Լիլիթ Հակոբյան |ԵՐԲ ԵՍ ՄԵՌԱ

Լիլիթ Հակոբյան

Լիլիթ Հակոբյան

Երբ ես մեռա, մարդիկ եկան ասելու, որ ինձ շատ են սիրել ու ափսոսում են վաղաժամ մահվանս համար: Պարզվեց, որ կարգին տիպ եմ եղել կենդանությանս օրոք, բայց դա ինձնից գաղտնի էին պահում: Իմ մասին նոր բաներ իմացա. օրինակ, մեկը, ում ոչ մի կերպ չմտաբերեցի, վստահ էր, որ ես շատ ավանդապահ ու պարկեշտ մեկն եմ եղել, մյուսն ազատամտությունս էր գովում, մեկն ասում էր համարձակ էի, մյուսը, թե՝ համեստ էր: Մի պահ խճճվեցի: Մեռած էի, բայց հուզիչ էր, երբեք ինձ այսքան կարևոր չէի զգացել: Մտածեցի. «Մարդ վերցնի, նորից ծնվի»:

Մեր մեջ ասած՝ ճոխ թաղումներն ու հարսանիքները երբեք էլ սրտովս չեն եղել: Երբ ամուսնանում էի, կարողացա ինքս որոշել, բայց երբ արդեն մեռած եմ, մնում է համակերպվել ճոխ ու մարդոտ հոգեհանգստիս հետ: Մոտ ու հեռու բարեկամների տարափը գժվելու բան էր: Ինձ հատկապես մտահոգում էին անծանոթ դեմքերը, ովքեր ավելի շատ հետաքրքրությունից դրդված էին եկել, քան ինձ համար տխրելու: Նույնիսկ վիրավորական է: Մարդ մի անգամ է մեռնում, իսկ դուք ժամանցի վայր եք գտել: Մեռած էի, բայց նորից կմեռնեի տաղտուկից:

Մերոնք այդպես էլ չընդունեցին անկրոն լինելս, քահանա էին հրավիրել թաղմանս: Ափսոսում եմ, որ վերջին ցանկություններս հայտնելու ժամանակ չեղավ, թե չէ անպայման կխնդրեի, որ թաղմանս երաժշտությունը ռոք լիներ, մասնակցությունը հրավիրատոմսով լիներ, ու ոչ մի հրավիրատոմս չտպվեր: Նաև կասեի, որ իմ պատճառով պետք չի նեղություն տալ հոգևոր այրերին, դրախտի ճամփան մենակ էլ կգտնվի: Կզգուշացնեի, որ ֆեյսբուքիս պրոֆիլի նկարը չմեծացնեն, որովհետև կուզեի գոնե մահս վիրտուալից զատ լիներ: Հա, մի բան էլ՝ պետք չէր մահվանս մասին տխուր ու սենտիմենտալ գրառումներ ծեփել պատիս. չեմ ուզում ֆեյսբուքը սգա: Հագուստս էլ հեչ սրտովս չի, երբեք էլ այն սիրով չեմ կրել, իսկ իմ սիրելի կարմիր շրթներկն էլ չկա, ու ես ինձ անգույն եմ զգում. գունավոր լինելու ազատությունս մահվանս հետ գնաց, ու եկավ գորշությունը: Եվ էս ի՞նչ ճոխ սեղան է մահվանս առթիվ: Ուզում էի վերջին ժամերս ընտանիքիս հետ անցկացնել, բայց նրանք զբաղված էին մոտ ու հեռու բարեկամներով, անծանոթ դեմքերով ու հետաքրքրասերներով: Երբեմն-երբեմն զգուշությամբ թաթերի վրա մոտենում էին, ճակատս համբուրում, մազերս շոյում ու գնում կարևոր գործերին՝ միս եփելը, խմիչքները, նստարանները… Ես երբեք նրանց այսպիսին չեմ պատկերացրել. իմ դժբախտությունն այլևս մահս չէր, այլ ամբոխի սեփականություն լինելը: Փաստորեն, մեռնելուց հետո բոլորը կարող են քեզ սիրել, քո մասին խոսել ու քեզ իրենց ուզածի պես նորից ստեղծել: Մեռած էի, բայց ամեն բջիջով զգացի ծամվելս:

Բաժակաճառերն սկսվեցին: Դրանք հիմնականում իմ գերմարդ լինելու և ինձ բարի ճամփա մաղթելու մասին էին: Չէի մտածի, որ սեփական թաղումն այսքան ձանձրալի կարող է լինել: Կուզեի՝ առանց ինձ շարունակեին, բայց այլևս ուզողն ու չուզողը ես չէի: Կենդանությանս օրոք ամեն խնջույքի կեսից ծլկելը սիրածս զբաղմունքն էր, հիմա սպասում եմ, որ մեծամեծ ողջերը հետագա բախտս տնօրինեն: Միշտ խաղաղություն եմ սիրել, հիմա բոլորը եկել են հոգուս հանգստություն մաղթելու՝ վերջին խաղաղ ժամերս իրենցով անելով, իրենցով լցնելով:

Ինձ մենակ թողե՛ք:

Եթե վերջին ցանկության հնարավորություն ունենայի…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.