Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արշակ Սեմիրջյան

Արշակ Սեմիրջյան

ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ

Հոգուս ըմբոստությամբ խլացնում եմ շուրջս,
Որ ձայները ողբի մերկանան լույսերում,
Խավարում եմ փչում հեծկլտացող շունչս,
Ու երազներ վառում ննջած հոգիներում:

Ըմբոստացած հոգով երգում եմ հայրեններ,
Եվ ծամում եմ մթի շղարշը աղոթքով,
Հոգուս գույնով ներկում պատանի գարուններ,
Ու քայլում նոր ծնված լուսաբացի հետքով:

Որ երկնային ճամփի աղոթքին փաթաթված,
Հավերժական լույսի կաթիլներ բաժանեմ,
Ու աշխարհը տեսնեմ լույսերով ողողված,
Եվ այդ լույսերի տակ ըմբոստացած մեռնեմ:

ԵՂԱՆԱԿՆԵՐ

Վերջին ընկնող տերևի նման,
Գրկում եմ խիղճը ծերացած ծառի,
Դառնալով ցավը հառաչող աշնան,
Փակում գունավոր գիրքը ծիծաղի:

Ձմռան ցրտաշունչ թևերին փարված,
Գույներն եմ նրա դոշին խզբզում,
Երազանքները լույսով նկարած,
Սառած վերմակի սպիտակը լիզում:

Վազում եմ գարնան զարթոնքի բույրով,
Գրկում ծառերը՝ կարոտներ հյուսած,
Ծաղկած ճյուղերին գույներ շաղ տալով,
Ժպտում եմ՝ կյանքի կանաչն երազած:

Շնչում եմ ամռան բերկրալի շողով,
Թևերս բացած արև եմ ցանում,
Որ երազները տաքուկ ծիծաղով,
Փայլեն կարոտի խոնավ անկյունում:

Աշնան խշշոցի զարկերը խմած,
Ու գրկած ձմռան վերմակը սպիտակ,
Նորածիլ գարնան կանաչը քամած,
Վազում եմ՝ ամռան աղոթքներով տաք:

ՄԵՂՔԻ ԱՆԿՈՂԻՆ

Թող կյանքը վաղը պատժի խենթիս,
Բայց այսօր ապրեմ հոգուդ գիշերում,
Ու չհետևեմ անսեր աղոթքիս,
Այլ լինեմ բացված մեղքի էջերում:

Ու թափառելով ծալքերում մթի,
Բացելով ժանգոտ դարպասը ճռռան,
Անզուսպ փարվելով լույսին քո կրքի,
Գիշերվա մեղքը գրկած թռվռամ:

Եվ գիշերային խավարում փռված,
Մեղքի անկողինն արնոտ սավանով,
Ճռռում է անզուսպ կրքից կատաղած,
Ու արձագանքում խլացած ձայնով:

ՊԱՅՔԱՐ

Ահեղ փոթորկին գլուխ չեմ տալու,
Ու չեն իջնելու ձեռքերս վերից,
Էժան խաղերից չեմ կուրանալու,
Չեմ վախենալու կյանքի խավարից:

Չեմ էլ պատրաստվում ձեռքերս ծալել,
Ու գերի դառնալ քամու հոսանքին,
Որքան էլ դեմքիս շպրտեն քարեր,
Պայքարելու եմ հույսով ահագին:

Ու նետվելու եմ կյանքի բաց ծովում,
Որ լողամ աղի ջրին հակառակ,
Լողալով հասնեմ և այն վայրերում,
Ուր հոգիներն են վառվում անկրակ:

Ու լույսեր վառած մեռնող խավարում,
Ցրեմ կատաղած շունչը ամպրոպի,
Որ մռայլ ու մութ հորիզոններում,
Ծագող արևի համբույրը կաթի:

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Թող լիցքաթափվեմ կրքիդ անհունում,
Որ լուռ ցամաքի իղձս կատաղի,
Երջանիկ գրվեմ կրծքիդ մատյանում,
Դառնամ հերոսը քո սիրախաղի:

Լինեմ անանուն, փոթորկվող հնձվոր,
Մշակեմ այգուդ ծառերը թոշնած,
Թափառեմ այնտեղ կրքով լուսավոր,
Ու գրկեմ խիղճդ ճիչով մոլեգնած:

Քաղեմ ծառերիդ մրգերը հասուն,
Ու ծաղկած այգուդ կանաչով վառվեմ,
Եվ լուսարձակվեմ շողերով բազում,
Գրկեմ երկինքդ ու փշալարվեմ:

ԿԻՍԱԿՅԱՆՔ

Ապրեցրու ինձ կյանք, որ ես էլ զգամ,
Փակված կոպերիդ արցունքներն աղի,
Ապրեցրու այնտեղ, որտեղ որ չկամ,
Բացիր իմ առաջ դռները խաղի:

Ինձ առ քո գիրկը ու տար այն ճամփով,
Որտեղ երբևէ ոտք չեմ էլ դրել,
Որտեղ կքայլեմ թեկուզ ամոթով,
Որ զգամ քո մեջ ինչ եմ կորցրել:

Տար ինձ ճամփեքով ցուրտ ու մշուշոտ,
Որ գնահատեմ լույսը արևի,
Քայլեցրու խոնավ անտառում փշոտ,
Որ դառնամ ընկեր մեռած կանչերի:

Տար ինձ այն ճամփով, որտեղ մահացան,
Անթիվ հոգիներ` հույսեր չվառած,
Որ լույսի ճամփով մոլորված անցան,
Իրենց երազի հետքը կորցրած:

Որքան էլ ճպտամ սիրուց աշխարհի,
Չապրած օրերիս բեռն եմ կրելու,
Անհասցե կորած խենթ հոգիների,
Կիսակյանք ապրած ցավն է տանջելու:

ՄԵՂՔՍ

Հոգնած գիշերվա շուրթին ծվարած,
Սառած երազով կախվել է մեղքս,
Եվ օրորում է երգս հորինված,
Ու դառնում անգութ, արնոտ դահիճս:

Լռության ուսին հոգիս թափ տալով,
Ճիչս խառնելով գիշերվա տենդին,
Լուսե կարոտս անհագ խեղդելով,
Թողնում է չվող երամի ճամփին:

Գիշերն է փակում թևերը հոգնած,
Մթնած ամպերում խավարն է եռում,
Աղոթք է կարդում մեղքս մոլեգնած,
Ու թպրտում է անձրևաջրում:

ՁԵՐ ԾԱՓԵՐՆ ԻՆՁ ՊԵՏՔ ՉԵՆ

Ձեր ծափերն ինձ պետք չեն, եթե պիտի հեգնեք,
Թողեք որ հեռանամ ու լքվեմ գլխիկոր,
Չեմ երազում, որ ինձ աղոթքի ձեռք մեկնեք,
Դեմքիս շպրտելով ցավից մաշված բեկոր:

Մի՛ անիծեք թաքուն, թաքուն մի՛ խնդացեք,
Ես ձեր դեմն եմ կանգնած, ծիծաղեք երեսիս,
Ես մենակ էլ կապրեմ, կողքիս մի մնացեք,
Մի միացեք ցավից լցված արնոտ թասիս:

Ես մենակ էլ գիտեմ ձևը պայքարելու,
Դժվար թե մահանամ անապատի կեսին,
Գիտեմ ճանապարհը ինձ ճահճից հանելու,
Գիտեմ ինչպես նայել կյանքի ժանգ-երեսին:

Գիտեմ ցավով ապրել, հզորանալ ցավով,
Ինչին որ դուք, մարդիկ, անտարբեր ու խորթ եք,
Ես առաջ եմ քայլում, անվերջ հավատալով,
Որ ունեմ Աստված, ում դուք անծանոթ եք:

ՀԱՍԿԱՑԻՐ

Եթե դժվար է ինձ հասկանալը,
Հասկացիր, թեկուզ թե շատ է դժվար,
Թե այդքան հեշտ է ինձ մոռանալը,
Մոռացիր, իբր ոչինչ էլ չկար:

Թե հեռուներն են քեզ գերել հեռվում,
Մի փակվիր մոտս, ինձ մի հասկացիր,
Թե հեռուները լավ են երևում,
Չքնաղ վայրկյանի նման հեռացիր:

Քեզ հետ կթողնեմ չհնչած երգեր,
Որ քեզ ուղեկցեն ամեն մի վայրկյան,
Թող իմ ստվերը քեզ դառնա ընկեր,
Դառնա թափառող հոգուդ բարեկամ:

Ես ջերմությամբ եմ հիշում անցյալը,
Ափսոս, որ նորից չի կրկնվելու,
Մի՞թե դժվար էր ինձ հասկանալը,
Որ անցար առանց մի հույս թողելու:

ՈՒ՞Ր

Մի կողմ եմ թողել հպարտությունս,
Եվ ո՞ւր եմ գնում, ես էլ չգիտեմ,
Ինչ որ տեղ կորավ ազնվությունս,
Ես հիմա այսպես էլ ո՞նց աղոթեմ:

Ես հիմա ինչպե՞ս ինքս ինձ նայեմ,
Երբ արժեքներս հաճույք են դարձել,
Ո՞ր իրավունքով նոր տողեր գրեմ,
Երբ հարբած հոգիս այն չի զգացել:

Ո՞նց պիտի թերթեմ գիրքս փոշոտված,
Որին մի կողմ եմ անլաց շպրտել,
Ո՞նց պիտի գրկեմ տողերս լքված,
Որոնց ինքս եմ գինով արնոտել:

Ո՞ր կողմ եմ գնում, ի՞նչ եմ ման գալիս,
Երբ իմ կողքին է, այն, ինչ փնտրում եմ,
Եվ ամեն անգամ հրապուրվելիս,
Չեմ էլ զգացել, որ կորցնում եմ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.