Գրիշ Դավթյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Թ Ե Վ Ա Բ Ե Կ

Արծաթվել են օրերս՝ հին օրերի թուխության,
Երբ արեվը միշտ ջերմ էր, ես էլ վառվռուն.
Ծանծաղվել են մազերս անցյալների ճոխության,
Տարիներս են կուտակվել ծանր ու խոհուն:
Բնազդներս քմայքոտ, դիմագրավ ու հախուռն,
Մղումներիս ակունքը հրավառ ու ճոխ,
Դատողության ողոքմամբ մեղմել են ու թրթռուն,
Կշռում են բաղձանք ու տենչ դառնում մտափոխ:
Ու քայլերս են համրացել մտածումիս ընթացով՝
Զգուշավոր խարխափով ձեռքիս ճոկանի,
Դեռ կաց, սիրտ իմ, մի թռիր անցյալների թեվերով,
Նախկին արծիվը էլ չեմ հզորթեվանի:
Գլենդել,
Կալիֆորնիա, 2011-10-21

 

ԼՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

Երջանկության ծոցիդ մեջ
Խաղաղություն է իջնում կյանքիս.
Առավոտը արթնանում է
Արեվի յոթներանգ գույներով,
Լույսն է, որ ճառագում է
Գիրկս լցնում է նարոտով,
Լուսավորում է ապագաս:
Բարիլույսի հետ հարցնում եմ, թե
Ի՞նչ գույն ունի լույսը…
Դու զարմանում ես հաճույքով,
Մեղրի համը նոր ճաշակած մանկան պես.
Ապա փոխադարձ հարցականդ
Պատկերում ես ժպիտով,
Լույսի գույն ժպիտով,
Լուսաժպիտ…
Ծոցիս լույսն ես,
Որ ջերմացնում ես սիրտս
Ցանկություններիդ իմ էլ ցանկությամբ.
Լուսատենչ…
Թեվերդ օղակում ես վզիս,
Տարածում ես ուսերիս,
Որպես ապրելու բովանդակություն
Ու ծավալ,
Լուսածավալ…
Այնուհետեվ լուսալի ու լուսաջերմ
Մտնում եմ առօրյաս,
Ճամփաս՝ քո և հույսիս:
Գլենդել,
Կալիֆորնիա, 2011-10-11

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի