Գուրգեն Միքայելյան | ԳԻԺԸ

Գուրգեն Միքայելյան

ԳԻԺԸ

   (2016 թ.)

        Ամբողջ նահանգը խուճապի մեջ էր: Չգիտես՝ ինչպես, չգիտես՝ որտեղից հայտնվել էր մի հրեշ: Եվ ի՜նչ հրեշ. միջնադարյան գազան, մարդակեր: Բոլորը ապշած, ցնցված էին. 21-րդ դարում հրե՞շ: Բայց արի տես, որ դա իրողություն էր, և հրեշն էլ, չլսված բան, հենց ինքը՝  նահանգապետն էր…  

        Սա իմանալով՝ բնակիչների մի մասն անմիջապես հավաքեց ունեցած-չունեցածն ու փախավ: Մի մասը որոշեց դեռ սպասել, իսկ մի մասն էլ չկարողացավ փախչել, որովհետև հնարավորություն չուներ: Իսկ հրեշի հնարավորությունն անսահման էր, ախորժակն էլ բոլոր դևերի ախորժակի պես՝ անհագուրդ: Ամբողջ ժողովուրդը նրա համար աշխատում էր, իսկ նա ուտում-ուտում ու չէր հագենում: Եվ հրաման արձակեց դևը, որ այսուհետև մարդիկ աշխատեն նաև գիշերները, օրնիբուն: Բանը բանից անցավ, երբ հրեշը պահանջեց, որ ամեն օր իրեն մատուցեն նաև մի կույս աղջիկ: Սա արդեն չափազանց էր, և ժողովուրդը ցանկացավ չհնազանդվել: Եվ, ահա, պատերի տակ սկսվեց հարցերի քննարկումը: Ոմանք ասում էին, որ պետք է գնալ և դևին քշել ուժով: Մյուս մասն ընդդիմանում էր:  

        – Չէ՛: Պարզապես մեր խելոք մարդիկ պիտի գնան նրա մոտ ու բացատրեն, հասկացնեն, որ այդպես չի՛ կարելի. որ սա քսանմեկերորդ դարն է. որ  բոլորս էլ նույն ազգից ենք. որ բոլորիս հայրենիքն էլ նույնն է… Թող բացատրեն, խելքի բերեն: Եթե չի հասկանա, թող տան թուք ու մուր:–  Ասում էին նրանք:

        Եվ խելոք մարդիկ, լսելով մյուս խելոքների հորդորները, գնացին հրեշի մոտ: Գնացին և…  վերադարձան թքի ու մրի մեջ կորած…

        – Դա հրեշ է անուղղելի՛, ուղնուծուծով՝ պիղծ: Մարդ չի դառնա երբե՛ք: Միակ փրկությունը դրանից ազատվելն է:–  Ասին:  

        Ազատվել… Բայց ինչպե՞ս: Եվ այս հարցը խփվեց պատեպատ, մտավ ամեն տուն ու նկուղ, խորդանոց ու խոհանոց, մասնակցեց հարսանիքների ու հոգեհացերի, շիկացավ, այրվեց… Տանիքով դուրս եկավ, պատուհաններից մտավ: Դռնից դուրս եկավ, տանիքից մտավ, բայց պատասխան այդպես էլ չունեցավ:

        – Պետք է քշել ուժով և վե՛րջ:–  Կրկին իրենցը պնդեցին անհնազանդները, բայց դարձյալ լսվեց առարկություն.

        – Արյուն կթաքվի, զոհեր կլինեն, իսկ մենք առանց այդ էլ քիչ ենք…

        Եվ գրագետ մարդիկ սկսեցին հաշվել, թե հրեշի պատճառով քանի-քանիսն են երկիրը լքել, քանի-քանիսն են սովամահ եղել: Թե ո՛ր կամրջից քանի հոգի է նետվել: Թե քանիսին է հրեշը կերել…

        – Առջևում ընտրություններն են,–  ասին,–  ավելի լավ է՝ քաղաքակիրթ ձևով…

        Ընտրություններում դևը ոչ մի ձայն էլ չստացավ, բայց բոլոր հաշվարկներով ներկայացրեց, որ հաղթել է ինքը, ու կրկին իրեն հռչակեց նահանգապետ:

        – Ահա՛ և ձեզ քաղաքակիրթ ձև:–  Ասացին ըմբոստները:

        – Բա ի՞նչ անենք:

        Եվ հարցը նորից օդում կախվեց:

        – Դե, գիտե՞ք, վիճակն այնքան էլ վատ, անհուսալի չէ:–  Խոսեցին արդեն նրանք, ովքեր դարձել էին դևին համակիր:–  Որտե՞ղ հիմա դևեր չկան: Ո՞ր մարդու մեջ… Եվ ի՞նչ իմանանք, թե նրանից հետո չի գա մի ավելի վատ դև…

        Տրամաբանությունը ցնցող էր: Անվիճելի՛: Ու երբ ըմբոստները նույնիսկ առանց քար ու փայտի շարժվեցին դեպի դևի ապարանքը, նրանց դեմ արդեն կանգնել էր մի մեծ բանակ: Ժողովուրդը մնաց ապշած. մարդակեր դևին՝ այսքան համակի՞ր: Բայց փաստը փաստ էր, և «ի՞նչ անել» հարցը իրեն նորից տվեց պատեպատ, կախվեց սովածի ու լլկվածի վզից, լռվեց երկրի կոկորդում, դարձյալ շիկացավ, ապա պաղեց, անցավ քաղաքից քաղաք, սահմանից սահման ու դարձավ… միջազգային:

        – Դա կոչվում է կոռուպցիա,–  ասին:–  Մենք գիտենք, թե ինչպես պետք է պայքարել այդ հրեշի դեմ: Մե՛նք, ասել է՝ միջազգային հանրությունը, ունի վիթխարի փորձ ու գիտելիք: Համաշխարհային քաղաքական միտքը գտել է այդ հարցի բանալին:

        – Իսկ հստա՞կ, որոշակի՞:

        – Հստա՛կ, որոշակի՝ ահա՛ ձեզ ծրագրեր: Խնդրեմ, ծրագիր համար 1, ծրագիր համար 2, ծրագիր համար 3… Այս ամբողջը պարտավո՛ր է իրականացնել ձեր հրեշը, այլապես…

        – Ի՞նչ:

        – Փող չենք տա…

        – Թքա՛ծ:–  Ասաց հրեշը:

        – Ինչո՞ւ: Բա ձեր նահա՞նգը:

        – Թքա՛ծ:

        – Աղքատները…

        – Թքա՛ծ:

        – Որբերը…

        – Թքա՛ծ:

        – Թշնամին…

        – Թքա՛ծ:

        – Հայրենիքը…

        Հրեշն այս անգամ թքեց երկու անգամ, և համաշխարհային դիվանագիտության լեզուն կապ ընկավ…

        – Դա հրե՛շ է, հրե՛շ: Երկրի վզին, մեր պարանոցին փաթաթված դև, որից միակ փրկությունը այստեղից քշելն է:–  Կրկին խոսեցին գաղափարական առաջնորդները:

        – Ո՛չ: Նա բնավ էլ վատը չէ:–  Արդեն ավելի բարձր բղավեցին դևի համակիրները, որովհետև նրա իշխանության օրերին փոխվել էր արժեհամակարգը, և շատերի համար դևությունը ոչ  միայն պախարակելի երևույթ չէր, այլև դրվատելի էր:

        Սակայն սովամահությունը շարունակվում էր, և շատերին միայն մի միտք էր տանջում՝ ինչպե՞ս փախչել, ազատվել հրեշի ճանկերից: Մի հրեշի, ում ախորժակը գնալով ավելի ու ավելի էր բացվում: Ում դեմ անզոր էր և՛ հայրենական, և՛ համաշխարհային քաղաքական միտքը:

        Եվ հանկարծ կատարվեց անսպասելին: Այն պահին, երբ հրապարակայնորեն հրեշին էր մատուցվում հերթական կույսը, նրան մոտեցավ նահանգի հայտնի խելագարը: «Գիժ». այսպես էին նրան կոչում բոլորը: Եվ կարծես նա անուն չուներ ու երևի հենց գիժ էլ ծնվել էր: Սակայն այս պահին դա չէ կարևոր, որովհետև, ով էլ լիներ, հիմա կանգնած էր հրեշին դեմ առ դեմ: Երկար մտածելու բան նա չուներ և չմտածեց… Ընդամենը քրքրված անձրևանոցի տակից հանեց մի փայտ և… Այո՛, ընդամենը՝ այդքան, և հրեշը փռվեց գետնին:

        – Վե՛րջ: Այսքանը:–  Ասաց Գիժը:–  Վերջացավ:

        Եվ ժողովուրդը ազատ շունչ քաշեց: Եվ ամեն բան վերջացավ…

ՄԻ ԱՊՏԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

         Ինչպես լինում է երբեմն, նախագահը, թիկնապահներով շրջապատված, պատասխանում էր ժողովրդի հարցերին: Հենց այս պահին էլ, դանդաղ քայլելով, կասկածի տեղիք չտալով, նրան մոտեցավ սուսիկ-փուսիկի կերպարանք ընդունած մի տղամարդ: Մոտեցավ և… Շրը՜խկ. հուժկու ապտակը որոտաց նախագահի դեմքին: Դեպքն արտառոց էր: Աննախադե՛պ: Վայրկյաններ անց թվում էր, թե տղամարդուց ոչինչ չի մնացել, բայց նա ողջ և առողջ նստած էր ոստիկանական ավտոմեքենայում: Ասուլիսն անմիջապես դադարեցվեց: Նախագահը եթե ամոթ ունենար, հավանաբար գետինը կմտներ, բայց անդրդվելիորեն մնաց տեղում կանգնած: Քիչ անց նրան զեկուցեցին, որ տղամարդը վտանգ այլևս չի ներկայացնում, զենք չունի, և պարզվում է նրա ինքնությունը: Մի փոքր մտորելուց հետո նախագահն ընդունեց իր կյանքի ամենաանսպասելի որոշումը:

         – Բաց թողեք,–  ասաց:

         – Ի՞նչ…

         – Բաց թողեք:

         Մեծահոգի երևալու ինչպիսի՜ առիթ: Եվ նախագահը այն բաց չթողեց…

         Տղամարդու ձեռնաշղթաները հանեցին, մեքենայից իջեցրին և…

         – Գնա՛,–  ասին:

         Ականջներին չհավատաց:

         – Ո՞ւր:

         – Ուր կուզես: Ապո՛ւշ:

         Նախագահն արդեն պատրաստվում էր նստելու ավտոմեքենան, երբ տղամարդուն մոտեցավ մտավորականի նմանվող ինչ-որ մեկը, մի քանի վայրկյան սպասեց, և այն պահին, երբ նախագահը հայացք գցեց իր կողմը… շրը՜խկ. տղամարդուն փռեց գետնին: Հաճոյանալու ինչպիսի՜ առիթ…

         Նախագահի ավտոմեքենան հեռացավ, իսկ տղամարդը կրկին ընկավ շրջապատման մեջ: Նրա գլխին հավաքվեցին գրող ու լրագրող, երգիչ ու բանագող, արտիստներ՝ վաստակավոր և անվաստակ…

         Լավ իմանալով, որ ներկաների մեջ են նաև նախագահի «աչքերն» ու «ականջները», առիթը բաց թողնել ոչ ոք չուզեց:

         – Նախագահը պետության խորհրդանի՛շն է: Դու ձեռք բարձրացրիր պետությա՛ն վրա:–  Իմաստախոսեց լրագրողը, և շրխկաց նրա ապտակը:

         – Ախր այդ նախագահն արդեն անիծել է մեր պետությա՛ն հերն էլ, խորհրդանիշի՛ հերն էլ, ձե՛ր հերն էլ…,–  Գոռաց տղամարդը, բայց… Շրը՜խկ. պայթեց մյուս «հայրենասերի» ապտակը.

         – Դու, ինչ է, ապստամբությո՞ւն ես քարոզում:

         – Հա՛,–  չնահանջեց տղամարդը,–  հենց էլ քարոզում եմ: Ու քանի դեռ սրանք գահի վրա են…

         Շրը՜խկ… Չհասցրեց խոսքն ավարտել ըմբոստը:

         – Ա՛ռ քեզ ըմոստություն: Մնացել ենք արդեն մի բուռ, և քարոզում ես, որ հայը հայի՞ վրա ձեռք բարձրացնի:–  Սա էլ մեկ ուրիշն էր:

         – Ախր հենց սրանց պատճառով մնաց մի բուռ… Նախագահն ինքն է ձեռք բարձրացնում հայության վրա, պետության վրա: Նա բոլորիս դարձրել է ճորտ:

         – Թշնամին կանգնած է սահմանին: Մեր զինվորները… (Շրը՜խկ):–  Տեսքից դատելով՝ սա պիտի որ լիներ թաղապետ:

         – Ինչ էլ լինի, հայը հայի վրա ձեռք չպիտի՛ բարձրացնի:–  Դաստիարակչական զարկն իր իջեցրեց պալատական երգիչը:

         – Ազգի կեսը անգործ է, կեսը քաղցից մեռնում է, զինվորն էլ սոված է, որովհետև այդ նախագահը…

         – Հայը հայի դեմ չպիտի՛ ելնի:–  Տղամարդու խոսքը կտրեց վաստակավորը:

         – Այդ հայը հայի դավաճա՛ն է:

         – Հայը հային դավաճան չպիտի՛ կոչի:–  Տղամարդու գլխին բամփեց դասախոսի նմանվող ինչ-որ մեկը:

         – Այդ հայը թալանել է ամբողջ երկիրը:

         – Հայը հայի դեմ չպիտի՛ խոսի:–  Կրկին խոսեց լրագրողը:

         – Մեկ ու կես միլիոն հայ փախել է:

         – Թշնամու ջրաղիցի՞ն ես ջուր լցնում, անասո՛ւն:–  Սա, ասում են, քաղաքացիական հագուստով ոստիկան էր:

         – Զենքի փողն է անգամ կերել…

         Քանի որ արդեն քսանմեկերորդ դարն էր, ընդունված չէր, որ մարդկանց կապեն անարգանքի սյանը, ուստի ըմբոստացած տղամարդուն պարզապես կանգնեցրին այդ սյան տակ, և հետագա գործողություններն ստացան ազգային-փիլիսոփայական բնույթ.

         – Հայը հայի վրա ձեռք չպիտի՛ բարձրացնի… (Շրը՜խկ):

         – Հայը հայի՞ն… (Շրը՜խկ): 

         – Հայը հայի դե՞մ… (Շրը՜խկ):

         – Հայը… (Շրը՜խկ):

         – Հային… (Շրը՜խկ)

         Շրը՜խկ… Շրը՜խկ… Շրը՜խկ…

         Եվ տղամարդը… մեռավ: Եվ պակասեց ևս մեկ հայ…

Թողնել պատասխան

Your email address will not be published.