Երբ Մերսեդեսն արցունքն աչքերին, քրոջը բազմաթիվ խորհուրդներ տալով՝ ուղեկցեց դեպի շոգենավ, այնպես էր հալումաշ լինում, ասես Զարուհուն աքսորում են կամ տանում են բանտ: Օդային համբույրներ փոխանակելուց հետո Մերսեդեսը մեկ անգամ էլ հիշեցրեց քրոջը` գրեթե բղավելով, որ լսի աղմուկի միջից. «Տղայ, կամ աղջիկ քույրիկս, չմոռնաաաաաաաս….կաղաչեմ, չոճուխին մասին անպայման մեզի լուր կ’ուտաս»:
Նավն արդեն չարագուշակ սուլում էր, Զարուհին ոչինչ չլսեց, բայց մի վերջին անգամ թաշկինակը թափահարեց օդում: Նա, հակառակ քրոջը, ժպտում էր, բարձր տրամադրություն ուներ: Վերջապես մեկնում էր հայրենիք` պապերի նվիրական հողը, ու լուսեղեն ապագա էր հյուսում նաև Մերսեդեսի համար, ում, հաստատ որոշել էր` Սովետական Հայաստանում մի փոքր հաստատվելուց հետո, կանչելու էր իր մոտ: Ճիշտ է, Հունաստանը սիրում էր իբրև ծննդավայր, բայց վստահ էր, որ ՙմայր՚ հայրենիքի օդն ավեի անուշ է, ջուրն` ավելի կենարար, բերքն` ավելի արևոտ:
Գրեթե իրեր չուներ Զարուհին, միայն մի ճամպրուկ` դերձակին անհրաժեշտ բոլոր պարագաներով, քրոջ լուսանկարը, որ կարոտն այդպես առնի, հունական նարինջի ամենահյութեղ տեսակի ու ձիթենու պտղի մի քանի կորիզ, որ Հայաստանում փորձի աճեցնել: Մտածել էր, որ երբ քույրն էլ գա, Սալոնիկի համն ու հոտը այդ պտուղներից կառնեն: Այդպես էր որոշել, քանի որ գիտեր քրոջ չհարմարվող բնավորությունը: Այո, երկուսն էլ մեծացել էին Ավետյաց երկրի մասին լուսեղեն պատմություններով, դեռ մանկուց նրանց սիրտը բաբախել էր ծնողների պատմած փառահեղ Արարատի տեսիլքից միայն, բայց այն տեսնելու ցանկությունը Զարուհու մեջ գնալով աճել էր, իսկ իրատես Մերսեդեսը միշտ էլ վախեցել էր այնպես հեռու ու անհասկանալի թվացող իր հայրենիքից: Միշտ ինչ-որ տարօրինակ սարսուռ էր անցել մարմնով, երբ պատկերացրել էր Նոյի ապաստան ահռելի սառցապատ լեռը: Հավանաբար պատճառն այն էր, որ Մերսեդեսը զգալիորեն մեծ էր քրոջից ու շատ ավելի երկար էր կապվել հունական հողին, կամ նրա նստակյաց, ծանր բնավորությունն էր պատճառը. չէր սիրում փորձարարության ենթարկել իր կյանքը:
Օրեցօր ծաղկող Սովետական Հայաստանի մասին լուրերը ամեն օր սողոսկում էին Սալոնիկի իրենց բնակարան, թերահավատություն առաջացնում Մերսեդեսի հոգում, բորբոքում Զարուհու կարոտն ու տենչը: Կոմունիստ ագիտատորները պատմել էին, որ հացն ու մեղրն անվճար է, իսկ առուներով կաթ է հոսում հայրենիքում: Քույրերը նույնիսկ հարց չէին տվել իրենց, թե այդ ինչպե՞ս էր, որ ետպատերազմյան տարիներին այդպես ծաղկուն էր հայրենիքը, մինչդեռ պատերազմի ստվերը դեռ թափառում էր անգամ Հունաստանում ու ծննդավայր Սալոնիկում:
Մի օր էլ Զարուհին չդիմացավ, հայկական գենը ուռեց երակներում, պայթեց, ու դրա մանրագույն մասնիկները թափանցեցին ուղեղի, հոգու, խղճի, երևակայության, գիտակցության, ենթագիտակցության ամենահեռավոր անկյունները: Հավաքվեց ու քառասունութ թվին մի խումբ ներգաղթյալների հետ եկավ Հայաստան: Քանի որ լուրեր էին հասել, որ նամակների բովանդակությունները ստուգվում էին, զգուշավոր Մերսեդեսն ու քույրը պայմանական նշան որոշեցին իրենց համար. մի որոշ ժամանակ ապրելուց հետո Զարուհին նամակ էր գրելու քրոջը, որտեղ պիտի նրան տեղեկացներ` արդյոք արժե՞ գալ Հայաստան, թե՞ ոչ: Լավ լինելու պարագայում Զարուհին նամակում գրելու էր, իբրև իրենց ազգականուհին տղա զավակ ունեցավ, վատի դեպքում` աղջիկ: Ահա սա էր հիշեցնում մի վերջին անգամ Մերսեդեսը, սիրտը մղկտում էր քրոջը ճանապարհելիս: Զայրանում էր, իրեն-իրեն տալիս ու առնում, վերհիշում էր փոքր քրոջ համառ, բոցավառվող բնավորությունը մանկուց, որն այդպես էլ ոչ ոք չկարողացավ շտկել: Ու այսօր ահա արդյունքը, այսօր, երբ էլ ոչ ոք չի մնացել հարազատներից, այլ` երկու քույր, ովքեր ապրում էին իրար համար, իրարով:
Մերսեդեսն այդպես էլ իր փակ, չհաշտվող բնավորության պատճառով չէր ամուսնացել, բայց հույս ուներ, որ կենսախինդ Զարուհին պիտի ամուսնանար, ու զարմիկ-զարմուհիներ պարգևեր իրեն: Իսկ Զարուհին փշրեց քրոջ երազանքները, թեև այդպես միայն Մերսեդեսն էր կարծում: Զարուհին խոստացել էր, որ նրանց անպայման կտեսնի քույրը` իրենց հայրենիքում ծնված, հայաստանցի տղամարդու դաստիարակությամբ մեծացած:
Փոթի նավահանգստում Զարուհին դեռևս չէր զգում Հայաստանից փչող ցուրտ քամիները, իսկ երբ նստեց Վրաստան-Հայաստան գնացքը, թերևս մի փոքր սկսեց անհարմարություն զգալ: Գնացքում աղմկոտ խառնամբոխ էր հավաքված, իսկ նստատեղերը, մեղմ ասած, այնքան էլ նորոգ չէին: Բայց լավատես ու երջանիկ Զարուհին այդ ամենն անտեսում էր, նա կարոտակեզ հայացքը պատուհանին գամած սպասում էր, թե երբ էին վերջանալու վրացական բնապատկերներն ու սկսելու հայրենի երկրինը: Թեև այնքան էլ հեշտ չէր տարբերել նույն տարածաշրջանում գտնվող այս երկու երկրի համայնապատկերները, բայց Զարուհին վստահ էր, որ ինքը կզգա, անպայման կզգա տարբերությունը, որ օդը կփոխի իր բույրերն ու երկինքն` իր լազուրը:
Այս մտքերով տարված օրիորդը քուն մտավ չոր ու կոպիտ նստարանին, առավոտյան արթնացավ շչակի աղմուկից, իրարանցումից, մարդկանց խոսակցություններից: Գնացքը կանգ առավ հերթական կանգառում, որը Զարուհու համար վերջինն էր: Նա ձեռքն առավ փոքրիկ կաշվե ճամպրուկը, պատրաստեց պաստառը, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր` օրիորդ Զարուհի, որպեսզի իրեն դիմավորելու եկած հեռավոր, անծանոթ ազգականները ճանաչեին իրեն:
Լենինական: Կայարան: Թշվառության հոտ, թափառող սոված շներ, աղքատիկ հագնված, բայց զվարթ մարդիկ: Աղմուկ-աղաղակ, առևտուր, ամենուրեք շրջում էր աղքատության ուրվականը: Ասես սառը ջուր լցվեց Զարուհու գլխին այս տեսարանից. նա այսպե’ս չէր պատկերացրել հայրենիքի հետ առաջին հանդիպումը: Մի պահ իրեն կորցրած, անորոշությունից գամվեց տեղում: Աջ ու ձախից ինչ-որ բան վաճառող մարդկանց ձայներից միայն մեկը որսաց. լայնաժպիտ տղամարդը բղավում էր` քյալլա, քյալլա, ու Զարուհին միանգամից չհասկացավ` ինչ է ասում: Հետո նկատեց մարդկանց ամբոխ, ովքեր խելակորույս վազեցին դեպի տղամարդը` կարծես ոսկի էր բաժանում: Զարուհին տեսավ, թե ինչպես էին մարդիկ իրար հրմշտում, բարձր-բարձր բղավում, հայհոյում, ընթացքում հասցնում էին նաև հումորներ անել, քահ-քահ ծիծաղել: Հետո հեռանում էին հերթից` ցանցկեն տոպրակի մեջ ինչ-որ անճոռնի իր: Իսկ երբ նրանցից մի քանիսն անցան իր կողքով, Զարուհին զարհուրանքով տեսավ, որ տոպրակի միջից իրեն նայողը արնահոսող անասունի գլուխ էր` դուրս ընկած աչքերով ու լեզվով, որի շուրջ գազազած, մեծ ճանճեր էին բզզում: Բայց ավելի մեծ եղավ Զարուհու սարսափը, երբ իրեն մոտեցող ժպտերես երիտասարդ զույգը, որը նույնպես պոկվել էր հերթից` պատերազմում հաղթանակած ու ավարը ձեռքին, հանկարծ իրեն դիմեց. “Օրիորդ Զարուհի՞, Սալոնիկից՞, մենք ենք` Սերոժն ու Օֆիկը, չե՞ք ճանչնա: Ներող կեղնիք, քյալլա կառնեինք, էդոր հմար քիչմ ուշացանք: Վերջ, ան պրձանք, տուն բդի էրթանք: Էսօր դուն մեր ղոնախն ես, մեր գլխներու վրա տեղ ունիս”:
Զարուհու աչքերի առաջ աշխարհը պտտվեց, պտտվեց, փուլ եկավ: Նա լսեց դաշտում մորթվող անասունների բառաչը, ոտքերի տակով արյան գետեր հոսեցին: Ճիչեր, մղձավանջ… ծիծաղացող տղամարդու ձեռքի ահռելի պսպղուն կացինը իջնում է անասունի վզին, այնտեղից արյուն է ցայտում, լցվում դահճի թևքերին: Նա թևով սրբում է արևից խանձված ճակատը, ու արյան շիթերը, քսվելով ճակատին, հոսում են քթով վար: Իսկ տղամարդը ժպտում է` փայլեցնելով անհասկանալի, ոսկեգույն շողարձակող ատամները` շարունակելով բղավել` քյալլա, քյալլաաաա… Ուշաթափ Զարուհին ընկավ ուղիղ մոտեցող ազգականների գիրկը: Սթափվեց ճանապարհին, ֆայտոնի մեջ, սառը ջրի կաթիլներից ու Օֆիկի աղաղակից.
— Զարթնավ, զարթնավ, աբրիս, օրիորդ Զարուհի, աբրիս: Ի՞նչխ ես, լա՞վ ես, քուրս: Խեղջ ախչիկը վայթե էդ ճամփից էր դիվոդե: Յավաշ, հասնինք տուն, աշե թե քեզի ինչ բդի հյուրասիրենք: Դուն հաստատ քու Հունաստանում էդորից կերած չես էղնի:Դե քիչմ քեզի հավաքե, Հայրենիք ես էգել, քուրս, ուրախացի:
Երբ տուն հասան, Զարուհուն այլևս ոչինչ չէր հետաքրքրում, նա գունատ էր, վախեցած ու քնել էր ուզում: Բակում նրան դիմավորեցին երեք մեծ շները, տանը` մի խումբ աղմկոտ երեխաներ: Զարուհին փորձեց կռահել. “Վստահ, որ երեք գամփռներին կերակրելու համար էին գնել այդ քյալլա կոչվածը”: Այս միտքը նրան բավական հանգստացրեց, իսկ երկրորդ բանը, որ նա վճռել էր, միանգամից նամակ գրել քրոջը` հետևյալ բովանդակությամբ. “Դեռ չէ ծնած, բայց հավանաբար` աղջիկ կըլլայ”: Նման մտորումներով նա քուն մտավ, իսկ ժամեր անց արթնացավ մի փոքր խաղաղված, քրոջը նամակ գրելու որոշումը գլխից գցած: Դանդաղ մոտեցավ դռանը, ու սրտաբաց Օֆիկը ժպտալով վազեց ընդառաջ.
— Օրիորդ Զարուհի, զարթնա՞ր: Լավ դինջցա՞ր, մադաղ քեզի: Հմի բդի ճաշենք, ձեր պատվին տնական ամենահամով ճաշն ենք էփել, սաղս իշտայներս պայած քեզի կսպասենք: Դե քելե, քելե երթանք:
Երբ Զարուհին մտավ ճաշասենյակ, տեսավ բարիքներով բեռնված սեղանն, ու ախորժակը բացվեց: Երեխաները սենյակում վազվզում էին, աղմկում անհոգ: Ավագները, այդ թվում նաև մի քանի հարևան, Զարուհուն վաղեմի բարեկամների պես ողջունելով` մոտեցան սեղանին: Հետո հայտնվեց Սերոժը` ձեռքին ահռելի մատուցարան, որի վրա Զարուհին տեսավ կայարանից գնված կովի գլուխը` դուրս ընկած աչքերով ու լեզվով, գոլորշին վրայից քուլա-քուլա բարձրացող: Երբ Սերոժը մատուցարանը հանդիսավորությամբ դրեց սեղանին, կինն արդեն նրան էր սպասում` մի ձեռքում դանակ, իսկ մյուսում կացին: Նույն այն արյունոտ ու շողշողացող կացինը, որ երազում էր տեսել օրիորդը:
Զարուհուն թվաց, թե նորից երազում է, բայց ականջ ծակող ճիչերով դեպի սեղանը վազող երեխաների խելահեղ խումբը նրան ստիպեց հասկանալ, որ այդ ամենը տեղի է ունենում արթմնի: Երեխաները վրա տվեցին կերակուրին սովից փախածների պես: Հետո սկսեցին իրար այնպես հրմշտել, ինչպես առավոտյան` կայարանում հերթի մեջ կանգնած մարդիկ: Նրանք հարձակվեցին խեղճ անասունի վրա` մեկը պոկելով լեզուն, մյուսը մատները մխրճելով աչքերը հանեց, իսկ հարևանուհին նրանց մի կողմ հրելով, կառչեց այտերից ու տասը մատն այնտեղ խրելով` մերկացրեց կենդանու այտոսկրը: Երբ հաշված րոպեների ընթացքում մաքրազարդված գանգը սկսեց շողշողալ, Սերոժը կնոջից վերցրեց կացինն ու տուր թե կտաս` մեջտեղից ճեղքեց կենդանու գանգոսկրը: Մասերի բաժանված, ջախջախված ոսկորների արանքից փայլատակեց կենդանու ուղեղը: Հիմա էլ ոհմակը վրա տվեց լպրծուն ու զազրելի այդ զանգվածին` ո’վ գդալով, ո’վ մատներով պոկոտելով դրանից: Ուղեղի դեղին յուղը ծորաց դեպի արմունկները, թափվեց շորերին ու հատակին: Գրգռված ախորժակներից խելակորույս տանտերերը, ուղեղը ծամելով ու լպստելով մատները, ժամանակ առ ժամանակ հասցնում էին բղավել. “Օրիորդ Զարուհի, քա կդորմ փորցե, էնբես համով է օր մադներդ էլ հեդը կուդես”:
Զարուհուն թվաց, թե ներկա է ինչ-որ հեթանոսական ծեսի, բաքոսյան խրախճանքի, որի ժամանակ հոշոտվում էր Քավության Նոխազը: Այս բարբարոս տեսարանից գրեթե ուշաթափ աղջիկը օրձկտաց ու հազիվ իրեն դուրս նետեց, որ չապականի օրն ու տրամադրությունը: Արհավիրք էր թե աշխարհի վերջը, նա չհասկացավ, բայց ամբողջ օրը փակվեց սենյակում ու լաց եղավ մինչև լուսաբաց: Նախամարդու բնազդով, գայլի ախորժակով մարդկանց այս բարբարոս արարողակարգը մինչև կյանքի վերջը չի լքի Զարուհուն: Նա դեռ հաճախ կհիշի այս տեսարանը, երբ հայրենիքում դժվարությունների կհանդիպի ու հենց այս հիշողության շնորհիվ կհաղթահարի ամեն ինչ: Ուժեղ ու չհուսահատվող օրիորդը վստահ էր, որ եթե այս օրը նա մարսեց, ապա այլևս ոչ մի բան չի կարող նրան հիասթափեցնել կամ կոտրել հայրենիքում:
Հաջորդ օրը, Երևան մեկնող գնացքում, նա ջանում էր մոռանալ անցյալ օրվա սահմռկեցուցիչ իրադարձությունների շարքը, սակայն մտքում անվերջ կրկնում էր. “Աղջիկ է, քույրիկս, Մերսեդես, աղջիկ է”:
Երևանում նրան դիմավորող հեռավոր ազգականների ճաշի առաջարկները նա միանգամից մերժեց: Որոշ ժամանակ ապաստանվեց նրանցից մեկի մոտ` կիսաքաղց, հաց և թեյ համտեսելով, մինչև կլուծվեր ժամանակավոր կեցության հարցը: Սակայն առաջին իսկ վայրկյաններից հայրենիքում կոփված Զարուհին զարմանալի կամք ու ճարպկություն ցուցաբերեց հետագա օրերին: Նա այնքան աչքաբաց գտնվեց, որ կարողացավ խուսանավել Արթիկ ճանապարհվող հայրենադարձների ցուցակում հայտնվելուց, ապա նաև կարողացավ մի փոքրիկ կարի արհեստանոց բացել ուղիղ քաղաքի կենտրոնում, Մոսկովյան կոչվող փողոցի վրա, որտեղ նրա գործերն ուղղակի սկսեցին ծաղկել:
Հունաստանից իր հետ վերցրած կանացի հագուստի նոր ֆասոնները շատ շուտով գտան իրենց հասցեատերերին: Քաղաքի բոլոր պչրուհիները, այդ թվում պաշտոնյա կուսակցականների պճնամոլ կանայք ու սիրուհիները, մեկը մյուսին տեղյակ պահելով, սկսեցին հագնվել օրիորդ Զարուհու մոտ: Հունաստանից եկած ախպար Զարուհու համբավը անհանգստացրել էր նրանց: Զարուհին էլ օր ու գիշեր գծում, մոդելավորում ու կանանց էր մատուցում ծնկները ծածկող կիսաշրջազգեստներ, մեծ-մեծ գրպաններով ու կոճակներով զարդարված, վերևից ներքև լայնացող թիկնոցներ, արևապաշտպան մոդայիկ գլխարկներ:
Հարուստ հաճախորդուհիների միջոցով ձեռք բերված կլորիկ գումարով ու նրանց ամուսինների կապերի շնորհիվ` Զարուհին նաև խուսափեց մյուս հայրենադարձների պես Զեյթուն թաղամասում բնակարան ստանալուց: Նա ձեռք բերեց մի կարգին հողակտոր նույն այն վայրում, որտեղ իր կարի արհեստանոցն էր: Բայց Զարուհին չէր դանդաղեցնում իր աշխատանքային անմարդկային ռիթմը, դեռ այնտեղ պետք է տուն կառուցեր: Այս ընթացքում նա քրոջը լավատեսական նամակներ էր գրում պարբերաբար, պատմում հայրենիքից, հարևաններից, տեղի սովորություններից, բարքերից, կարգերից, իր գործերից, բայց ոչ մի անգամ չէր ակնարկում քրոջ գալու մասին, ասենք` նստակյաց Մերսեդեսն իսկի չէր էլ տենչում նման բան: Նամակներից մեկում Զարուհին քրոջը պատմեց, որ Սալոնիկից տարած նարինջի սերմերը շյուղեր տվեցին, բայց այդպես էլ ծառ չդարձան, իսկ ձիթենու շիվերն առհասարակ չորացան: Մի ուրիշ անգամ նա գրեց, որ ամուսնանում է ու ինչպես խոստացել էր` քույրը կտեսնի իր զարմիկներին:
Զարուհին ամուսնացավ հյուսն Արամի հետ: Սկզբում տեղափոխվեց նրա հայրական տուն, ինչպես որ դա ընդունված էր այստեղ: Հետո, տարիների ընթացքում, միասին կառուցեցին իրենց տունը: Երկու զավակ ունեցան` մի աչքաբաց ու ճարպիկ աղջիկ ու մի թույլ, հիվանդոտ տղա, ով, հետագայում պարզվեց, հոգեկան լուրջ հիվանդություն ուներ: Կյանքը քրոջը գրված նամակներում հիասքանչ, իսկ իրականում չարքաշ մի ընթացք էր` լի սարսափներով, արգելքներով, շարունակ վախերով, ինչ է թե` մեկը մի անզգույշ արտահայտություն չանի հարևանի մոտ, իբրև մի բան այն չէ այս կառավարության համակարգում: Զարուհին մինչև կյանքի վերջ պիտի իրեն մեղադրեր երեխայի հիվանդ լինելու մեջ` մտքում գաղտնի համոզված լինելով, որ զավակների մկրտված չլինելն էր պատճառն իրենց բոլոր դժբախտությունների:
Հիսուներեք թիվ: Մեռավ Ստալինը: Կյանքը մի տեսակ նոր ընթացք ձեռք բերեց, թթվածինը` նոր որակ, մարդիկ քիչ թե շատ շունչ քաշեցին, բացվեցին ճանապարհները: Զարուհու քույրն այդ ժամանակ սկսեց ծանրոցներ ուղարկել` նորաձևության վերջին նմուշներով բեռնված, ու խեղճ կնոջ հոգսը թեթևացավ: Նա սկսեց տանից գաղտնի վաճառել արտասահմանյան ապրանքներ: Այժմ արդեն ախպար Զարուհուց կարելի էր գնել նորաձև պատրաստի հագուստ, օծանելիք, ճապոնական անձրևանոցներ, մինչև այդ չտեսնված` կանացի ներքնաշորեր: Այնպես որ, Զարուհին գրեթե չէր կարում, այլ միայն զբաղվում էր վերաձևելով ու ձևափոխելով: Նա վերջապես հանգստացրեց աչքերը` տարիների լարված աշխատանքից:
Առևտուրը լավ էր ընթանում, դրա շնորհիվ ընտանիքը կարողացավ երկրորդ հարկ կանգնեցնել տան վրա: Վաթսունականներին ծանրոցներից մեկում Զարուհին առաջին անգամ տղամարդու ջինսե տաբատ տեսավ: Չէր էլ կռահում, թե շուտով ինչ պահանջարկ պիտի վայելեր այդ կոպիտ, բայց բամբակյա ու հարմարավետ կտորից կարված հագուստը: Բացվեց քաղաքում առաջին բացօթյա սրճարանը` Կազիրյոկը, որտեղ հավաքվող երկարամազ Բիթլզ լսող տղաները, կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները, տարբեր նկուղներից դուրս եկած արվեստագետներն ու մտավորականները պնակներից էին ըմպում նորահայտ հեղուկը, պնակների շուրջ էին վայելում արգելքից ազատագրված արտասահմանյան գրողների ու փիլիսոփաների ստեղծագործությունները: Կյանքի որակն իսկապես փոխվեց: Զարուհին կողքից նայում, բայց դժվարություններ տեսած կնոջ կասկածամտությամբ այնքան էլ չէր հավատում, թե ամեն ինչ կարգավորվեց:
Վաթսունյոթ թվին Զարուհին ու բոլոր հայրենադարձները հայրենիքում անցկացրած երկար տարիների մեջ վերջապես մեկ անգամ ի սրտե գոհանալու առիթ ունեցան: Կառուցվեց Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա իրադարձություն էր համայն հայության համար, բայց սպեղանի` հատկապես նրանց համար, ովքեր հենց իրենց ծնողներից էին լսել ջարդի պատմությունները և հատկապես նրանց համար, ովքեր իրենց ծննդավայրերից հայրենիք վերադառնալուց հետո այլևս առիթ չէին ունեցել հարազատներին տեսնելու: Այնպես որ, սա հուշակոթող էր նաև օտար ափերում թաղված իրենց ծնողների հիշատակին` ոչ միայն կորուսյալ երկրի, այլև ապագայի հայրենիքի կարոտն ու ցավը սրտերում: Զարուհին մի ամբողջ օր մնաց հուշահամալիրում, վերհիշեց անմոռանալին, մեկիկմեկիկ համբուրեց բերած ծաղիկներն ու խնամքով շարեց դրանք անմար կրակի շուրջ: Հոգու թաքստոցներից մեկ անգամ ազատորեն հանեց խնամքով թաքցրած բոլոր ցավերը, մտքում իրեն թույլ տվեց մեկ անգամ թաքուն աղոթել հեռավոր օտար ափերում թաղված ծնողների, նրանց նախնիների հոգիների հանգստության համար, ու արտասվեց մինչև լուսաբաց։
Թե՜ արտասվելու, թե՜ խնդալու մի քանի առիթ շուտով Զարուհին դարձյալ պիտի ունենար:
Այդ օրերին ամուսիններով որոշեցին նաև վարձով տալ տան առաջին հարկը: Զարուհու աղջիկը շատ արագ էր հասակ առնում, տղայի վիճակը սրվում էր: Ամուսինները հասկանում էին, որ միշտ պետք է հետ գցած կոպեկ ունենալ: Տնվորները կուսակցական աշխատանքի ուղեգրով մարզից Երևան գործուղված կոմսոմոլի հրահանգիչն ու իր երիտասարդ կինն էին: Վերջինիս աչքերը մայրաքաղաքային կյանքի մանրուքներին հենց Զարուհին բացեց: Իսկ իրենք քաշվեցին անօրինական կառուցված, կիսասարք երկրորդ հարկ: Ու այն է, այն է, թվաց` ոտքի են կանգնում, երբ մի օր նրանց տանը հայտնվեցին դատական կատարածուներ` հայտարարելով, որ տունը բռնագրավվում է: Բավական հիմնավոր փաստարկներ բերեցին` պահանջելով ու չստանալով մի շարք փաստաթղթեր:
Հայրենադարձի միամտության, վստահող բնավորության շնորհիվ Զարուհու ընտանիքը հայտնվեց փողոցում: Փառք Աստծո, որ ամուսնու կիսախարխուլ պապենական տունը դեռ կար Սարի թաղում, որտեղ այլևս ոչ ոք չէր ապրում: Տիկին Զարուհին չէր կարողանում հասկանալ` ո՞վ կարող էր նրանց այդքան մանրամասն տեղեկություններ տալ տան չեղած փաստաթղթերի մասին: Հարյուր անգամ գլխին էր տալիս Հայաստան գալու համար, մտքում անդադար կրկնում էր` աղջիկ, աղջիկ, աղջիիիիիիիիիիկ: Երբ պատահածից ամիսներ անց Զարուհին անցնում էր իրենց երբեմնի տան մոտով, սրտի կսկիծով տեսավ, որ տան վրա երրորդ հարկ էր կանգնեցված, իսկ պատշգամբում ճանաչեց իրենց տնվոր կնոջը: Կինն ընկերուհու հետ սուրճ էր խմում, ցուցադրաբար ծիծաղում, կատակում էր: Ամեն ինչից երևում էր, որ ամուսնու գործերը լավ են ընթանում: Նա նույնիսկ հասցրել էր քաղքենու պահվածքին հատուկ նրբություններ յուրացնել: Զարուհին կնոջ հագին նկատեց իր կարած ու նվիրած մոդայիկ զգեստը:
Ջախջախված ու գունատ կինը տուն հասավ, ամբողջ ճանապարհին հիշելով հայրենադարձ ընկերներից մեկի խոսքերը, թե. “Զարուհի, Զարուհի, ինչ մեղք որ եկեր ես, վալիզդ հավաքե ու յալլա, ուր կրնաս հոն գնա քանի ուշ չէ, քանի որ սա այն երկիրն է, ուր եթե օր մը գլուխդ ալ կտրեն ու փեշիդ մեջ դնեն, պիտի ըսես` էֆֆերիմ, շնորհակալ եմ”:
Կինը հուսահատ վերցրեց թուղթն ու գրիչը և վերջապես քրոջը նամակ գրեց. “Անգին քույրիկս, ամեն անգամ կը հետաձգեի Հասմիկի մասին լուրը, բայց այլևս չեմ կրնար զսպել, քու կանխազգացմունքներդ արդարացան. սիրելի Հասմիկը դուստր ունեցավ, ան ալ՝ զույգ”: Նամակը ողողված էր Զարուհու արցունքներով, որոնք կուտակվել էին այսքան տարիների ընթացքում նրա համառության, լավատեսության շնորհիվ միայն: Հիմա այլևս այնքան էին հավաքվել, որ էլ տեղ չկար պահելու: Ի պատասխան քույրը գրել էր, որ շնորհավորում է Հասմիկին ու խորհուրդ է տալիս. “Ավելի լավ կ’լլայ նոր զավակներ չունենա, քանի որ նորեն կրնան աղջիկներ ըլլալ ու նորեն` զույգ, իսկ անոնց դեռ պետք է ամուսին ճարել”: Ապա նաև մի մեծ ծանրոց էր ուղարկել` իրենց անհոգ մանկության համերով, գույներով ու հիշողություններով լիքը:
Պետք է խոստովանել, որ նվիրական ծանրոցներին զարմիկները սպասում էին մեծ անհամբերությամբ: Զարուհին էլ երբեք չէր մոռանում նամակներում ճոխացրած պատմել զավակների երախտագիտությունը, բարեմաղթանքները, ջերմագին ողջույններն ու համբույրները, որոնք մեծ մասամբ ինքն էր հորինում: Իրականում երեխաներն անտարբեր էին բարերար ու անծանոթ մորաքրոջ հանդեպ: Նրանց երևակայությունն այնքան չէր բավարարում, որպեսզի ի սրտե կարողանային սիրել չտեսած ազգականին: Միայն մեկ անգամ աղջիկը նրա լուսանկարը տեսնելով՝ ծիծաղել էր, թե որքան գեր է. “Կեցցե առատաձեռն մորաքույրը, ոչ միայն մեզ է կերակրում, այլև ինքն էլ լավ սնվում է: Մահից հետո քանի՜ հազար որդ կկշտանա նրա պարարտ մարմնի շնորհիվ”: Զարուհին աղջկանից խիստ վիրավորվել էր, դառնագին փնովել էր` ասելով, որ մեկ ուրիշը հուշարձան կկանգնեցներ այդ սուրբ կնոջ պատվին: Խլել էր լուսանկարը ու հավերժորեն պահել զավակների աչքից: Հետո Զարուհին երկար մտածում ու չէր հասկանում՝ որտեղից այդքան չարություն այդ տարիքում, իրեն մեղավոր էր զգում, որ ինչ-որ տեղ թերացել էր երեխայի դաստիարակության հարցում, անընդմեջ աշխատանքն էր պատճառը՝ մտածում էր ու սիրտը մաշում անձայն:
Արդեն օրիորդ դարձած Զարուհու դուստրը քաղաքի ամենանորաձև աղջիկներից էր, ճարպիկ ու աչքաբաց, հեգնական ու թունոտ: Ուսման հանդեպ առանձնապես սեր չուներ, ուստի մի օր հայտնվեց տանը Սարի թաղի հեղինակավոր տղերքից մեկի հետ` հայտարարելով, որ ուզում են ամուսնանալ: Աղջկան պատվով ամուսնացնելու համար Զարուհու արհեստավոր ամուսինն առաջին անգամ որոշեց նախաձեռնություն վերցնել իր վրա. կնոջն առաջարկեց մի ճամպրուկ հավաքել արտասահմանյան իրերով, որ փորձի Ռուսաստանում ավելի թանկ վաճառել: Վստահ էր, որ կօգնեն Ռոստովի իր սարիթաղցի ընկերները: Վաճառքը, որ այսքան տարիներ ամուսիններն իրականացրել էին շատ զգուշավոր, պատուհաս դարձավ ամուսնու գլխին այս անգամ: Ռոստովում նա բռնվել էր սպեկուլյացիայի մեղադրանքով: Խեղճ Զարուհին շուտով մնաց անամուսին, իսկ քրոջ հերթական հուսադրող նամակի հետ նաև բոլորովին հուսահատեցնող մի նամակ էլ ստացավ` Արամին ուղարկել էին Ռոստովի բանտ: Զարուհու այնքան վիշտ տարած սիրտը ալիքվեց, ալիք-ալիք բաբախեց ու կամացուկ վկայեց` էլ չի գա: Աղջիկը չարացավ, որ չի արժանանա երազած հարսանիքին ու փախավ սիրածի հետ:
Զարուհու աղջիկը բնակվում էր մի շքեղ տանը, գրեթե չէր այցելում մորը: Մայրը լսել էր, որ աղջկա ամուսինը ցեխավիկ է, այնքան էլ չէր հասկացել բառի իմաստը, բայց գիտեր, որ ապահով են ապրում: Իսկ աղջիկն անկախանալով` որոշել էր իրական վերաբերմունքը ցույց տալ մորը. նա չէր ներում տիկին Զարուհուն այն բանի համար, որ հասարակ դերձակ էր, որ նրա հայրենադարձ լինելու պատճառով իրեն ամենուրեք “ախպարի ճուտ” էին կանչել, հոր սպեկուլյանտի համբավի համար, ինչի պատճառով, վերջիվերջո, բանտում հայտնվեց, իր չկայացած ճոխ հարսանիքի համար, որ պիտի ամենահիշվողը լիներ սարիթաղցիների կյանքում, հոգեկան հիանդ եղբոր համար, ում պատճառով շատ էր ամաչել հասարակության մեջ ու վերջապես այն բանի համար, որ Հունաստանի քաղաքացի մայրը մատը մատին չխփեց ժամանակին հեռանալու համար այդ անիծյալ երկրից: Զարուհու մոլի հայրենասիրությունն անհասկանալի էր Միջերկրականի փրփրուն ափերը երազող դստեր համար: Հիմա վերջապես ցեխավիկ ամուսնու շնորհիվ կարող էր փախչել այդ ամոթալի ընտանիքից հեռու ու այդպես էլ վարվեց:
Զարուհին մնաց միայնակ տղայի հետ` կյանքը վերջնականապես նվիրելով նրան: Երբ տղայի վիճակը ժամանակ առ ժամանակ սրվում էր, հարևանները խորհուրդ էին տալիս. “Գժանոց ուղարկիր դրան”: Բայց Զարուհին լսել էր սովետական հոգեբուժարաններում կիրառվող բուժման մեթոդների մասին ու ոչ մի գնով չհամաձայնեց որդուն այնտեղ ուղարկել, թեկուզ կես օրով: Քսան տարիներն անցան գրեթե առանց իրադարձությունների: Մեկ անգամ միայն ամուսնու մասին չհաստատված մի լուր հասավ Ռոստովից եկած մի հայից, թե ամուսինը բանտից դուրս եկել ու նոր ընտանիք է կազմել ռուս կնոջ հետ: Զարուհին ո՛չ հավատաց, ո՛չ էլ չհավատաց, ընդունեց իբրև կյանքի հերթական հարված, իբրև` իրողություն: Միակ ուրախալի լուրը աղջկա զավակների` թոռների ծնունդն էր, որոնց բերկրանքն այդպես էլ չվայելեց:
Ութսունականների վերջ: Գորբաչով, պերեստրոյկա: Նաիրիտի ու Ատոմակայանի հարց, չդադարող միտինգներ, պարետային ժամեր, գործադուլ, Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ, պատերազմ` իր բոլոր հետևանքներով: Հեռատես Զարուհին կանխազգում էր, որ շուտով հին աշխարհը փուլ կգա, որ իր հայրենիքը անպայման կտեսնի ազատ ու անկախ: Չնայած թույլ առողջությանը, երբեմն միտինգների էր գնացել ու հավատում էր:
Օրերը ձգվում էին անցումային ժամանակներում, սովի, քաղցի, օրեցօր աճող տագնապների մթնոլորտում: Հիմա Զարուհու աչքերը գրեթե չէին տեսնում, մատների հոդերը տձևացել էին, սիրտը ծանրացել էր: Միայն երբեմն հարևանների խնդրանքով կարկատում, ձևափոխում էր ինչ-որ բան` օգնելու համար: Մարդկանց ձեռքին փող չկար, հազիվ էին գոյատևում: Զարուհին իր պարտքն էր համարում հասնել նրանց կարողացածի չափով, երբեմն նույնիսկ հյուրասիրում էր քրոջ ուղարկած բարիքներից: Իսկ երբ հաճախորդները շնորհակալ լինելով` հաջողություն էին ասում, տիկին Զարուհին նրանց հետևից պարտադիր կրկնում էր. “Այլևս հաջողություն չի մնաց ջանըմ, հաջողության ժամանակը շատոնց անցեր է”:
Ճգնաժամը Զարուհին հաղթահարում էր միմիայն քրոջ ուղարկած ծանրոցների շնորհիվ, որոնց պարունակությունը մեծամասամբ կերակուր էր հիմա: Այդ օրերին նաև աղջիկը անսպասելիորեն սկսեց այցելել մորը, նա մի տեսակ հուսահատված էր, հիասթափված: Մի անգամ իմիջիայլոց ասաց, որ ամուսնու գործերը վատացել են, ապրել չի լինում: Նա սկսեց ավելի ու ավելի հաճախ գալ, երեխաների հետ այստեղ սնվել օրը մի քանի անգամ: Մայրն ամեն ինչ հասկանում էր և շատ ուրախ էր, որ կարողանում է դեռ աղջկա ընտանիքին էլ օգտակար լինել:
Մի օր էլ անկողին ընկավ: Աղջիկն ամուսնու, երեխաների հետ վերջնականապես տեղափոխվեց մոր մոտ` նրան հոգ տանելու պատրվակով: Այդ օրերին Զարուհին հրճվանքով լսեց իր հայրենիքի անկախության լուրը, կանչեց դստերը, գորովանքով նայեց երեխաներին` ասաց. “Փառք Աստծո, գոնե թոռներս իրենց ազատ-անկախ երկրի մեջ կմեծնան”: Ասաց` վստահ էր, որ այդ հեքիաթային օրը գալու է, որ վերջ տառապանքին, շուտով նրանք կապրեն արդար երկրում: Առաջիկա մի քանի օրը Զարուհին անկողնուն գամված անվերջ ժպտում էր, մի օր էլ խեղճի անթիվ տառապանք քաշած սիրտը չդիմացավ ու դադարեց աշխատելուց: Զարուհին մահվան գրկում խաղաղ էր, փակ աչքերով անգամ ժպտում էր: Ի՞նչ իմանար, որ հեռանալով փրկվեց այն սև-մութ տարիներից, որոնք հետևելու էին անկախությանը, ու որոնց համեմատ դրախտ կթվար իր ապրած տառապագին կյանքը:
Զարուհու դուստրը վերջին ամիսների երախտագիտությունից թե հարևանների մոտ խայտառակ չլինելու վախից մոր թաղման արարողակարգը ամուսնու հետ կազմակերպեց ինչպես որ հարկն է: Միակ խնդիրը հիվանդ եղբայրն էր, ում, առանց երկար-բարակ մտածելու, ամուսիններով որոշեցին հոգեբուժարան տեղափոխել: Երբ շտապօգնության մեքենան իր չարագույժ ազդանշանով մոտենում էր տանը, եղբայրը, ով հիմնականում գիտակից վիճակում էր լինում, աղերսագին նայեց քրոջն ու ասաց.
— Ինձ մի՜ ուղարկի հոգեբուժարան, քուրիկ ջան: Ես շատ խելոք կմնամ, կուզես` հաց էլ չեմ ուտի, մի անկյուն տուր նկուղում ու վերջ, մենակ թե մի ուղարկի: Նրանք ինձ էնտեղ կսպանեն:
Քույրը ոչինչ չասաց, սառնասիրտ բացեց տան դուռը սպիտակ խալաթավորների առաջ ու մի քանի րոպեից հանգիստ հոգոց քաշեց: Հաջորդ բանը, որ նա մտադրվել էր, մորաքրոջը նամակով հայտնելն էր քրոջ վաղաժամ մահվան մասին: Հետո մտածեց, որ ավելի լավ է չգրի. իննսունն անց մորաքրոջ սիրտը չէր դիմանա այդ հարվածին, հետո էլ` հավանաբար կդադարեր ծանրոցներ ուղարկել, այդ ժամանակ ինչպե՞ս էին ապրելու:
Մորաքույր Մերսեդեսը վերջին շրջանի նամակներում, որոնք Զարուհու աղջիկն էր կարդում` դեմքի անհաղորդ արտահայտությամբ, մի տեսակ ռոմանտիկ էր դարձել: Սկսել էր վերհիշել ծովի ափերին անցկացրած իր ու քրոջ արևոտ մանկությունը, իրենց գաղթական ծնողներին, որ միևնույն է` միշտ տխուր էին, քանի որ չէին մոռանում տասնհինգ թիվն ու գաղթի ճանապարհները: Մերսեդեսը պատմում էր մանկական միջադեպեր, որոնք կարդալիս ձանձրանում էր Զարուհու աղջիկը: Նա չէր հասկանում, թե ինչու՞ է պառավը այդքան անկարևոր բաներ գրելու վրա ժամանակ ծախսում այնտեղից այստեղ: Նամակներից մեկում, օրինակ, հիշեցնում էր քրոջը, թե ինչպես էին մի անգամ նրա հետ մեղուների փեթակը փորփրել, գազազեցրել խեղճերին, ինչպես ճարպիկ ու արագավազ Զարուհին փախել էր տուն, իսկ դանդաղկոտ ու ծանրաքաշ Մերսեդեսի մարմնի վրա գրեթե տեղ չէր մնացել, որ մեղուները չխայթեին: Ինչպես էր օրեր շարունակ հիվանդանոցում պառկած մահից մի կերպ փրկվել, իսկ ծնողները միշտ վերհիշելով ծիծաղում էին. “Մեր խեղճ թոմպուլիկ չոճուխը քիչ մնաց անդրաշխարհ երթար, տես, որ հետո ալ օր մը գլխուդ փորձանք չբերես, աղջիկ”: Մի օր էլ Մերսեդեսը զարմանքով գրեց, թե ինչու՞ գրեթե մեկ տարի է անցել, բայց քույրը ոչ մի տող չի պատասխանում: Նույն նամակում նա ասում էր, որ վերջերս շատ վատ է զգում ու հավանաբար երկար չի ապրի: Այս վերջին լուրից լուրջ տագնապեց Զարուհու դուստրը. նա անհանգստանում էր ծանրոցների համար:
Ասում են, վերջին ժամանակները իրոք Մերսեդեսը շատ վատ էր զգում: Հաճախ կանչում էր միակ հայ հարևանուհուն ու պատմում, որ սիրտը վատ բան է կանխազգում, վատ երազներ է տեսնում, շատ անհանգիստ է քրոջ համար, որ նրանից լուր չունի: Ասում էր, որ կյանքն անցավ քրոջ մասին լուրերի սպասելով, նրա ընտանիքի, նրա երեխաների մասին պատմություններով: Թեև նրանց չի տեսել, բայց սիրում է հարազատների պես ու վերջիններիս համար է ապրել, որ քաղցած ու մերկ չմնան: Ասում էր, որ օրեցոր զգում է մահվան մոտալուտ գալուստը, ամեն օր ձեռքն ընկած ամենալավն ու համեղը կուտակում է, որ վերջին ծանրոցն ամենածանրը լինի երբևէ ուղարկածներից: Մի երեկո էլ կանչել էր հարևանուհուն ու ասել էր. “Գիտեմ, այս գիշեր մեռնելու եմ, չհասցրի վերջին ծանրոցն ուղարկել”: Ապա հարևանուհու և հատկապես իր համար անսպասելի` խնդրել էր, որ իր աճյունն ուղարկի Հայաստան. գոնե կյանքի վերջում կմիանա քրոջը, կտեսնի զարմիկներին, նրանց երեխաներին, ովքեր կգան սիրելի մորաքրոջ հողաթմբին այցելության: Մեկ էլ` չմոռանա վերջին ծանրոցը կլորիկ գումարի հետ հարազատներին հասցնել, որ իր մահվան հիշատակին մի կարգին սեղան գցեն, քաղցր հիշեն մորաքրոջը:
Մոտենում էր Զարուհու մահվան մեկ տարին: Ու քանի որ ճիշտ այդ օրերին Հունաստանից սպասվածից ավելի ծանր ծանրոց եկավ, Զարուհու դուստրը որոշեց մոր տարին նշել: Ամուսնու հետ նստեցին, մեկիկ-մեկիկ վերհիշեցին իրենց հեռու, մոտիկ բոլոր ազգականներին: Նույնիսկ բաց չթողեցին Լենինականի հեռավոր բարեկամներին, ովքեր առաջիններն էին, որ հյուրընկալել էին Հունաստանից նոր եկած մորը: Այսպիսով, մի մեծ գերդաստան հավաքվեց: Զարուհու դուստրը ճոխ սեղան գցեց: Ծանրոցի կերակուրները նույնպես սեղանին էին: Միայն պահածոյի մի տուփ կար, որի վրա ոչինչ գրված չէր: Զարուհու դուստրը բացեց այն, համտեսեց` գորշավուն փոշի էր, որ ո՛չ համ, ո՛չ էլ` հոտ: Ժամանակակից հարևանուհին ասաց. “Հաստատ կենսաբանական հավելում է, հիմա արտասահմանում դրանք շատ մոդայիկ են, ամեն ինչի մեջ գցում են: Ասում են` մարսողության ու իմունիտետի համար շատ լավ է, համ էլ կերակուրը դառնում է ավելի համեղ: Էէէէ, ու՞ր ենք մինչև նրանց հասնենք”,- ձեռքը թափ տվեց նա: Այնպես որ, երկուսով որոշեցին փոշին առատ-առատ ցանել բոլոր կերակուրների վրա. “Իննսունականներին հյուծված ու վատառողջ հայ ժողովրդին չի վնասի”,- կատակեցին:
Մահվան տարելիցը փառահեղ նշեցին. բոլոր հեռու-մոտիկ ազգականները մի կուշտ հաց կերան վերջապես: Հիշեցին խեղճ մադամ Զարուհուն, խմեցին նրա համար ու հոգուն խաղաղություն մաղթեցին: Ասացին. “Ափսո՜ս, բարի ու տոկուն կին էր, դաժան կյանք ապրեց”, մի խոսքով` այն բոլոր բաժակաճառերը, որոնք ասվում էին սովորաբար նման դեպքերում: Զարուհու հիշատակին կազմակերպված վերջին ճաշին լենինականցի ազգականները հիշեցին նրա պատվին մատուցված, բայց նրա կողմից այդպես էլ չճաշակված առաջին ճաշը. “Ի՜նչ քյալլա էր,- քթի տակ վերհիշեց Սերոժ բիձեն,- հմի էլ էդպես քյալլա չկա՜”:
Մեկ ամիս անց, երբ Զարուհու դուստրը հարևանուհու հետ սուրճ էր խմում, իսկ երեխաները վազվզում էին տանը, փոստատարը նամակ բերեց: Վստահ էր` հերթական նամակն է մորաքրոջից: Բայց զարմանքը մեծ եղավ, երբ ծրարի վրա կարդաց ոչ թե մորաքրոջ, այլ ուրիշի հասցե: Նա հարմարվեց սեղանի շուրջ, բացեց նամակը: Մի քանի րոպե անց աղջկա հայացքը քարացավ ու մնաց գամված մի անորոշ կետի:
Նամակում մի ոմն տիկին Նեմեսիս տեղեկացնում էր, որ Մերսեդես մորաքույրը մահացավ ու նրա աճյունի մոխիրը ուղարկում է ծանրոցով` անանուն պահածոյի տուփով: Քանի որ մոխիրը հատուկ սափորով օրենքով ուղարկելը չափից մեծ գլխացավանք կարող էր դառնալ տիկնոջ համար, ուստի նախընտրել էր ավելի հեշտ ու բավական հնարամիտ այս ճանապարհը:
Հարևանուհին ծանրոցն ու նամակը ուղարկել էր մեկ ամիս առաջ, միայն թե թյուրիմացությա՞ն, թե՞ անհեթեթ պատահականության բերումով ինչ-որ խառնաշփոթ էր առաջացել ու նամակը տեղ հասավ ծանրոցից մեկ ամիս անց:
__________________
Տպագրվել է «Նարցիս» ամսագրում, N2, 2012
2 մեկնաբանություն
Անուշ Ասլիբեկյանի ՛՛Մ երսեդես՛՛ պատմվածքը հարազատ ու վաղուց ապրված հուշեր արթնացրեց; Ճշմարիտ եմ, թե ոչ, բայց կարծում եմ այն խորությամբ կհասկանան ու կըմբռնեն 40-ականների վերջի ներգաղթյալների սերունդները, որոնց մեջ, եթե իհակե, վառ է մնացել իրենց հայրերի ու մայրերի ապրված դրաման սովետական Հայաստանի իրականության մեջ: Պատմվածքը հաջողված է իր անմիջական ու անբռնազբոս շարադրանքի շնորհիվ: Ընթերցվեց մեկ շնչով: Մնում է շնորհավորել ու շնորհակալություն հայտնել հեղինակին, ինչու չէ նաև սպասել նորանոր արարումններին:
Dear Anoush
I enjoyed reading your short story.It was written skillfully, vividly showing those gloomy period in Soviet Armenia.The first supper in Armenia for Zarouhi was impressive. I am glad that you and your friends can express freely writing whatever you wish in this marvelous website.
I am sorry for using English key_board.Good job bravo!!!