Սիրանույշ Օհանյան | ՄՈՒՏՔ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

Երբ արքայության սուրհանդակները եկան կանչվածի հետևից, նա դեռ պառկած էր բերանքսիվայր՝ ամուր գրկած այն ամենը, ինչ մնացել էր հրդեհից հետո։ Կանգնած նրա թիկունքում՝ ավետաբերները կարճ հայացքներ փոխանակեցին։ Ապա սուրհանդակներից մեկը զգուշորեն շրջանցեց այն ամենը, ինչ մոխրի տեսքով սփռված էր կանչվածի շուրջը, և խոնարհվեց նրա առջև։ Առաջին սուրհանդակն ասաց.

— Եկավ ժամը, և դուռը բաց է քեզ համար։ Մե՛նք ենք քո ավետաբերները, մե՛նք ենք քո ուղեկցորդները։ Գնանք մեզ հետ։

Իսկ կանչվածը պառկած էր կիսափակ աչքերով, և շարունակում էր հիշել ու հորինել շատ բաներ, որ ունեցել էր կամ չէր ունեցել հրդեհից առաջ։ Առաջին սուրհանդակը հասկացավ, որ ժամանակը չէ։ Նա նորից կարճ հայացքներով խորհրդակցեց ուղարկվածների հետ։

— Արքայությունը քոնն է,- մեղմ կրկնեց նա,- միայն քոնը։

Կանչվածը պառկել էր ունեցվածքի մոխիրների մեջ։ Հիմա դա՛ էր իր ողջ ունեցվածքը։ Նրան արքայությունն էր սպասվում. այդ արքայությունը և՛ որոնված էր, և՛ խոստացված, և՛ շնորհված։ Նրան թվում էր, թե նվաճել է այն։

Բայց նրա ողջ ունեցվածքն այրվել էր անտեսված ծխախոտի պատճառով, և հիմա անթարթ նայում էր այրված հարստություններին։

— Ինչի՞ս է պետք արքայությունն առանց անփոխարինելի դարձած իրերի, — մրմնջաց նա։ Առաջին սուրհանդակն անհանգստացավ.

— Մոռացիր այդ մասին,- իբր թե կարեկից՝ ասաց,- միևնույնն է՝ դու մերկ ու անինչք պետք է մուտք գործես այնտեղ։

— Նա չի ուզում հասկանալ ինձ,- մրմնջաց կանչվածը,- ես բացառություն եմ։ Իմ ունեցվածքի համար պետք է բացառություն արվեր։ Ես ոչինչ չունեի նյութապաշտություն հարուցող կամ անազնիվ մտքեր ներշնչող։ Դրանք պարզ, գեղեցիկ, փոքրիկ հաճույքներ էին պատճառում ինձ։ Ես չեմ կարող առանց դրանց ապրել նույնիսկ արքայությունում։ Եվ ի՞նչ արքայություն առանց դրանց։

— Ինչ էլ որ պատահի,- ասաց երկրորդ սուրհանդակը,- արդեն պատահել է։ Ես տեսա, որ քեզ համար ծանր էր լինելու հաղթահարել կապվածությունը։ Երջանիկ եղիր, քանզի պատահականությունը հօգուտ քեզ լուծեց քո ամենադժվար խնդիրը։ Այժմ ազատ ես։ Գնա՛նք։

Բայց կանչվածը խնամքով մի բուռ մոխիր վերցրեց և ասաց.

— Ստո՞ւմ ես։ Դո՛ւք եք ինձ սովորեցրել, որ չկա պատահականություն։ Դո՛ւք եք պատասխանատու հրդեհի համար։

Առաջին սուրհանդակը հայացքով ասաց սուրհանդակներին. «Ես անհանգստանում եմ նրա ապագայի համար»։

— Լավ,- ասաց կանչվածը,- կգամ։ Մոխիրը հավաքեմ և ճանապարհ ընկնենք։

— Ուշ է,- պատասխանեց արքայության երրորդ սուրհանդակը,- մոխիրը քամին կհավաքի։ Դու չպետք է անհանգստանաս։ Արքայություն տանող ճանապարհը հազիվ ոտք դրած՝ այս աշխարհն ակնթարթորեն փոշիանալու է։ Ոչինչ պետք չէ հավաքել։

— Հենց դրա համար էլ ցանկանում եմ մոխիրը հավաքել։ Հիշատակ եմ ցանկանում վերցնել։

Եվ հիշեց, թե ինչպես սկսվեց տան կառուցումը։ Ինչպես օրուգիշեր փորեց հիմքերը։ Հենց այս ձեռքերը, որ հիմա սեղմում են մոխրափոշին, այն ժամանակ բահի տեղ ծառայեցին կանչվածին։ Ձեռքերով դժվար էր փորել կարծր հողը, իսկ իր ցանկացած խորությանը հասնելը երկար ժամանակ խլեց։ Մինչ փորում էր առանց ուշադրություն դարձնելու եղանակների փոփոխությանն ու ժամանակի բերած ավերածություններին, արդեն փորված հատվածները լցվեցին աղբով։ Հետո, տարիներ շարունակ, կանչվածն ապրեց բաց երկինքների տակ՝ սպասելով, թե երբ խորը հիմքերը աղբով կլցվեն գեթ այնքան, որ կկարողանա առանց վնասվելու իջնել ու մաքրել կուտակվածը։ Սպասումը կարճելու համար ինքն էլ սկսեց տան հիմքերը լցնել ամեն տեսակ թափոններով, մինչև որ հնարավոր դարձավ, պռունկից կառչելով, սողալով իջնել աղբակույտի մեջ և անդուլ աշխատել՝ մաքրելու համար տարիներով կուտակված անպետքությունները։ Երբ ավարտեց, դուրս եկավ դեպի հողի մակերևույթը տանող թունել փորելով։ Այդպես էլ չհասկացավ, թե ինչու էր տարիներ շարունակ սպասել աղբի կուտակվելուն, մինչդեռ կարող էր դրսից, հողի մակերևույթից թունել փորելով իջնել ներս։

Ծանր աշխատանքով փորած, ապա կեղտոտած ու մաքրած հիմքերը լցրեց աշխարհիս ամենահուսալի, ամենակայուն ջարդոններով։ Ապա կառուցեց իր տունն ու ապրեց՝ որոնելով արքայության ճանապարհը, որը պետք է սկսեր հենց իր տանից. այդպես էր ասել գուշակուհին։

Հիմա սպասում էին սուրհանդակները, իսկ նա բռել էր մոխիրն ու նայում էր անտեսանելի հիմքերին՝ կորած խարույկի մնացորդների տակ։ Առաջին սուրհանդակն անհանգիստ պտտվեց տեղում, և կանչվածը սթափվեց։ Նրանք բոլորն իր վճռին էին սպասում։

— Գնա՛նք,- ասաց կանչվածը։

— Գնա՛նք,- կրկնեցին արքայության սուրհանդակները։

— Դու մերկ ես մտնելու արքայություն,- հիշեցրեց երկրորդ սուրհանդակը։

— Ուրեմն պահիր այս մի բուռ մոխիրն ինձ համար,- աղաչեց կանչվածը,- այնտեղ կվերադարձնես։ Դու կարող ես։

— Դու միայնակ ես մուտք գործելու արքայություն,- ասաց երկրորդ սուրհանդակը։- Դու մենակ ես լինելու։ Մենք այլևս չենք հանդիպելու։ Մոխիրը չպետք է կապ դառնա քեզ համար։ Դու պետք է ազատ լինես ամեն տեսակ կապվածություններից և պարաններից։

Սիրտը սառչում էր։ Կորուստի մտքից խենթացած՝ կանչվածը շրջվեց։

 

* * *

— Գնանք,- ասաց առաջին սուրհանդակը։ Նրա ժամանակը դեռ չի եկել։ Նա մի ողջ հավերժություն ունի՝ մտորելու և աղի կապանքները թոթափելու համար։

Նրանք հեռացան՝ հրդեհի վայրում թողնելով մարդկային աչքերով աղե արձանը։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.