Սլավիկ Ալավերդյան | ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Սլավիկ Ալավերդյան

Սլավիկ Ալավերդյան

50․ Գերեզմանոց

 

22-րդ դարի վերջ։ Գերբնակեցված երկիր։

Մարդիկ յուրայիններին թաղելու տեղ չունեն։ Որոշ երկրներում դիակիզում են անում, բայց սափորները թաղելու համար էլ տեղ չկա։ Գանգեսն այլևս չի քշում դիակները։ Կրկնակի օգտագործման գերեզմանատները այլևս պիտանի չեն։

Պետք է ելք գտնել։

* * *

Հուշումն անսպասելի եկավ: Առավելի անսպասելի էր վայրը, որտեղից այն ստացվեց:

Բազմաթիվ ցածրուղեծրային կայաններից մեկում մի աստղագնաց մահացավ: Տիեզերագնացության երկուսուկես դարերի ընթացքում սա առաջին դեպքն էր. միշտ տիեզերք էին ուղարկվել կատարյալ առողջ մարդիկ և այս պատահարը բազում հարցերի տեղիք տվեց: Հետաքննությունը դեռ պիտի պարզի նրա մահվան պատճառը, բայց մի հարց կար, որ սպասում էր շտապ հանգուցալուծման. ինչպես վարվել նրա մարմնի հետ: Մի քանի հետաքրքրասերներ հիշեցին, որ դարեր առաջ Տիեզերք էր ուղարկվել տարբեր տիեզերագնացների աճյունների մասունքներից կազմված հավաքական պատիճը և առաջարկեցին նրա մարմինը բաց թողնել Տիեզերք:

* * *

Կես դար էլ չի անցել այն օրից և որոշում կայացվեց տիեզերաթողի մասին: Երկնքում լողում են անհամար անհատական և խմբային գերեզմանողներ:

Մթնոլորտը դարձել է համաշխարհային գերեզմանոց:

Ու սրա հետևանքների մասին մտածողները չեն հասցնում ոչինչ անել, քանի որ շուտ մահանում են և համալրում թռչող հանգուցյալների շարքերը:

 

Մտահղացումը՝ 2013թ.

10.05.2016թ.

Մարտակերտ, առաջնագիծ

 

49. Լուրը

Արշակն այդ լուրին երկար էր սպասում: Տարիներ առաջ նրան հուսադրել, խոստացել և հավատացրել էին, որ նա կստանա այդ լուրը: Ինքն էլ բազում ջանքեր էր գործադրել, իրականություն դառնա այն, ինչի մասին լուր պիտի ստանար: Դրան հասնելու ճամփան փուլերից էր կազմված:

Առաջին փուլը հաջողությամբ էր հաղթահարել և այդ կերպ նախադրալ ստեղծել մի շարք այլ հաջողությունների և հաջորդ փուլը հաղթահարելու համար:

Երրորդ և չորրորդ փուլերում հանդիպեցին բազում խոչնդոտներ, որոնցից մի քանիս նանգամ հիասթափեցրին նրան և պատճառ հանդիսացան նպատակների և ծրագրերի փոփոխության: Դրանք էլ հաղթահարվեցին:

Հինգերորդ փուլը դժվարին փորձություն էր: Այն նաև սպասված լուրի նախերգանքն էր: Մեկ այլ լուր, որը ստացվեց հինգերորդ փուլը հաղթահարելուց օրեր անց, տվյալ ժամանակահատվածում որոշ ժամանակով փոխարինում էր այն սպասվածին:

Վեցերորդ փուլը հեշտությամբ հաղթահարվեց և նոր համոզվածություն առաջ բերեց: Առջևում վերջին փուլն էր՝ իր են ենթափուլերով:

* * *

Փուլի սկզբում Արշակի գործած քայլը և դրա հետևանքը գրեթե հօդս ցնդեցրեց լուրը ստանալու հույսը: Դրանով պայմանավորված նա սկսեց պատրաստվել ապագայի այն տարբերակին, որում ինքը լուրը չի ստանալու: Դրա համար նա մասնակցեց մի շարք միջոցառումների, ճանապարհորդեց, եղավ այնպիսի վայրերում, որտեղ դժվար թե լիներ, եթե ստանար լուրը:

* * *

Նա հեշտ հանձնվողներից չէր:

Ամիսներ անց մեկ այլ քայոլվ նա հասավ գրեթե նախկին համոզվածությանը և սկսեց պատրաստվել փուլի ավարտին: Նախավերջին ենթափուլերը հաջողությամբ հաղթահարեց: Մնաց վերջինը՝ ճակատագրականը:

* * *

Բոլոր ընկերները, հարազատները և ծանոթները համոզված, որ նա հաջողություն կգրանցի այս անգամ ևս, սրտի արագ և անհանգիստ բաբախյունով սպասում են: Ինքը հաշվարկել է հնարավորությունները և թեև ոչ իր անտեղյակ ծանոթների չափ, բայց բավարար չափով հավատացած է, որ դա իրեն կհաջողվի: Պատրաստվում է. գիշերները չի քնում, հատկապես վերջին գիշերը: Առավոտյան հոգեպես պատրաստ ապագայի բոլոր տարբերակներին, դուրս է գալիս կացարանից:

Հենց սկզբից նկատում է իր հանդեպ վատ տրամադրվածություն, բայց իրեն չի կորցնում և շարունակում է պայքարը: Շուտով զայրույթը ահագնանում է. նա պատրաստ է թողնել ամեն ինչ և հրաժարվել ապագայի այդքան սպասված տարբերակից: Զսպում էր իրեն մինչև վերջ՝ հույսը կտրած: Չի սխալվում. այս անգամ ճակատագիրն իր դեմ է քայլում: Եվ օրեր անց սկսվում է ապագայի գրեթե չպլանավորված տարբերակը:

* * *

Ամիսներ են անցում: Նա քիչ բան է հիշում նախկինից: Այժմ նա կտված է ընկերներից, հարազատներից, հեռու իրեն հարազատ դարձած վայրերից և թվում է այս ամենը կարող է վատ անդրադառնալ նրա վրա: Լուրը, որը նա պիտի ստանար, այժմ էլ՝ ամիսներ անց, կարող է ստացվել, բայց այլ ձևով և բովանդակությամբ: Նա ապրում է այդ համոզմունքով:

* * *

Նամակարանը վաղուց չի ստուգել: Վստահ է, որ իրեն հետաքրքրող քիչ բան կա, իսկ ինչ էլ որ կա, այժմ չի կարող մասնակից լինել: Բայց այնուամենային ցանկանում է ստուգել:

Ու այն զարմանք է պատճառում երիտասարդ Արշակին:

Այն, ինչ նա կարդում է, անուղղակի հաստատումն է այն բանի, որ ժամանակին նախատեսված լուրը ուղարկվել է, բայց տեղ չի հասել ու դրա հետևանքով կյանքի է կոչվել ապագայի այն տարբերակը, որում ինքը լուրը չի ստանում:

 

09.05.2016թ.

Մարտակերտ, առաջնագիծ

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի