«

»

Հուն 12 2008

Տպել Գրառում

Խորեն Արամունի | ՍՏՎԵՐԱՑԱԾ ՄԱՐԴԸ

Հարյուր քսան փաունդանոց, վաթսունը բոլորած սևամորթ մի անտունի էր, անգլերենով ասում են homeless: Չգիտեմ homeless բառը ինչքան անցյալ ունի, բայց ԱՆՏՈՒՆԻ- ին մեզ, հայերիս համար, հարազատ դարձած պատմական բառ է, դարերի խորքը տանող բառ, այն նաև հայկական ժողովրդական երգի ինչ որ տեսակի անվանում է։ Homeless ասելիս պատկերում ես քաղցած, կեղտոտ ցնցոտիներով, տարիներ օճառ չտեսած, փողոցի անկյուններով թրև եկող մարդու, որի ժանգոտված հատ ու կենտ ատամների արանքից ծորացող թարախախառը լորձը կախվելով շուրթից, մաշկին սոսնձված մորուքի վրայից անցնում, թրջում է անցորդների Վերսաչի կամ Ջորջիո Արմանի թանկարժեք փողկապներ։

***
Սովորականի պես արթնացավ։ Ինչ նշանակություն ուներ, թե ժամը քանիսն է, պարզապես արթնացավ ու ստվարաթղթի տակից դուրս սողաց, այնպես, որ հարևանին չխանգարի։ Նա հագնված էր, մի պահ կանգնեց, նայեց չորս բոլորն ու հայհոյեց, թե ո՞ւմ.. Մի քանի ստվարաթուղթ այն կողմի հարևանը ևս հայհոյեց։ Այս «բարի լույս» և «Աստծո բարին» տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, բայց մարդիկ բոլորն էլ քնած էին, ոչ ոք չլսեց, լսելու ցանկություն էլ չցուցաբերվեց։
Homeless-ը դանդաղ շարժվեց դեպի աջ, դեպի իր հայհոյանքին պատասխանող հարևանը, հասնելուն պես ասաց՝ Fuck you և օրորվելով շարունակեց ճանապարհը մինչև առաջին խաչմերուկը։ Խաչմերուկի անկյուններից մեկը փոքրիկ այգի հիշեցնող պուրակ էր։ ժանգոտված մետաղյա նստարաններին կծկված բախտակիցները լուռ նստել, ննջում կամ կիսարթուն օրորվում էին։ խոսելիք չունեին։ Կարծես ինչ որ պետքն էր միանգամից ասել ու պրծել էին, միայն երբեմն-երբեմն հայհոյում էին, չէին կարող չհայհոյել, հայհոյանքի անսպառ պաշար ունեին, ամեն վայրկյան, ամեն քայլափոխի, տեղին ու անտե… հայհոյում էին, հայհոյանքը կենսունակություն էր, դրանով էին զգում, որ իրենք կենդանի են, գոյություն ունեն։ Homeless-ը կանգ առավ։ Գլուխը կախեց, անշարժացավ, աչքերը փակվեցին։ Օրորվեց, ընկնում էր։ Իմի եկավ։ Շուրջը պտույտ գործեց, նայեց հեռուները, նրա հեռուները հարյուր մետրից չէին անցնում, դա նաև իր կյանքի շառավիղն էր։ Շարժվեց, ամենահեռուն չհասած առանց զիպի տաբատի տակ ինչ որ բան փնտրեց, գտավ, եթե մետաղ լիներ հաստատ ժանգոտված ու վաղուց պոկված կլիներ, սա էլ էր աշխարհից խռոված, վաղուց մոռացել էր ազնվագույն պարտականությունները կատարելու հաճույքը։ Հավատարիմ շան նման տիրոջը մենակ չթողնելու համար, նրա երկու ոտքերի արանքում ծվարած քարշ էր գալիս։ Ամեն անգամ լույս աշխարհ գալուց փղձկում ու նորից վերադառնում էր իր «բույնը»։Homeless-ը միզում էր աշխարհի վրա։ Մեզը ճանապարհ կտրեց, անցավ երկու ոտքերի արանքից, ցնցվեց, ցնցեց նաև «հավատարիմ շանն» ու բարձիթողի նստեց նստարանին։ Նորից նայեց հեռուն, նորից գլուխը կախվեց, ցնցոտիների գրպանից հանեց տափաշիշը, հանգիստ բացեց կափարիչը, մի կում արեց, փակեց ու գրպանը խոթեց։ Գտավ։ Աչքը ընկավ դեմն ընկած «հավատարիմ շանը»։ Հայհոյեց, փորձեց խոթել տեղը, փափկություն զգաց, վաղուց փափկության համը չառած մարդը ուզեց շոյել խռիվ մազերի մեջ թաքնված «հավատարիմ շանը», «շունը» շոյվեց, կենդանության նշույլ ցուցաբերեց, տիրոջ դեմքին գոհունակության թեթև ժպիտ շողաց ու նորից հայհոյեց։ «Շունը» ավելի աշխուժացավ, գլուխը բարձրացրեց, հայացքը տիրոջ հայացքին ինչ-որ բան աղերսեց, տերը հայհոյեց ու նորից տափաշիշը հանեց, կում արեց ու նորից գրպանը խոթեց։ «Շունը» խեղճացավ, կծկվեց, գլուխն իր մաշկի տակ առած նորից քուն մտավ։ «Դու ինձանից բախտավոր ես, fuck you , տեր ունես, բույն ունես, բայց նորից շատ բաներից ես զրկված, միայն մի բան գիտես՝ միզել»։ «Քեզ նմանները, անգամ պրեզիդենտներին, ծուղակն են գցում, թագավոր են գահընկեց անում, դու միայն միզել գիտես»։ «Ոնց որ իմ վիճակը ավելի մխիթարական է»։
Պուրակը լցված էր գորշ աղավնիներով, նրանք հարազատացել էին տեղի բնակիչներին, նրանց տված չնչին փշրանքներով բավարարվում էին, երախտագիտությամբ մեկ սրա, մեկ նրա մոտ էին ոստնում։ նրանցից մեկը հետույքը տարուբերելով քայլեց դեպի մեզ ծանոթ homeless-ը ։ Թեթև թռիչ գոծեց, նստեց նրա կողքին ու սկսեց կղկղալ։ Homeless-ը նրան տալու բան չուներ, ցուցամատը շփելով բթամատին նրան ավեփ մոտիկ կանչեց, ապա տափաշիշը գրպանից հանեց, մոտեցրեց նրա կտցին, թռչնակը նորից հետույքը տարուբերելով ետ քաշվեց։ -Fuck you,- ասաց homeless-ը, շիշը բերանը խոթեց, նորից դրեց գրպանն ու նայելով թռչնակին հինգ-վեց անգամ կրկնեց հայհոյանքը։ Թռչնակը նորից կղկղաց, homeless-ը այն որպես հայհոյանք ընդունեց ու քաղց զգաց։
Ետ դարձավ, մոտեցավ բախտակիցներին, հայացքով շրջեց, ստուգեց նրանց նստարանները, ձեռքերի տոպրակները, բան չգտավ, մեկը մոտեցավ նրան, հայհոյեց, պատասխան հայհոյանքից հետո շարունակեց ճանապարհը, յուրաքանչյուր բախտակիցի հանդիպելիս հայհոյում ու պատասխան հայհոյանք էր ստանում։
Քաղաքը աշխուժանում էր, մարդիկ շտապում էին, մայթերը դեռ այնքան էլ չէին ծանրացել։ homeless-ը –ը հասցնում էր մարդկանցից փող պահանջել, նրան բանի տեղ դնող չկար, նա չէր նեղվում, նա իր ոչնչությանը վաղուց էր հաշտվել։ Հայհոյում էր, թե ու՞մ, ինքը ևս չգիտեր, չէր կարող չհայհոյել։ Հաջորդ խաչմերուկի լույսը դեղնեց։ Homeless-ը մի կերպ պահելով հավասարակշռությունը ճանապարհը չշարունակեց։ Կարմիր լույսը նրան մեխեց տեղում։ Կողքի փողկապով մարդը զգուշացավ։ Մի կողմ քաշվեց։ Homeless-ը նրանից դրամ խնդրեց։ Նա բանի տեղ չդրեց։ Դիմացը կարմիր էր, մարդը մեկ աջ, մեկ ձախ նայեց, մեքենա չկար, ապահով զգաց, կիսավազք կտրեց փողոցը, հակառակ մայթ հասնելուն պես ինչ-որ տեղից մի փոլիս դուրս պրծավ ու նրան կանգնեցրեց։ Նրանց երկխոսությունը դեռ չավարտված homeless-ը մոտեցավ, կանգնեց, հայհոյեց, քթի տակ թեթև ժպտաց, մի քանի քայլ անելուց հետո վերադարձավ, գլուխը բարձրացրեց, հայացքով կտրեց ամպերն ու խոսքը ուղղեց երկնավորին։ Մայթի եզրին էր կանգնել, հավասարակշռությունը կորցրեց ու մեջիքի վրա շուռ եկավ։ երկար լիմուզինի ակների հետքը շատ երկարեց, բայց արդեն ուշ էր homeless-ը զգաց, որ ամեն ինչ լավ է։ Անցորդները նրա շուրթերի վրա սառած մի բառ էին կարդում՝ Fuck։

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>