Սաթ Ալեքս | ԿՅԱՆՔԻ ՀԱՄՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ

Մանկուց չէր սիրում սև և սպիտակ գույները: Գուցե պատճառն այն էր, որ իր պապիկի հուղարկավորության օրը, բոլորը սևազգեստ էին ու լացում էին… Նա լաց չէր լինում, նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչու են բոլորը իրենց տանը հավաքվել. «Եթե բոլորը լացում են ուրեմն ես էլ պիտի լացեմ», մտածում էր Ալիսան, բայց ինչքան ջանք էր գործադրում, ինչքան ուզում էր մի տխուր պատմություն մտաբերել, որ լաց լիներ՝ չէր ստացվում, որովհետև ոչ մի տխուր բան չէր հիշում: Եվ ինչպես հիշեր, երբ գարուն էր, գեղեցիկ թիթեռնիկները ճախրում էին անուշաբույր ծաղիկների շուրջը. իսկ ինքը վազվզում էր թիթեռնիկների հետևից՝ մեկին բռնելու հույսով…
Այդ արտասովոր օրվանից հետո Ալիսայի փոքրիկ գլխում դրոշմվեց սևի ու լացի ուղիղ համեմատականությունը. երբ բոլորը սև են հագնում ուրեմն լացելու պահը եկել է…
Ալիսան մայրիկից թաքուն տնից դուրս էր հանում ու դեն նետում իր զգեստապահարանում եղած բոլոր սև գույնի զգեստներն ու կոշիկները: Ծնողների զարմանքին չափ ու սահման չկար, բայց Ալիսան շարունակում էր տնից թաքուն հեռացնել նաև սև առարկաները, որքան ուժը ներում էր:
Չէր կարելի ասել, որ սպիտակ գույնը չէր սիրում, բայց չէր ուզում դա թողնել չներկված, նա գտնում էր որ սպիտակը ստեղծված է միայն վրան նկարելու կամ վառ գույներով ներկելու համար: Եվ պատահեց այնպես, որ մի օր մայրիկի թանկարժեք զգեստը զոհ գնած փոքրիկ, բայց տաղանդավոր նկարչուհու արվեստին, ընդ որում, Ալիսայի փափուկ տեղերը երկար ժամանակ ցավում էին…
Գուցե այդ, կամ մեզ համար անհայտ պատճառներից դրդված, Ալիսան հասուն տարիքում խուսափում էր հագնել սև կամ սպիտակ գույնի հագուստ: Մեծանալուն համընթաց՝ մնացել ու զարգացել էր նրա ամեն բան գունավորելու մանկության օրերի սովորությունը, թերևս միայն այն տարբերությամբ, որ այժմ մայրիկի հագուստների փոխարեն, մտքի թռիչքով էր գունավորում իր գլխում եղած աշխարհը: Դա մեծ հաճույք էր պատճառում իրեն և հեշտացնում ապրելը: Օրինակ՝ ընկերներին և ծանոթներին համեմատում էր կենդանիների կամ մրգերի հետ և ամեն մեկին գունավորում ըստ իր հայեցողության:
Մի անգամ Ալիսան հանդիպեց մի տղայի, և չուզե՞ց, թե՞ հարմար գույն չգտավ նրան գունավորելու համար, թեև նեղվում էր տղայի սև ու սպիտակ տեսքից: «Ախր, ո՞նց հնարավոր է, որ ոչ մի բանի նման չլինի Ջորջը», մտատանջվում էր Ալիսան
Բայց, որքան զարմանալի է, անգույն Ջորջը նրան դուր էր գալիս: Ջորջին նույնպես դուր էր գալիս միշտ ժպտացող Ալիսան, որն իր կանացիության ու գրավչության մեջ՝ նման էր փոքրիկ, բայց շատ խելացի երեխայի. և հենց այդ անհամապատասխանությունը ձգում էր Ջորջին: Չկարողանալով զսպել իրեն՝ նա մի օր համբուրեց աղջկան: Դրանից հետո նրանք հաճախ սկսեցին հանդիպել ու միասին զբոսնել…
Ամուսնացան աշնանը, երբ պտղատու այգիները ներկված էին բնության բոլոր գույներով և զարդարված հյութեղ մրգերով: Մի օր էլ առանձնանլով՝ նորապսակները գնացին մի այգի, որպեսզի խոսեն ու երազեն իրենց ապագայի մասին: Այգին լի էր տանձենիներով: Նրանք երջանիկ էին ու նրանց աչքերում լող էր տալիս անսպառ հույսի և սիրո չհանգչող փայլը: Ալիսան նստեց մի քարի և սկսեց ուտել քաղցրահամ միրգը, իսկ Ջորջը նայում էր նրան ու չէր հագենում:
-Գտա՜, գտա՝, տա՜նձ,- հանկարծ բղավեց Ալիսան:
-Ի՞նչ տանձ:
-Ես շատ երկար եմ մտածել այն մասին, թե դու ինչի նման ես և դա նոր հասկացա:
-Իսկ ինչու տանձի՞,-հարցրեց տղան:
-Է՜, ո՞նց չես հասկանում, քանի որ այն ուտելիս կարող ես միաժամանակ զգալ և՛ հյութեղություն, և՛ չորություն, և՛ քաղցրություն, և դառնություն… պարգևում է նաև թեթևության զգացում, անմահական է, նման չէ ոչ մի համի, անանուն համ է… Միևնույն ժամանակ, օժտված է ավազանման չոր գնդիկներով, որոնք լեզվին հպվելուն պես հալվում են,ասես, իրենց ներկայությունը զգացնել տալուց հետո անհետանում… Բայց հենց դրանով էլ զգում ես համի հաճույքը՝ գիտակցելով, որ ոչ ամեն ինչն է հարթ ու հասկանալի… Հա դու դրա համն ու գույնն ունես…
Ջորջը գրկեց նրան ժպտաց ու համբուրեց:
-Դե սրա համն էլ ուրիշ է…,-ծիծաղեց Ալիսան
Նրանք երեխաներ ունեցան, որոնք սիրո և երջանկության պտուղներ էին: Դա այն սերն էր, որի գոյությանն ու հարատևությանը քչերն են հավատում, այն նման է Աստծուն, աննման ու առեղծվածային…
Անցան տարիներ, նրանք թոռներ ունեցան, բայց նրանց սերը երբեք չպակասեց, ոչ էլ նրանց աչքերի փայլը, դա նույնն էր մնացել, ինչ կար տանձենիների այգում:
Երկու երջանիկ ծերացող մարդիկ. ամեն բան հիասքանչ էր, միայն վատն այն էր, որ իրար սիրող մարդիկ նույն օրը չեն մահանում:
Ու թեև Ջորջը ավելի շուտ հեռացավ կյանքից, բայց նրանց սեղանից երբեք չպակասեց Տանձը:
Թոռնիկները հարցնում էին տատից՝ իր տանձ սիրելու գաղտնիքը, իսկ Ալիսան, պատսախանելու փոխարեն, լուռ ժպտում էր ու նոր տանձ վերցնելով՝ նայում երկնքին: Նա վստահ էր, որ երկնքում իրենք նորից կհանդիպեն, քանի որ իսկական սերը երբեք չի մահանում…

Հունիս, 2011
Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի