Լիլիթ Հակոբյան | ՄԵԿ ՕՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Տե՛ր աստված, այս ինչ ձայն է այսպես անողոքաբար սղոցում նյարդերս: Բայց իմ առջև բացվող տեսարանն ավելի զզվելի ու նողկալի է: Հիմա հասկանում եմ, որ պատրաստ եմ ամենաթանկ գինը վճարելու, որպեսզի երբեք այլևս այս տեսարանի ականատեսը չդառնամ: Իսկ նա երևի չի էլ կասկածում, թե որքան տգեղ է ինքը, բայց, իհարկե, ոչ ֆիզիկապես, այլ բարոյապես: Նրա բերանի անդուր շարժումներից հասկացա, որ բերանում գլխի մեծության մաստակ կա, որից նա չի պատրաստվում հրաժարվել առաջիկա 3-4 ժամվա ընթացքում. «տրամաբանական է»: Ատում եմ մաստակի գյուտը: Այնպիսի տպավորություն է, որ պատրաստվում է կուլ տալ դիմացինին: Խորհուրդ կտամ ձեր անվտանգության համար որոշակի հեռավորություն պահպանել, գուցե հաջողվի փրկվել: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, կշարունակեք նրան շատ լավ լսել. չէ՞ որ նա այնքան բարձր է խոսում, որ ձայնը տարածվում է մոտ 30 մետր շառավղով: Ես մի պահ նրա բարձր ձայնից սարսափեցի, իսկ նա պարզապես զրուցում է: Այս տհաճ իրադրությունից մի ելք պետք է լինի՞, թե ոչ: Որոշեցի մոտենալ և պարզապես խնդրել, որ գոնե ցածր խոսի: Ես, իհարկե, շատ քաղաքավարի հայտնեցի նրան խնդրանքս, ու նա ինձ կլսեր, եթե ականջներին ականջակալներ չլինեին: Իսկ նա լսում էր մի երաժշտություն, որը, իհարկե, Շտրաուս չէր: Եթե ականջներդ չփակեիր, երևի նկատեիր կողքիդ մի կերպ կանգնած ծերունուն, որ սպասում է, բայց ինչի՞. չէ՞, որ դու այնքան հարմար ես տեղավորվել ու չես էլ ուզում շարժվել: Այս մի քանի րոպեներն ինձանից մի ամբողջ կյանք խլեցին, իսկ ես դեռ հույս ունեմ…
Անտանելի է, կյանքն անտանելի է դարձել: Կյանքը դարձել է սոսկ մի գոյություն, ու մենք ապրելու փոխարեն գոյություն ենք քարշ տալիս: Թերևս միշտ է այդպես եղել, իհարկե, ինչպես գլխի չէի ընկնում, միշտ է այդպես եղել, ոչ մի շարժ չկա, ասենք, շարժվելու տեղ էլ չկա: Մի դատարկ տխմար իր դատարկ օրերից մեկի ժամանակ հեռուստացույցով լսում է (որովհետև նրա միակ զբաղմունքը հեռուստացույցի դիմաց օրեր մաշելն է) մի ծերուկի, ով շատ թե քիչ պատկառելի տեսք ունի, և որոշելով, որ նա ճիշտ է ասում` կառչում է նրա խոսքերից ու մտքերից: Դատարկ արարա՛ծ, պետք է սեփական կարծիք ունենալ: Գոնե գիտե՞ս, որ այդ պատկառելի ծերուկը մի քանի ժամ առաջ կլորիկ գումարի դիմաց ևս մի հիմարի դիպլոմով ապահովեց` ևս մեկ քայլով մոտեցնելով մեզ կործանման: Ահա, թե ուր ենք գնում: Բայց դու ինձանից մի նեղացիր. քո և այդ դիպլոմավոր փքված հիմարի միջև եղած միակ տարբերությունը, թերևս, միայն դիպլոմն է` սոսկ մի փաստաթուղթ, որը դու էլ կունենայիր, եթե պապայիդ գրպանի կամ, ծայրահեղ դեպքում, գլխիդ պարունակությունը ներեր: Ինչ-ինչ, բայց վերջինը քեզ չի սպառնում: Դժվար թե քո խղճուկ գլուխը դիմանար այդ ծանրությանը: Հիմա կասես. “Համա թե բախտս բերել է”: Իհարկե, ուղղակի մեր բախտն այս անգամ, մեղմ ասած, չի բերել, որովհետև քեզ նման անմեղ մեղավորների ներկայությունը պետք է հանդուրժենք: Մեղավոր ես, որովհետև այդպիսին ես, բայց անմեղ ես, որովհետև քո տեսակի մեջ միակը չես: Դու երևի կարծում էիր, թե «ունիկալ դեմք ես», բայց արի ու տես, որ քո նմանները լճացել են մեր հասարկությունում ու դեռ լճանալու են: Դու երևի չես էլ կասկածում, թե որքան շատ եք դուք, շատ եք ու դատարկ: Այնքան շատ եք, որ ամեն քայլափոխիս ձեզ եմ հանդիպում:
Ինչ-որ մեկը երևի էքստրիմի սիրահար է, որ մեքենաների տակով, միջով և վրայով անցնում է փողոցը, գնում բոլորիս պաշտամունքի առարկա անկրկնելի խորովածը և վայելում այն մի երաժշտության ներքո, որը, իհարկե Շտրաուս չէ: Նորից ծամում է այնպես, ասես, պատրաստվում է դիմացինին կուլ տալ. չեմ հասկանում, քեզ քո հսկա ուտեստը բավական չէ՞:
… Այլ հանգամանքում և այլ պայմաններում մենք երևի երկու ավտոբուսում հազիվ կտեղավորվեինք, բայց քանի որ սիրում ենք սրա-նրա գիրկը նստել, ընկնել, պառկել ու էլի նման բաներ, ուստի բոլորս խցկվեցինք մի երթուղայինի մեջ ու մեզ համար հանգիստ մի ոտքի վրա կանգնած գնում էինք, մեկ-մեկ ընկնում էինք, մեկ-մեկ դուռն էր բացվում, ու մենք էլի ընկնում էինք, կամ էլ մեկը հավեսով կանգնում էր ոտքիս, ու երբ խնդրում էի ոտքիցս հեռու գնալ, լսում էի հետևյալ պատասխանը. «Լավա, շնորհակալություն, հարմարա»… Է հա, գիտեմ, որ ձեզ հարմար է, իսկ ինձ էլ դեռ իմ ոտքերն են պետք… Կամ էլ մեկը ջանասիրաբար քաշում էր քիթս, ոչ թե նրա համար, որ այն նրան դուր էր եկել, ոչ, բոլորովին, այլ ուղղակի բռնելու այլ հարմար տարբերակ չէր գտել… Կարող էր ավելի վատ լինել, ասենք, ականջներս ընկնեին նրա ձեռքը, օ՜ չեմ ուզում պատկերացնել, այս անգամ բախտս բերեց: Լավ ինչ որ է, մեզ համար համերաշխ իրար քաշքշելով գնում էինք` լավ թե վատ, բայց շուտով տուն էի հասնելու, ու դա ինձ երջանկացնում էր, ու ես չէի էլ մտածում այն մասին, որ քիթս էլի մի քանի միլիմետրով երկարեց, չէ որ ինձ տաքուկ սենյակս ու մի գավաթ թեյն էին սպասում: Է՜հ, տեսնես թխվածքաբլիթ մնացել է: Այ դա կփոխհատուցեր այսօրվա բոլոր տանջանքներս: Այսպես ինձ համար երազում էի, որ գոնե ճանապարհը կարճեր, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի: Ինձ սենյակիցս ու տաք թեյիցս բաժանեցին մեր անկրկնելի վարորդի գոռգոռոցները: Լավ, է՜, վարորդներն էլ են մեղք, տեսնես ո՞նց են այդքան գույնզգույն հայհոյանքներ հիշում ու մի վայրկյանում ամբողջը մի շնչով ասում, բա առոգանությո՜ւնը… Ամեն ինչ տեղը տեղին: Երևի դրա համար էլ հատուկ դպրոց է պետք անցնել, ասենք «քուչի» դպրոցը: Սրանք հեչ… Պարզվեց, որ տուն հասնելու երազանքս իրատեսական չէ: Բոլոր ուղևորները ստիպված մի քանի կանգառ ուշ էին իջնում, որովհետև մեր բարձրաճաշակ վարորդը խլացնելու աստիճան բարձր միացրել էր մի երաժշտություն, որը, իհարկե, Շտրաուս չէ. բա հո դա թողած, մեզ չէր լսելու: Ինքս ինձ որոշեցի, որ մի քանի կանգառ շուտ կասեմ, դե ապահովության համար, մեկ էլ տեսար, հենց իմ կանգառում բախտս բերեց, ու լսեց, եսիմ: Բայց սպասեք, մինչև իջնելս խնդրեմ, որ չծխի, իմ իրավունքն է, հետո ինչ, որ իջնում եմ, դժվար էլ ինձանից բացի, ինչ-որ մեկն ասի այդ մասին: «Խնդրում եմ, պարոն, մի՛ ծխեք»… Արդյունքում մի քանի կանգառ շուտ իջա. «Դուրդ չի գալիս, իջի մեքենայից»: Փաստորեն միայն ինձ դուր չէր գալիս, ու ես մնացած ճանապարհը որոշեցի ոտքով գնալ: Երկրորդ անգամ չէի ուզում ինձ այսքան ցածր զգալ` քիթս քաշողների, ոտքերիս վրա տեղավորվողների, հայհոյողների ու ծխախոտը պաշտողների ներկայությամբ. մեկ է, որ երթուղայինն էլ նստեի այդ պահին, սրանց պակասը չէի զգալու:
Արդեն հույս կա, հասնում եմ, կարծես, իսկ ես հույսս կորցրել էի: Կարևորը, որ քիթս ու ոտքերս տեղում են, ուրեմն այսօր էլ կարողացա կռիվ տալ ու չկորչել: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ: Արդեն հասնում էի, երբ մի թանկարժեք մեքենա եկավ ու կանգնեց ջրափոսի մեջ: Իսկ ես այսօր լավագույն զգեստս էի հագել: Ես նորից սպասում եմ, բայց ինչի՞ն: Չէ՞ որ ներողությունը նրանց համար չէ, ուրեմն ես ներողություն խնդրեմ, որ թաթախվեցի ցեղի մեջ ու շարունակեմ ճանապարհս: Վաղը զգեստս կուղարկեմ քիմիական մաքրման ու այն նորից նոր տեսք կունենա: Դե ես չեմ կարող գնել այս մեքենայի տիրոջ պապայի խանութի թանկարժեք զգեստները ու դրա համար էլ ես եմ ներողություն խնդրում ու գնում տուն: Չնայած արդեն հույսս կորցրել էի… Իսկ մեքենայից բարձր հնչում էր մի երաժշտություն, որը, իհարկե, Շտրաուս չէր:
Տանն եմ, հիանալի է, թող անցած լինեն բոլոր անհարմարությունները, որ այսօր ինձ ստիպեցին հուսահատվել, այժմ իմ տաքուկ տանն եմ ու շուտով նորից ուժերս կհավաքեմ ու կշարունակեմ կյանքն առաջվա պես ուժգին սիրել, զարմանալի բան է կյանքը… Բայց ոնց որ տունս այնքան էլ տաքուկ չի… Է՜հ, հիմարի մեկը, առանց կոմունալ վճարումները կատարելու ուզում ես տաքուկ տուն ունենալ: Փաստորեն թեյից էլ զրկվեցի: Ինձ շտապ աշխատավարձ է պետք, բայց նախ աշխատանք, հետո նոր աշխատավարձ, այդպես ավելի տրամաբանական է: Լավ Լիլիթ, մի հուսահատվիր, դու թեյ չունես, բայց քեզ քունն է սպասում, քո անուշ քունը, որը կցրի ողջ մռայլությունը, ու նոր օրը իր հետ նոր մաստակներ ու նոր երթուղայիններ կբերի իրենց նոր վարորդներով, ովքեր արդեն թարմացրած կլինեն իրենց հայհոյանքների հարուստ պաշարաը… Է՜, ինչ եմ հիմարություններ դուրս տալիս, ավելի լավ է քնեմ, գոնե քունս ոչ ոք ինձանից չի խլի… Երևի… Ինչ միամիտն եմ ես, ինչպես կարող եմ քնելու մասին մտածել, երբ պատուհանիս առջև վխտում են նրանք` մեր անկրկնելի հերոսները, ովքեր նոր-նոր սկսել են իրենց գիշերային խրախճանքը և ուրախանում են մի երաժշտության ներքո, որը, իհարկե, Շտրաուս չէ:

2 comments

    • Marine Khachatryan on 14 Դեկտեմբերի, 2011 at 10:33 ե.
    • Reply

    Լիլիթ ջան կյանքը և հեշտ է և բարդ, նայաց թե դրան ինչ աչքերով կնայես…

    • Anonymous on 14 Դեկտեմբերի, 2011 at 11:29 ե.
    • Reply

    Lil jan felietond hoyakap er stacvel,shat dipuk achq unes,gracd shat dastiarakchakan nshanakutyun kunena,ete mer aysorva vay-eritasardner@ haskanan….

Թողնել պատասխան

Your email address will not be published.