Էդուարդ Հախվերդյան | SPIN…

Էդուարդ Հախվերդյան

Էդուարդ Հախվերդյան

/ԼԱՍ ՎԵԳԱՍ/

 

Մահը,

Անգղի պես

Համբերատար,

Թառել է հորս գլխավերևը

Եվ հեգնաժպիտ

Նայում է կյանքի վերջին

Խեղկատակությանը …

Spin…

 

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,

Spin…

 

Թվեր, պատկերներ, ոգեշունչ ձայներ…

… լույսեր, լույսեր…գայթակղիչ…

Spin,

 

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,

Spin,

 

Պտտվում են,

Spin,

 

Պտտվում են,

Maximum bet…

Spin …

 

Դե Տուր,

Տուր,

Տուր,

Դե տուր

Ես քո մերը…

 

 

Spin…

 

Մահը` անգղի պես,

Մահը` անգղի պես …

Վեգասի սուրճը այրում է շուրթերս,

Թուհ, ես քո…

Քսան դոլարանոցը

Մոտեցնում եմ խաղասարքի կլլիչին…

Կլլիչ, կլլող, կլանող,

Վավաշոտ պոռնիկ․․․

Տալու՞ ես, թե ոչ․․․

Spin…

 

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ․․․

Խաչելություն ըստ պոետի[1]․․․

Spin…

 

«Վերջին շնչավորն էլ, թե ինձ լքի`

Մեկ է,

Ոչնչի հետ ես չեմ փոխի,

Անգամ մայթի փոշին

Հայրենիքիս»[2]:

Spin․․․

 

Պոետը ինքն իրեն աքսորել է մենակյացության․․․

Գրում է, գրում է. գրում է իր բոհեման[3]․․․

Spin․․․

 

Ու թքած ունի բոլոր բանկերի վրա․․․

Spin․․․

 

Նկարիչը[4] տունուտեղից հեռու,

Լուռ ու մունջ,

Սովորում է ձկների լեզուն․․․

Լռություն, լռություն,

Լռություն անսահման․․․

— Արի Էստեղ նկարի․․․

Մայրամուտներն էստեղ ջղաձգված են․․․

Արշալույսներն էստեղ խաղաղ չեն․․․

Spin․․․

 

«Ոչնչի հետ ես չեմ փոխի,

Անգամ մայթի փոշին

Հայրենիքիս»:

Spin․․․

 

Առուշ, Առուշ, Առուշան․․․

«Եթե լսեք մոտերքում բաժակներ են զրնգում,

Չկասկածեք ուրիշի,

Ասեք անուշ Առուշին»[5]:

Spin․․․

 

Մի հատ էլ ասա․․․

«Երկու շիշ գարեջրի դիմաց

Կծախեմ հայրենիքս»․․․

Spin, Spin, Spin․․․

 

Դե տուր,

Դե տուր այ տերամեռ,

/Հազար դարդ ու ցավ ունենք/:

Spin․․․

 

Քսան դոլարանոցը սահեցնում եմ

Խաղասարքի կլլիչ, կլլող երախում․․․

Spin, Spin, Spin․․․

Մկոն,

Իրինդում նկարում է,

Մկոն

Հին հրացանը ուսին`

Ոչխարներին սար է տանում,

Մկոն

Մասնակցում է միջազգային ցուցահանդեսների,

Մասնակցում է պատերազմի,

Մկոն համուհոտ է սփռում Իրինդի վրա,

Մկոն ժամանակ չունի կնոջը դավաճանելու․․․

Մկոն անհասցե հայհոյում է`

Ես դրանց մերը քունեմ․․․

Մկոն․․․

………………………………………

Որևէ բան չե՞ք ցանկանում.

— Whisky, առանց սառույցի․․․

Spin, Spin, Spin․․․․

 

«․․․Անգամ մայթի փոշին

Հայրենիքիս»:

 

Spin․․․

 

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ․․․

Լա՜, լա՜, Լաս Վեգաս

Իմ սիրուն Պեգաս․․․

Հուպ տուր,

Հուպ տուր․․․

«Քեռի, պապիկը լավ չի,

Մտիր դեսպանատուն` հարցազրույցի,

Մենք բոլոր ծախսերը կհոգանք․․․»:

Spin, Spin, Spin․․․

 

Պեգաս, Պեգաս, Լաս Վեգաս․․․

«Քեռի, պապիկը լավ չի․․․»:

Maximum bet․․․ Spin․․․

………………………………………

Խաղամեքենան չի տեսնում

Մահամերձ հորս․․․

Չի գնահատում

Իմ գրական «Վաստակը»,

Վավաշոտ պոռնիկի նման

Կլլում է, կլլում է

Իմ դոլարները թանկ․․․

Spin․․․

 

— Փոխե՞նք պապի փամփերզը․․․

— Փոխենք․․․

Spin, Spin, Spin․․․

 

Դե տուր այ փողակեր․․․

Պապա, պապա, ջուր ուզու՞մ ես․․․

Ախ, իմ խեղճ հայրիկ,-

Հզոր ձեռքերով,

Հզոր մարմնով-

Ախ իմ խեղճ հայրիկ,

Ինչպե՞ս դիմացար․․․

Spin, Spin, Spin․․․

 

«Լուսը , լուսը անջատի․․․

Ուսս ծածկի․․․»:

Spin, Spin․․․

 

«Հը, ոչինչ չշահեցի՞ր․․․»:

Spin, Spin

 

Եղբայրս`

Հումորի արքան,

Սեղմված ատամների միջից նետում է.

«Fuck․․․»․․․

Օրական չորս անգամ փամփրզափոխում․․․

Երկաթագործ եղբայրս`

Հումորի արքան,

Արհեստավարժ շուռումուռ է տալիս պապին․․․

— Որևէ բան չե՞ք ցանկանում:

— Whisky, առանց սառույցի․․․

«Քեռի պապիկը լավ չի․․․»,

Spin, Spin․․․

 

« Մտիր դեսպանատուն` հարցազրույցի․․․»,

Spin, Spin․․․

 

«Մենք բոլոր ծախսերը կհոգանք․․․»:

Spin․․․

 

«Մենք բոլոր ծախսերը կհոգանք․․․»:

Spin․․․

 

«Մենք բոլոր ծախսերը կհոգանք․․․»:

Spin․․․

 

Ախ իմ խեղճ հայրիկ,

Քիմքդ դեռ ծարավ հայրենի շնչին`

Շունչդ հագեցրին

Հայրենի խոնավ բանտախցերի գոզահոտությամբ․․․

Spin․․․

 

«Անգամ մայթի փոշին

Հայրենիքիս»:

Կեցցե, կորչի․․․

Կեցցե, կորչի․․․

Սովետական,

Տական,

Ական.

Ական,

Ական

Ականը պայթեց․․․

Սով,

Սով,

Սով․․․

Սոված մանուկներ․․․

Մահվան հերթեր,

Հերթեր,

Հերթեր,

Հացի, ջրի, նավթի․․․

Spin․․․

 

Եվ ամենուրեք

Անդուլ ու անխափան,

Հրեշային հռնդյունով

Աշխատում են

ԱԶԳԱՅԻՆ,

ԱՊԱԶԳԱՅԻՆ,

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մսաղացները,

Եվ ամենուրեք «Ազգ»-ի շահերից ելնելով,

Եվ ամենուրեք «հանուն Ազգ»-ի,

Սրբերի դիմակներով

Մարդասպանները,

Վաշխառուներն ու ավազակները,

Որպես թշվառ մի ազգի․․․

— Ազգը ինչ ա՞․․․

— Ազգը ով ա՞․․․

Ով իմ ժողովուրդ․․․

Ալան, թալան,

Ալան, թալան․․․

Միլիոնը մեզ, միլիոնը մեզ, միլիոնը մեզ․․․

Ով իմ ժողովուրդ, ո՞նց ես դիմանում․․․

Ո՞նց ես դիմանում․․․

Բորենիների թունոտ շնչի տակ․․․

Spin․․․

 

Ալան, թալան,

Ալան, թալան․․․

Իսկ երկիրը` ծանրորեն հիվանդ,

Իսկ երկիրը դաժանորեն եթերացված,

Ընկած սեղանին վիրահատության

Լուռ ճչում է.

«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ․․․»[6]:

Spin․․․

 

Մի թուրք տաճիկ․․․

«Էս վաթսուն դոլարը վերցրու․․․»,

«Էս հարյուր դոլարը վերցրու․․․»,

«Պապա էս խմի, խմի լավնա․․․»:

Spin․․․

 

— Հոկտեմբերյան հեղափոխությունից

մեկ տարի առաջ․․․

— Հա, էլ ի՞նչ եք ուզում,

99 տարի․․․

Հիմա էլ առնանդամի քաղցկեղ․․․․

«Առնանդամները ժիր վեր են բարձրանում․․․»[7]

Քաղցկեղ,

Քաղցկեղ,

Քաղցկեղ․․․

Ինչ-որ մի բան քաղցկեղի պես

Տարածվում է մոլորակի մարմնի վրա․․․

Ու պայթում են ռումբերը,

Ու բարձրանում են,

Բարձրանում են

Քաղկեղածին

Բուրգերը դոլարի․․․

Սպանդ․․․

Spin․․․

 

Սպանդ․․․

Spin․․․

 

Եվ դոլարի կանաչ տենդը,

Հմուտ ներկարարի պես

Երկիր-մոլորակը,

Ներկում է կարմիր,

Կարմիր,

Կարմիր․․․

……………………………………….

Ազատամարտիկ գրողը[8] կրակեց․․․

Կրակեց քաղցկեղին,

Կրակեց մահին,

Կրակեց կյանքին,

Կրակեց Աստծուն,

Ու ասաց` «Fuck․․․»․․․

Spin․․․

 

— Չէ , գարեջուր չեմ ուզում․․․

— Whisky, առանց սառույցի․․․

Spin․․․

 

— Նանի[9], նանի պապին ջուր կտաս․․․

— Նանի[10] կգաս պապի մոտ․․․

Մոտը` Հայաստանում ուտելխմելու տեղ է․․․

«Արտաշի մոտ».

«Սաքոյի մոտ»,

Էստեղ․․․

Spin․․․ Spin․․․

 

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

Զվարթնոց,

Շերեմետոևո,

ԼՈՍ․․․

«Ո՞վ է փինաչին․․․»

Ընձառյուծ[11] ազատ, մի հատ էլ ասա.

«Թե կատարյալ չենք ո՞վ ա փինաչին․․․»[12]

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

«Խի՞ ա մահ խառնել Ադամի շնչին․․․»

Spin․․․

 

«Խի՞ ա մահ խառնել․․․

Spin․․․

 

«Խի՞ ա մահ խառնել․․․

«Թե կատարյալ ենք, բա խի՞ ենք մեռնում․․․

«Բա խի՞ ենք մեռնում․․․»

«Բա խի՞ ենք մեռնում․․․»

Spin․․․

 

«Մեկը մի անգամ հարց տար արարչին»

Խի՞ ա փինաչի․․․

Ո՞վ ա փինաչի․․․

Spin․․․

 

Մահվան հետ ժամադրված եմ,

Ասացի`

Չուշանաս,

Չեմ սիրում

Անպարտաճանաչ մարդկանց․․․

Spin․․․

 

Մահը անգղի պես

Համբերատար

Թառել է հորս գլխավերևը․․․

Spin․․․

 

Դե վերջացրու․․․

Ասում են` «Դրախտը համբերատարներինն է․․․»

— Fuck․․․

 

Spin․․․

 

Չարթաղ, Լիլիհան, Թեհրան, Էջմիածին,

Գլենդել, Գերեզմանոց․․․

«Որ մեռնեմ ծաղիկ չբերեք, չեմ ուզում․․․»

Մամեն ասում էր` չեմ ուզում,

Spin․․․

 

Որ մեռնեմ ծաղիկ չբերեք․․․

Հենց հիմա հարգեք ու սիրեք․․․

Spin․․․

 

Էս ծաղկեփունջը` մամին,

Էս ծաղկեփունջը` քեռուն

Էս ծաղկեփունջը․․․

Քո քեռին,

Իմ մինուճար ախպերը․․․

Spin․․․

 

Ա՜խ, ախպեր, ախպեր ջան ախպեր,

Մեջքդ գուլստան ախպեր,

Կոճակ շարեցի կարճ էր․․․

Spin․․․

 

Դու ծնվեցիր` ծառզարդար էր,

Քո լացի հետ էրեխեքը փողոցում երգում էին.

«Ծառզարդար ծառի զարդար

Ընկերս ընկավ ծովը

Ծով ծիրանի հովը․․․»

Spin․․․

 

Սատանան ասաց.

․․․Ես արժանապատվություն ունեմ

Ինչու պիտի մարդու առաջ խոնարվեմ․․․

— Որևէ բան չե՞ք ցանկանում:

Վեգասի սուրճը

Այրում է շուրթերս․․․

— Whisky- առանց սառույցի․․․

Spin․․․

 

Spin․․․ Spin․․․

 

Ճապոնացի, չինացի, Կորեացի`

Չգիտեմ,

Նեղ աչքերով մի կին,

Կողքս նստած` աչքը չկտրելով իմ խաղասարքից

Հիացմունքով ասում է.

«This is your lucky day․․․»

……………………………………..

«Քեռի պապիկը լավ չի․․․»

Spin․․․

 

Խուզված գլխով

Հայրս կանգնել էր դատարանում

«Ասեք ձեր վերջին խոսքը․․․»:

Հայրս եկավ խուզված գլխով,

Չհայհոյեց, չզայրացավ

Ու չհայցեց անմեղության փոխհատուցում․․․

Spin․․․

 

«Ասեք ձեր վերջին խոսքը․․․»:

Հայրս ասաց.

— Նանի, նանի

Փուշը տվի, լոշտակ առա, լոշտակ տվի,

վիզա առա․․․

Նանի, նանի էս ու՞ր հասա․․․

Spin․․․

 

Ծերունին կանգնել էր դրախտի

դարպասների մոտ

— Թողեք, ես գնում եմ․․․

— Ու՞ր․․․

— Թողեք, ես գնում եմ․․․

— Ու՞ր․․․

— Իմ Աստվածը ուրիշ տեղ ա,

Քունեմ ձեր դրախտն էլ դժոխքն էլ․․․

99 տարի «Նախույ նուժնա»

Հետո էլ առնանդամի քաղցկեղ․․․

«Անհամություն է երկար ապրելը,

Կարճ ապրելուց էլ բան չես հասկանում․․․»:

 

Spin․․․

 

«Ձնհալին»[13] ասացի,-

— Չգիտեի

Իմ մեջ թաքնված է խաղամոլը,

Ես խաղալ եմ ուզում, գնանք Լաս Վեգաս․․․

Spin․․․

 

Խաղից մինչ անվերապահ պարտություն

Դու միլիոնատեր ես․․․

Կենդանիների սիրահարը[14],

Ի վերջո տան տեր է դառնում,

Պոետի հայրական տունը

Ազատագրում ենք

Բանկերի հափշտակությունից․․․

Spin․․․

 

Դե տուր այ սիրուն հրեշ․․․

Spin․․․

 

— Էս վաթսուն դոլարը վերցրու

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,

Spin․․․

 

Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,

Spin․․․

 

Մեռնող զինվորը`

Տհասությունը մարդկային:

 

Spin․․․

 

Ահա և ես․․․

Խաղասարքերը իմ դիմաց շարված

Ոչինչ իմը չէ

Ու ես ոչնչի․․․

Spin․․․

 

Ուլիկը նստեց հատակին,

Նամակ գրեց հայրիկին,

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

Spin․․․

 

Ուլիկը բացեց Ֆեյսբուքը,

«Քեռի, պապիկը լավ չի․․․»,

Նամակ գրեց հայրիկին,

«Քեռի, պապիկը լավ չի․․․»,

Ես քո ուլիկն եմ,

Քո բալիկն եմ,

Մեծացել եմ,

Քաջացել եմ․․․

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

Այսօր Լաս Վեգաս գնացի,

Առյուծին հանդիպեցի․․․

«Քեռի, պապիկը լավ չի․․․»

Spin․․․ Spin․․․

 

Դե կանգնիր այ բոզ․․․

Այսօր Լաս Վեգաս գնացի,

Spin-ին հանդիպեցի,

Պոզերովս խփեցի

Միլիոնները շահեցի,

Մեր բոմժացած Ապրեսին

Սիրուն տնակ գնեցի․․․

Հե՜յ Էդոլ իմ էդոլիկ,

Հե՜յ Էդոլ իմ էդոլիկ,

Էդոլ դու բարով եկար.

Սարուձորերով եկար,

Եկար հասար Լաս Վեգաս:

«Իսկ մայրամուտները այստեղ․․․

Իսկ արշալույսները այստեղ․․․»:

Spin․․․

 

Մենք կանգնեցինք ու տեսանք

Համաճարակը փողային ախտի,

Եվ մեր մատներից դանդաղ հեռացող

Հետքը թանաքի․․․

Ծառերը չեն վազում․․․

Spin․․․ Spin․․․

 

Ես այստեղ

/Ինչպես Բուկովսկին/

Ենթադրում էի, որ

Դեռևս բանաստեղծ եմ,

Բայց այստեղ ես խմում եմ

Ու հարվածում եմ`

Spin․․․ Spin․․․

 

Բայց այստեղ ես խմում եմ

Ու հարվածում եմ`

Spin․․․ Spin․․․

 

Տառը տառին ասաց տառ,

Արի գնանք մենք անտառ.

Maximum bet,

Spin․․․ Spin․․․

 

Դու ինձ կասես մի նոր բառ,

Ես ցույց կտամ մի նոր ծառ․․․

Spin․․․ Spin․․․

 

․․․Որքան ծանր են բառերը

Օտարության մեջ․․․

Պոետը[15] նստել է վարորդի կողքին,

Ես խմում եմ․․․

Պոետը խմում է,

Ես խմում եմ․․․

«Այս է ասին`

Մի քայլ առաջ երկուսը ետ․․․

Պիտի գնաս

Ու հասցնես

Սիզաքարդ իր բարձունքին․․․»[16]:

Spin․․․

 

«Սկզբում օղի հետո գարեջուր․․․

Պատվիրաններից այս է մնացել․․․»[17]:

Spin․․․ Spin․․․

 

«Նոյ, ի՞նչ տեսակ մարդ ես եղել․․․»[18]:

Լաս Վեգասը թողած հեռվում,

Կազինոները թողած անտեր,

Թողած Կարսում գետի ափին․․․

Եվ ոչ մեկին ոչինչ չասած․․․

Ոչինչ չասած․․․

Եկար,

Հասար,

Որ հարվածես,

Spin․․․ Spin․․․

Իսկ հետո․․․

……………………………

Իսկ հետո,

Արևը մեռավ

Եվ ոչ ոք չգիտեր,

Անունն այն անմեղ թռչունի,

Որ մի օր խռով,

Հեռացավ տխուր,

Մեր սառցակալած հոգու դաշտերից․․․

Spin․․․

 

Նկարիչը[19] ասաց.

— Գնանք էտյուդի․․․

«Իմ անծիր տրտմությունից

Ես տեսնում եմ թռիչքն իմ`

Արևի ճամփին․․․»[20]:

Սակայն, ավաղ, արևը մեռել էր

Եվ ամենուրեք

Սառն ու անհոգի

Աչքերի պես մարմնավաճառների

Շողշողում էին

Լուսարձակները նեոնային․․․

………………………………….

Spin․․․

 

Մահը ում շունն ա,

Մահը Աստծո հավատարիմ շունն ա․․․

Մահը համբերատար

Նայում է կյանքի խեղկատակությանը․․․

Spin․․․

 

— Մի գա․․․

— Ես անցել եմ բոլոր ճանապարհներով,

Սա իմ վերջին ուղևորությունն է․․․

Տես, մերդ կանգնած ինձ է սպասում․․․

Spin․․․

 

— Մի գա․․․

Spin․․․

 

— Մի գա․․․

— Ես չեմ գալիս,

Չեմ գալիս․․․

Չեմ գալիս

Սա իմ ձայնն է ավերածությունից

Spin․․․

 

Ես

ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ետևում եմ․․․

Spin․․․

Spin․․․

Spin․․․

 

2015 թ. օգոստոս, սեպտեմբեր

Լոս Անջելես

 

 

«Spin» գրքի շապիկը, աղբյուր՝ http://www.abrilbooks.com/spin.html

«Spin» գրքի շապիկը, աղբյուր՝ http://www.abrilbooks.com/spin.html

Ծանոթագրություններ
[1] Ակնարկ` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին
[2] Խ. Մանուկյանի բանաստեղծության տողերից
[3] Ակնարկ` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին
[4] Ակնարկ` Նկարիչ Հրաչիկ Բունիաթյանին
[5] Խ.Մանուկյան- Գրքի մակագրություն
[6] Թ. Ս. Էլիոթ-բանաստեղծության տողերից
[7] Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծության տողերից
[8] Ակնարկ`ինքնասպան արձակագիր Վրեժ Իսրայելյանին
[9] Ակնարկ` հեղինակի փոքր քրոջը`Թելլո Հարությունյանին
[10] Ակնարկ` հեղինակի մեծ քրոջը`Արաքս Շահումյանին
[11] Ակնարկ` Մերուժան Հարությունյանին
[12] Օ. Խայամ, թարգմանիչ Մերուժան Հարությունյան
[13] Ակնարկ` Խորեն Արամունուն և նրա «Ձնհալ» վեպին
[14] Ակնարկ` նկարիչ Ապրես Ալոյանին
[15] Ակնարկ սփյուռքահայ բանաստեղծ Հայկ Հրայրին
[16] Հայկ Հրայրի բանաստեղծության տողերից
[17] Խ. Մանուկյանի բանաստեղծության տողերից
[18] Խ. Մանուկյանի բանաստեղծության տողերից
[19] Ակնարկ` նկարիչ Սերոժ Խաչատրյանին
[20] Սերոժ Խաչատրյանին բանաստեղծության տողերից

Թողնել պատասխան

Your email address will not be published.