Սիրանույշ Օհանյան | Վիքիպեդիայի հայելին

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։ Սա գրված է բոլոր լեզուներով վիքիպեդիաների գլխավոր էջերում։

Պատկերացրու մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքն ազատ հասանելի է յուրաքանչյուրին,- երազում է վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը։

Ազատ-անվճար Վիքիպեդիայի  և փակ-վճարովի Բրիտանական հանրագիտարանի հոդվածները հավաստիության գրեթե նույն  աստիճանն ունեն։ Բրիտանական հանրագիտարանի խմբագիրներն ու խորհրդատուները հայտնի մասնագետներ ու գիտնականներ են, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Վիքիպեդիան խմբագրում է նաև ցածր դասարանի աշակերտը։

Հավաստիության նշված ցուցանիշը, իհարկե, անգլերեն վիքիպեդիայինն է։ Մենք՝ հայերս որպես հանրագիտարանային տեղեկության առաջին աղբյուր նույնպես դիմում ենք վիքիպեդիային։ Անգլերեն կարդացողը՝ անգլերենին, ռուսերեն կարդացողը՝ ռուսերենին։  Անգլերեն կամ ռուսերեն կամ ուրիշ օտար լեզու չտիրապետողն էլ կարդում է հայերեն վիքիպեդիան։

Անգլերեն վիքիպեդիան խմբագրվում է 2001թ-ից։ Տասնչորս տարի ազատ խմբագրվելով՝ այն հուսալիությամբ մրցակից է դարձել ամենահեղինակավոր անգլիալեզու հանրագիտարաններից մեկի հետ։

Համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել հայերեն վիքիպեդիային ուղղված քննադատություն։ Երբեմն՝ արհամարհական կեցվածքով։ Պատահում է, որ թերի կամ վատ հոդվածը նկատում է տվյալ ոլորտի մասնագետը, դատապարտում, հիասթափվում կամ վշտանում։ Երբեմն՝ այդ բոլորը միասին։ Պատահաբար կամ անհրաժեշտաբար վիքիպեդիայում հայտնված  ընթերցողը, չբավարարվելով առկա տեղեկությամբ, մատնացույց է անում անճշտությունները՝ «էս չի՞ հայերեն վիքիպեդիան» ժեստով։

Գիտնականը զբաղված մարդ է։ Մասնագետը զբաղված մարդ է։ Ուսանողը զբաղված մարդ է։ Ընթերցողը զբաղված մարդ է։  Սոցիալական ցանցերում գրողները զբաղված մարդիկ են։ Ես զբաղված մարդ եմ։ Ուրեմն ո՞վ է խմբագրում վիքիպեդիան։ Հայերե՛ն վիքիպեդիան։

Մոտ տասը տարի առաջ համացանցի հետ ծանոթանալու հնարավորություն ունեցա։ Աշխարհի չափողականությունն ընդլայնող այս զարմանալի միջավայրի առաջին հիշվող անուններից մեկը վիքիպեդիան էր՝ նորի կամ հնի մասին պատմող ամենագետ աղբյուր։ Պարզվեց, որ այդ աղբյուրը նաև հայերեն է խոսում։ Աղքատիկ ու խղճուկ էր հայերեն վիքիպեդիայի բովանդակությունը, և ես ամեն անգամ փնտրածս մայրենի լեզվով չգտնելիս կամ գրեթե չգտնելիս ցավով ու ջղայնացած մտածում էի՝ «դե ոնց որ մեր երկիրն է, նույնն էլ մեր վիքիպեդիան է»։  Ինչո՞ւ էր այդքան բարձիթողի, ինչո՞ւ պետության մեջ ոչ ոք չէր մտածում դրա կարևորության մասին ու չէր կարգադրում զարգացնել հայերեն վիքիպեդիան,- ամեն անգամ մտածում էի ես։

Մի օր  պատահմամբ իմացա, որ վիքիպեդիան ազատ հանրագիտարան է՝ բաց է կարդալու և գրելու համար։ Որ ոչ ոք չի կարգադրում, ոչ ոք չի կազմակերպում՝ խմբագիրներն են ինքնակազմակերպվում։ Որ գրում, խմբագրում, զարգացնում են ազատ կամավորները՝ անվարձահատույց, իրենց  բավականության համար։ Անգլերեն վիքիպեդիայի բարձր որակը, հետևաբար,  վկայում է անգլիախոս կամավորների հոգատարության մասին։ Հայերեն վիքիպեդիայի ցածր որակը, հետևաբար, հայախոս կամավորների թերացման արդյունքն է։ Բայց ովքե՞ր են այդ կամավորները։

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, այն ցանկության դեպքում կարող է կարդալ ու փոփոխել ամեն մեկը։ Բոլորի համար բաց է, ոչ ոքի չի պատկանում, որովհետև բոլորին է պատկանում։ Ո՞վ է բոլորը։ Ո՞ւմ մեղադրեմ, եթե վիքիպեդիայում ինչ-որ բանի մասին  գրված չի կամ կիսատ  է գրված։ Չգրողի՞ն թե՞ գրողին։ Իսկ ո՞ւմ շնորհակալ լինեմ, եթե վիքիպեդիայի շնորհիվ ինձ հետաքրքրող հարցին համակողմանի պատասխան գտա։

Հայերենի մասին հոդվածն անգլերեն վիքիպեդիայում ստեղծվել է 2001թ․ հոկտեմբերի 11-ին, հայերեն վիքիպեդիայում՝ 2005թ․ փետրվարի 23-ին։ Անգլերեն վիքիպեդիայում հայերենի մասին հոդվածը մինչև այս տողերը գրելու պահը խմբագրվել է 2108 անգամ, խմբագրել են 783 տարբեր հեղինակներ։ Հայերեն վիքիպեդիայում՝ համապատասխանաբար 351 անգամ, 117 հեղինակներ։

Ֆիզիկայի մասին հոդվածն անգլերեն վիքիպեդիայում ստեղծել են 2001թ․ հոկտեմբերի 29-ին, խմբագրել են 8114 անգամ, 3270 հոգի։ Հայերեն վիքիպեդիայում՝ 2005թ․ մարտի 19-ից  67 տարբեր հեղինակներ խմբագրել են 191 անգամ։

Մոտ տասնչորս տարվա ընթացքում ֆիզիկայի մասին անգլերեն հոդվածը խմբագրվել է տասնինը օրում  միջինը  երեսուն անգամ (օրը մոտ 1.6 անգամ)։ Մոտ տասը տարվա ընթացում ֆիզիկայի մասին հայերեն հոդվածը խմբագրվել է տասնինը օրում միջինը  մեկ անգամ (օրը մոտ 0.05 անգամ)։ Տասնչորս տարվա ընթացքում անգլերեն վիքիպեդիայի՝ ֆիզիկայի մասին հոդվածը խմբագրվել է ամեն օր, և օրումեջ մեկ նոր խմբագրող է ավելացել։

Հայերենի մասին անգլերեն հոդվածը մոտ 6000 բառ է՝ քառասունվեց հղում-ծանոթագրություններով։ Հայերենի մասին հայերեն հոդվածը մոտ 2000 բառ է՝ 4 հղում-ծանոթագրություններով։  Ծանոթագրություններն ու հղումները հավաստիության ապացույց են։

Ֆիզիկայի մասին անգլերեն հոդվածը մոտ 7800 բառ է՝ յոթանասուներկու անգամ ծանոթագրված։ Համապատասխան հայերեն հոդվածը մոտ 1400 բառ է, ոչ մի ծանոթագրություն չկա։ Այլ կերպ ասած, եթե ֆիզիկոս  չեմ, չեմ կարող ստուգել տեքստի իսկությունը, հետևաբար՝ վստահել տեքստին։ Նույնիսկ եթե ֆիզիկոս եմ, շատ հավանական է, որ չեմ վստահի մի տեքստի,  որտեղ կարող է լինել նոր իմացություն, որը պարտադիր չէ՝ իմանամ որպես մասնագետ, բայց որի աղբյուրը պետք է պարզեմ՝ վստահելու համար։

Թվում է, թե որևէ լեզվով հոդվածների թիվը  ուղիղ համեմատական է լեզվակիրների թվին: Հետևաբար խմբագրումների թիվը, հետևաբար՝ նաև որակը ուղիղ համեմատական է լեզվակիրների թվին։ Այսպիսի պատկերն իրականում միջինացված է։ Տարբեր լեզուներով վիքիպեդիաների վիճակագրությունը տարբեր է։ Ինչն է ընդհանուրը և կարևորը՝ վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը կարող է խմբագրել ամեն մեկը։

Կարող եմ, բայց չեմ ուզում։ Ուզում եմ, բայց ժամանակ չունեմ։  Ժամանակ ունեմ, բայց չգիտեմ։

Գիտեմ, բայց քննադատում եմ։ Ինչո՞ւ մածունի մասին հոդված կա անգլերեն վիքիպեդիայում, իսկ ջերմաչափի մասին չկա հայերենում։  Ինչո՞ւ պիտի Վիկտոր Համբարձումյանի մասին անգլերեն ավելի լավ գրված լինի։ Կամ Գառնիի տաճարի մասին հոդվածում ասվի, որ այն ըստ XIV դ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին, բայց նշված չլինի աղբյուրը։ Ո՞վ է գրել, ինչո՞ւ աղբյուրը չի նշել։ Ես ի՞նչ իմանամ՝ ով, ինչու։ Ես միայն գիտեմ,  որ վիքիպեդիան հանրային սեփականություն է։ Բաց լինելով բոլորի առաջ՝ այն բաց է բոլորի խմբագրումների ու քմահաճույքներ, բոլորի պատասխանատվության ու  անպատասխանատվության առաջ։ Մեղադրում եմ վիքիպեդիային անանուն խմբագիրների անճշտության համար թե շնորհակալություն հայտնում հոյակապ հոդվածի համար՝ էությունը նույնն է։ Վիքիպեդիան ինքն իրեն չի գրվում։ Եթե նկատում եմ հոդվածում տեղ գտած անճշտությունը և չեմ ուղղում, ոչ էլ գոնե նշում եմ այդ մասին քննարկման էջում, որ մեկ ուրիշը ուղղի, ի՞նչ հիմքով եմ դժգոհում,  որ լավ չի գրված։ Կամ եթե գրվածից ավելին գիտեմ, բայց չեմ լրացնում իմ իմացածով, ինչո՞ւ եմ զարմանում, որ թերի է գրված։ Թերի է, որովհետև ես չեմ արել։ Ես չեմ արել, որովհետև չեմ արել։

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, ոչ ոք պարտավոր չէ այն խմբագրել։  Ուրեմն  ի՞նչ իրավունքով եմ վատը համարում հայերեն վիքիպեդիան՝ անելիք, որ չեմ արել։ Ինչո՞վ եմ տարբերվում  սխալ անողից կամ վատ անողից։ Նա փչացնում է հանրային սեփականությունը։ Ես չեմ վերականգնում փչացրածը, բայց հիասթափվում եմ հանրային սեփականությունից։

Մենք մեր վիքիպեդիայի հայելին ենք։ Լինելով մեր կատարյալ իրավասության տակ և ստեղծվելով մեր կողմից՝ վիքիպեդիան արտացոլվում է մեր մեջ։ Ինչ մեր վիքիպեդիան է, այն էլ մենք ենք։ Մենք ասելով նկատի ունեմ  հայերենով՝ որպես մայրենի լեզվով ապրողներին։ Բնականաբար, բոլորիս չէ, որ հետաքրքրում է վիքիպեդիան, բոլորս չենք կարող կամ չենք ուզում խմբագրել այն։ Բայց խմբագիրներից, ընթերցողներից, կողքով անցնողներից և կողքից քննադատողներից անկախ՝ հայերեն վիքիպեդիան հայերենի տարածություններից  է։ Հայերեն վիքիպեդիայի հանդեպ մեր վերաբերմունքը վերաբերմունք է հայերենի հանդեպ, հայերեն գիտելիքի հանդեպ։ Ինչպես նաև՝ ազատության և անհատ-հանրություն փոխհարաբերությունների հանդեպ։

Պատկերացրու մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքն ազատ հասանելի է յուրաքանչյուրին,- ասում է Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը։ Մենք դա ենք անում,- շարունակում է նա։

Մենք խմբագրում ենք հայերեն վիքիպեդիան։ Այն զարգանում է մեծ թափով․ 2005-2010 և 2010-2015թթ․ աճի տեմպերը անհամեմատելի են։ 2010թ․ օգոստոսին հայերեն վիքիպեդիայում կար տասը հազար հոդված։ Սա գրելու պահին կա հարյուր քառասուն չորս հազար յոթ հարյուր տասներեք հոդված։  Հավանաբար դու կարծում ես, որ դրանք կարող էին ավելի լավը լինել։ Ընտրությունը քոնն է։

Պատկերացրու մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքը հայերեն ազատ հասանելի է յուրաքանչյուրին։

 
_______________
Վիքիպեդիային վերաբերող վիճակագրական տվյալները բերված են ըստ 2015 թ․ հունվարի 22-ի դրության։
 

Թողնել պատասխան

Your email address will not be published.