«

»

Նոյ 22 2011

Տպել Գրառում

Նարինե Կռոյան | ՃԱՐՃԱՏՈՒԿԻ ԾԱՂԻԿԸ

Ճարճատուկի ծաղիկն օտար է իր ցողունի վրա: Կարծես զավեշտասեր մեկի ձեռքը նրա կապույտ ծաղիկները դիտավորյալ է կպցրել ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Երևի ուրիշ մոլորակից է այն եկել ու այդպես էլ չի հարմարվել երկրաբնակի իր պարտականություններին:
Երկնագմբեթում մեխված արևը այրում էր գետնին սփռված գլաքարերը. ոչինչ չէր վրիպում նրա մեռցնող շնչառությունից: Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածի անցուդարձին:
Հեռվից մոտեցող արարածի ստվերը դժվար թե կենդանի լիներ, քանի որ խարխափում էր լույսի այդ օվկիանոսում: Զգեստի այլայլված փեշերը կառչում էին թփերից`դժվարացնելով եկվորի առաջխաղացումը:
Արահետն իջնում էր դեպի գետը, որն այդ համատարած ողջակեզի գոլորշիների մեջ թերևս կենդանության միակ առհավատչյան էր:
Վերջապես ոտքերը հասան գետին: Ջրի սառնությունն սթափեցրեց ոտնասույզին: Նա շարժվեց առաջ ու այդպես էլ հագուստով նստեց ալիքների մեջ: Ավազը լցվեց գոտկատեղից ներս և սկսեց խուտուտ տալ: Արարածը ժպտաց ու նայեց իր այլայլված արտացոլքին: Ջրի փախչող ալիքների միջից նրան էին նայում հոգնած ու գեղեցիկ մի քանի զույգ աչքեր: Կինը լվաց երեսն ու մի պահ ընկղմվեց: Արդեն ափին հանեց զգեստներն ու սկսեց ուսումնասիրել մարմինը: Բազմաթիվ կապտուկները բավականին ցավոտ էին: Ջրի զովությունը չէր կարողացել թաքցնել խոշտանգման վայրագությունը:
«Լավ ա էրեսիս բան չի էղել… Զատո փողը չքթան…»
Զգեստի գաղտնագրպանից կինը հանեց մի քանի ոլորված հազարանոց և քմծիծաղեց.
– Կսպասեմ մինչև մութը կընկնի…
Շուրջը մորու թփեր կային, ազնվամորի: Ագահորեն սկսեց ուտել: Այնուհետև հագնվեց ու կամացուկ շարժվեց դեպի երկաթգիծը:
«Գծերով շուտ կհասնեմ…»
Ետևից մոտեցող գնացքը նրան ստիպեց մի կողմ քաշվել: Հանկարծ շարժակազմը կանգ առավ: Վագոնների դռներից և պատուհաններից կախված մարդիկ սկսեցին հարցական այս ու այն կողմ նայել:
– Էս խի՞ կանգնեցինք…
– Այտա, խա՞ մ եք, փետ են բարձըմ, փե՜տ…
Էլեկտրագնացքը մեջքը դեմ էր արել անտառաբերանին ու սպասում էր:
Ոմանք ցած էին իջել:
Ամբոխին խառնվելով`կինը վագոն բարձրացավ.
«Էս ինչ լավ էղավ, շուտ կհասնեմ…»
Ճակատը դռան ապակուն հենած`կանգնեց ու փակեց աչքերը: Գնացքի համաչափ թխկթխկոցն ու վագոնի աղմուկը չքացան:
Հազար տարի առաջ էր, երբ առաջին անգամ կանգնեց փողոցում և սպասեց… տղամարդու: Խնայբանկի պատուհանների մեջ տեսավ իրեն ու արհամարհական շպրտեց.
– Մարմնավաճառ:
Ինքն էլ չիմացավ, թե ինչու խուսափեց «պոռնիկ» բառից:
Այդ նույն պատուհանների մոտ շատ անգամ էր տեսել վառ կարմիր շուրթերով ու կեղտոտ կրունկներով կանանց: Մտածեց, մեխանիկորեն նայեց իր կրունկներին ու փախավ:
Մեղսագործի նման հևասպառ հասավ տուն, համբուրեց երեխաներին ու պառկեց քնելու: Առավոտյան դեռևս հուզված էր. խուսափում էր սկեսրոջ աչքերին նայել:
«Վերջ, ես էլ էդ հիմարությունը չեմ անի», որոշեց ու կուլ տվեց դառը սուրճը:
– Անուշ, տանը ուտելու բան չկա, էրեխեքը սոված են, ¬ սկեսուրն աչքերը սրբեց:
– Էսօր էլ գալու են լույսը անջատեն…
Կինը վերադարձավ անկողին ու կուչ եկավ: Այդպես էլ մնաց մինչև երեկո: Մթնշաղի հետ վեր կացավ, ներկեց շուրթերն ու դուրս եկավ: Մի պահ երկու կանանց աչքերը հանդիպեցին ու փախան իրարից: Այդպես սկսվեց անառակի նրա ոդիսականը ամեն օր, ամեն երեկո:
Հարևաններն սկզբում դարդարեցին բարևել, հետո ետևից սկսեցին բարձրաձայն խոսել, սկեսրոջն ամոթանք տալ:
Պառավը սովորաբար ոչինչ չէր պատասխանում: Երբ շատ էին նեղում, սկսում էր հարսին անիծել, հետո գրկում էր թոռներին ու անհնչյուն մի մեղեդու տակ օրորվում:
Անուշը չէր նեղանում:
– Այ բալա, ի՞նչ անեմ, որ չխոսամ`միսս կուտեն, ¬ արդարանում էր պառավը:
Հետո հարևանները որոշեցին փրկել արդեն կուշտ երեխաներին ու քաղաքապետարան դիմեցին:
«Անչափահասների գծով» ինչ¬որ տեսուչ եկավ`տարիքն առած մի օրիորդ: Մայրությունից ¬ բանից խոսեց, հետո երեխաներին տարան մանկատուն, Անուշին էլ զրկեցին մայրությունից: Անուշի մայրական ուղեղը չկարողացավ հասկանալ, թե ո՞նց կարելի է կենդանի արարածին երկու տող բան գրելով զրկել իր էությունից. կատվին զրկել կատվությունից, օձին`օձությունից, կամ մորը`մայրությունից:
Գնացքը ցնցվեց: Անուշը բացեց աչքերն ու վերադարձավ իրականություն: Լողալով անցան Թագավորանիստն ու եկեղեցին:
Մոշի ու ազնվամորու ուսապարկերով բեռնված մարդիկ հրմշտոցով առաջ շարժվեցին: Խուսափելով կայարանի լույսերից`Անուշը քայլեց դեպի այգին: Ոտքերը ծանրացել ու ցավում էին: Ուզում էր ժամ առաջ պառկել, սակայն շրջանցեց շենքն ու ետնամուտքով ներս մտավ:
– Անու՞ շ, – սկեսուրն ընդառաջ վազեց:
¬ Քոռանա՛մ ես, էս որդե՞ ղ էիր:
Անուշը կաղաց դեպի մահճակալն ու փլվեց անկողնուն: Սկեսուրն սկսեց զգուշորեն հանել հարսի շորերն ու տնքաց.
– Վա՜խ… էս ո՞ ր անաստվածն ա արել… Վա՜խ, այ բալա: Էս ա, էս ա հաց-մաց կբերեմ, դու պառկի:
Անուշը պառավին մեկնեց ոլորված դրամները.
¬ Մամ, էս փողն առ, ահագին ա:
Շնչառությունն արագացավ ու ձայնը դողաց.
– Գագոյին պերեդաչի կտանես, լույսի փողը կտաս: Ես էլ կգնամ… կգամ էրեխեքին տենալու:
Վերջին բառերը հատկապես դժվարությամբ արտաբերեց. աչքերի առջև որդու խոժոռ ու մեծացող հայացքն էր:
– Գուհա՜ր, այ Գուհար…
Բնակարանի դուռն անկոչ բացվեց: Հարևանն էր: Սկեսուրը փութով ծածկեց Անուշի ննջասենյակի դուռն ու կաթվածահարի պես դուրս թռավ:
– Հ՞ ը, – ձայնը հանցավորի նման արհեստական ստացվեց:
– Կոֆե չունե՞ ս, մի էրկու քթալ տաս, տանը մարդ կա:
Գոհարը մեկնեց սրճաղացն ու նստեց:
¬ Տար, ինչքան պետք ա վեր կալ:
Հարևանը ոտքը կախ տվեց.
– Գեղեցկուհին տա՞ նն ա…
Գոհարը լուռ էր:
– Ո՞նց էլ դու դրա հարամ ձեռիցը բան ես վեր ունըմ, զարմանըմ եմ:
Պատասխան չստանալով`հարևանը մի տեսակ նեղացավ, վերցրեց սրճաղացն ու գնաց:
Պառավն անմիջապես գործի անցավ:
Երբ տաք թեյով, հաց ու պանրով սկուտեղը ձեռքին ներս մտավ, Անուշն արդեն քնած էր: Խնամքով ծածկեց հարսին ու վերադարձավ խոհանոց: Ուղղեց Անուշի վաստակած փողերն ու սկսեց մտմտալ.
– Էս հացի, էս`լույսի, էս`Գագոյին, էս՝…
Առավոտը դեռատի արևի հետ Անուշը խանդավառության անսպասելի ալիք զգաց: Սիրտը նորահարսի նման տեղից թռչում էր, շտապում:
– Էսօր էրեխեքին կտենամ,- մի տեսակ ամոթխած ասաց ու սկսեց հավաքել խոհանոցը:
– Քու գործը չի, իմ գլուխը չմեռնի, ես կանեմ,- սկեսուրն առաջ ընկավ,- դու բանի ձեռ մի տա:
Անուշին կարծես մեխեցին հատակին: Հիշեց հարևանի երեկվա ասածն ու նայեց սկեսրոջ աչքերին:
«Զզվելի եմ, իհարկե, զզվելի եմ»,- մտածեց ու փորձեց դուրս գալ խոհանոցից:
– Վա՜յ,- պառավը կարդաց հարսի մտքերն ու զարկեց ծնկներին:
– Ղուրբանդ ըլեն սաղ, բալա ջան: Էդ քու բերած փողովն առած հացն ու կոֆին չեն գալի ուզը՞մ, հը՞ …
– Քոռանամ ես,- շարունակեց Գոհարը,- առանց քեզ օճորքս վաղուց փուլ էր եկել: Ես գլուխս ո՞ր պատովը տամ, բա ես կուզենայի՞, որ ըթենց ըլեր…
Պառավն աչքերը լցրեց ու սկսեց մտմտալ` վաղամեռիկ ամուսնու նկարի հետ խոսելով:
Անուշը խոսելու ճիգ արեց.
– Միլիցիա էլ տեմ գնալ: Գագոյին քիչ ա մնացել, էն տղի ուզած փողն էլ էսա կդզվի, տանք`ազատվի, գա:
Վերջին բառերն ասաց մի տեսակ անհաստատ ու կարմրելով:
Գոհարը չպատասխանեց:
Կեսօր էր: Մանկատան բակում եռուզեռ էր: Երեխաներից ոմանք խաղում էին, ոմանք էլ արևի՞ց, թե՞ մեկ այլ բանից պատսպարվել էին ստվերում:
Անուշը երկա՜ր նայեց ճաղերի արանքից ու տեսնելով դստերը`կանչեց:
Ձեռքերը պարզեց, որ պահ առաջ գրկի վազող աղջկան:
– Մա՜մ, մա՜մ…
Մայրը լռում էր: Գիտեր, որ եթե խոսի, արտասվելու է:
Ազատվելով մոր և երկաթե պարսպի գրկից`աղջիկը վազեց և վերադարձավ եղբոր հետ: Տղան դժկամությամբ էր գալիս:
Շուտով մոտեցավ նաև դայակներից մեկը.
– Էս ընչի՞ ես էկել, աղջի, մերությունդ բռնել ա՞,- արևածաղկի սերմ թքելով`խայթեց նա: – Գնա, գնա, քանի մարդ չեմ կանչել: Դավայ, ռադդ քաշի:
Անուշը նայում էր որդուն և ասես ոչինչ չէր լսում: Նրա մայրական հայացքը լպստում էր կոշտացող աղվամազով ծածկվող տղայի երեսը:
– Արմա՜ն, ջանիդ մեռնեմ, արի հլա տենամ`ո՞ նց ես…
– Խի ես էկել, գնա,- մրթմրթաց որդին:
Եվ մինչ պատրաստվում էր հեռանալ, Անուշը ճանկեց որդու ձեռքն ու փող դրեց ափի մեջ: Տղան շրջվեց ու փախավ.
– Ինձ քու փողը պետք չի…
Երկու ճմրթված հազարանոց ընկան ասֆալտին ու չիմացան, թե ո՞ր կողմ գլորվեն: Աղջիկը լաց եղավ ու վազեց եղբոր ետևից :
– Տեսա՞ր, այ պոռնիկ… Քու հարամ փողերը վեր կալ ու ռադ էլի:
Դայակը հրճվում էր`ցնցելով բազմածալ որովայնը.
– Եսիմ ո՞ ր աղբանոցըմ, ու՞ մ տակին ես էդ փողերն աշխատել…
– Քեզ ինչ,- վերջապես Անուշը պոռթկաց,- հենց գիտես չգիտե՞ մ, որ նախանձից մեռնըմ ե՞ ս… որ վրեդ նայող չկա: Դու էլ կասես`կնիկ ես, մարդ ունես,- Անուշը ձեռքերը տարածեց ու բարձրացրեց ձայնը,- մարդդ մինչև էդ բեգեմոտի թափանը վրիցդ վեր քաշի, խեղճի վրա էլ բան կմնա՞ …
Հետո բռնազբոս ծիծաղեց ու հաղթանակածի տեսքով հեռացավ:
Երբ մանկատան բակը մնաց ետևում, նա կանգ առավ և հենվելով լքված տնակներից մեկին`լաց եղավ: Շուրջը ոչ ոք չկար, և ազատությունը Անուշի կցկտուր լացը դարձրեց մորթվող գազանի անսփոփ մի վայնասուն:
Ասֆալտին մոլորված երկու հազարանոցներն էլ երկար չմնացին այնտեղ: Զգուշորեն, կողքերը նայելով`հաստափոր դայակը աճպարարի ճարպկությամբ դրանք վերցրեց ու թաքցրեց ծոցում`ինչ¬որ տեղ սրտի մոտ:
Մինչև երեկո ահագին ժամանակ կար: Անուշը վերադարձավ ու կանգնեց հայելու առջև: Մեջը դատարկ էր: Հայելին հրաժարվեց այդ ամայությունը ցուցադրելուց: Նա նայեց հայելու մեջ կանգնած կնոջն ու թքեց վրան:
Հետո մեխանիկորեն բացեց դարակները:
Ժամանակին բուժքույր էր (ե՞ րբ էր դա…): Երբ «կրճատեցին», ներարկիչների տուփն ու էլի ինչ-որ բժշկական պարագաներ «թաղեց» դարակներից մեկում:
Շուտով փակվեց նաև ամուսնու գործարանը, Գագոն հաղորդալար գողացավ ու «նստեց»:
Անուշը սթափվեց: Աղմուկով փակեց օրինավոր անցյալի դարակներն ու դուրս եկավ: Փողոցն սպասում էր:
… Արդեն երկրորդ օրն էր` Անուշը չէր գալիս: Գոհարը որբի նման պատեպատ էր կպչում`վազելով մերթ մի, մերթ մյուս պատուհանը: Հետո չհամբերեց ու իջավ բակ: Նրան, չգիտես ինչու, թվաց, թե այդպես կարագացնի հարսի վերադարձը:
Փոքրիկ սև բզեզի նման Գոհարը կուչ եկավ նստարանի ծայրին ու աչքերը հառեց փողոցից սկսվող հորիզոնին: Կամաց-կամաց իրենց պարապ բնակարաններից իջան նաև շենքի մյուս բնակիչներն ու թառեցին Գոհարի կողքին:
– Գեղեցկուհին էս էրկու օր ա աչքովս չի ընկնըմ,- խոսք գցեց դիմացի հարևանը:
Գոհարը ոչինչ չպատասխանեց: Զգում էր, որ չորացած խոտի նման մեջն այրվում է:
– Այ կնի՞ կ, էդ լայաղ չե՞ ս անըմ պատասխանես… կարո՞ ղ ա փախցրել են…
Հաջողված կատակը ծիծաղով վարակեց ներկաներին:
Կայծը գցված էր, և համատարած հռհռոցի ծովում Գոհարը բոցավառվեց:
– Հա, փախել ա, լավ ա արել: Էդ անծակ աչքներիդ լիսն էլ հանել ա: Հե¬րի¬քա… ¬ Գոհարը ոտքի կանգնեց ու սկսեց գոռալ:
– Հերիք էլավ, բոլ էլավ, միսներս կերաք… Այ Անուշի ոտները ուտեք… Օրինավո՞ ր եք… որ բոզութինը թաքուն եք անը՞ մ, օրինավո՞ ր եք… Ձեր մարդ, ձեր կնիկ ասողի լիզուն չորանա, բոզի ցեղ… Էն Անուշի փողովը չե՞ ք հաց ու ջուր անը՞ մ, էրեխա պահըմ… Ձեր էրեխանց խերը չտենաք… ընչի՞ իմ էրեխեքին որբանոց քցեցիք, ընչի՞…
Պառավը ծնկի իջավ, ձեռքերը պարզեց երկինք ու աղոթքի փոխարեն անիծեց:
Բակը պապանձվել էր: Պատուհաններից կախված անդեմ ու դիմակավոր դեմքերը նայում էին ու զարմանում.
Ախր էս կնգան ո՞ վ ա մի թթու խոսք ասել, ո՞ վ ա ինչ արել…
Վերջապես արտառոց տեսարանը մոտեցավ իր ավարտին. հոգեբուժարանից մեքենա եկավ: Ոստիկանների ուղեկցությամբ ապշահար Գոհարի ձեռքերը ոլորեցին ու տարան:
– Խեղճ կնիկը դարդից խելքը եդ ա տվել. հարսի հախիցը չկարեցավ գա,- ամբոխը փսփսաց ու ցրվեց:
Մեկ-երկու օրից Գոհարին թվաց, թե երազ է տեսնում`Անուշին իր կողքին նստած: Երբ եկվորը խոսեց, երազն իրականություն դարձավ:
Գոհարը դեռևս աչքերին չէր հավատում: Անուշը նոր կապույտ զգեստ էր հագել և երբեք այդքան գեղեցիկ չէր երևացել:
Թևանցուկ դուրս եկան հիվանդանոցից և քայլեցին: Անուշն առաջինը խոսեց.
– Մամ, էրկու օրից Գագոն կգա, ու էրեխեքին էն անտեր տեղը մի ժամ էլ չթողաք:
Գոհարը կանգ առավ ու հարցական նայեց հարսին:
– Իմ թղթերը պատրաստ են, գնըմ եմ Թուրքիա… Խումբ են տանըմ:
– Ո՞ նց, այ բալա…
Պառավի հարցականը մնաց օդում: Անուշը շարունակեց քայլել.
– Ես… ես Գագոյին շատ եմ սիրըմ:
Հետո … նորից դադար:
– Կամ պտի մեռնեմ, կամ գլուխս առնեմ`կորչեմ գնամ: Գագոն էդ նամուսի տերը չի:
Հասան ու նստեցին քաղաքային այգում:
Թանձրասաղարթ սոճիների տակ հանգիստ էր, ու Գոհարին թվում էր, թե երազը շարունակվում է:
Սկեսրոջ գոգին Անուշը դատարկեց պայուսակի պարունակությունը:
– Էս փողով կապրեք: Կաշխատեմ, կուղարկեմ: Ոչ ոք թող ոչ մի բան չիմանա:
Հետո երկու կանայք գրկախառնվեցին, ու Անուշը հեռացավ, ավելի շուտ`փախավ`իր ետևից թողնելով կապույտ եթերի մի ամպ:
Գոհարը մինչև ուշ երեկո այդպես էլ տեղից չշարժվեց`սպասելով, թե երազը կավարտվի, և ամեն ինչ կլինի առաջվա պես:
Երազը չվերջացավ, և Գոհարն այլևս Անուշին չտեսավ: Հեռուներից եկող հակասական լուրերն էլ մի օր մարեցին: Շատերի համար Անուշը կորավ ու մոռացվեց:
Միայն մի օր երազում Գոհարը ճարճատուկի ծաղիկներ տեսավ`Անուշի զգեստի նման կապույտ ու նուրբ: Ծաղիկները չէին սազում ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Նրանք պարզապես օտար էին իրենց ցողունի վրա:

Share Button

3 կարծիք

  1. հասմիկ

    apres

  2. Աշոտ

    Նարինեի գրածը կարդալը ժամանակի անիմաստ , անվերադարձ կորուստ է…

    1. Սիրանույշ Օհանյան

      Դրա համա՞ր եք սպամային ջանասիրությամբ ժամանակ շնորհել «ժամանակի անիմաստ, անվերադարձ կորստին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>