Լիլիթ Հակոբյան | ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ՀԵՏ

Մենախոսություն քեզ հետ

Նայե’ք նրան. ասես, կատարելություն լինի, ասես, ոգեղեն արարած լինի, կարծես թե ինչ-որ մեկը կախարդական վրձինով զգուշությամբ ստեղծել է նրա պատկերն ու նրբանկատորեն կերտել կերպարը: Նա միս ու արյունից է և ունի հոգի, ունի զգացմունքներ և հույզեր, ապրումներ և հոգսեր: Նա սիրում է և ատում, ներում և մոռանում, հասկանում և ոգեշնչում, նա օգնում է, նաև` խանգարում:
Աստվա’ծ իմ, նա աննման է, կատարյալ… կատարյալ ու աննման իր առավելությունների մեջ… Այո’, մարդ արարա՛ծ, քո, հենց քո մասին է խոսքը, պետք չէ մտորել այս հանելուկի շուրջ, կյանքն էլ է հանելուկ, դու էլ ես հանելուկ, ամեն-ամեն ինչ հանելուկային է: Բայց դու, դու չտեսնված մի հանելուկ ես, չտեսնված ու չլսված, քանզի քեզ ստեղծել է մեկ այլ` ավելի մեծ ու վեհ հանելուկ` հենց ինքը` ամենաստեղծ արարիչը: Նրանից լավ ոչ ոք քեզ չի հասկանա, իսկ նրան, նրա՞ն ով կհասկանա… Չէ՜, մտածում եմ, մտածում ու հասկանում, որ քեզ հասկանալը բարդ է, բարդ` անհնարին թվալու աստիճան:
Դու մեծ ես, մեծ ու վսեմ, քեզ հասկանալու համար առնվազն պետք է հանճար լինել: Չէ, հանճարներ չկան, հակառակ դեպքում քեզ վաղուց բացահայտած կլինեին: Այդ դեպքում այսքան «ինչու»-ներ և «ինչպես»-ներ չէին ծնվի, այդ դեպքում մենք քեզ հանգիտ կթողնեինք, ու դու ազատ կապրեիր` զերծ ամեն տեսակ դիտարկումներից ու տհաճ փորձերից, կարծիքներից ու վարկածներից, որ այդպես ակտիվորեն հյուսվում են քո շուրջ: Պետք չէ ոչինիչ ասել, ես քեզ հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Երևի տհաճ է անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը և հետազոտությունների թիրախ դառնալը: Ինչո՞ւ խոժոռվեցիր, ինչ-որ բան այն չասացի՞, երևի թեմա՞ն է ցավոտ… Ո՞չ, այդ դեպքում ի՞նչ… Ա՜, հասկացա, դու երևի ինչ-որ տխուր բան ես հիշել, չէ՞ որ դու հիշողություն էլ ունես. Չէ՞ որ դու ամենա, ամենա ես, դու ամեն ինչ ունես, դու ամեն ինչ հասկանում ես, դու չնաշխարհիկ ես:
Այդ ի՞նչ հարցական հայացք է, մի՞թե նորից սխալվեցի: Ներիր, ախր դու էլ ինձ հասկացիր` քեզ հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Դու կարծես արև լինես, այո’, արև: Արևի պես շողում ես, լուսավորում և ջերմացնում շուրջդ, արևի պես շքեղ ես ու նրա պես զուսպ: Բայց դու էլ արևի պես անհասանելի ես, քեզ էլ արևի պես անհնար է մոտենալ թույատրելիից ավելի, հակառակ դեպքում… Չէ՜, հակառակ դեպք չկա, չի կարող լինել, այլ կերպ չի լինում: Դու լուսավոր ես արևի նման ու մութ գիշերվա խավարի պես: Երկուսն էլ հավերժ են, դու էլ ես հավերժ, նրանք գերում են, դու` նույնպես, նրանք խորհրդավոր են, դու` առավելևս…
Այդ ի՞նչ ժպիտ է: Դու ուրա՞խ ես: Դրա համար էլ այդքան հիանում եմ քեզանով: Ախր դու ուրիշ ես, դու կարող ես մռայլվել և հաջորդ վայրկայնին մեղմորեն ժպտալ` թողնելով անցյալում թախիծը: ճիշտ է` այսպես, թե այնպես, այն քեզ ոչինչ չի տա, միայն արցունքներ, իսկ ես լավ գիտեմ, որ դա պետք չի քեզ: Քեզ կյանք է պետք, սեր և բազում հույսեր, քեզ պետք է ապրել և կյանքով լցվել, դու գեղեցիկ ես և քեզ գեղեցիկն է պետք:
Նայի’ր հայելու մեջ, այո’, նայիր, մի’ խուսափիր քեզանից, ինչպես սիրում ես վարվել հաճախ, նայի’ր աչքերիդ արտացոլմանը: Ի՞նչ ես տեսնում. Դու զարմացա՞ծ ես, իսկ ես` ոչ, գիտե՞ս ինչու, որովհետև, դե որովհետև այն, ինչ դու հենց նոր տեսար առաջին անգամ, ես այն տեսնում եմ միշտ, անընդհատ, և զարմանալին գիտե՞ս որն է. ես երբեք դրանից չեմ հոգնում: Ասա տեսնեմ, ինչպես կարող է գեղեցիկը հոգնեցնել, չէ՜, գեղեցիկից չեն հոգնում, գեղեցիկը շատ չի լինում: Այն միշտ սպասված է և ցանկալի, այդպիսին ես և դու: Մի’ փախցրու հայացքդ, նայիր ծով աչքերիդ խորքը, նայիր և կտեսնես հոգիդ: Իրոք, աչքերդ ասես անհուն ծովակներ լինեն, որ ալեկոծվում են ու հանդարտվում: Նայում եմ քեզ ու խորտակվում այդ ծովի անհունում: Բայց չէ՜, ես չեմ վախենում դրա կատաղի ու մեղմ ալիքներից, ուզում եմ նետվել ու սուզվել ծովի հատակը: Գիտեմ, ինչ-որ բան, ինչ-որ մի ձայն մեղմորեն ինձ շշնջում է և հուշում, որ ես չեմ կործանվի, չեմ մոլորվի ականակիտ աչքերիդ ալեկոծ ծովում: Ի՜նչ հայացք է, Տեր Աստվա՜ծ, ասես դրանից խաղաղություն և սեր է հորդում և տարածվում ամենուր: Քո հայացքում ամեն ինչ ասված է, ամեն ինչ պարզ ու հասկանալի և, միևնույն ժամանակ, ամեն ինչ այքան խճճված է ու ծայրաստիճան բարդ:
Այժմ դու լուռ ես, բայց ես զգում եմ, որ հոգիդ աղաղակում է, այն անհանգիստ է, անհանգիստ ու շփոթված… Ճիշտ այդպես լինում է, երբ թռչունների երամում օտար թռչուն է հայտնվում: Բոլորն իրար անցած ուզում են հասկանալ, թե ով է դա և ինչ է ուզում, ինչու է ճախրում իրենց երկնքում: Ես ինձ այժմ օտար թռչունի կարգավիճակում եմ զգում, և չնայած քո սաստող հայացքին, շարունակելու եմ ճախրել «քո երկնքում»: Գիտե՞ս ինչու, որովհետև այն հեքիաթային է, հեքիաթային և անհասկանալի: Այստեղից աշխարհը փոքր է երևում, բայց ավելի շքեղ ու պայծառ գույներով, բայց վերևից այն դատարկ է կարծես, այնտեղ կյանք չկա, այնտեղ չկա սեր: Այնտեղ կան իղձեր, բայց դրանք միշտ էլ իղձեր կմնան, կան և երազներ, որոնք հար-հավետ երազ կմանան: Այնտեղ սպասում են և ոչ թե գործում, այնտեղ հաշտվում են և չեն պայքարում, այնտեղ լռում են և միայն լսում, այնտեղ սպասում են… Քեզ երազ պետք չի, դու կյանքն ես ուզում, ուզում ես ապրել, ուզում ես սիրել, ուզում ես գործել, ուզում ես խոսել, չես ուզում սպասել, այլապես կյանքը կանցնի-կգնա, իսկ դու երազում հավերժ կսպասես, չես կարող սպասել: Այդ դեպքում, ում ես սպասում, ինչու չես լքում հոգուդ կարծր պատյանը, ինչու դուրս չես գալիս արտաքին աշխարհ, ինչու ես խուսափում կյանքից, չէ որ դա չի քո ուզածը: Մի’ հերքիր, ինքս եմ տեսնում, որ խուսանավում ես կյանքի հորձանուտից: Ասա’ ինձ, ինչից ես վախենում, ինչից փախչում… թե… Գուցե մտածում ես, որ կյանքը քեզ համար չէ:
Արտասվում ես, Տե’ր Աստված, ինչ գեղեցիկ է աչքերիդ խոնավ մակերեսը: Դու գեղեցիկ ժպտում ես, գեղեցիկ թախծում, գեղեցիկ ծիծաղում ես, գեղեցիկ արտասվում: Դու գեղեցիկ ես միշտ անընդհատ, ամեն օր: Հետաքրքիր է, ինչպե՞ս է այդքան գեղեցիկը պատսպարվում քո մեջ, որտեղի՞ց այդքան լավը քո մեջ, ինչպե՞ս ես ձեռք բերում, ինչպե՞ս պահպանում: Ա՜, հասկացա, գուցե լավը ոչ թե ձեռք են բերում, այլ ընդունում, իհարկե, ինչպես չէի կռահել. դու այդպիսին ստեղծվել ես և կաս այդպիսին: Դու դա վերևից ես ժառանգել…
Բայց գիտես, ես երկար մտածեցի և հասկացա, որ որ դու այսքան կատարյալ չէիր լինի, եթե անթերի լինեիր: Ինձ ապշեցնում են քո անկրկնելի թերությունները: Ծիծաղելի է, և շատերը կարող են ծիծաղել իմ այս խենթ մտքից, բայց ես դրանից չեմ վհատվում ու չեմ զարմանում: Նրանց զարմանքն ինձ վաղուց չի զարմացնում, ու ես վաղուց անտարբեր եմ անհասկացողության նկատմամբ: Պետք էլ չի, որ բոլորն ինձ հասկանան, ես սովոր եմ չհասկացված լինելուն, ինձ բավական է միայն, որ դու ինձ հասկացար: Ես դա տեսնում եմ քո ժպիտում:
Իմ անկրկնելի բարեկամ, ո’վ մարդ արարծ, հուսով եմ, դեմ չես, որ ես բարձրաձայնեմ քո մի քանի թերությւոնների մասին: Դե՞մ ես, գիտեի, որ դեմ կլինես: Ահա և քո առաջին թերությունը. Դու հաճախ վախենում ես, փախչում իրականությունից, երբեմն չես սիրում ճիշտը, եթե այն դեմ է քեզ: Դու չես կարողանում քո սխալներն ընդունել և հասկանալ, փոխվել, շարժվել, քայլել դեպի կատարյալը: Քեզ համար ճիշտը մեկն է և այն բնականաբար միայն քոնն է: Ճի՞շտ եմ:
«Դու ինձանից ոչնչով չես տարբերվում»,- կարդում եմ քո հայացքում: Այ տեսնո՞ւմ ես, որ ես ճիշտ էի: Ասածներիս շուրջ խորհելու փոխարեն, միանգամից պատասխան հարվածն ես հասցնում: Գուցե մտածեի՞ր ասածներից մասին, հնարավոր է այնտեղ ճշմարտության գեթ մի նշույլ գտնեիր: Բայց չէ, դու նախընտրում ես միանգամից ինձ լռեցնել: Դու երևի մտածում ես, թե ինչո՞ւ եմ այսքան հետաքրքրվում քեզանով, ինչո՞ւ քեզ հանգիստ չեմ թողնում: Գիտե՞ս, դու էլ ես այդպիսին, դու էլ ես սիրում ուրիշների կյանքով հետքրքրվել, կրծել, բամբասել, քննադատել, ինչու չէ, նաև զրպարրտել… Ասա’ ինձ, ինչո՞ւ է այդպես, քեզ քո կյանքը բավական չէ, ինչու ես ուրիշների կյանք ներխուժում: Նորից նախընտրում ես ինձ չլսել…
Եթե քո նժանավոր կշեռքի մի նժարին դնես քո թերությունները, իսկ մյուսին իմը, ապա իմ նժարն անհամեմատ ծանր կլինի քոնից: Ու գիտես, թե ինչն է հետաքրքիր, այն որ իմ կշեռքով բոլորովին այլ տվյալներ են ստացվում. իմ կշեռքին քո թերությունների նժարն է ծանր: Մեկ այլ հետաքրքիր դիտողություն. Այս ամենից հետո արի փորձենք ճշտել, թե ում կշեռքն է ավելի ճշգրիտ: Անիմաստ է, մեկ է` մենք համաձայնության չենք գա` իմ կշեռքը կմնա ճշգրիտ, քոնը` առավելևս: Լավ, բա ինչպե՞ս պարզենք այս խնդիրը: Արի կանչենք մի երրորդ անձի… Բայց ինչքան մեծ եղավ երկուսիս հիասթափությունը, երբ այդ ոմն մեկն սկսեց չափումներ կատարել իր երեք նժարանի կշեռքով, որտեղ նժարներից ամենաթեթևն իրենն էր, իսկ մերը բնականաբար ծանրությունից գետնին էր հավասարվել: Հասկացանք, որ անօգուտ է: Արի վերջ տանք այս խեղկատակությանը, քանի դեռ գործը չի հասել առնվազն վեց միլիարդ նժար ունեցող կշեռքին: Տեսնում ես, որ բոլորս կատարյալ ենք և բոլորս ճղճիմ ու ինքնամեծար:
Եթե անցկացվեր ինքնամեծարման երեկոյի մրցույթ, ապա երբեք էլ չէր որոշվի իրական հաղթողը. նախ որովհետև մրցույթին մասնակցելու հայտերը չափազանց շատ կլինեին (ինքնամեծարման պես մի բան լին, էնպես մեզ մեծարենք, որ բոլորը շշմեն), հետո էլ մեկը մեկից ճոխ ու «իմաստալից»: Դե արի ու որոշում կայացրու… Ի վերջո, կայացվում է ամենաարդար և տրամաբանական վճիռը, մրցույթի դատավորը հնչեցնում է այդքան սպասված և բոլորովին անսպասելի արտահայտությունը. «Այս մրցույթում հաղթում եմ ես»… «Ե՜ս, ե՜ս, ե՜ս…» հնչում է պատասխան դատավորին: Եվ այսպես, մրցույթում պարտվում են բոլորը: Այսպես լինում է, երբ բարձրագույն էակները` մարդիկ, ի վերջո համաձայնության չեն գալիս այս կամ այն հարցի շուրջ, այսպես լինում է հաճախ, չէ, այսպես լինում է միշտ:
Մենք մի շատ կարևոր գործոնի մասին մոռացանք: Այն քեզ ղեկավարում է, եթե անգամ դու համաձայն չես, բայց մեկ է դա այդպես է: Փողը… Այն կարող է ոտնահարել քո բոլոր սկզբունքները և ամբիցիաները և դառնալ քեզ համար սկզբունք: Այն կարող է քեզ թելադրել, և քո պատմության մեջ երևի առաջին անգամ դու անտրտունջ կենթարկվես գոնե մեկին` նրան: Նա է որոշում քո ընկերներին այսօր և որոշում, թե ովքեր են լինելու քո կողքին վաղը, իհարկե, եթե փող ունես, հակառակ դեպքում, այսօր էլ վաղն էլ մենակ կլինես դատարկ գրպանիդ հետ միասին:
Ակամայից մի դեպք հիշեցի, թույլ կտա՞ս պատմեմ… Ների՛ր, մոռացել էի, որ դու ուրիշներին լսել չես սիրում, դու ուզում ես խոսել, և բոլորը պետք է քեզ լսեն: Այնուամենայնիվ, ես այն կպատմեմ, որովհետև ես քեզանից ոչնչով չեմ տարբերվում:
Մի օր բախտն (եթե, իհարկե, այդպիսին գոյություն ունի ընդհանրապես) ինձ ժպտաց, և ես մեծ գումար շահեցի լոտոյի խաղարկության ժամանակ: Օ՜, բոլորը հանկարծ ինձ հիշեցին, ծանոթ-անծանոթ վազեցին շնորհավորելու: Պարզվեց, որ բոլորն ինձ շատ են սիրում և բոլորին փող է պետք: Անտանելի էր այդ հարկադրված շփումը հասարակության տականքի հետ: Շուտով բախտն ինձ երկրորդ անգամ ժպտաց, բայց ավելի հաճելի ժպիտով. խեղճ մարդիկ, որքան մեծ եղավ նրանց հիասթափությունը և որքան մեծ իմ ուրախությունը, երբ հայտնեցին, որ սխալմունք է տեղի ունեցել, և շահողը ես չեմ: Սպասվածին համաձայն, բոլորն ինձ շուտով մոռացան և դադարեցին սիրել, առաջվա պես: Հրաշալի է: Ոչնչություննե’ր, և դուք անամոթության ամբիոնից ամենաբարձրն եք խոսում բարոյականության մասին: Ճղճիմ արարածներ:
… Այո’, մենք այդպիսին ենք, և այդպիսին է կյանքը: Այդպիսին եմ ես, այդպիսին ես դու, բոլորը, բոլորը… Բայց միևնույն է, դու աննման ես, դու գեղեցիկ ես, վեհ սքանչելի հենց միայն նրա համար, որ դու մարդ ես: Մարդ, և քեզ նման երկրորդը չկա այս կյանքում, չկա ոչ մի տեղ, չի եղել երբեք և չի լինի այլևս: Եվ գիտես ինչ` ես սիրում եմ քեզ…

1 մեկնաբանություն

  1. Lilit jan, inch asem, iskapes molorvac em, gitem vor ansahman hetaqrqir mard es, gitem vor anhun es qo eutyamb, bayc aysqan aprumner, aysqan khor ashkharh@nkalum qo ed poqrik u qnqush marmnum, aydqan hzor kyanqi porc u verlucutyun @ndamen@ mi eritasard axjnaki anporc kyanqum? Apshel kareli e… barer chunem, khosq chunem, im pstik @nkeruhi, qez ansahman stexcagorcakan mitq u anspar ser… grkum em jerm, sirum em qez shat…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի