-Դարն ա տենց,- պատասխանում է նա:
Հնարավո՞ր է նայել նրան ու նրա միջով տեսնել դարը: Նա գոյություն չունի, կամ էլ նրա գոյությունը թափանցիկ շնչավորություն է, որը լցվում է դարով ու ոչնչով չի առանձնանում: Տենց: Հոպա՛գանգա՛մսթայլ:
— Թե չէ մեզ ըտենց էիք դաստիարակել,- բաժակի պատերին զարնվող գդալի զայրացած զնգզնգոցից բարձրանում է Կարի՝ համր մնալու վճռականությունը խախտող ձայնը:
— Բայց ձեզ ո՞վ ա մանիկյուր քսել,- զարմանում է մորքուրը:- Սպասի, էրեխա ունենաս, կտեսնես, որ քո ձեռը չի…
— Իմ էրեխան ո՛չ մաշա ա նայելու, ո՛չ գանգամսթայլ ա լսելու: Ո՛չ էլ գազով սոկ ա խմելու: Ոչ էլ էս տարիքում մանիկյուր են դեմ տալու իրան…
— Հա՜, կտեսնե՜նք, կտեսնե՜նք: Սպասի՜, ես քեզ կհիշեցնե՜մ: Կտեսնե՜նք ինչ կիսուր ես ունենալու…
Դարի ձեռնասուն մանուկներին համահարթեցրած գլանը երկու կանանց հայացքների միջից ցատկում է օդ, գլորվում առաջ: Հետ քաշվիր, կամ պառկիր, կամ կուրծքդ խրոխտ դեմ տուր:
— Ինչ կիսուր էլ որ ունենամ, մարդո՛ւս հետ եմ ամուսնանալու…
— Ո՜ւֆ, ամա՛ն, ե՞րբ ես դու խելքի գալու ախր: Տե՛ր Աստված, թե ինչի էս էդքան գիր ու գրականություն կարդաց, որ ըսենց դառավ…
— Է, ձեզ ով էր ասում՝ ամբողջ օրը ասեիք դա՛ս սովորի, գի՛րք կարդա՛:
— Հա, ես եմ մեղավոր, բա ոնց, էլի՛ ես եմ մեղավոր, որ իմ թայերը թոռներին դպրոց են տանում, իսկ ես մինչև կեսգիշեր պուպուի պես մենակ նստում եմ, որ աղջիկս տուն հասնի հերթական հարբեցողությունից…
Վերջին բառերը հարվածում են շրխկացող դռանը, հետ ցատկում: Դուրս նետված Կարի հետևից կայծակնորեն հասնում են նոր բառեր, կախվում ականջներից, խլվլոցով լցվում գլուխը: Լենուլի լացը կտրում է մոր խոսքի հեղեղը: Խե՜ղճ երեխա, վախենում է աղմուկից: Ոչինչ, կսովորի: Կարն իջնում է աստիճաններով՝ պատկերացնելով, որ քույրերը առանց ֆռթացնելու, լուռ խմելու են գոլացած կոֆեն կամ ձեն-ձենի տված թողնելու են սառչի՝ մեկը բարկությունը ընդմիջող դժբախտ հոգոցներով, մյուսը՝ երջանիկ տատությունը էմպատիայի տակ քողարկելով:
Փողոցը լղոզված է: Կարն արագընթաց մխրճվում է մառախուղի մեջ ու տարտամորեն անհետանում: Մայրը փակեց լուսամուտը:
Այգին ամայի էր, ծառերն ու ձյունը՝ մշուշում միավորված: Կարը նայեց ձյան տակից տեղ-տեղ դուրս պրծած տերևներին: Համատարած սպիտակի մեջ վառվող չորացած արևագույնը կուրացեց: Հիշեց: Կանաչ համազգեստավորները լայն ու կարճ թիերի օգնությամբ տերևաթափի մնացորդները թաքցնում էին հսկայական պարկերի մեջ : Տերևները ժպտում էին Նարի նման՝ փափուկ ու համակերպված: Նարը ժամերով կարող էր նայել աշնան հոգևարքին: Կարի սիրտը ճմլվեց: «Բոլոր տերևները տանում են,- գլխի ընկավ նա,- չե՛մ թողնի, որ ջնջեն աշունը»: Սկսեց ոտքերով ցրիվ տալ սև խոռոչում թաղելու համար դիզած կույտը:
-Հե՜յ,- գոռաց կանաչ համազգեստը,- էդ ի՞նչ ես անում:
Կարը մոտեցավ մյուս կույտին:
-Աղջկե՜րք, հասե՜ք,- ճչաց համազգեստը:
Կարը վազեց ծառի մոտ ու ամուր գրկեց բունը՝ աչքերը փակ, թիկունքը վտանգին մեկնած:
Ձայները մոտեցան: Կարը սպասում էր, որ դրանք սկզբում կխոշտանգեն լսողությունը, հետո, ամոթանքի կեղտաջրով ողողելու հետ մեկտեղ, կբացահայտեն իր թաղային և ցեղային պատկանելությունը, ապա ինքը կպոկվի ծառից ու գլուխը թևի տակ պահած կփախչի՝ ականջներում տանելով մորը հասցեագրված բարեպաշտ կարեկցանքը: Կատաղի ճիգով նա ամուր հենվեց ոտքին, ձգեց ձախ ձեռքը վերև՝ երազելով մողեսի մագլցելու կարողությունների մասին, և անշարժացավ՝ ձուլվելով կեղևի նախշերին: Ձայները խլացան: Կարը փորձեց շրջել գլուխը, բայց գլուխը չկար, ձեռքերն ու ոտքերը չկային, մարմինը չկար: Ծառամաշկի մեջ ներծծվելով՝ նա աննկատելիորեն հասել էր միջուկին և հիմա վերև էր բարձրանում ծառի անհամար երակներով՝ մտածող մոլեկուլների համախմբի վերածված: Կարը փորձեց կանգնեցնել վերելքը և կարողացավ. «Ուրեմն կամքս իմն է»,- մտածեց: Ծիծաղեց, և ծառի կեղևով նկատելի դող անցավ, վերևում ճյուղերը խառնվեցին: Կանաչ համազգեստները հետ-հետ գնացին, նայեցին իրար:
— Ի՞նչ եղավ,- ասաց մեկը,- հո գետնի տակ չանցա՞վ:
— Գետինը մտներ, ավելի լավ էր,- հստակ լսեց Կարը,- մեր վերևի թաղի Համոյի աղջիկն էր, ճանաչեցի:
— Անճարակի մեկը դուրս եկավ Անոն, չկարեցավ վախտով մինուճարին պսակի:
— Հիմիկվանների հետ դժվար ա, աման, մեր նման չեն:
— Բայց հո գետնի տակ չանցա՞վ:
— Ֆոկուսնիկ կլինի, տղես ասում էր՝ շատ ա կարդում, մի տեսակ էն չի…
— Ամա՜ն, ես էլ մտածում եմ էս ինչ անշնորհքություն ա անում…
— Դե ասա ծալը պակաս ա, էլ ինչ անշնորհք…
-Գոնե ծնողների մասին մտածի…
Կարը ծամածռեց դեմքը, այսինքն՝ շարժվեց այնպես, որ եթե մարմին ունենար, դեմքի մկանները պերճախոսությամբ կլռեցնեին համազգեստներին: Ծառի կեղևով նորից դող անցավ, ճյուղերը վերևում իրար բախվեցին:
-Քամին ա,- սարսռաց մեկը,- լավ, աղջկերք, գնացինք:
Կարը չլսեց. մազանոթներով բարձրանում էր վերև՝ ճյուղերի ծայրերից աշխարհը տեսնելու:
Մայրն ամեն օր գալիս է: Մոտենում է արագաքայլ, դանդաղում: Կամաց հասնում է բնին, նայում դիմացը՝ կեղևին, հետո վերև՝ սաղարթին: Տերևները խշշում են:
-Եկա, բալես,- ասում է նա:
Տերևները խշշում են:
Մոր աչքերի արցունքը ներքև է ձգտում: Նա կախում է հոգնած գլուխը, վեհերոտ շուրջը նայում, նստում կապտականաչ խոտին: Հենվում է ծառաբնին: Կարն զգում է նրա մարմնի ջերմությունը: Էլ չի բարկանում: Մայրը երկար լռում է, հառաչում: Տերևները խշշում են:
— Գլխիդ մեջ քամիները անպակաս են…
— Հիմա էլ ձգվել ես բարձր-բարձր…
— Ամեն ինչից ուզում ես հեռու մնաս…
— Ամպերի հետևից ես գնում…
— Գոնե պտղատու ծառ դառնայիր…
— Ծիրանի ծառ… գոնե ծառից պտուղդ վայելեի…
— Գոնե փոքր լինեիր, գրկեի, տուն տանեի…
— Ստվերդ՝ մուգ ու ցուրտ, մրսում եմ…
Տերևները խշշում են: Տերևները խշշում են: Խշշում են: Խշշում:
Կարը վերուվար է անում անհանգիստ, սնդիկի պես: Իջնում է, կուտակվում կեղևի տակ՝ մոր թիկունքի մոտ: Նարի ժպիտը տարածվում է իր և մոր միջև: Նարն էլ մոր ուզած պտուղը չէր տա, նա էլ սոսի կդառնար: Պտուղը ուտել չէր լինի, ծաղիկը հոտոտել չէր լինի: Նարը իրենից բարձր կլիներ, իրենից կանաչ, իրենից տերևազարդ: Նրա սոսափը հասկանալի կլիներ իրեն: Ծիրանենու հետ չէին համեմատվի: Մայրը չէր հասկանա: Նարն էլ պտուղ չէր տա: Պիտանի պտուղ: Մայրը չի հասկանում: Գնում է: Մայրն էլ է Նարի նման: Չեն հասկանում իրեն: «Տարօրինակ է,- մտածում է Կարը,- էլ չեմ սիրում նրան, բայց հիշում եմ սիրով: Սիրում եմ իմ սիրելը, մեկ էլ ինձ՝ երբ նրան սիրում էի:» Նարը՝ հեռու և խորթ, պոկված իրենից, բայց ինքը՝ կպած սիրուն, որ բաժանեց իրեն և Նարին:
Նարը հեռու է: Նարը անհասանելի է: Նարը չկա:
Արմատները բնից երկար են, շատ երկար: Կարն իջնում է նրանցով՝ խոր ու ավելի խոր: Մարմինը հոսանքի վերածելը անասելի հաճույք է ու անպատկերացնելի հնարավորություն՝ լինել բոլոր արմատներում, տարածվել բոլոր ուղղություններով, միաժամանակ մի քանի վայրերում՝ երակների ցանցում հոսող արյան պես Կարը գնում է: Մութ է շուրջը: Հող և զեռուններ: Անցնում է հողի միջով, քարի միջով, մետաղի միջով: Հրի ու ջրի միջով է անցնում, հեղուկների և գազերի միջով: Տաք է: Ամեն ինչ տեսնում է, բայց ոչինչ չի հասկանում: Կրակի միջով է անցնում:
Մեկն ընդառաջ է գալիս:
— Դո՞ւ, այստե՞ղ,- ասում է Կարը:
— Եկա՞ր,- ասում է Նարը:
— Ո՞նց հասար այստեղ:
— Ասում են՝ հոգին լավ է վառվում, եկել եմ բախտս փորձեմ:
Կարը նայում է Նարին: Չի փոխվել Նարը: Փոխվել է: Դժվար է ասել: Կապույտ բոցերը շարունակ նոր կերպարանք են տալիս նրան:
-Չի ցավո՞ւմ,- հարցնում է Կարը:
— Միայն երբ ես եմ ուզում, իսկ ես չեմ ուզում:
— Ինչո՞ւ այսպես եղավ, Նար: Ի՞նչ իմաստ ունի այս ամենը:
— Ի՞նչ իմաստ ունի տերևի դեղնելը կամ ձվի դեղնուցը: Ի՞նչ իմաստ ունես դու:
— Ինչ իմաստ ունեմ ե՞ս:
— Դու: Ես: Մենք: Այս բոցերը: Ջրածնի ատոմը: Երկնքի կապույտը: Ի՞նչ իմաստ ունեն:
Բոցերը խաղում են Նարի հետ, փոփոխում նրան: Կարը՝ արմատների ապահովության մեջ, վախենում է անդադար այրվող Նարի համար: Մի՞թե չի ցավում: Մի՞թե բավական է ուզել, և չի ցավի:
— Հասկացիր, Կար, աշխարհը հնարավորությունների բազմություն է: Դու աշխարհի հնարավորություններից մեկն ես: Իմաստը դու ես: Դու կաս՝ քո բոլոր հարցերի պատասխանը: Ես կամ՝ ամեն ինչի իմաստը: Իմաստը հնարավորություն է: Մենք…
— Ուզում եմ գալ քեզ մոտ…- ասում է Կարը:
— Արի՛:
— Վախենում եմ:
Նարը փչում է: Արմատներն անհետանում են: Կապտականաչ հրդեհը հարձակվում է Կարի վրա, կլանում: Նարը պարուրում է Կարին: Կարը չի տեսնում: Այրումից կուրանալով՝ նետվում է հետ, հեռու, վերև: Հետապնդումից սարսափած՝ ակնթարթորեն հայտնվում է սառը ձմեռային օդում: Մառախուղ է, աղոտ ծառեր, ձյան տակից դուրս պրծած չոր տերևներ:
Վերջին մեկնաբանություններ