Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը
ԼԱՐԱԽԱՂԱՑԸ
Չի տարվել նա ոչ փառքին, ոչ փողին,
Հասակից կամ դիրքից իր փքված,
Ու քայլերով միայն իր՝ քայլողի,
Նա անցնում է նշմարված ուղին,
Նյարդի պես մերկացած ու ձգված:
Ահա նա՝ ճոճվում է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի՝ փրկություն չունի,
Բայց, արի տես, որ չորս քառորդը լարի,
Անցնելու է, ինչ էլ լինի:
Խանգարում են լույսերը նրան, շփոթում,
Ծակծկում են իրենց փշե պսակով,
Ու փողերը փչում, տրաքում են օդում,
Եվ ճիչերը վազում, փախչում են տակով,
Ուր ամեն ինչ ոռնում է ու ամեն ինչ թնդում:
Իսկ նա դեռ ճոճվում է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի՝ փրկություն չունի,
Բայց արի՝ տես, որ երեք քառորդը լարի,
Անցնելու է, ինչ էլ լինի:
Լռում են օթյակները, փափկասուն նվաղում,
Հիմա մի վայրկյանը՝ մի դար կտևի,
Ու հևում են կրծքերը ու ճիչերը թաղում,
Եվ նրան թվում է այնտեղ՝ վերևից,
Թե ցածում թզուկներն են իր մահվան հետ խաղում:
Ու հիմա գմբեթի մեջտեղում է մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց, հանգի՛ստ, իր երկու քառորդը մնաց,
Ու կանցնի նա, ինչ էլ լինի:
Եվ ժպիտը նրա շուրթերին պարեց,
Այդպես առաջինն է ժպտում վերջինին,
Ո՞վ կարող է հիմա նրան խանգարել,
Ու դոփում է դահլիճը խելագար, երջանիկ,
Ու դողում է պարանն ինչպես ներվ:
Ահա նա վերևում է, ճոճվում է մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց արդեն մնացել է մեկ քառորդը լարի,
Որ կանցնի նա, ինչ էլ լինի:
Ու գոռաց կրկեսը, հետո սթափվեց,
Եվ գազանները ծանոթ հոտ առան,
Գուցե անվստահ, գուցե՝ անվարան,
Բայց քայլն այդ վերջին պոկեց ու տարավ,
Թեփ ու փոշու մեջ արյունը թափվեց:
Իսկ հիմա մեկ ուրիշն է վերևում մեն-մենակ,
Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,
Մի քիչ ձախ թե բերի, փրկություն չունի,
Բայց արի՝ տես, որ սա էլ չորս քառորդն իր բաժին,
Անցնելու է, ինչ էլ լինի:
ՇՈԳԵՀԱՐ, ԾԽԱՀԱՐ
Տաքացրու բաղնիսը, տիրուհիս,
Կդաղեմ ինքս ինձ, կվառեմ,
Կքշեմ կասկածներս նոր ու հին
Որ եկել ու կողքիս են թառել:
Ու եթե նվաղեմ անվայել,
Մի թաս ջուրն ինձ կբերի ուշքի,
Եվ անցյալն իմ, որն ինձ չի խնայել,
Կապույտով կփայլի կրծքիս:
Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ,
Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի,
Ես այսօր շոգեհար եմ անվերջ,
Ու շոգը լեզուս կբացի:
Ինչքան ծառ եմ, ու հույս խորտակել,
Քանի ցավ եմ տեսել, ու ճամփա,
Ձախ կողմս Ստալինն էր փակել,
Իսկ աջից Մարինն էր խփած:
Էխ, հավատն էր, որ մոտ թողեցի,
Իմ բաժին դրախտի համար,
Ցերեկս գիշերով փոխեցի,
Տուր տվեցի գլուխս հիմար:
Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ,
Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի,
Ես այսօր շոգեհար եմ անվերջ,
Ու շոգը լեզուս կբացի:
Հիշում եմ առավոտը կանուխ,
Մեջ առան զինվորները ջահել,
Ո՞վ թողեց, որ բոլորս նայեմ,
Սիբիրից ինձ սիբիր էին տանում:
Իսկ հետո այդ ճահճային հոտից,
Մեր կոկորդն ու աքերն էին բռնվում,
Ու դաջում էինք ձեզ մեր սրտերին մոտիկ,
Որ լսեիք, թե ինչպես է ցավում:
Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ,
Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի,
Ես այսօր շոգեհար եմ անվերջ,
Ու շոգը լեզուս կբացի:
Պատմությունն իմ սրտխառնոց է ու դող,
Ծուխը քիչ-քիչ մաքրվեց, ու թվաց,
Թե երեկն իր սառնությունը հերթով,
Զիջում է ջերմությանն այսօրվա:
Ու մտքերս քունքերիս սեղմվեցին,
-Պարզվում է ես գերի չեմ բնավ,
-Դու կեչու ավելով ինձ ծեծիր,
Որ հնից հետքեր չմնան:
Շիկացրու ինձ ճերմակ ծխի մեջ,
Ի՞նչ եմ տեսել ես սևից բացի,
Ես այսօր շոգեհար եմ անվերջ,
Ու շոգը լեզուս կբացի:
4 հղում
[…] Վլադիմիր Վիսոցկի-Լարախաղացը: […]
[…] Վլադիմիր Վիսոցկի-Լարախաղացը: […]
[…] Վլադիմիր Վիսոցկի-Լարախաղացը: […]
[…] Վլադիմիր Վիսոցկի-Լարախաղացը: […]