Բենիկ Ստեփանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բենիկ Ստեփանյան

Բենիկ Ստեփանյան

 

* * *

Նեկտարառատ ապրումներս եմ

Միայն հանձնում սպիտակ թղթին.

Զի մեղու են Պոետները

Ծաղկափեթակ` Սպիտակ թղթին:

 

 

 

 

* * *

Թիրախը

ամենակուլ գազանի`

անզգեստ

բայց ոչ մերկ

ու ո’չ ոտաբոբիկ…

Հայացքը

աշխարհին նորեն.

խնդրում է, բայց արդ

պահանջում նույնիսկ

«արդարություն»…

Բայց ավելի շատ

մոտենալու, հասնելու

հավաքվելու

իր առանցքի շուրջ:

Գազանն էլ ամենակուլ

երազում է ուղղել

հարվածն իր ամենադիպուկ

նշխարված սրտին

անհաղթ թիրախի:

 

 

ՄՇՏԱՆԵՐԿԱ ԻՄ ԲԱՐԵԿԱՄ

 

Ողջույն, Չարե’նց

մշտաներկա իմ բարեկամ

ես էլ քեզ պես պոետ եմ խենթ

որ ծնվել եմ

նախորդ դարի նախավերջին տասնամյակում

հենց մարտ ամսին` քո ծննդից մեկ օր հետո:

Նախ ներիր ինձ

նաև նախորդ սերունդներին

դարավերջը հաղթական էր

սակայն Կարսը, բնօրրանդ

գերի է դեռ…

Անկախությամբ մտանք նոր դար

արդեն` երրորդ հազարամյակ

սակայն այնպես

ինչպես հազար տարի առաջ

Բագրատունյաց Հայաստանում

անմիաբան…

Չարե~նց

մշտաներկա իմ բարեկամ

եթե անգամ

կշռենք աշխարհի

բոլոր անապատների

ավազահատիկները մեկ-մեկ

ու հիմա` մեկ դար անց

տանենք լցնենք բոլորը

Դեր-Զորի ավազների վրա

կգոյանա մի լեռ

լեռ-մահարձան

սակայն նորից

դուրս կելնեն` հանց հրաբուխ

անթաղ մասունքները մեր սուրբ:

Չարե’նց

մշտաներկա իմ բարեկամ

թե պիտ նորից չբռունցքվենք

արեգակից քո շիկացած

զուր էր ջանքդ…

ու ես հիմա

բոց եմ խնդրում

որ տաղերգեմ` նորից ելնենք

Արևանանք:

 

 

* * *

Ոչ, չեն եղել ու չեն լինի պատերազմներ

ընտանիքներ ու որսորդներ

նաև զենքեր

իմ հնարած մոլորակում

ուր պատկերացումը կյանքի մասին

երջանիկ ապրելն է միայն:

Պատրաստվում եմ տեղափոխվել այնտեղ

վաղուց եմ տենչում

այնտեղ էլ կհրատարակեմ

այստեղ գրված վեպս

ընտանիքի, ճակատամարտերի և

զենքերի մասին:

Եվ այսքանից հետո

կանխազգում եմ, սակայն

որ քարկոծվելու եմ

ու կախաղանի եմ

արժանանալու

իսկ լավագույն դեպքում

վտարվելու եմ իրենց մոլորակից:

 

 

ԱԶՆԻՎ ՑՈՐՅԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՏԻԿ

 

Օրերում այս երբ

ցորյանանման որոմները բիրտ

մեզ «ընկեր» դարձան նաև ամբարում

լավ է հեռանա’նք,-

այսպես վճռեցին

ազնիվ ցորյանի մի քանի հատիկ:

 

… ՈՐՊԵՍ ՏԱՆՋՈՂ ՀՈւՇ

 

Ամռան գալուստը քաղցր էր, սպասված

Շքեղ թթենին` ճոխ մեղվափթակ

Ծորուն մեղրով էր մեզ հյուրասիրում

Մենք էլ նրանից չէինք կտրվում:

 

Մեր բակի համար թթենու ծառը

Ամռան զարմանք չէր. խորհրդանիշ էր

Բորենին անգամ կսիրահարվեր

Նրա թովչանքին, աննման համին:

 

Թթենու ծառը հանել են վաղուց

Ջարդել վառել են սիրտը հին բակի

Էլ չկա’ ծիծաղ, ժիր իրարանցում

Մնացել է նա` որպես տանջող հուշ:

 

2 մեկնաբանություն

  1. hianali e

    1. sat gexecik en toxern

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի