Գուրգեն Միքայելյան | ՄՈՌԱՑՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՀԱԶԱՆԳԸ

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

Դրամա երկու գործողությամբ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ
ՄԱՐԻ – իշխանուհի
ՆԱՆԵ – նրա սպասուհին և
ընկերուհին
ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՊՈՒՐԱՆՔ
ՍԵԹԵՎԵԹԱՆՔ
ԿԱԽԱՐԴԱՆՔ
ԱՐԵԳ – ասպետ
ՍԻՐԱԿ – նրա համհարզն ու
ընկերը
ՍԵՆ – դեսպան
ԾԱՌԱ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Իշխանուհու սենյակ: Տիրուհին, որ կլինի 50-55 տարեկան, անհանգիստ ապրումների մեջ է: Քայլում է աջ ու ձախ, մի պահ կանգնում է, ապա մոտենում պատուհանին և նայում դուրս: Ներս է գալիս սպասուհին՝ Նանեն: Իշխանուհին անմիջապես դիմում է նրան:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Վահանը չեկա՞վ:
ՆԱՆԵ– Դեռ ոչ, տիրուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե՛ր Աստված:
ՆԱՆԵ– Չի ուշանում, տիկին. բավականին ճանապարհ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ… հավերժություն է պետք:
Ժամանակն ինչո՞ւ է այսքան դանդաղ անցնում, Նանե:
ՆԱՆԵ– Որովհետև քո սիրտը շատ արագ է տրոփում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ սիրտը այլևս չի դիմանում, Նանե: Որոշված է արդեն. այսօր կամ երբեք: (Պատյանից հանում է դաշույնը):
ՆԱՆԵ– (Վախեցած) Ի՞նչ ես ասում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Էլ չեմ դիմանում: Այլևս չեմ կարող: Եթե չօգնի ինձ այդ կախարդը, ինքնասպան կլինեմ:
ՆԱՆԵ– Վանի՛ր չար մտքերը: Ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Կանիծվես: Դժոխքի բաժին կդառնաս:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես հիմա էլ դժոխքում եմ: Ո՞վ ինձ անիծեց: Ո՞վ գցեց այս կրակների մեջ:
Դու լսած կա՞ս, որ երբևէ եղած լինի նման դեպք: Ես արդեն հիսունն անց եմ: Պատկերացնո՞ւմ ես. հիսունն անց պառավը հանկարծ…
Սա անեծքներից դաժանագույնն է: Խայտառակություն…
ՆԱՆԵ– Ամեն ինչ էլ պատահում է. սիրտը սիրո համար է:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Սե՞ր: Սա սեր չէ, Նանե: Ծաղրուծանակ է: Չար դևերի խաղ: (Զգում է սրտի ծակոց և ձեռքը տանում կրծքին): Թե իմանաս՝ ո՜նց է բաբախում, ո՜նց է թպրտում…
Կարծես տասնհինգ տարեկան լինի: Քսան: Քսանհինգ…
ՆԱՆԵ– Սրտի տարիքը երկրային ժամերով ու տարեցույցներով չի որոշվում: Նա ուրիշ ժամանակների տիրույթում է ապրում, և այլ է նրա ժամանակային հաշվարկը:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց իմ մարմինը ա՛յս ժամանակի մեջ է: Ու ողջ դժբախտությունն էլ այն է, որ խախտվել են ու չեն համընկնում իմ մարմնի ու սրտի, մարմնի ու հոգու ժամանակները… (Կարճատև դադարից հետո) Նա քանի՞ տարեկան կլինի, Նանե:
ՆԱՆԵ– Քսանհինգից ոչ ավել:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ ո՞ր մեղքի համար… (Դաշույնը լայնքով սեղմում է կրծքին): Որոշված է. թող չտրվի ինձ երկնային հավերժությունը. թող իմ տեղը լինի հալված կուպրի ու թեժ կրակների մեջ, միայն թե մեկ օր, ընդամենը մեկ օր ես վայելեմ նրա սերը: Վայելեմ, ինչպես քսան, քսանհինգ տարեկան օրիորդ: Անհուն սիրով ու տարփանքով նետվեմ նրա գիրկը: Այրվեմ սիրո կրակների մեջ: Հալվեմ, դառնամ հրե աղջիկ: Ծով կարոտով նրան գրկեմ: Նրան տրվեմ, նրան տիրեմ… Ընդամենը մեկ օր, Նանե, ընդամենը մեկ օր…
(Լսվում է ձիու խրխինջ: Իշխանուհին իսկույն վազում է դեպի պատուհանը): Վահանն է: Շտապի՛ր: Շո՛ւտ արա: (Սպասուհին վազելով գնում է: Տիրուհին խոսում է մտքում): Եթե չբերի նա այդ էլիքսիրը, որն ինձ կդարձնի քսան տարեկան, սա կլինի իմ վերջին առավոտը: (Անհանգիստ, անհամբեր այս ու այն կողմ է քայլում: Քիչ անց Նանեն վերադառնում է: Նրա տեսքից անմիջապես զգացվում է, որ ասելիքն ուրախ լուր է):
ՆԱՆԵ– Տիրուհի…
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Շո՛ւտ ասա, Նանե: Էլ ուժ չմնաց:
ՆԱՆԵ– Դու գոհ կլինե՞ս, եթե երիտասարդությունը քեզ վերադարձվի ոչ թե մեկ օրով, այլ… ընդամենը կես:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես չեմ վարանի նույնիսկ ակնթարթ: Թող լինի այդպես. կես օրվա դիմաց տալիս եմ իմ ողջ մնացյալ կյանքը ու նաև… ամբողջ հավերժությունը:
ՆԱՆԵ– Իսկ եթե կիսվի այդ կեսն է՞լ, տիկի՛ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Շատ-շատ կցավեմ սիրո ժամերի սղության համար, սակայն… ինչ արած:
ՆԱՆԵ– Իսկ եթե տրվի միմիայն… մի ժա՞մ:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես համբերություն էլ չունեմ, Նանե: Թեկուզ և՝ կե՛ս ժամ:
ՆԱՆԵ– Լոկ մե՛կ րոպե…
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Նույնիսկ մեկ վայրկյան… Կմեռնեմ նրա շուրթերին գամված, կրծքին սեղմված: Մի՞թե կա ուրիշ այդպես գեղեցիկ, երանելի մահ…
ՆԱՆԵ– Գուցե և չկա, սակայն այս անգամ բախտը քո հանդեպ եղավ, իմ տիկին, անչափ բարեհաճ…
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ուր որ է արդեն սիրտս կպայթի: Շո՛ւտ արա, խոսի՛ր:
ՆԱՆԵ– (Գրպանից փոքր սրվակ հանելով) Այս էլիքսիրը կվերադարձնի քո երիտասարդությունը ամբողջ… յոթ շաբաթ:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ուրախությունից միանգամից այլափոխվում է): Իսկապե՞ս, Նանե: Դու չե՞ս կատակում:
ՆԱՆԵ– Ինչպե՞ս կարող եմ, տիրուհի, անել այդքան չար կատակ:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես ճի՞շտ լսեցի. ամբողջ… յոթ… շաբա՞թ:
ՆԱՆԵ– Յոթ շաբաթ: Այո՛:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինձ նայիր, Նանե:
ՆԱՆԵ– Նայում եմ, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Կատակով) Ճիշտ ասա, Նանե, ես դեռ… չե՞մ գժվել: Դեռ չե՞մ ցնորվել: (Զվարթորեն ծիծաղում են): Դե տուր, շուտ արա:(Սրվակը վերցնում է): Ամբողջ յոթ շաբաթ: Դա կարծես ամբողջ հավերժություն է… (Պատրաստվում է էլիքսիրը խմելու): Ո՜վ երանություն… Ընդունի՛ր, սեր իմ, քո գիրկն եմ գալիս:
Էլիքսիրը խմում է: Հնչում է համապատասխան երաժշտություն: Նանեն մեծ հայելին շրջում է նրա կողմը և աննկատ անհետանում…

Կարդալ ամբողջը

Թողնել պատասխան

Your email address will not be published.