Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ

SamMar11

 

 

 

 

 

 

 

 

 Շ Ա  — Ց Ո  

ՇԱ-ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ

Մայրամուտից անցել է ընդամենը մի քանի ժամ,

Մինչև արևածագը մնացել է ընդամենը մի քանի ժամ,

…Ովքեր բաժանվել էին երեկ, այսօր դարձել են անբաժան:

 

ՎՈ-ՄՈՏԱԿԱ

Ուզում եմ, որ իմ աշխարհը միակը չլինի տիեզերքում,

Ուզում եմ, որ իմ մայրը միակը չլինի աշխարհում,

Ուզում եմ, որ ես էլ միակը չլինեմ իմ մոր համար:

…Ուզում եմ, որ այս պարզ ցանկություններն իմ չիրականանան հապճեպորեն ու անմտածված:

 

 

ՉԱ-ԿՐԱԿԱՐԱՆ

ՉԱ-գիշերը ճամփից ծռվեց,

Ճերմակ փրփուր թռավ պնչից,

Նա տանում է այսօր ինձ վեր:

 

ՉԱ-գիշերը քո շատ է չար,

ՉԱ-աչքերը քո շատ են սև,

ՉԱ-ո՞վ ես դու,

Ես քո մասին շատ եմ լսել:

 

…Ու թե մեկն էլ կորչի՝ գնա,

Թե երկուսն էլ դառնան ոչինչ,

Ուրիշ էլ ի՞նչ,

ՉԱ-իմն է նա:

 

ՊԵ-ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Պղտորվել է իմ լավ ՊԵ-ն,

Ձեռքն աչքերին է տանում,

Դարձել է նա անհամբեր,

Նայելուց չի կշտանում:

 

Մի երազանք ունի ՊԵ-ն,

Մանկությունից մնացած,

Բայց, թե ոտքերն շտապեն,

Ձեռնափայտը կենկնի ցած:

 

 

ՋԵ-ՕՎԿԻԱՆՈՍ

ՋԵ-ն արթնացավ,

ՋԵ-ն շնչեց,

Աշխարհի կեսը ջնջեց,

Տակով արեց, ջուր արեց,

Ոչ ոք ՋԵ-ին չսիրեց:

 

Ասել՝ հսկա է այդ ՋԵ-ն,

Ասել՝ հզոր է այդ ՋԵ-ն,

Գուցե նա խա՞ղ է անում,

Գուցե քունը չի՞ տանում,

Աշխարհն ի՞նչ է, կեսն ի՞նչ է,

Հեչ մեր ՋԵ-ի պետքը չէ:

 

 

ՌԱ-ՏԻԵԶԵՐԱԿԱՆ

Մկրտիչ և Արմենակ եղբայրներին

Ձայն տվեցին ու առան,

Փոքրիկ ՌԱ-ն ու մեծ ՌԱ-ն:

Մեկը սարն է բարձրացել,

Մեկը՝ պահակն է դռան:

 

Գիշերը սիրտ է բացել,

Ե՞րբ է եղել՝ չկանչեն,

Ե՞րբ է եղել՝ չգոռան,

Ուրիշ ինչպե՞ս մեկը՝ մեկին ճանաչեն:

 

Թևեր առան ու թռան,

Փոքրիկ ՌԱ-ն ու մեծ ՌԱ-ն,

Գիշերը սիրտ է բացել,

Ոչ ոք կողքով չի անցել:

 

…Փոքրիկ ՌԱ-ն ու մեծ ՌԱ-ն,

Մեկը պահակն է դռան,

Մեկը՝ սարն է բարձրացել:

 

 

ՍԵ-ՀՐԱՇԱԳՈՐԾ

Սիրանուշին

-Քո ստվերն եմ,-ՍԵ-ն ասեց,

Առաջ ընկավ, հետ ընկավ,

Թռչկոտեց ու վազվզեց,

-Քո ստվերն եմ,-ՍԵ-ն ասեց:

 

Ես քո տերն եմ,-ՍԵ-ն ասեց,

Ասեց, ու ինձ  չսպասեց:

Ստվեր լինել նա չուզեց,

-Ես քո տերն եմ,-ՍԵ-ն ասեց:

 

Տեսնես ու՞ր էր նա հասել,

Ձեռք ու ոտքը վնասել,

Բայց, երբ գտա ես նրան,

-Ես քո սերն եմ,-ՍԵ-ն ասեց:

 

ՎԵՎ-ՏԱԿԱՎԻՆ

Ուզում էի կողքովդ աննկատ անցնել, չստացվեց:

Ասել է, թե՝ պատասխան պիտի տամ

Քո մազոտ ձեռքերի,

Քո ծուռտիկ ոտքերի,

Քո արտառոց կուզի համար:

Որ փոքր ես,

Որ կիսատ,

Որ վերքերդ չեն փակվում,

Որ չեն աճում կտրված գլուխներդ…

Որ թռչնագիր չես տակավին, այլ վիշապագիր:

Ուզու՞մ ես,

Երբ մենք երկուսով մնանք, ես քեզ «Ա» տառ կանվանեմ,

Առաջինը կլինես,

Հուսատունը,

Ապավենը,

Մարդիկ կորոշեն, որ հիմա ամեն ինչ նորից է սկսվելու,

Ճիշտ կերպով է սկսվելու,

Առանց իրենց  մասնակցության:

Նայիր ինձ «Վ» տառ, ուշադիր նայիր,

Մենք հո գիտենք,

Որ այդ ամենն արդեն եղել է,

Չէ, մենք չէ, ուրիշներն են ցանկացել,

Աստվածային «վ» տառ,

Ես այլևս ոչինչ չունեմ քո ունեցվածքի հետ փոխելու,

Եթե նույնիսկ հերթական անգամ մարդկանց սխալվածներ կոչես:

 

ՏՅՈւՆ-ՍՐՏԱՄՈՏ

ՏՅՈւՆ- իմ քնած, իմ արթուն,

Ինձ գիշերով հանեց դուրս,

Ինձ գիշերով բերեց տուն,

ՏՅՈւՆ-իմ քնած, իմ արթուն:

 

-Ի՞նչ կար դրսում,-հարցրեց,

Ու չսպասեց, որ ասեմ,

ՏՅՈւՆ-իմ քնած, իմ արթուն,

Պատասխանիս չսպասեց:

 

-Ո՞վ կար ներսում,-հարցրեց,

Չհամբերեց,որ ասեմ,

Չկամեցավ ինձ լսել,

Ու գլուխը դարձրեց:

 

ՏՅՈւՆ-իմ քնած, իմ արթուն,

Ինձ գիշերով հանեց դուրս,

Ու գիշերով բերեց տուն:

 

ՐԵ-ԱՆԿՐԿՆԵԼԻ

Իմ հագուստները հագավ,

Իմ անունը նա կրեց,

Իմ աչքերով ինձ լռեց,

Իմ շուրթերով համբերեց…

 

 

ՑՈ-ԽԱԲԿԱՆՔՆԵՐ, ՍԵՐԵՐ

Պոլոզ Մուկուչին

Ցողոտել են աչքերդ, ՑՈ,

Հողոտել են ձեռքերդ,ՑՈ,

Ցորենն արտում ոսկի դարձել, թանկացել է:

 

Ճնճուղները սոված են, ՑՈ,

Ու՞ր ես թողել ու գնացել,

Ու՞մ ես թողել,

Ցնդե՞լ ես, ՑՈ:

 

Գիշերով են զանգը կախել,

Զանգի ձայնից, ճնճուղները, ՑՈ, փախել են,

Տնից փախել:

 

Աչքերդ, ՑՈ,

Ձեռքերդ, ՑՈ,

Ջուրը եկել, դուռդ է հասել,

Ոսկին տեսել,

Ոսկին տեսել է, նվաղել:

 

ՑՈ, աշխարհը ոտքիդ տակ է,

ՑՈ, դու ձեռքդ թույլ ես թողել,

ՑՈ, ձեռքիցդ բաց ես թողել,

ՑՈ, կատա՞կ է,

Էլ ինչու՞ է կյանքն իմաստուն,

Սերը՝ անխելք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի