Էդուարդ Հախվերդյան | ԹԱՆԿԱՆԵՐ

***

Սևաթույր ագռավ
Ի՜նչ գունազարդ ես
Տերևաթափ աշնանային այս այգում
Չորացած ճյուղեը այրվել են
Մենության խավար գիշերներում

***
Ինչքա՜ն մեծ ես կռունկ
Եվ ինչ խաղաղ է քո ճախրանքը
Գարնանային երկնքում
Ո՞վ է տուն վերադառնում
Հազարամյա պանդխտությունից…

***
Գիշերը
Ծաղկած ծիրանենիների վրա
Իջել էր փափուկ մաքուր ձյունը
Առավոտյան
Այգու միջից լսվում էր դուդուկի ձայնը

***
Լուսինը թեքված գլխով
Նայում է սառած փողոցներին
Ծառերը տագնապի մեջ են
Կտավից դուրս վեր է բարձրանում
Տանիքներից բարձրացող ծուխը

***
Արդեն որ երրորդ աշուն
Ոչ ոք չի ուզում թաղել
Այգու խորքում
Ընկուզենու ճյուղից կախված
Ճոճանակի քայքայված մարմինը

***
Դու իմնես.
Իմնես
Դու իմնես ընդմիշտ
Ասում է մարդը
Փարվելով հողին

***

Ընկերոջս` Հայկոյին

Հիմա մենք լսում ենք
Բոլոր այն երգերը
Որ դու սիրում էիր
Աշնան քամին այս գիշեր
Ո՞ր ծառին է հյուրընկալվելու

***
Աշնանային այգիներում
Լռել են ձայները խնջույքի
Դատարկ են շշերը գինու
Ճերմակ թուղթը
Ինձ ուղեկցում է դեպի Գողգոթա

***
Իմ հեռու- հեռավոր ընկերները այստեղ չեն
Նրանց ձայնի արձագանքն է միայն
Իմ ականջներում
Թափված տերևները
Խշխշում են ոտքերիս տակ

***
Ոչինչ այնքան մերը չէ
Եվ մեզ միաձույլ
Որքան հողը
Արձանիկները շարժվում են դեպի
Նյութը նախնական

***
Դույլը ավերում է
Դիմապատկերը
Ջրհորի մեջ կախված
Ծարավ կովերը
Մոտենում են գյուղին

***
Նռան գինի գնեցի
Ծիրանի օղին դրեցի սառնարանում
Ձուկը համեմեցի աղով ու պղպեղով
Ծխում եմ
Լուսնի հայացքը սառել է երկնքում

***
Ծննդատանը
Չնկատեցիր նրան
Նա այնտեղ էր տխուր աչքերով
Ամեն ծնվողի հետ
Ծնվում է Նա

***
Երկարատև բացակայությունից հետո
Տուն վերադարձա
Ընկերներս հողոտ էին
Նրանք ուռենու չորացած ճյուղերով
ինձ սպասում էին գերեզմանատանը

***
Աշնան քամին
Լուսնի սև մահիկով
Շրջում է այգում
Հեռավոր իմ ընկերներ
Գինին պահել եմ վերջին ընթրիքի

***
Թանկագին ճերմակ մազերը
Թաղեցի բակի խորքում
Ընկուզենու տակ
Շարունակ ընծաներ եմ ստանում
Հեռավոր հարազատներից

2 մեկնաբանություն

  1. շատ գեղեցիկ բանաստեղծություններ են, շնորհակալություն

  2. Japonakan dasakan poyziayi TANTAN u HOQUN ases hayeci en xosum yev aynqan mervac, vor chimacoghe piti kjarci te targmanutyunner en…
    Jermak tughtn indz ughekcum
    e depi Goghgota”: Hpart Inqnayrman janaparhn e da, vor pahanjum e sepakan luys u jermutyun…Inqnatip poet Edvard Haxverdyann henc ayd janaparhi vra e shagh tvac ir luysov u jermutyamb:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի