Սիրանույշ Օհանյան | ՄԱՍԻՍԻՑ ՀԵՏՈ

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Երբ փոքր էի, հաճախ երազում էի պատերազմներ, որոնց մեջ ես՝ տասներկուամյա աննշան զինվորս, հերոսական սխրանքներով պաշտպանում-փրկում-ազատագրում էի երկիրս, մեզ։ Երազում էի քնից առաջ․ կյանքիս մեջ ժամանակի կուտակվող բեռից ու կենցաղի հոգսից թեթև հոգիս դժվար էր ընկղմվում քնի մեջ, ու այդպես «երազելը» մի տեսակ քնաբեր էր դարձել։

Ես խորշում եմ աղմուկից ու սարսափում պատերազմից։ Հիմա գիտեմ՝ եթե պատերազմ վիճակվի ինձ, դրա աղմուկը խլացնելու է  աշխարհում ամեն ինչ, նաև՝ աշխարհն ու ինձ, և խլացած հոգիս ցմահ խոշտանգվելու է պարտադրված լռությունից։

Ավելի ուշ ժամանակը մաքրեց ռազմատենչ սնափառությունից և իսկական երազ-երազանք բերեց․ երազում էի բարձրանալ Մասիսի գագաթը։

Որպես հետաքրքրասեր երեխա ՝ «ինչ եմ ուզում դառնալ»-ի երկար զարգացում եմ ապրել՝ գրադարանավարից մինչև ալպինիստ, չանտեսելով երկրաբան կամ բանասեր լինելու հմայքը։ Ալպինիստ դառնալու անհնարինությո՞ւնն էր, որ մղեց երազելու Մասիս բարձրանալ, ինքին Մասիս բարձրանալո՞ւ անհնարինությունը  թե՞ կարմիր արյան կանչը՝ անտեսանելի գենետիկ բջիջներում ապրող՝ չգիտեմ։ Մասիս բարձրանալը դարձավ երազանք, որի իրականացման անհնարինությունը ինքս էի սահմանել։

Ուսանողական տարիներին երազանքը հոգուս մեջ բուն դրեց նաև որպես երազ։ Երազիս տեսնում էի, որ բարձրանում եմ դեպի Մասիսի գագաթը։  Երբեք տեղ չէի հասնում։ Երբեմն հենց գագաթն էի տեսնում, երբեմն հենց լեռը՝ կապույտ երկնահաս պատի նման։ Երբեմն զառիվայր կամ քարքարոտ լանջեր էին, երբեմն լանջերին շինություններ էին լինում, երբեմն՝ այլմոլորակային թուրքեր: Դրանք մղձավանջներ չէին, այլ՝ ձգտելու և չհասնելու ապրումներ, խոչընդոտներով ընդհատված ձգտումներ, որ ափսոսանք էին հարուցում նպատակակետին շատ մոտ, ինչպես սիզիփոսյան քարի գլորում։

Գիտելիքներիս շառավիղը աճելուն և անգիտությանս սահմանները ընդլայնելուն զուգընթաց մտածում  էի, որ գուցե հնարավոր դառնա անհույս երազանքի իրագործումը։ Երբ առաջին անգամ աչքերով տեսա ու ականջներով լսեցի Մասիսի գագաթ հասած մարդու՝ չնայած արդեն արտասովոր, այնուհանդերձ նույն ծանոթ, ժամանակակից մարդուն,- դասախոսս՝ ԵՊՀ-ից,- հասկացա, որ ես էլ դատապարտված եմ բարձրանալու, որքան էլ արգելքներ ու վախեր երևակայեմ։

Ականջներիս մեջ Գևորգ Հաջյանի ձայնն է․ նույն ձայնը, որով նա հնչեցնում էր էլեկտրամագնիսական դաշտի տատանումների մասին, նույն ձայնով էլ ասաց․ «Բարձրանալուց ես զգում էի, որ էդ լեռը ինչ-որ բան է ասում, ու բոլոր հայերը, ես գիտեմ, պիտի մի օր լսեն էդ կանչը ու բարձրանան»։

Հաջյանի պատմածը երբեմն մտաբերում էի՝ նրան միայն ազգանունով հիշելով (ե՞րբ ենք դասախոսներին անուն-ազգանունով հիշում որ)։ Քիչ առաջ, չգիտեմ ինչու, երևի պատմածիս հավաստիությունը կատարյալ դարձնելու համար գրելով անունը՝  նկատեցի, որ երկրորդ անունը, որ հայտնվեց իմ կյանքում որպես Մասիս բարձրացած՝ նույն Գևորգն է՝ Գևորգ Արևի Գասպարյան։

Ուրեմն՝ Գևորգն ասաց, որ բարձրանալու է Մասիս (նա միշտ Արարատ է ասում)։ Երանի տվեցի նրան՝ վախենալով իմ բարձրանալը երևակայել։ Հետո ասաց, որ բարձրացել է Մասիս, և խումբ է տանելու մյուս տարի։ Աժդահակ էինք գնում։ Ես կգամ՝ ասացի, չհավատալով ինքս ինձ։

Այսպես ներքին, անտես կրկնվող ճամփորդությունս սպառնաց աշխարհ մտնել որպես արտաքին, մարմնով և հոգով իրագործելի․ ահավոր մի միտք, որի նյութականացմանը դատապարտել էի ինքս ինձ։

Ճիշտ ինչպես հայ դասական գրականության մեջ հայտնվեի՝ վերելքի առաջին իսկ քայլերից մեզ շրջապատեց քուրդ երեխաների մուրացիկ ամբոխը։ Քրդերի համար Մասիսը բիզնես-տարածք է, ինչպես իրենց երեխաների համար։ Նրանք մեր  աչքերից ունեն՝ տխուր, խոր, խոշոր-վառվռուն։ Գուցե մեր արյունն էլ կա նրանց երակներում։ Ինչի՞ արյուն է հայի ու քրդի խառնված արյունը։ Ո՛չ մենք կարող ենք զատել մերը, ո՛չ էլ նրանք կարող են այդ արյան միջից զտել իրենց։ Կենտավրոսներն են տիրում Մասիսին, կենտավրոսներն են ապրում Արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայի Հանրապետության գույնով ներկված առասպելական հողում։ Քուրդ երեխաները Մասիսի վրա մուրում էին մեզանից՝    հայերից։

Չեմ կարծում, որ մտածեցինք, թե ողորմություն ենք տալիս․ պարզապես քաղցրավենիք բաժանեցինք հսկայական հզոր պետության ծայրամասի մի գավառում աշխարհից մոռացված մանուկներին, որոնց պապուտատերը, հնարավոր է, կործանել էին մեր պապուտատերին կամ՝ փրկել։

Ողորմությունը տվողին նույնքան է բարձրացնում, որքան ստացողին։ Խնդրողն ու խնդրակատարը նույն դրամի երեսներն են։ Մենք գիտենք, որ ապրում ենք երկերեսանի աշխարհում, բայց մոռանում ենք, որ կազմում ենք այդ աշխարհը։ Ինչո՞ւ էին նրանք մուրում՝ մեզ դարձնելով մեր հակառակ երեսը։ Հազիվ թե իմանային՝ ինչ է հայը, առավել ևս՝ որ մենք ենք հայը։ Մի օր կիմանան, ինչպես գիտի մեր քուրդ գիդը՝ Սաֆեթը․ սիրելի մի մարդ, որի խոր աչքերի պայծառ տխրությունը և հոգու պարզությունը դժվար թե մոռացվի։ Սաֆեթն Աթաթուրքի մասին արտահայտվեց՝ «Son of bitch», թուրքերին համարում էր հայերի ու քրդերի ընդհանուր չարիքը (ես կասեմ՝ ամենամեծ ընդհանուր բաժանարարը), իսկ Անատոլիան՝ միասնական հայրենիքը անատոլացիների, որոնց մեջ դասում էր մեզ՝ հայերիս։ Բազմապատելով Անատոլիան և Արևմտյան Հայաստանը՝ ստանում եմ հայի ու քրդի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, որը, սակայն, անպիտան է որպես ընդհանուր հայտարար։ Ես ու Սաֆեթը կարող էինք ընդհանուր հայտարարի գալ թուրքերի միջոցով, սակայն չենք կարող բաժանել Անատոլիա*Արևմտյան_Հայաստան մեծությունը։ Նման բան չկա։  Ուրեմն ոչինչ չենք կարող բաժանել ես ու Սաֆեթը․ Սաֆեթը, որի դիմագծերն ու բարեհոգությունը ինձ հարազատ ինչ-որ մեկին էին հիշեցնում, ո՞ւմ, ինչո՞ւ, շարունակ մտորում էի ես մինչև այն պահը, երբ Բերկրիի ջրվեժի մոտ կանգնած մտածելիս, թե Սաֆեթին ասեմ՝ միասին նկարվենք, նա բարձրաձայնեց՝ արի՛ իրար հետ նկարվենք, ու հասկացա, որ Էդուարդ Հախվերդյանին է հիշեցնում։ Միանգամից հասկացա նաև՝ Սաֆեթը պիտի զտարյուն քուրդ լինի՝ հազարամյակներից սկիզբ  առնող, Զրադաշտի հետ ճանապարհ անցած։

Սաֆեթի մասին այսքան գրեցի՝ գրելու համար, որ ճանաչողությունը բարդացնում է կյանքը։ Հեշտ է դատողություններ անել հայերի ու քրդերի մասին․ հեշտ չէ վերացականացնել մարդուն, ում հետ հաց ես կերել և ճանապարհ գնացել՝ վստահելով սեղան գցելը և առաջնորդելը։  Գուցե դրա համա՞ր է, որ մինչև հիմա չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ։ Չգիտենք՝ ինչ է լինելու, որովհետև չգիտենք՝ ինչ անենք։ Անելու համար պիտի ճանաչենք, ճանաչելու համար պիտի հրաժարվենք ամենայն վերացականությունից և մտնենք կյանք։ Մերկանանք անցյալից՝ չամաչելով վերևից նայող ապագայից։

Այսպիսով, ես բարձրանում էի դեպի Մասիսի գագաթը փոշոտ ու քարքարոտ մի ճանապարհով, որն իմ ներքին ճամփորդության մեջ կապույտ էր ու միտված դեպի կապույտը։ Երազանքների ճամփով բարձրանալիս Մասիսը մշտապես իմ առջև էր՝ աշխարհն ընդգրկող մեծությամբ։ Հիմա Մասիսը ոտքերիս տակ էր, կապույտ չէր և հենց ինքն էր ճանապարհը։ Մեր կողքով գալիս-անցնում էին բեռնաձիերը՝ մեր իրերը շալակած, միշտ շնային տխուր նայվածքով և ամեն ինչի հանդեպ կատարյալ անտարբերությամբ։ Գալիս-անցնում էին այլազգիներ․ գերմանացիներ, ռուսներ, նորվեգացիներ, անգլիացիներ, թուրքեր։ Նրանք Աղրի Դաղն էին բարձրանում, մենք՝ Արարատ-Մասիսը։ Երբեմն միասին ուրախ էինք, երբեմն՝ առանձին տխուր։ Միշտ հայացքով գագաթն էինք փնտրում՝ մոռացած, որ գագաթը սկսվում է ստորոտից։

Իջնելուց հետո, սահմանից ասդին հայտնվելով՝ հաճախ ուզում էի փողոցի մեջտեղում կանգնել ու գոռալ․ «Լսե՜ք, լսե՜ք,  ես բարձրացել եմ Մասիսի գագաթը»։ Նայելով այդ գագաթին՝ մտածում էի․ «Ես ո՞նց եմ այդտեղ եղել»։ Այնպես, ինչպես ինձ հարցնում էին․ «Ո՞նց, մինչև վերջ բարձրացե՞լ ես», այդպես էլ ես ինձ հարցնում էի․ «Իրո՞ք ես այդքան բարձրացել եմ»։ Կարծես իջնելը բնավ չի եղել։

Իսկապես, վայրէջքը վերելքի շարունակությունը չէ։ Իրականում պարզվեց, որ գագաթին լինելու պահին տրված զգացողությունը ոչ ընդհատվում, ոչ շարունակվում է վայրէջքով։ Այդ պահի (պահ է տևում՝ որքան էլ երկարի) զգացողությունը ես եմ,  մնացածը հեռավորությունն է ինձնից։ Հիմա, երբ հարցնում են՝ ի՞նչ զգացի գագաթին, լավագույն պատասխանը կարող է լինել՝ «Զգացի»։ Մնացածը նկարագրություն է՝ միջավայրի, ճանապարհի, հեռավորության, իմ, աշխարհի։

Որոշ ժամանակ անց կրկին սկսեցի երազում տեսնել Մասիսը։ Արդեն ոչ թե գագաթ եմ բարձրանում, այլ տեսնում եմ կանչող մի գագաթ՝ կապույտի տարբեր երանգներով, նախշերով ու աստղերով զարդարուն։ Մի բան, գոնե առայժմ, պարզ է ինձ՝ առաջվա պես այդ լեռը նախևառաջ որպես սիմվոլ եմ ընկալում։ Մինչև հիմա ինձ թվում է, որ չեմ բարձրացել այդ գագաթը։ Ի՞նչ էր իմ հոգին երևակայում գագաթ բարձրանալը, որ նրան թվում է, թե չի բարձրացել։ Լեռան վեհությո՞ւնը, որ չունի և ձեռք չբերեց։ Մոտիկությո՞ւնը երկնքին, բարձրություն-խորությո՞ւնը։ Թե՞ այնքան էր արմատավորվել անհասանելիության զգացողությունը իմ մեջ, որ հիմա էլ անհասանելի է թվում։ Հիշում եմ՝ ինչպես էի ապշել՝ կարդալով, որ Մասիսի գագաթ բարձրանալը տաբու է եղել։ (Եթե եղել է, ուրեմն՝ կա։) Ի՞նչ, այնքան ուժե՞ղ էր տաբուն խախտելու վախ-գայթակղությունը, որ ձևացնում եմ, թե չի՞ եղել։ Լավ չեմ հասկանում։ Հնարավորության դեպքում, հավանաբար, նորից կգնամ կբարձրանալու՝ նորից մտածելով, որ Թուրքայի պետական գանձարանն եմ հարստացնում։ Ու թեև վճարողը ես եմ, բայց պարզ չէ՝ մուրացկան չե՞մ ես։ Ես Թուրքիայից մուրում եմ իմ անցյալին հաղորդակցվելու շնորհ՝ իմ առաջ ձևացնելով, թե իմ տուն եմ մտնում։ Թուրքիան մեզանից խլեց մեր ապագան, որը հիմա, որպես  անցյալի փշուրներ,  տիրաբար ծախում է մեզ։ Պարզունակ նմանությանը խաբվելով՝ ուզում եմ ասել, թե Մասիսը հետ բերելը մի օր հնարավոր կդառնա, ինչպես հնարավոր դարձավ իմ բարձրանալը։ Մինչդեռ հետ բերելն անհնար է։ Աշխարհը ոչ դարձելի պրոցես է։ Մենք պետք է գնանք նրա մոտ, ոչ թե սպասենք, որ նա գա մեզ մոտ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի