնալիս՝ մի երաժշտություն տարածվեց ռադիոյից, ասես, նրան լիովին ջախջախելու համար: Եվ, ճիշտ այդ պահին, ուրբաթ օրվա առավոտյան ժամը տասն անց քսան րոպեին, բավականին բանուկ մի փողոցում, նա սկսեց լաց լինել:
Ակնոցը փնտրեց պայուսակում, բայց ռադիոն չանջատեց, որովհետև հիմա դա անօգուտ էր, չէ՞ որ արդեն արտասվում էր: Մտքերը, մղված հոսող արցունքներից, լողացին գիտակցության մեջ ու աչքի ոսպնյակներում… Բոլոր ճշմարտությունները միասին ջրի երես դուրս եկան. և քանի որ տառապանքը կանգնեցնելու այլ ճար չկար, առնվազն ստիպված էր մեքենան կանգնեցնել զգուշորեն: Մի հանգիստ փողոց փնտրեց, կանգ առավ մեջտեղի գծին կից, բայց մայթին մարդիկ կային: Շարժվեց: Մի ուրիշ փողոցում մեքենան կանգնեցրեց մի շենքի առջեւ, բայց հետո նկատեց դռնապանին, որը վեր կացավ նստարանից ու մոտեցավ տեսնելու, թե ով է այդ տարօրինակ այցելուն, օրվա այդ ժամին: Այդտեղ էլ չմնաց:
Անցավ պողոտաներով, որոնք ավելի մեծ արագություն էին պահանջում, բայց չէր կարողանում վարել քառասուն կիլոմետր ժամից ավելի: Անհնար էր գնալ ցանկացած ուղղությամբ: Նա դանդաղ շրջում էր ընկղմված թախիծի մեջ, որն առանց պահն ընտրելու՝ վերջապես եկել էր իրեն ընդառաջ:
Հանրախանութի մոտ, երբ արդեն թվում էր, թե սկսում է ինքն իրեն կառավարել, պոռթկման մի նոր ալիք բարձրացավ ու ավելի շատ արցունք դուրս հորդեց աչքերից, անհրաժեշտ էր կանգ առնել: Գնաց մի ինչ-որ դպրոցի մոտերքը, բայց այնտեղ ապահով չէր, շատ ծանոթներ կային: Փորձեց մի փոքր ու լքված, բնակելի ծառուղի, բայց մեջքի հետեւում իրեն սեւեռած աչքեր տեսավ: Քիչ առաջ անցավ, նորից կանգ առավ մի լքված տարածքում, այդտեղ էլ վախը թույլ չտվեց մնալ. միայն դա էր պակաս, որ դառնար ինչ-որ մի այլ բռնության զոհ, նրան արդեն հերիք էր այս զգացմունքային նոպան, որը չէր դադարում:
Ray-ban-ը դրած կարմրած քթին՝ նա փորձում էր թաքցնել խոնավ մաշկը: «Թող ոչ ոք իր մեքենայով չհավասարվի իմ գծին այս արգելող նշանի տակ», խորհեց նա՝ միաժամանակ մտածելով իր ապրած սխալ կյանքի մասին, ուրիշի կյանքի, որն իրենը չէր: Որտե՞ղ սկսել փնտրել այն ուրիշին, որ մի օր ինքն էր եղել: Չէր գիտակցում, որ հենց դա էր տեղի ունենում,- իր հուզումնալից հանդիպումը՝ հենց իր հետ, ներսից, իրեն ոչնչացնելու համար:
Տեմպը դանդաղեցրեց մի եկեղեցու մոտ, բայց այդտեղ ավտոբուսի կանգառ էր, անհնար էր կանգնել: Կանգնեց մի ուրիշ շենքի առջեւ, բայց մի ժամանակ ապրել էր այդ փողոցում: Զբոսայգու դիմա՞ց, ո՛չ. որեւէ մեկը կգար բարեւելու, միշտ գտնվում է մեկը, ով ինչ-որ տեղից քեզ հիշում է:
Չկարողանալով մեքենան կանգնեցնել՝ ստիպված եղավ կանգնեցնել լացը: Դեմքը մաքրեց մի թղթե թաշկինակով, որը գտավ ձեռնոցի տուփի մեջ, նայեց ավտոմեքենայի ետևն ցույց տվող հայելում, որպեսզի տեսնի՝ արդյոք տեսքը մատնո՞ւմ է իր իրավիճակը, եւ որոշեց, որ նորմալ է կյանքին դեմ-հանդիման դուրս գալու համար, բավական է Ray-ban-ը դեմքից չհանել:
Հասնելով հանրախանութ՝ վերցրեց առեւտրի սայլակը եւ ուսումնասիրեց ցուցակը, որը տան սպասավորն էր տվել: Ալյուր: Միս: Ձեթ: Զուգարանի թուղթ: Սոխ: Կինը, որ ինքը չէր, նորից իր վրա կվերցնի հրամանատարությունը:

Տարականը
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու (Luis Fernando Verissimo)

Մատուցողի խնդրանքով եկավ maître-ը ու հարցրեց.
— Ինչ-որ խնդի՞ր կա, պարոն:
— Խնդիր չէ` տարական:
— Իրո՞ք:
— Նայե՛ք:
Maître-ը նայեց ու տարական տեսավ աղցանի մեջ:
— Այո…
— Ասում եք «այո»: Իսկ ես ասում եմ՝ ոչ: Ես niçoise աղցան եմ խնդրել, որի մեջ, կարծեմ, տարական չի լինում:
— Խնդրում եմ, մի նյարդայնացեք:
— Ես չեմ նյարդայնանում:
— Հիմա մեկ ուրիշ աղցան կբերենք:
— Ես ուրիշ աղցան չեմ ուզում: Բացատրություն եմ ուզում:
— Ուղղակի պատահականություն է:
— Ասում եք «պատահականություն»: Իսկ ես ասում եմ` վստահ չեմ: Պատահականություն կլիներ, եթե մի մոլորված տարական, իր խմբից անջատված, սխալմամբ մտներ խոհանոց ու հայտնվեր աղցանիս մեջ: Բայց այդպես չէ: Նախ, այս տարականը սատկած է: Չեմ կարծում, թե աղցանի համեմունքն է մահացու և վստահ չեմ, թե որ դա է տարականի մահվան պատճառն եղել: Հավանաբար, տարականն արդեն սատկած է եղել աղցանիս մեջ հայտնվելուց առաջ: Նրա մարմնի վրա բռնության նշան չկա, այնպես որ՝ երևի ձեր խոհանոցում տարականների կամ այլ միջատների համատարած վերացման քիմիական նյութերի զոհ է: Անհնար է ճշտել, թե երբ է դա եղել: Միայն տարականի հերձումը կարող է բացահայտել մահվան ճիշտ ժամը: Խոհանոցի ախտահանումը դեռ կարող է ազդել ուտելիքների վրա` ոչ միայն զարդարելով դրանք սատկած միջատներով, այլ նաև համեմելով անտեսանելի թույնով: Իսկ եթե դա ճիշտ դուրս գա, բացատրություն եմ պահանջում: Ես քաղաքացի եմ: Գիտեմ իրավունքներս: Դեմոկրատիա է:
— Հիմա կառավարիչին կկանչեմ:
Maître-ի խնդրանքով կառավարիչն եկավ ու հաստատեց, այո, խոհանոցը ախտահանել են, բայց մեկ ամիս առաջ: Այդ առիթով ռեստորանը փակվել է: Մթերքի թունավորման վտանգ չկա, ոչ էլ նշաններ, որ աղցանի միջի տարականը վերջերս անցկացված ախտահանման հետևանք է:
— Ուրեմն,- եզրակացրեց այցելուն,- այն ուշ է սատկել: Մոտ մեկ ամիս խոհանոցում տարուբերվել է մահամերձ, մինչև նկատել է իմ niçoise աղցանը ու ընտրել այս կաթնուկը որպես սավան իր համար: Ես չեմ լռի: Որտե՞ղ ենք մենք գտնվում, ի վերջո:
Կառավարիչը զանգահարեց ռեստորանի տիրոջը, որը քիչ անց ներս մտավ դռնով ու հարգալից բառերի հետ մեկտեղ ներողություն խնդրեց կատարվածի համար: Խոհանոցը ախտահանել էին Առողջապահության Մունիցիպալ Գրասենյակի հրամանով: Որպես ապացույց, ռեստորանի տերն իր հետ բերել էր Առողջապահության Գրասենյակի քարտուղարին, որն ասաց, որ գործել է ըստ Առողջապահության նախարարության ղեկավարության ցուցմունքների: Հրավիրեցին Առողջապահության նախարարին ու վերջինս, գալով ռեստորան, տարականից բացի, մնացածի պատասխանատվությունն իր վրա առավ: Աղցանի միջի տարականը չէր կարող, այդպիսով, լինել ախտահանման հետևանք: Եթե միայն խոհանոցից ինչ-որ մեկը սառույցի մեջ պահած չլիներ այն` սպասելով հարմար առիթի…
Հաճախորդը, սեղանին հարվածելով, ընդհատեց նախարարի ելույթը և հարցրեց, թե ով է նրա ղեկավարը: Նախարարը հառաչեց ու գրպանից հանեց բջջային հեռախոսը զանգելու Հանրապետության Պրեզիեդենտին, որը կես ժամ չանցած եկավ` հագնված խիստ պաշտոնական: Մի հանդիպում էր բաց թողել` կանչին հասնելու:
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց Պրեզիդենտը:
— Նայե՛ք:
Պրեզիդենտը նայեց ու տեսավ տարականը: Ասաց.
— Է, հետո՞:
— Ձեր մեղքն է:
Պրեզիդենտը գլխով համաձայնության նշան արեց: Հարցրեց, թե ինչ է այդ մեկի ուզածը:
— Բացատրություն:
Պրեզիդենտը ներողություն խնդրեց: Հաճախորդը չընդունեց: Պրեզիդենտը փոխհատուցում առաջարկեց: Հաճախորդը չուզեց: Կանչեցին Զինված Ուժերի նախարարին:
Գնդապետն եկավ ու maître-ի պես հարցրեց.
— Ինչ-որ խնդի՞ր կա, պարոն:
Հաճախորդը մատով ցույց տվեց աղցանը: Գնդապետը նայեց, ասաց. «Ա՜խ, զեյթո՜ւն», վերցրեց տարականն ու կուլ տվեց: Հետո հաճախորդը ձերբակալվեց ու նրա դեմ գործ հարուցվեց ռեստորանում կեղծ մեղադրանքներ հարուցելու համար: Դեմոկրատիա էր մինչև որոշակի կետը:

Ժուաու Կարլուս
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու (Luis Fernando Verissimo)

Եթե Ժուաու Կարլուսն ուշադիր լիներ, կնկատեր համընկնումը. իր ծնունդը կերատաշտակում, օրինակ: Ծնողները տեղափոխվելիս են եղել երկրի մի քաղաքից մյուսը, մի Kombi-ով, մայրը` հղի, հյուրանոցում տեղ չեն գտել ու, ի վերջո, մի ախոռում են հայտնվել: Ինքը ծնվել է ձիերի, ոչխարների, կովերի ու մի փչացած տրակտորի կողքին: Այդ ժամանակ երկնքում մի տարօրինակ լույս է վառվել: Առ այսօր տեղի բնակիչները վիճում են երկնքում հայտնված այդ տարօրինակ լույսի շուրջ:
— Թռչող ափսե էր:
— Արուսյակ մոլորակն էր:
— Ինքնաթիռ:
— Արբանյակ:
Բայց Ժուաու Կարլուսն ուշադրություն չէր դարձնում: Միայն գիտակցում էր, որ տարբեր է ուրիշներից. ջրի վրայով քայլելն, օրինակ, ամոթից գետինը մտավ: Գնացել էր գետում լողալու, ու իրենից բացի բոլորը սուզվում էին: Շալվարի մեջ թաքցրած ծանրություններ օգտագործեց` ջրի խորքը սուզվելու համար, բայց՝ անհաջող, ամեն անգամ հայտվում էր ջրի մակերեսին: Ուրիշները ծիծաղում էին վրան. ջրին այլևս մոտ չգնաց:
Լավ աշակերտ էր: Իրականում ավելի շատ բան գիտեր, քան դպրոցի բոլոր ուսուցիչները: Եթե ուրիշ տեղ լիներ, հանճար կհամարեին ու հատուկ կրթություն կստանար: Բայց նրան անպատկառ համարեցին՝ պարծենկոտ, հետաքրքրասեր: Վարժվեց բերանը փակ պահելուն: Համալսարանում սովորելու փող չուներ: Դպրոցից հետո սկսեց աշխատել հյուսնի արհեստանոցում, հոր հետ:
Ի վերջո, մեծ քաղաք տեղափոխվեց: Քառասուն օր գլորեց առանց աշխատանքի` դիմակայելով սատանայական գայթակղություններին` dancing-ի (պարասրահների) պարուհիներին ու գոյատևելու համար՝ մանր-մունր գողություններին, և, վերջապես, աշխատանք գտավ որպես դռնեդուռ շրջող` հիգիենայի համար նախատեսված՝ իգական, արական և մանկական ապրանքների վաճառող: Հիանալի վաճառող դարձավ: Համակրելի էր, մարդամոտ, բոլորին գրավում էր իր ապրանքներով: Երեք ամիս շարունակ դարձավ աշխատակազմի լավագույն վաճառողը: Շահեց արտադրանքի բոլոր մրցանակները: Կարճ ժամանակահատվածում դարձավ վաճառքների վերահսկիչի տեղակալ: Իր համար մեքենա գնեց: Բնակարան վարձեց: Վերելքի ճանապարհին էր:
Մի աղջկա սիրահարվեց՝ գրասենյակի աշխատակցուհիներից: Դարձավ վաճառքների վերահսկիչ` սեփական գրասենյակով: Ինքն ու սիրած աղջիկը հանդիպում էին: Մի անգամ, մի ռեստորանում ձեռքով դիպչեց սեղանին դրված հացի կտորին ու, հանկարծ, հացը բազմապատկվեց: Ռեստորանը մինչև տանիք հացով լցվեց: Ձուկ էր պատվիրել ու, հանկարծ, ռեստորանում բոլորի առջև ձուկ հայտնվեց: Չգիտեր, ինչ անել: Maître-ը եկավ բացատրություն պահանջելու: Սիրած աղջիկը ամոթից ձեռքերով դեմքը ծածկեց: Ճչաց.
— Էս ի՞նչ արեցիր:
— Չգիտեմ: Ես ուղղակի էսպես կպա ու…
— Նայի՛ր, հիմա էլ ջուրը դարձրիր գինի: Երբեք ինձ այսքան վատ չեմ զգացել: Վերջացրո՛ւ հենց հիմա, բոլորը մեզ են նայում:
— Դո՛ւրս, — ասաց maître-ը:
Երդվեց ընկերուհուն, որ դա էլ երբեք չի կրկնվի: Խնդրեց, որ գրասենյակում ոչ ոքի չպատմի. դա կարող էր փչացնել կարիերան: Ընկերուհին ասաց՝ այո: Ամուսնության առաջարկ արեց: Ընկերուհին ասաց՝ այո, եթե նա իր տարօրինակություններին վերջ տա:
Եթե Ժուաու Կարլուսն ուշադիր լիներ, չէր զարմանա հրեշտակի այցից: Ամուսնությանը մեկ շաբաթ էր մնացել: Մենակ կանգնած էր՝ վաճառքներից իրեն հասնող՝ միայն շաբաթական միջնորդադրամով նոր գնած, առանց կահույքի մեծ բնակարանի հյուրասենյակի կենտրոնում, երբ լուսապսակով մի հրեշտակ ներս մտավ պատուհանից… Ժուաու Կարլուսը շշմած նայում էր` առանց որևէ բան ասելու: Մտածեց, որ դա կարող է գրասենյակի անձնակազմի կատակներից լինել: Բայց ոչ. հրեշտակ էր ու սկսեց խոսել իր հետ.
— Դուք անտեսում եք բոլոր նշանները:
— Ի՞նչ նշաններ:
— Ընտրյալ եք, բայց այնուամենայնիվ անտեսում եք բոլոր նշանները:
— Ե՞ս, ընտրյա՞լ:
— Ի վերուստ ձեզ էր հանձնարարված ազգերին փոխանցել վերջին պատգամը: Այն պատգամը, որը մարգարեության մի մասն էր կազմում, բայց մարդիկ չլսեցին: Այն պատգամը, որն առաջին մարտիրոսության մեջ կար, բայց մարդիկ մոռացել էին:
— Լսե՛ք, հարսնացուս ուր որ է, կգա ու…
— Եկել է Երկրի վրա Ձեր առաքելությունը կատարելու ժամը: Հանեք այդ երկրային շորերը և կրեք հնազանդության պարեգոտը:
— Մի րոպե: Այս կոստյումը Pierre Cardin է:
— Դուք փրկություն եք բերելու անարդարություններով լի այս աշխարհին: Ձեր ձեռքերում է մարդկության մեղքերի քավությունը: Ձեզ մոտ են աշխարհի գոյության իմաստն ու Արարման յոթ առեղծվածների բանալիները: Եվ գառը կխմի ձեր ձեռքից:
— Բայց ինչո՞ւ հենց ես:
— Դուք ընտրյալ եք:
— Հա, բայց սպասեք մի քիչ: Մարկետինգի բաժնի փոխնախագահի պաշտոնն ազատ է: Ամսական մոտ չորս հարյուր ռեալ են տալիս աշխատավարձից բացի: Իմ հնարավորությունները մեծ են: Իսկ այն, ինչ դուք եք ինձ առաջարկում, անկեղծ ասած…
Հրեշտակը հուսախաբ եղավ:
— Ի՞նչպես թե առաջարկում եմ: Սա առաջարկ չէ: Ձեր ճակատագիրն է: Ձեր կյանքի իմաստը:
— Հասկանալի է, բայց տան վարկն ո՞վ է մարելու: Իսկ ամուսնությո՞ւնս: Աշխարհը փրկելու Ձեր այդ առաքելությունը շատ գեղեցիկ է հնչում, բայց հաշիվներ չի փակում:
— Ուրեմն, ուրանո՞ւմ եք Ձեր առաքելությունը:
— Ինձ վատ մի համարեք, չէ՞ որ նախ պիտի մտածեմ իմ մասին:
— Հրեշտակը հառաչեց: Նրա աչքերը գութ և հուսախաբություն էին արտահայտում: Ժամանակներն են ուրիշ, խորհեց, նրա մեղքն է, ինքը պետք է ավելի շուտ հայտնվեր: Երկինքը բոլոր նշանները տվել էր Ժուաու Կարլուսին, բայց Երկնքի նշաններն այլևս նույն պարզությամբ չէին հասնում Երկիր: Ժուաու Կարլուսը, թեման բաց պահելու միտումով` ասաց.
— Լսե՛ք, թույլ տվեք վաղը պատասխան տամ: Այսօր հանդիպում եմ նախագահի հետ ու…
Ինչպես Ժուաու Կարլուսը ենթադրում էր, նախագահը նրան առաջակեց մարկետինգի բաժնի փոխնախագահի պաշտոնը` աշխատավարձից բացի ամսական չորս հարյուր ռեալով: Ժուաու Կարլուսն անմիջապես չպատասխանեց. նա առաջարկեց.
— Վեց հարյուր ռեալ, բացի աշխատավարձից:
Ու մինչ նախագահը կպատասխներ, ավելացրեց.
— Պետք է ձեզ տեղյակ պահեմ, որ մի ուրիշ առաջարկ էլ եմ ստացել, շատ ավելի հետաքրքիր, համենայն դեպս՝ հեղինակության առումով:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի