«

»

Նոյ 16 2014

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԸ

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

1

Պատուհանից արևը ներս գլորվեց,

Թռավ այս կողմ, թռավ այն կողմ, մոլորվեց,

Աղավնու պես խփեց իրեն պատեպատ,

Պատուհանը տեղից կորել էր հաստատ:

 

Քնից ելա, ես էլ ընկա դեսուդեն,

Թե՞ բռնել էի ուզում նրան, չգիտեմ,

Ու չգիտեմ, ձեռքից ինչպե՞ս դուրս պրծավ,

Բայց, արի տես, իմ սենյակից չքացավ:

 

2

ՏԱՏԻԿԻ ՏՈւՆԸ

 

Երկու ճուտիկ ոսկեթև,

Իրար առան մեր բակում,

Հո փոքր չեն էլ արդեն,

Կռվում են, չեն կատակում:

 

Նոր-նոր կատար են հանել,

Դեռ ծուղրուղու չեն կանչում,

Բայց ի՞նչ կարող ես անել,

Արդեն իրար չեն զիջում:

 

Նույն վայրկյանին, սուս ու փուս,

Ես էլ թռա տնից դուրս,

Դուք հո տեսաք, ի՞նչ ասեմ,

Ո՞վ առաջինն սկսեց:

 

3

ՍՊԻՏԱԿ ԵՐԱԶՆԵՐ

 

Գիշերանոթը հագել,

Պատուհանի մոտ չոքել,

Ու սպասում է անձուն,

Քնե՞լ, չի էլ մտածում:

 

Որոշել է նա թաքուն,

Պարզել այսօր մինչև լույս,

Ո՞վ է խաղում մեր բակում,

Երբ գնում ենք քնելու:

 

4

Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ կլիներ,

Որ արքա դառնար իմ փիսոն,

Պալատում կապրեինք երկուսով,

Ու չաղլիկ մկներ կբռներ:

 

Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ կլիներ,

Որ արքա դառնար իմ «չալո»-ն,

Նա գլուխ կտաներ հաչելով,

Ոչ ոքի չէր թողնի դռնից ներս:

 

Չէ, լավ է, թող այսպես էլ մնա,

Ինչպես կա, իմ փոքրիկ սենյակում,

Ու թե ի՞նչ աղմուկ էր բակում,

Թող այդպես էլ ոչ ոք չիմանա:

 

5

Ամպիկները սպիտակ,

Փոքրիկ, փափլիկ գառնուկներ,

Ջուր են խմում սարի տակ,

Ու չեն ուզում ելնել վեր:

 

Գուցե խաղո՞վ են ընկել,

Գուցե խո՞տ են արածում,

Գուցե տնից դուրս եկել,

Ու մոլորվե՞լ են ցածում:

 

Պատուհանի մոտ կանգնել,

Տրորվում էր մեր Անին,-

Հիմա մութը որ ընկավ,

Գայլը նրանց կտանի:

 

6

Աչքերիս չեմ հավատում,

Մի՞թե արցունք է կաթում,

Մի՞թե լալիս է կատուն,

Աչքերիս չեմ հավատում:

 

Ի՞նչ է տեսնես մտածել,

Հայելու դեմ այս անգամ,

Ասում է,- մեղքն է մկան,

Որ ես կատու եմ դարձել:

 

Աչքերիս չեմ հավատում,

Կատվին էլ չեմ հավատում,

Բայց սենյակում մեկը կա,

Ով դեռ վագր է մնացել:

 

7

ՓՈՔՐ ԵՂԲԱՅՐԸ

 

Գուցե իջավ բարձի՞ տակից,

Գուցե եկավ կողքի բակի՞ց,

Գուցե ուրիշ մոլորակի՞ց նա հայտնվեց:

 

Հենց հայտնվեց,

Մեր հավերի վայը տվեց,

Թռավ վերև, ապակիները ցած բերեց,

Չորս կողմն աղմուկ, հարայհրոց,

Տատս ելավ, խփեց ծնկին,

Կանգնեց, մնաց դռների մեջ,

Փողոցով մեկ՝ իրարանցում,

Փողոցով մեկ՝ կռիվ ու վեճ,

-Ի՞նչ է եղել, ո՞վ է արել:

 

Ի՞նչ իմանան, որ այսօր մեր Անդրանիկին,

Հայրը գնդակ է նվիրել:

 

8

Գլուխ չի հանում ոչ ոք մեր խաղից,

Գլուխ չի հանում, բան չի հասկանում,

Ոտնահետքեր կան մեր առաստաղին,

Իսկ մենք անկյունում սսկվել ենք վախից:

 

Վայ թե՝ հայրիկը մի քիչ մեզ դաղի,

Մի քիչ գոռգոռա, մի քիչ զայրանա,

Բայց, միևնույն է, միշտ էլ մեր խաղից,

Մեր առաստաղին հետքեր կմնան:

 

 

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>