«

»

Դեկ 16 2007

Տպել Գրառում

Խորեն Արամունի | ՍՊԱՍՈՒՄ

Գրեյսը թեթև ժպիտն դեմքին անվաթոռին նստած, եկող գնացողին բարևում, ժպտում, օրհնում, շնորհակալություն հայտնում ու ձեռքը թեթև թափահարում էր։

Գրեյսն իր ծննդյան թվականը չէր հիշում, նրան թվում էր թե աշխարհի հետ ծնվել ու աշխարհի հետ գնալու է։
Ծերանոցում առանձին սենյակ էին հատկացրել Գրեյսին , ինքը չգիտեր թե քանի տարի առաջ էին իրեն բերել այդտեղ։ Նրա բուժքույրը արդեն ինը տարի էր ինչ նրան խնամում ու ճանաչում էր։ Փաստաթղթերը տեղեկացնում էին, որ նա մինչև ծերանոց մտնելը, մի քանի տարի եղել է նաև քաղաքային հոգեբուժարանում։
Գրեյսի բուժքույր՝ Հեյլիի համար, արդեն ամեն ինչ սովորական էր, վարժվել էր նրա բնավորությանը, գիտեր, որ նա վառ գույներով ծաղկավոր շորեր է սիրում։ Ութ շոր ուներ, բացառությամբ մեկից, ամեն օր մեկն էր ընտրում։ Շաբաթվա յոթ օրերից միայն «կիրակին» էր հիշում, խաչակնքում ու այդ օրվա հատուկ շորն էր հագնում։ Տարին ու եղանակները անիմաստ էին դարձել Գրեյսի համար, նա ինչ որ բան էր հիշում միայն այն ժամանակ, երբ իրենց ճաշարանում եղևնի էին զարդարում։ Ամեն անգամ մոտենում էր զարդարված եղևնուն, բախտակիցների օգնությամբ մի փոքրիկ ճյուղ էր պոկում, վրան փակցնելով որևէ փայլփլուն զարդ, տանում էր սենյակ։ Հեյլին, ամեն Ծննդյան տոնին մի փոքրիկ ծառ էր զարդարում նրա համար։ Հեյլին զգում էր նրա հրճվանքը, այդ օրերին անընդմեջ նրա շնորհակալությունն ու օրհնանքն էր լսում։
Դեռ նոր եկած ժամանակ, Հեյլին նկատել էր, որ Գրեյսը բակ դուրս գալիս, մտնում է վարդերով ու ծաղիկներով հարուստ պարտեզը, մի վարդ կամ ծաղիկ պոկում ու հայացքն անհայտ կետի հառած ժամեր շարունակ նստում, ինքն իր հետ զրուցում, զրուցակից գտնելիս էլ մեծ ուրախություն է ապրում։
Հետո, այնպես եղավ, որ մինչ Գրեյսի պարտեզ դուրս գալը, Հեյլին ամեն առավոտ մի ծաղիկ էր տաիս նրան, Գրեյսը ժպտում էր։ Հեյլին մի քանի անգամ փորձել էր միայն ծաղիկի ցողուն տալ նրան, Գրեյսը զարմանալիորեն այն հարմարեցրել էր իր հագուստին դաջված վառ գույնի ծաղիկներին ու ժպտացել։
Այս մասին գիտեր ամբողջ ծերանոցը։ Աշխատողները վարժված լինելով նրան, բարևում ու անցնում էին, այցելուներից ոմանք, որոնք երկար տարիներ էին տեսակցության գալիս իրենց հարազատներին, արդեն ճանաչում էին Գրեյսին, նրանց առաջին հարցը լինում էր. «Դեռ չեկավ», կամ «ե՞րբ է գալու»։ Գրեյսն ժպտում, երբեմն էլ աչքերը աննկատելի խոնավանում էին։
Տարիներ առաջ, երբ դեռ Գրեյսի հիշողության մեջ, անցյալի թեթև պատկերները երբեմն առ երբեմն վերակենդանացել էին, նա շտապել էր վերհիշումներն մանրամասնորեն պատմել Հեյլիին։ Հեյլին սիրով լսել ու նրան հուսադրելով վստահեցրել էր, որ Սթիվը անպայման վերադառնալու է։ Իսկ դա պատճառ էր դարձել, որ շարունակ Գրեյսը Հեյլիին հարցնի «Անպայման կգա», «Իսկ ինչու՞ չեկավ»։ Հեյլին նորից էր հույս տալիս, բայց վերջին շրջանում կարծես Գրեյսն այլևս չէր հավատում նրան, սկսել էր այդ նույն հարցով դիմել իր բախտակիցներին ու նրանց այցելողներին։
Գրեյսի մթագնած հիշողության մեջ պայծառ էր մնացել միայն ամուսնուն Վիետնամ ճանապարհելու օրը։ Ամուսինը նրան խոստացել էր, որ անպայման վերադառնալու է, համբուրվել, շատ երկար համբուրվել ու բաժանվել էին։
Գրեյսն սպասում էր։
Հեյլին գիտեր, որ նրա երիտասարդ ամուսինը տանից դուրս գաիս ինչպիսի հագուստ է ունեցել։ Մի անգամ, երբ Գրեյսի մթագնող հիշողության մեջ փոքրիկ լույս էր առկայծել, նա կանչել էր Հեյլիին ու ասել, որ նա մուգ կոստյումով է իրեն հրաժեշտ տվել, որ նրա շագանակագույն վերնաշապիկի արձակված կոճակների տակ երևում էր ոսկյա շղթայով խաչը։ Չէր մոռացել նշել նաև նրա իտալական սև կոշիկների մասին։ Հեյլին չէր մոռանում ամուսնու սանրվածքը, կապույտ աչքերը, սադափե ատամներն ու լայնալանջ թիկունքը նկարագրող Գրեյսի հիացմունքը։ Հեյլին այնպես էր տպավորվել Գրեյսի նկարագրությունից, որ նրան թվում էր, թե երբևէ, ինչ-որ տեղ նրան հանդիպել է ու երբեմն փորձում էր Գրեյսին համոզել, թե իսկապես ինքը հանդիպել է Սթիվին, որ Սթիվը իրեն ևս խոստացել է վերադառնալ, և անպայման կվերադառնա։ Այս խոսքերը Գրեյսին երջանկություն էին պարգևում, ժպիտը հավերժանալով դեմքին, հայացքը հառում էր հորիզոնում տեսանելի ամենահեռավոր կետին՝ անշարժանում:

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>