«

»

Ապր 30 2012

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱՍՏԵՂԾՈՒՄ

Մաշտոցի պուրակի երեխաներին

Անապատը` հարափոփոխ ու մշտակա, ավազահյուս ու ջրակուլ, փռված էր ծովից ծով: Սահմանների անվիճելի գոյության մասին գիտեին միայն երկիքն ու ծովամերձ ավազահատիկները: Հենց նրանք էին, քամու թևերին ընկած, տարածում լուրերն այն մասին, որ անծայրածիր անապատն ունի սահման, և սահմանը ծովն է: Հենց նրանք էին պատահող անհամար ավազահատիկներին պատմում, որ իրականում սա ոչ թե անվերջ անապատ է, այլ` մենավոր կղզի` շրջափակված անսահման օվկիանոսով: Եվ հենց նրանք էին անբան խռովարարները, որոնց մոգոնած լուրերը անվստահությամբ ու կասկածով ընդունած ավազահատիկները շտապում էին ոչ թե կլանել նրանց, այլ` շուտափույթ վերահանձնել քամուն` թող տանի, կորցնի իրենց երևակայած ծովում, միայն թե խորքի անդորրը չխաթարի: Բայց անապատն անապատ է հենց ավազահատիկների անկայունությամբ, որոնք շարունակական շարժման ու տեղափոխումների մեջ են, որոնք չունեն մշտական դիրք: Ուստի առասպելը փոխանցվում էր բերանից բերան. գտնվում էին նորանոր ավազահատիկներ, որոնք քամու ջանքերով հայտնվում էին ափամերձ անապատային գոտում և ճանաչում ճշմարտությունը: Անհաղորդ ավազահատիկները շտապում էին ազատվել նրանցից` հանձնելով քամուն: Սակայն խռովարարների թիվն աճում էր:
Կյանքը եռում էր անապատում: Անապատը կյանք էր և միջավայր` կյանքի համար: Անփոփոխ էին, սակայն, սահմանները և անապատի ծավալը` պայմանավորված անապատը կազմող ավազահատիկների թվով: Թիվն այդ ոչ ոք չէր արտաբերել, ոչ ոք անունը չգիտեր. մոտավոր հաշվարկներն ասում էին, որ անսահման է:
Վազող մրջյունների տոհմը անակնկալ հայտնվեց անապատում: Նրանց երբևէ չէին տեսել. ոչ մի ավազահատիկ չէր կարող հիշողության գերագույն ճիգով մտաբերել նրանց հետ կապված որևէ արարածի: Ուստի լուրեր տարածվեցին, որ մրջյունները եկել են հեռվից, շատ հեռվից, անսահման անապատի անճանաչելի խորքերից: Փորձեցին ճշտել հենց նրանցից: Մրջյունները ոչ ժխտեցին, ոչ հաստատեցին դա, որոշ ավազահատիկների այն հարցին, թե ճիշտ է, որ անապատն ունի սահման` ծովը, նույնպես անորոշ, ավելի ճիշտ` երկակի պատասխան տվեցին: Նրանք հայտարարեցին ու պնդեցին, որ սերել են անապատի ավազահատիկներից, ծնվել ու մեծացել են այստեղ, իրենց ողջ կյանքն ապրել են այստեղ: Ոմանք տոհմածառ նկարեցին նույնիսկ և տվեցին ծնողների անունները` անուններ, որոնք, ըստ իրենց, որոշ բան գոնե պիտի ասեին քոչվոր ավազահատիկներին: Սակայն վերջիններս չհամակերպվեցին դրա հետ, թեև չկարողացան հերքել: Չնայած մրջյունների բերած անվիճարկելի փաստարկներին ու տեղեկություններին` ամրապնդվեց կարծիքն այն մասին, որ տոհմը եկել է հեռու-հեռվից, համընդգրկուն անապատի խորքերից:
– Մենք տոհմ չենք, – բողոքեցին մրջյունները,- մինչև այստեղ գալը անծանոթ էինք միմյանց:
– Այդ դեպքում ինչպե՞ս գտաք իրար հենց այստեղ,- առարկեցին ավազահատիկները, ու մրջյունները չպատասխանեցին: Նրանց այդպես էլ անվանեցին` Վազող Մրջյունների Տոհմ:
Տոհմն ապրում էր խաղաղ-վրդովվեցուցիչ կյանքով: Մեկ, երկու, երեք հոգով, սակավ դեպքերում` ավելի մեծ խմբով նրանք շարունակ այսուայնկողմ էին վազվզում, տարծություններ հաղթահարում, հեռավորություններ չափում: Ավազահատիկների հարցին ի պատասխան` մի՞թե ավելի խելամիտ ու կայուն զբաղմունք չեն կարող գտնել, նրանք հեգնանքով ասացին, որ անապատում ամենախելամիտ զբաղմունքը այսուայնկողմ վազվզելն է, քանի որ անապատն ինքը շարունակ այս ու այն կողմ է գնում, իսկ երբ ավազահատիկներն առարկեցին, թե անապատն աշխարհում ամենակայուն ու անշարժ գոյն է, դեռ ավելին` անապատն ինքը աշխարհն է, քանի որ սահմաններ չունի, մրջյունները պատասխանեցին, որ անապատն անշարժ չէ, այն շարունակ հոսում է ու փոփոխվում, ու դրա պատճառը հենց իրենք` ավազահատիկներն են, և որ անապատը հենց իրենք` ավազահատիկներն են. չկան ավազահատիկներ, չկա անապատ: Ավազահատիկները լռեցին, ու մի ծանր մտատանջություն համակեց նրանց: Մրջյունները շարունակում էին վազվզել, աննպատակ վազվզել, և եկավ մի օր, երբ վազող մրջյունների մեջքերին ավազահատիկներ հայտնվեցին: Ավազահատիկների հարցին ի պատասխան, թե ինչ են անում, մրջյունները հայտնեցին, որ տեղափոխելու են անապատը և որոշել են սկսել մոտակա ավազաբլուրից:
– Խենթացել եք,- ապշեցին ավազահատիկները,- նախ` անապատը հնարավոր չէ տեղափոխել, որովհետև անապատն ինքը` աշխարհն է, հետո` հավերժական ու անփոփոխ է անապատը, իսկ ավազաբլուրներն ու ավազահատիկները շարունակ փոխարինում են միմյանց, և մոտակա ավազաբլուրն էլ, միևնույնն է` այսօր կա, վաղը չկա, ի հակադրություն անապատի, ուրեմն ձեր խելահեղ որոշմանը միայն մի բնորոշում կարելի է տալ` անբանությունից ծնված հիմարության եռանդ: Մրջյունները պատասխանեցին, որ իրենք են տնօրինում իրենց կյանքը, իրենք ազատ են իրենց որոշումների և գործողությունների մեջ, և որ անապատի փոխադրումն ինքնանպատակ չէ. իրենք որոշել են անապատի վայրում անտառ կառուցել:
– Անտառ,- համրացան ավազահատիկները այդ մի հատիկ բառից, ապա աղաղակեցին կործանվողի ճիչով.- նույնիսկ եթե կարողանաք հարմար վայր գտնել անապատը դատարկելու համար, մի բան, որն անհնար է, որովհետև անապատը սահման չունի և գրավում է ամբողջ աշխարհը, ձեր կյանքի տևողությունը և ձեր թվաքանակը պարզապես չի հերիքի անապատից մի չնչին կտոր իսկ տեղափոխելու համար: Մրջյունները պատասխանեցին, որ նախ` իրենք որոշել են անտառ կառուցել այստեղ, երկրորդ` իրենք երկար են ապրում ու համբերատար են, երրորդ` անապատն անկասկած ունի սահման, և իրենք վաղ թե ուշ կբացահայտեն այն, չորրորդ` իրենց շարունակ կմիանան այլ մրջյուններ, հինգերորդ` անապատի կտորը նույնպես անապատ է: Ավազահատիկները համակվեցին չմարող աղաղակներով, քամին միացավ նրանց, և անկառավարելի, անպատկերացնելի ոռնոցների, սուլոցների, ավազահատիկների` միմյանց զայրացած բախվելու արդյունքում գոյացած ձայնի (որը լսողներին թվում էր, թե իրենց չորացած մաշկին մրջյուններ են վազվզում) ուղեկցությամբ մրջյունները շարունակեցին մեջքով տեղափոխել ավազահատիկներին` ավազաբլուրը:
Ժամանակը հոսում էր: Վազող Մրջյունների Տոհմը (նրանք վերջապես ընդունեցին այդ անվանումը` իրենց կոչելով այդպես) անդադար վազում էր` բեռնված ավազահատիկներով: Ժամանակի ընթացքում նրանց թիվը բազմապատկվում էր ու բազմապատկվում, իսկ ավազահատիկներին տանջող մտքերին գումարվում էր դա` որտեղի՞ց են նորերը հայտնվում և ինչպե՞ս են գտնում միմյանց, եթե, ինչպես իրենք են պնդում, ազգակցական կամ արյունակցական կապերով կաշկանդված չեն (մրջյուննե՛րն այդ բառը կիրառեցին` կաշկանդված): Առաջին ավազաբլուրը, որ որոշել էին տեղափոխել մրջյունները, վաղուց արդեն տարվել էր հեռու, հեռու, ծովի սահմաններին խիստ մոտ, սակայն այս մասին դեռ չգիտեր Վազող Մրջյունների Տոհմը և դեռ չէին կասկածում ավազաբլուրի ավազահատիկները: Զարմանալիորեն` անապատի ահասարսուռ փոթորիկների ժամանակ այս ավազաբլուրը մնում էր անփոփոխ, անշարժ, գեթ մի ավազահատիկ չէր կարողանում լքել իր զբաղեցրած դիրքը: Պատճառը, իհարկե, Վազող Մրջյունների Տոհմն էր. լիներ փոթորիկ, թե աննշան քամի` Տոհմի անդամները ամուր փաթաթվում էին միմյանց և ավազաբլուրին` ստեղծելով անքակտելի ու կենդանի պատ-պատյան, որի միջով ոչինչ չէր կարող թափանցել, որին ոչինչ չէր կարող մասնատել:
Ժամանակը հոսում էր, հոսում: Վազող Մրջյունների Տոհմի ամենագնաց անդամները հասել էին մեծ ծովին, ողջագուրվել առաջին կաթիլների հետ, տեղափոխել առաջին ավազաբլուրը ընդհուպ մոտ սահմանին: Նրանց հարցասիրությունը հիրավի սահման չուներ, և կարճ ժամանակում հասցրեցին ծովից իմանալ, որ անապատը մի ժամանակ եղել է իր` ծովի մասնիկը. որ անապատի գրաված ափեափ տարածությունում իշխել է ինքը` ծովը. որ անապատի արմատները գալիս են հեռու հեռվից, ծովի ընդերքից. որ հիմա անապատի տակ ծով է ծփում. որ անապատը ամբողջովին դատարկելու համար Տոհմը պետք է փորի աներևակայելի խորություններ. որ փորված դատարկությունը դեռ պետք է լցնել կայուն ու վստահելի նյութով (ծովն իրեն էր առաջարկում այդ նպատակի համար). որ անտառ կառուցելը չնչին ու անարժան զբաղմունք է. որ Տոհմը շատ է փոքրիկ ու անցողիկ` նպատակին հասնելու համար. որ անապատն իրականում հսկայական կղզի է. որ ինքը` ծովը, գրկաբաց կընդունի իրենց` Տոհմի անդամներին, եթե կցանկանան հարմարվել նոր պայմաններին ու վերածվել ջրային մրջյունների. որ ինքը` ծովը և սա` անապատը, հավերժական պայքարի մեջ են ու շարունակ մեկը կուլ է տալիս մյուսին, բայց հաղթելու է անկասկած ինքը` ծովը. որ հիմա, ճիշտ է, աշխարհում իշխում են ծովն ու անապատը, սակայն պետք է լինի միայն ծովը. որ ինքը շնորհակալությամբ կհիշի Վազող Մրջյունների Տոհմը… մրջյունները լսեցին հարգանքով և ուշադրությամբ, ապա հայտարարեցին, որ իրենք անապատը տեղափոխում են մի նպատակով` որ անտառ կառուցեն. որ եթե ծովը թույլ տա, իրենք անապատի մի մասը կհանձնեն նրան, սակայն նպատակ չունեն փորել մինչև կրկին ծովին հասնելը. որ անտառ կառուցելու համար իսկապես սուղ են միջոցները և աղքատիկ, սակայն իրենք կհաղթահարեն ամեն ինչ. որ ծովը ազատ է օգնել կամ չօգնել` անտառը, միևնույնն է, կկառուցեն. որ իրենք տեսել են անտառը հեռավոր ապագայում ու վստահ են, որ ինչ-որ տեղ ծովից անդին Նա կա, ինչպես կար ծովը անապատից անդին. որ իրենք ցանկանում են կամուրջ հաստատել իրենց անտառի և դրսի անտառի միջև. կամուրջը հենց իրենք են` մրջյունները. որ մեկ մեկի ուսից կառչած` իրենց մարմինների կենդանի շղթայով կարող են հաղթահարել հսկայական հեռավորություններ. որ պատրաստ են կաթիլ-կաթիլ դատարկել ծովը, ինչպես հիմա դատարկում են անապատը. որ գուցե ճիշտ է անապատը, և ճիշտ է ծովը` իրենց կյանքը և ուժերը չեն հերիքի դրա համար, սակայն իրենք գիտեն, որ նպատակի իմաստը այն չէ, ինչին ձգտում են, այլ` հենց ձգտումը. որ իրենց նպատակը ոչ թե անտառն է, այլ` հավատարմությունը Վազող Մրջյունների Տոհմին…
– Սակայն,- առարկեց ծովը,- ավազահատիկներն ինձ պատմեցին, թե սկզբում դուք ժխտել եք, որ կապված եք միմյանց հետ ու մերժել եք նույնիսկ Վազող Մրջյունների Տոհմ կոչվել:
– Այո՛,- պատասխանեց Տոհմը,- մենք ինքներս էլ չգիտեինք, որ մեր կոչումը Վազող Մրջյունների Տոհմ դառնալն է:

Share Button

2 կարծիք

  1. Սամվել Մարտիրոսյան

    «Չիպեր»-ից հետո, Ձեր գրչից ծնված ամեն մի տող, ինձ՝ ընթերցողիս համար պարտավորեցնող է: Սակայն ես շատ կուզենայի, որ այդ պատասխանատվությունը երկուսով կրեինք: Այլապես ինչի՞ համար է այս ամենը:

  2. Սիրանույշ Օհանյան

    Շնորհակալ եմ. Ձեր գրածն էլ ինձ է պարտավորեցնում…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>