Գուրգեն Միքայելյան | ԱՔԼՈՐԸ, ԱՎԻԱՑԻՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

-Ա՛յ այսպես պետք է շարժել թևերը, ա՛յ այսպես:- Արծվին դիտողություն էր անում հավը, և արծիվն էլ՝ շվարած, չհասկանալով, թե ինչ է կատարվում, լսում էր: Իսկ այն, ինչ կատարվում էր, ոչ թե սովորական միջոցառում էր, մրցույթ, այլ իրադարձություն…

Պետականորեն, օրենքով որոշված էր. ամեն արարած՝ եղջերավոր, թե անեղջյուր, հավք, թե զեռուն, այսուհետև պիտի ունենար վկայական, հավաստագիր: Օրինակ՝ ձուկը պիտի վկայական ունենար, որ կարողանում է լողալ: Օձը՝ որ կարող է սողալ: Ահա՛, արծիվն էլ փորձում էր վկայականով վավերացնել թռչելու իր կարողությունը: Սակայն, ինչպես երևում էր, նրա գործերը լավ չէին:

-Վայրէջքի ժամանակ գլուխը այսպե՛ս պիտի պահել, ոտքերը՝ այսպե՛ս:- Իր դիտողություններն էր շարունակում հավը, ումից կախված էր արծվի ապագան:

-Բայց ես…,- փորձեց միջամտել երկնքի արքան, սակայն աքլորը խեթ հայացքով սաստեց:

-Թռիչքի տեսությունը դու չե՛ս յուրացրել:- Ցույց տալով ինչ-որ գիրք՝ շարունակեց հավը:- Քեզ տալիս ենք ևս մեկ հնարավորություն:

-Շնորհակալ եղիր, որ այսպես բարյացակամ ենք:- Կռթկռթաց աքլորը:

-Գիրքը վերցրու և մեկ ժամ պարապիր: Մեկ ժամ հետո նորից կմոտենաս:- Խոսքն ավարտեց հավը և գիրքը մեկնեց կաղալով իրեն մոտեցող արծվին:

-Քայլել չգիտի՝ թռչել է ուզում:- Քթի տակ մռթմռթաց աքլորը:

Արծիվը, որ արդեն սկսել էր կասկածել՝ ըստ տեսության կկարողանա՞ թռչել, թե՞ ոչ, վրդովված դիմեց հավին.

-Իսկ եթե չսովորեմ այս տեսությունը և վկայական չունենա՞մ:

-Ի՞նչ:- Բարկությամբ նայեց աքլորը:

-Հա՛: Նախկինի պես իմ սովորական ձևով թռչեմ: Ազատ ճախրեմ… Առանց վկայականի:

-Սա արվում է քո՛ անվտանգության համար: Անցել են այն ժամանակները, երբ ամեն բան արվում էր բնազդով: Հիմա պետք է անել բանականությա՛մբ, ըստ գիտությա՛ն: Քսանմեկերորդ դարն է արդեն:- Թեև իր ժամացույցը միայն օրվա համար էր, բայց որոշեց ծուղրուղուով նաև դարի մասին հիշեցնել աքլորը…

-Չիմանալով տեսությունը՝ մի օր էլ կշփոթվես, չես իմանա, թե ինչպես թևերդ թափահարես, վայր կընկնես, կբախվես քարի:- Արծվի կյանքի համար մտահոգվեց հավը:

-Ի դեպ՝ եթե քեզ թվում է, թե թռչելու մասին ամեն ինչ գիտես, ասա՛, խնդրեմ. հիսուն մետր բարձրությամբ թռչող արծիվը ի՞նչ արագությամբ պիտի սլանա ներքև, և ինչքա՞ն պիտի լինի նրա քաշը յոթ կիլոգրամանոց գառնուկին բարձրացնելու համար:- Շատ հասարակ հարց տվեց աքլորը:

Արծիվը շփոթվեց: Լեզուն կապ ընկավ:

-Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ամուսնու խոսքը շարունակեց հավը,- իսկ ձեզ՝ արծիվներիդ թվում է՝ ամեն ինչ գիտեք:

-Լավ: Իսկ ի՞նչ կլինի,- դժգոհ խոսեց արծիվը,- եթե կյանքս վտանգած շարունակեմ թռչել՝ չիմանալով ո՛չ այս տեսությունը, ո՛չ էլ բարձրագույն մաթեմատիկա:

-Ի՞նչ:- Կրկին բարկացավ աքլորը:

-Օրենք է, չի՛ կարելի:- Բացատրեց հավը:- Չիմանալով տեսությունը, չանելով ճիշտ հաշվարկ՝ մի օր էլ երկնքում կբախվես մեկ այլ թռչող օբյեկտի: Այդպես վտանգավոր կլինես ոչ միայն ինքդ քեզ համար, այլև ուրիշների: Վտանգավոր կլինես հանրությա՛ն համար:

-Տարրական մաթեմատիկա չիմացող քեզ նման թռչունների պատճառով գիտե՞ս տարեկան քանի «Բոինգ» է կործանվում:- Ավիացիայի մասին իր գիտելիքները ցուցադրեց աքլորը:

-Հրե՛ն, տեսնո՞ւմ ես:- Հրացանն ուսին գցած որսորդի կողմը ցույց տվեց հավը:- Այսուհետև նա պարեկություն է անելու երկնքում: Հրամայված է վար բերել բոլոր այն թռչող օբյեկտներին, որոնք չունեն հավաստագիր:

— Կարծում եմ՝ քեզ համար պարզ է, թե ի՛նչ է նշանակում «վար բերել»-ը:- Հավի խոսքը շարունակեց աքլորը:

Թռչող օբյեկտ արծիվը երբ տեսավ գետնաքարշ մարդու ահարկու հրացանը, վախից սարսռեց: Այլ ճար չկար. պիտի սովորեր… թռչել: Եվ «Թռչելու գիտական տեսությունը» թևի տակ դրած, կաղալով՝ գնաց մի կողմ:

Մինչ նա կպատրաստվեր իրեն ընձեռված վերջին փորձությանը, մեկ այլ տեղում վկայական ստանալու համար քննություն էին հանձնում վազորդ կենդանիները: Այնտեղ մրցությունն առավել դաժան էր, որովհետև վազորդները շատ էին, վկայականները, տեղերը՝ քիչ: Դա նշանակում էր, որ շատ վազորդներ վկայական չէին ստանալու: Վազելու իրավունք չէին ունենալու: Եվ այնտեղ նույնպես կանգնած էին աչալուրջ հրացանակիրները…

Բայց տարօրինակն այն է, որ թեև շատ էին հավակնորդները, սակայն մեղմ էին չափանիշները: Մեղմ էին այն աստիճանի, որ վկայական ստացավ անգամ կրիան: Եվ մինչ նա մեկնարկային գծից կհեռանար, ընձառյուծը, չկարողանալով տեսնել այդպիսի դանդաղություն, վազքուղու շուրջբոլորը երեք րոպեում չորս անգամ պտտվեց: Բայց դա հաշիվ չէր. վկայական ստանալու համար պետք էր վազել ոչ թե վազքուղու եզրերով, այլ վազքուղով: Միայն դա կհամարվեր «պաշտոնական վազք», միայն այդ դեպքում կտրվեր վկայական: Ամբողջ հարցն էլ, ահա՛, հենց այս էր, որովհետև…  ընձառյուծին չէին թողնում մտնել վազքուղի:

-Քո անունը չկա: Իրավունք չունես:- Ասում էր հանձնաժողովի նախագահ առնետը:

-Ինչպե՞ս թե չկա: Ինչո՞ւ չկա:- Բղավում էր ընձառյուծը:- Ինչ է, չե՞ք տեսնում, որ ես եմ իսկական վազորդ կենդանին:

-Չգիտեմ:- Ասում էր առնետը՝ չցանկանալով ընձառյուծի հետ խոսակցությունը շարունակել:

-Ո՞վ է կազմել ցուցակները:- Վրդովված նրան հարցնում էր ընձառյուծը:

-Չգիտեմ:

-Ինչո՞ւ է ինձ միտումնավոր դուրս թողել:

-Առնետը լռում էր՝ իբր թե գործով է զբաղված:

-Որովհետև դու իրենց «մարդը» չես:- Ընձառյուծի ականջին շշնջաց մի կենդանի:

-Բայց դա… Դա խայտառակություն է:- Ճչաց ընձառյուծը:- Դա արդեն ոչ թե կուրություն է, չիմացություն, տգիտություն, անփութություն, այլ հանցագործություն: Միտումնավո՛ր հանցագործություն:- Չէր հանդարտվում նա:- Պաշտոնապես վազորդ կենդանի ճանաչել, վկայական տալ կրիային, իսկ ինձ՝ ո՞չ:

Զայրույթից, կատարված անարդարությունից պայթում էր ընձառյուծի սիրտը, ու մինչ մյուս վկայագրվող վազորդները կհասնեին եզրագծին, նույն տարածությունը նա անցավ ևս մի քանի անգամ: Բայց դա, ինչպես ասվեց, հաշիվ չէր, օրինական չէր, որովհետև վազք էր վազքուղու շուրջը և ոչ վազքուղում: Եվ նայելով որսորդի զենք ու զրահին՝ կարելի էր ասել, որ դա ընձառյուծի համար կարող է լինել վերջին վազք…

Այսպիսի հետաքրքիր դեպքեր էին ծավալվում նաև մշակույթի պալատում: Մրցում էին «երգիչները», և այնտեղ նույնպես վկայականների քանակը, տեղերը սահմանափակ էին: Փորձում էին վկայական ստանալ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ կարողանում էին ձայն հանել: Պատկերացնելու համար, թե ինչպես էր ընթանում մրցույթը, բավական է իմանալ, թե ով էր հանձնաժողովի նախագահը: Կկռահե՞ք… Այո՛, ագռավը:

Քանի որ ամեն ինչ մեկ բառով ասվեց, մանրամասները չներկայացնեմ: Չանտեսեմ նաև դրականը: Վկայական չստացողներին երգել չէր արգելվելու: Պարզապես նրանք չէին համարվելու «օրենքով երգիչներ», չէին լինելու արտոնյալ: Նրանց դահլիճներ, եթեր չէր տրամադրվի: Նրանց մասին չէր խոսվի, չէր գրվի: Կլինեին անտեսված: Իսկ վկայական ստացողնե՜րը… Կդառնային «էլիտա», և նրանցից պրծում ոչ ոք չէր ունենա: Ով էլ էլեկտրական որևէ սարք միացներ,  կլսեր նրանց «երգը»: Եթե նրանք չերգեին, ուրեմն հաստատ կխոսեին: Իրե՛նք չխոսեին, իրե՛նց մասին կխոսեին: Եվ ամեն ինչի մասին տասը, քսան, հարյուր ու հազար անգամ խոսելուց հետո, երբ սպառվեին նրանց կյանքին ու «փառքին» վերաբերող բոլոր թեմաները, նախատեսված էր, որ անցնեն… ճաշ եփելուն: Այս «երգիչները», այո՛, պիտի ամեն երեկո հագնեին խոհարարի խալաթ, մտնեին եթեր ու… ճաշ եփեին:

Թո՛ւ… Ներեցեք…

Այս «էլիտայի» մեջ հանձնաժողովն ընդգրկեց ամեն տեսակ ագռավի ու կաչաղակի՝ դուրս թողնելով սոխակին ու դեղձանիկին: Փառք Աստծո, որ այստեղ որսորդներ չկային…

Այժմ դառնանք «Թռչելու գիտական տեսությունը» որսորդի սուր հայացքի տակ սերտող արծվին:

Երբ տրված ժամանակն սպառվեց, աքլորը ձայն տվեց, որ նա մոտենա: Արծիվը, որ այդ տեսությունը կարդալով՝ արդեն սկսել էր ամեն բան շփոթել ու արդեն չգիտեր, թե թռչելիս ի՛նչ հաճախականությամբ պիտի շարժի թևերը կամ ի՛նչ դիրքով պահի պոչը, վախը սրտում՝ մոտեցավ: Առաջվա ինքնավստահությունը կորցրել էր ամբողջովին: Նրան թվում էր, թե հիմա ավելի լավ կսողա, քան կթռչի:

-Հը՞, պատրա՞ստ ես:- Հարցրեց աքլորը:

Արծիվը ցանկացավ ասել  «չէ», բայց մտածեց, որ եթե այդ տեսությունը մի քիչ էլ կարդա, չի կարողանա ոչ միայն թռչել, այլև քայլել:

-Հա:- Ասաց արծիվը, ու թեև արտաբերածն ընդամենը երկու հնչյուն էր, բայց դրանք էլ ասաց կակազելով:

Աքլորը դարձյալ տվեց ավիացիային վերաբերող հարց. «Կկործանվի՞ արդյոք 700 կիլոմետր ժամ արագությամբ ընթացող «Բոինգը», եթե նրա շարժիչների մեջ ընկնեն արծիվներ»:

Արծիվը, ում լեզուն առանց այդ էլ կապ էր ընկել, պատկերացնելով մի այդպիսի արհավիրք, ոչինչ չկարողացավ պատասխանել:

-Լավ:- Միջամտեց հավը:- Անցնենք գործնականին: Կարո՞ղ ես բարձրանալ այն ժայռի վրա և այնտեղից թռչել, գալ մեզ մոտ:

Արծիվն անվստահությամբ գլխով արեց և լարվածությունից չմտածելով անգամ, որ մինչև ժայռն էլ կարելի է թռչել, կաղալով գնաց:

-Նույնիսկ քայլել չգիտի:- Կրկին մռթմռթաց աքլորը:

Երբ արծիվը կանգնեց ժայռի վրա, փորձեց հիշել տեսությունը. ժայռից պետք է հրվել ու թևերը բացել: Նա այդպես էլ արեց, բայց ոչ մի կերպ չկարողացավ կողմնորոշվել, թե, ըստ տեսության, ի՛նչ դիրքով պիտի պահի գլուխը, պոչը, որքան պիտի բացի թևերը, ի՛նչ հաճախականությամբ պիտի դրանք թափահարի, ոտքերը ինչպե՛ս ու ե՛րբ պիտի ծալի ինքնաթիռի անիվների պես… Այս ամենին գումարած՝ նա դեռ պիտի հաշվեր, թե ի՛նչ արագություն զարգացնի, որ կարողանա ճիշտ տեղում վայրէջք կատարել, ինչպես աքլորն էր ասում, «Բոինգի» նման… Իսկ օդում ժամանակ չկա: Ամեն ինչ որոշվում է ակնթարթում: Եվ արծիվը ամեն բան խառնեց իրար, հաշվարկներում շփոթվեց, սկսեց թևերն անկանոն թափահարել ու, վիրավոր թռչնի պես թպրտալով, ընկավ հավի առաջ: Հավը գլուխը տարուբերեց.

-Է՜…

-Բա որ ասում եմ:- Խոժոռվեց աքլորը:- Պատկերացրու, թե ի՛նչ կլիներ, եթե այս պահին այստեղով մի ինքնաթիռ անցներ, ու դու բախվեիր նրան…

-Եվ պատկերացրու, որ ինքնաթիռը լիներ ռազմական, ու մեջը լիներ ատոմային ռումբ:- Ավելացրեց հավը:

«Ռազմական» բառը լսելով՝ արծիվը վախեցած նայեց որսորդին: Վախեցավ, սակայն, ընդամենը մի պահ. հաջորդ վայրկյանին ապրել-չապրելը նրա համար դարձավ միևնույնը…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի