Մարի Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *

Ներկած մազերի կարմիրը թափվում է կրծքիդ. մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու…ես փղձկացի ապագան քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ. Աստված եռյակ է սիրում ու…
…Հավատացյալ Սնահավատությունը այստեղ էլ թուլացավ. սառը ճաշ ուտելուց է.
Մեկ տարի է չեմ կերել ու միայն կրծքերս եմ շոյել. Գուցե մեծանային ու նրանց վրա հարմար զգային հարևան երաժիշտը ու քիմիկոս ծաղրածուն…
Տիկնիկի մեջ ձյան պես սպիտակ է,
Որ բարդու պես երկար ոտքեր ունի,
Աչքեր` պատուհանը խազող մանկան թոքերի պես մաքուր. դեռ չեմ ծխել.
Նա ասում էր` մի արա, չի փրկելու.
Իսկ ես ընկնավոր եմ, մահու չափ վախենալու հիստերիկ ու հնազանդ` լավ տեր չկա.
Հայրս մեղանչեց.
Իսկ ՆԱ դեռ համառում է, չի ուզում, ընդվզում է. Չգիտե` միայն աքլոր լինելը դեռ քիչ է.
Բայց ես խաբում եմ նրան ` ճառելով Ցիցերոնյան տաղանդը գերակայած “ԱՄԵՆԸ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒՆ”, ու համբույրը ցայտեց Լիբիդոն…
Թեյը եռում է. Ես հիվանդ չեմ. մի փոքր հարբուխ կա,
և մինչ կփռշտամ, դուք կմնաք մենակ,
մենակ կմնաք,
ու կմնաք մենակության տակ.
և մինչդեռ ծնունդ էր,
Վերջին սերս, որի հետ դավաճանեցի նախավերջին սիրուս,
Դարձավ քսան տարեկան.
Քառասուն տարվա մենություն.

* * *
Ժամանակի էլեկտրական լույսերը գնացին,
Մթության հրեշը գոռգոգաց` բարի մութ,
Հորանջեցին մոմե ստվերները,
Սկսվեց լռության պահը,
Թնդաց մթության վալսը խոհանոցում,
Բլյուզային վալս, երբ 284345-րդ անգամ անգիրվում է բլյուզային հոսքը.
Տղամարդը երգում է սիրելի կնոջ մասին, որ հեռացել է,
Եվ նվագում ” հիշողություն”,
Տաքացնում կիթարը….ու երգում` էլ սարսափ չկա…
12-րդ րոպեի 37-րդ վարկյանին բլյուզին խեղդում է թավայի քերոցը:
Հետևում է եղելիության պարադոքսալ կոնտրաստը ընկալող հռհռոցը ,
Եվ…բախ՛…էմոցիոնալ հոսքի ու առօրեական խշշող-քերոցի մեջ
3-րդ րոպեի 12-րդ վարկյանին էլեգանտ բլյուզմենը խռպոտում է. Ես ազատ եմ…
31.08.10

* * *
Ժամանակային օրացույցը տանում էր այնտեղ, ուր պայթել էին ժամերը…
Ու անձրև էր, ծխախոտի թշնամի անձրև,
Եվ այնքան տաք ու այնքան սառը, որ երբեմնի տոթը երկու շնչերի ու 4 ձեռքերի գրկած սենյակը այդպես չէր ջերմել…
Հիվանդի նման, որ թոքախտավոր սեր-արյուն է թքում երկնքից
Ներքև…
Հորիզոնը փակվում է սեր երկնած ոտքերի նման ու հագնում մահիկի ներքնազգեստը…
Ծխել չի լինում.
Գրողի տարած անձրևը ծորում է վզի սահմաններն ի վար. Վայրիվերումներ, որ ռիթմային սեր են հիշեցնում… փուչիկ ու կրծքեր…
Դարձյալ վառվում են հեռավոր Մոնմարտրի շվայտ ցոլքերը երբեմնի վայելքների պես,
Որ խունացած աչքերի փեղկերի արանքից հանգչում են մեռնող տնքոցի նման, որ արձագանք չունի.մեռավ արգանդի մեջ.
Սովորում եմ թաց ծխախոտ ծխել. լավ էր ծամեի ու թքեի ոտքերիդ առաջ, որ այդպես պատահականորեն բացվում են ամենքի առաջ…
ավել ու պակաս…
Ակումբային զռռոցը կանչում է պարի…
զգեստդ քեզնից գեղեցիկ է պարում, որ ծալքավոր շերտերի արանքից ծորում է 20 ամյա կրքերիդ կանաչ գաղտնիքը…
Հրաշքային էիր սիրում…
Եվ ես` անտարբերության մոհիկան ոչինչս, արժեքավորված գիշերների անդամալույծ ու կեղտոտ ցավերով, որ ձգվում է 5 րոպե, երգում եմ “la Boheme”…
և ցիտում Մոպասան. “Մենակությունը հավերժ է, որովհետև ոչ ոք ոչ ոքի չի հասկանում”
Ու եզրափակում կրքային շախմատը` տիրելով թագուհուն.
Նա հրեա էր…
Դեմքի կոպտությունը հուշում էր. “Երբ տրվում ես մեղքին, գոնե վայելիր”…
Ու չափազանցության, ինքնասփոփանքի խոնավ անկողնում կյանքն էր կանչում.
Դու չկայիր.
Եվ այնքան աննկատ, առաջին առավոտվա` սուրճ-ծխախոտ սեռական ակտի պես, որ երկուսն էլ շուրթեր են սիրում…
Փակիր աչքերդ, անձրևը իրական է…
Նորարար բլյուզը դեռ երկար է հնչելու ականջներիդ մեջ. նպատակը պարն է, քո կոպիտ մատների տիրումը ծխախոտին ու, Մոնմարտրը, որ ոտքերիդ տանում է ամենահռչակավոր քաղաքը անմեկնելիության անվերադարձ կրքերի,
Որ դանայական տակառ են հիշեցնում.
Ես չեմ խեղդվել…
Դու չես խեղդվում…
06.01.11

* * *
Արնախմություն, գինեխմություն. Ինչ ես դու ծնում 2 բաժակ գինի` խորություն,
Որտեղ իմաստային վազվզոցը ծնում է կրկնության բթություն…
Դավաճանեք ինձ, քաշեք արյունս, անիծեք ու պաշտեք,
Եվ պաշտեք այնքան, որ ատեք այդչափ փառաբանելու համար…
Ինչևէ, կտրում եմ ոտքերս. Մենակությունը թող հաստատվի մի տեղում,
Դառնա ամերիկացի շատակեր տղամարդ, որ ճարպի գործարան ունի.չափազանց կենդանասեր է, իրեն է քամում խոզերի փոխարեն…
Եվ ես սոցիալական էգոիստս, տրվում եմ դեմոկրատ ունայնությանը.
Կեցցե հավասարությունը մարդակերության և ընտրում եմ այն երրորդը` Կոմունիստական Կուբան…
Եվ ես հուսամ.մեկնումը կհագցնի իմ քաջությանը պատշաճ շորերով,
Կգլգլա 3-րդ բաժակ գինին ու կիսաթաց սիրտս կպոեմի.
Ես վերադառնում եմ մորս արգանդը` այնտեղ մեռնելու…
22.03.11

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի