Սլավիկ Ալավերդյան | ԽՈՍՏՈՒՄՆԱԴՐՈՒԺԸ

Սլավիկ Ալավերդյան

Սլավիկ Ալավերդյան

«Արեգական պատմվածքներ» շարքից

Այս աշխարհը խայտաբղետ է, բայց այս բազմազանության մեջ հաճախ կարելի է գտնել իրար խիստ նման 2 գոյացություն` ջրի երկու կաթիլ, երկվորյակ քույրեր կամ եղբայրներ, երկու նույնպիսի ծառի տերև կամ հենց ծառ և այլն, ընդհուպ մինչև նմանատիպ գալակտիկաներ:
Դրանց շարքում էին նաև ձեզ քաջ հայտնի Երկիրը և նրա երկվորյակ քույր Վեներան: Նրանք ունեին նույն չափերը, արտաքինից գրեթե նույն տեսքը, Արեգակից գրեթե նույն հեռավորությունը (այն ժամանակ Վեներայի ուղեծիրը շատ մոտ էր Երկրի ուղեծրին): Այս պատճառով նրանց դժվար էր հեռվից զանազանել:
Նրանք մանուկ հասակում խոսք էին տվել միմյանց, որ հավերժ միասին կլինեն:
Մյուս մոլորակները հիանում էին նրանցով. Ուրիշ այսպիսի զույգ նրանք չէին տեսել: Բոլորը նրանց նվիրում էին աստղակերպեր, որոնք չդիմանալով նրանց գեղեցկությանը, հալվում էին:
Ու հեռավոր մի մոլորակ, որի վրա եռում էր կյանքը, որոշեց նրանց ևս շնորհել տիեզերքում հազվագյուտ այս շնորհով` Կյանքով:
Դուք երբևէ չէիք երևակայի, որ մի մոլորակ կարող էր իրեն ենթարկել մի գիսավորի և նրա միջոցով անչափ կարևոր բեռ ուղարկել: Այն պետք է հաղթահարեր այնպիսի տարածություններ, որ ամենաշտապ լույս անգամ անցում է հազարավոր տարիների ընթացքում: Եվ այդ ճանապարհին նա պետք է նաև խույս տար բազմաթիվ չարակամ գոյացություններից` աստղակերպերից, որոնք հարձակվում էին և շատերի վրա և թալանում: Եվ նրանք ուշադիր էին հատկապես կարևոր բեռներ ունեցող ճանապարհորդների նկատմամբ:
Այդ հանգամանքից դրդված` գիսավորը պետք է շատ արագ շարժվի: Սրա մասին քաջատեղյակ էր «Կենսատու» մոլորակը (այլ կերպ չեր կարելի անվանել նրան) և հանձն էր առել բոլոր միջոցների նրան արագ շարժման մեջ դնելու համար: Տրամադրելով «կյանքի սածիլները»` Կենսատուն սկսեց իր շուրջը պտտեցնել նրան, որպեսզի արագություն հավաքի: Երբ արդեն չէր կարողանում իր շուրջը պահել արագաշարժ գիսավորին, Կենսատուն բաց թողեց նրան` նախապես պատվիրելով իր դրացի երկնային մարմիններին չխոչընդոտել և հնարավորության դեպքում արագացնել նրան:
Եվ այսպես գերարագ գիսավորը սկսեց իր երկար տիեզերական ուղին: Իր արագության շնորհիվ նա կարողանում էր խույս տալ ելուզակներից: Երկար տարիներ անց նա վերջապես հասավ Արեգակնային ընտանիքին, որտեղ նրան բոլորը անհամբեր սպասում էին:

* * *
Երկու քույրերը պարգևատրեցին կյանքով. սկսվեց նրանց կյանքի նոր շրջան, որի մասին նրանք անգամ չէին մտածել …
Անցան երկար տարիներ (այն ժամանակ տարին ավելի երկար էր, քանի որ մոլորվածները ավելի դանդաղ էին պտտվում Արեգակի շուրջը): Երկու քույրերը ծաղկեցին և փարթամացան: Յուրաքանչյուրը ձեռք բերեց իր յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը: Մյուս մոլորակների համար նրանք հաճախ կազմակերպում էին ցուցադրություններ:
Իսկ ինչպե՞ս էին այլ մոլորակները հեռվից դիտում նրանց վրա գոլություն ունեցող փոքրիկ գոյացությունները: Դրա համար նրանք ունեին արբանյակներ, որոնք շրջում էին միջմոլորակային տարածությունում և տեղափոխելով ցուցադրվող կենսաձևերը` դրանք մոտիկից ցուցադրում իրենց: Նրանց օգնությամբ քույրերը սկսեցին փոխանակվել այն կենսաձևերով, որոնք չկային մյուսի մոտ. տեղի էր ունենում յուրահատուկ փոխանակություն` «կյանքափոխանակություն»:
Շատերն էին ցանկանում իրենց մոտ ունենալ նմանատիպ օրգանիզմներ, սակայն Արեգակից ունեցած հեռավորության պատճառով դա հնարավոր չէր. նրանք կա’մ շատ մոտ էին Արեգակին, կա’մ շատ հեռու: Միայն Մարսն էր, որ գտնվում էր կյանքի համար նպաստավոր գոտում, սակայն նա չցանկացավ վերացնել երկվորյակ քույրերի մենաշնորհը:
Սակայն տեղի ունեցավ անսպասելի մի իրադարձություն …

* * *
Վեներայի վրա առաջացավ մի հրաշագեղ բույս և մի զարմանահրաշ կենդանի, որը կապվեց այդ բույսի հետ: Նրանք կապվեցին միմյանց և դարձան մեկ ամբողջություն:
Երկրի վրա նման բան չկար …
Երկիրը, հիացած այդ կենդանաբուսական ներդաշնակ զույգով, խնդրեց իր քրոջը իրեն նվիրել դրանցից:
Ու այս ժամանակ մշտաբարի քույրը հանկարծակի զգաց մի չար զգացում, որը մենք այսօր անվանում ենք «նախանձ»: Նա ցանկացավ միայնակ հպարտանալ կյանքի այդ հիասքանչ ձևերով և նամանավանդ նրանց համադրությամբ:
Երկրի համար անսպասելի էր քրոջ նման քայլը և նա ցանկացավ հասկացնել իր ցուցաբերած վերաբերմունքի սխալ լինել և համոզել նրան իրեն տրամադրել այդ կենդանուց և բույսից գոնե մեկական օրինակներ: Սակայն սրանով ավելի սրվեցին նրանց հարաբերությունները:
Վեներան չցանկացավ լսել քրոջ խոսքերը, երբ նա արդեն հրաժարվում էր ցանկությունից և որոշեց հեռանալ նրանից: Ու որպես ուղղություն նա ընտրեց Արեգակին ավելի մոտ պտտվելու ճանապարհը` մոռանալով, որ այդ կերպ նա դուրս կգա կյանքի համար նպաստավոր, այսպես կոչված «Կյանքի գոտուց»:
Դուք երևի կռահեցիք թե ինչ տեղի ունեցավ նրա հետ . նրա վրա եռացող կյանքն իր բազմազանությամբ վերացավ:
Ահա այսպես ավարտվեց տիեզերական գոյացությունենրից թերևս ամենահրաշալիի` կյանքի գոյությունը Երկրի երկվորյակ քույր Վեներայի վրա:

* * *
Անցան երկար տարիներ:
Երկիրը շարունակում էր հիշել իր քրոջը և նրա հետ կատարվածը: Ու որպեսզի երբեք չմոռանա, նա որոշեց ինչ-որ կերպ ստեղծել այն բույսն ու կենդանին, որոնք հանդիսացան երկու քույրերի խռովության պատճառը:
Եվ այսօր Ձեզնից ոմանք կարող են աշխարհի տարբեր ծայրերում տեսնել նրանց` մասնավորապես կենդանաբանական այգիներում:
Բազմաթիվ մարդիկ հոգ են տանում նրանց մասին, որպեսզի այդ կենսուրախ կենդանիները և նրանցից անբաժան մշտականաչ բույսերը ի սպառ չվերանան, չմտածելով անգամ, որ այդ դեպքում նրանք իրենց հետ կտանեն նաև Երկրի քնքուշ քրոջ մասին հիշողությունները:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի