«

»

Մայ 30 2017

Տպել Գրառում

Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NS12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

Երբ պաշարված բարձունքներից նվիրական,

Ցած կթափվի զղջումների այրված փոշին,

Եվ գագաթը հո՛ղ կդառնա սովորական՝

Կավաշաղախ հենակ իբրև իմ ոտքերին,

 

Կորոնեմ ինձ սգացող ահեղ Աստծուն

Ում աչքերի արծաթափայլ արցունքն անջինջ

Հույսի մոմերն է դեղնածոր մեջս մարում՝

Իր լույսերին նա ինքնակամ դարձած դահիճ,

 

Որ ինձ նետի մի թույլ ժպիտ ցավիս խորքից

(Ճերմակերիզ մշուշների թանձր ցանցում),

Ու ցած թափի տառապանքիս կաթիլը ջինջ՝

Ոռոգելով մի դարավոր անդարձություն:

 

Հիմա հուշողն այս տողերից հետ կքաշվի՝

Ես կունենամ անանց տենդը միս ու արյան,

Հրաժեշտի պահին հանկարծ սուսիկ կիջնի՝

Նետված քարից անդրիս կերտած հավերժական…

 

Ու ջրերին իմ երկվության մի կռնատ ճայ

Իր լուսեղեն անդրադարձը կորոնի,

Որ խորքերի ալիքներից բազմաչարչար

Խաբկանքի լույս ձկնիկները կտցին առնի…

 

***

Օրն է բացվում հակադրված ու անդեմ:

Խաչերն արդեն տոտեմական պաշտամունք:

Տիրակառույց բարձունքից են ցած նետել,

Որ ես գրին մեկնեմ աղերս ու հարցմունք:

 

Զարդ են եղել իմ վեր ելնող ոտքերին

Աստղերն երկնի ու ամեն մի բարձրացում

Հիշեցրել են սուր ցավերը անկումի,

Անդունդ բացել դեմս իբրև փրկություն:

 

Ու վիրապներ լուսավորող իմ հոգին

Սավառնել է եզերքներով դուրս ու ներս,

Հրավառել թրթիռները կենսագին՝

Որոտաձայն հաղթանակները ինչպես:

 

էԼԵԳԻԱ  ՍԵՎԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԻՆ

1.

Լուսինը լողաց մերթ ուղիղ, մերթ թեք’

Դեղնածոր ոսկը խառնած ջրերին,

Քե՜զ էլ կապրեմ դեռ նորագույն իմ մեղք-

Բարդվիր իմ հոգու անքավ շերտերին:

 

Հուրը կապտավուն շողով իր ներքին

Պարում էր մարմնին խայտանքով անահ,
Որ զոհեր սիրո դեմքերը նախկին՝
Գիշերն էր եռում մեր շնչի վրա:

 

2.

… Տեսնես հառնեցի՞ն սերերն իմ մեռած.

( Հա՛յր, ճանաչի՜ր այն հրեշտակներին):

Որ ինձ հռչակես փրփրածին աստված՝

Հոգիս հանձնեցի ջրերի խորքին…

 

Դու ի՛մն ես հավետ, սակայն, ո՛ւմն եմ ես –

Տիրոջ խամաճի՞կ, հոմանի՞ դևի,
Ծամի՜ր այս սերն էլ՝ օշինդր որպես,

Որ այրվես սրտում և ա՛յս արևի…

 

 

Քամին ինչ որ հի՜ն առասպել գիտեր –

Շշնջում էր ու հեռու սլանում,

Սատանան ասաց. «Քեզ պետք չե՛ն թևեր,

Մարմի՛նդ այրիր նրա ափերում»:

 

Թևածում էր դեռ ջրերի ոգին՝

Թեքվում էր հույզի ստեղի վրա,

Որ մեղքից քամեր հնչյուններ անգին,

Գտել էր մի նոր Ադամ ու Եվա:

 

Դիպվածներն ե՞րբ են դառնում լեգենդներ-

Սիրո ու մահվան ո՞ր կայաններում,

Սևանիս ալյաց անո՜ւշ ակորդներ,

Սիրենն ո՞ւր տարավ խաբված նավաստուն:

 

Սատանան ասաց. «Քեզ պետք չեն թևեր,

Մարմի՛նդ այրիր նրա ափերում»:

Գիշերը սիրո մեղեդի ուներ-

Ստեղների դեմ մատներն էր դողում…

 

3.

Գոյի անհամար բարդ անցումներում,

Սեռի, կրքերի խառնուրդում ցմահ

Հույզերի անթով պատրանքն է եռում,

Որ բառով ցավի խոյանքն արթնանա,

 

Դուրս ժայթքի ներսից՝ խորքում ինչ որ կա՝

Դիվական նաև նո՜ւրբ, աստվածայի՜ն,

Այստեղ կոչվածը պիտի որ տոկա

Կենաց հարափոխ ելևէջներին:

 

Մենք ամենուր ենք ո՜րբ, օտարակա՜ն.

Կյանքը խաբկանքի թմբիր նրբաբույր,

Որ այս գոլորշին չցնդի իսպառ՝

Կենաց սերմերը գարուններին տուր:

 

Մահը չի բացի առեղծվածը իր,

Որքան էլ սիրո խաբկանքով թովեն,

Թե սառեց աստղը, ընկավ թյուրածիր՝

Նրան այլևս ասուպ կանվանեն:

 

Այս եղերերգը դեռ չունի ավարտ.

Ես գիտեմ այն ինչ գալու է հետո,

Հոգուս նիշերի բազմությունն անհարթ

Կթափվի հունչով դեռ կրեշչենդո:

 

***

Դու այնպե՛ս, այնպե՜ս ինձ նուրբ ես պահում քո աչքերի մեջ,

Որ ես տեսնում եմ դիցուհիների երկչանքը անտիկ:

Ու չի գրվելու այս պատմությունից բառե՜ր սնամեջ,

Տավիղ ու ծնծղա չեն լցնի շուրջը խմբով երգեցիկ:

 

Դու ո՜վ կդառնաս իմ չապաշխարած իրեղեն կյանքում,

Որ օլիմպոսյան կրքեր է խեղդել աստվածամրմուռ,

Նուրբ թևերի մեջ փշրել է հազար ճախրանք ու անկում,

Ու սրտում նրա հանգչում են արդեն տոտեմները լուռ…

 

Ու ինչո՜ւ ես դու այսքան մեղմօրեն տրվում հրայրքին,

Երբ  այս աշխարհում պատմություններ կան այսքան պարտության,

Երբ քաղաքներ են տրվել գալարուն կրակի շուրթին

Եվ երբ չեն կանգնել հավատի սյուները տրոյական…

 

***

Իմ փակ աչքերի երազը դու ես,

Գունավորումն ես բացվող կոպերիս,

Գալու ես  վաղը աշնան պես իջնես

Անդարձությամբ լուռ թևող հուշերիս:

 

… Սերը չի մեռնի, բայց ի՜նչ կդառնա,

Օտար, հեռացած կարոտի ափում,

Մեռնողը ես եմ- ի՞նչ կհամբառնա

Լույսի ու մթան միջնագծերում:

 

***

Դու կգաս դարձյալ, առաջվա նման

Կրակներիս մեջ նորեն այրվելու,

Կլինեն սակայն շուրթերը անհամ,

Կիրքը կլինի անհորդ ու հլու:

 

Հողում սերմերը երկար չեն փակվում.

Սիտդ գարունքված կդողա էլի,

Հույզը չի դառանա վարար, լիահուն,

Շուրթիդ կրակը արդեն չի այրի:

 

Թերթերում տոկուն երգը կմնա՝

Տարիների հետ թունդն ամրացնելու,

Քո դարձը արդեն մեղք է ու մեղա –

Ոչ մի արցունքով չի լվացվելու…

 

***

Այս մեղեդու մեջ դյութիչ օրորն է:

Արևի գրկում մայրամուտ չկա,

Ճաշակածս լոկ այն մի խնձորն էր,

Տերը՝ դատավոր ու ինքն էլ վկա:

 

Հետո շլաշող, մի խենթ ինքնուրաց

Մեղկ հոգիս գրկած՝ տարավ համբուրի,

Նրա հետքից է այս շավիղը թաց,

Ձեռքիս՝ դրախտի ժանգոտ բանալի:

 

Իբրև սիրո կայծ իջա մեհյանին

(Դեռ արցունքներ կան կռապաշտ ներքուստ),

Գինովցած էին- խոստացան դյուրին

Կավին հարությամբ մի լուսեղ գալուստ…

 

Որքան կրակներ դեռ քեզ չհասան

Իմ թեժ եռքերից, ուստր արևի,

Հնամյա թանձր մշուշներն իջան,

Անորոշ սերմս տամ որ հերկերին…

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>