Կանգառ
Հինգ րոպպեանոց է, փոքրիկ-փոքրիկ: Ամեն ինչ ունի: Երեսին՝ ժպիտ, հագին գեղեցիկ, արդուկած շորեր, վզին ու ականջներին՝ կախովի զարդեր:
Միայն ժամանակ չունի: Բոլորն ուզում են հասցնել ինչ որ բաներ անել նրա համար: Հետո, մինչև վերջ, այլևս կանգառներ չեն լինելու:
Ուրա՞խ եմ: Իհարկե՝ ուրախ եմ: Հայկական գարեջրի համար էլ եմ ուրախ: Գիտեմ, որ հաստատ չի հերիքի մինչև վերջ, բայց ուրախ եմ: Քիչ անց, սկսում եմ զարմանալ ուրախությանս վրա: Հետո կամաց-կամաց զարմանքս փոխվում է մենակության, հետո՝ հոգնության ու քնի:
Առավոտյան նայեմ, տեսնեմ՝ մարդիկ երեկվանից շատ են, նրանց ժամանակն էլ է շատ, իսկ ունեցածը՝ քիչ, մի նստելատեղ: Նայեմ, տեսնեմ՝ նրանք ինչ անում են, այդ քչի համար են անում: Ուրախանում են, տխրում, սիրում ու ատում մեկը մյուսին, կռիվ տալիս ու ընկերանում:
Շատ ժամանակի ու շատ մարդկանց համար ոչ ոք ոչինչ չի անում: Կարծես մոռացել են այդ մասին: Երևի այդ նրանից է, որ այլևս կանգառներ չեն լինելու: Ուրիշ մարդիկ և ուրիշ ժամանակ էլ չի լինելու: Ինչ որ կա՝ սա է:
Խաչմերուկ
Միշտ մտածել եմ, որ ճանապարհն ուրիշ տեղ է գնում, ես՝ ուրիշ:
Միգուցե դա մինչև Ճամփաբաժա՞նն է այդպես: Միգուցե՝ նրանից հետո՞, չգիտեմ: Ինձ թվում է, ոչ մեկն էլ չի ուզենա իմանալ ամբողջ ճշմարտությունը: Դրա համար էլ հարցեր չեմ տալիս:
Նույնիսկ երբ ճանապարհը բոլորովին սխալ տեղ է գնում: Ինքը գնում է, քիչ է, մնացածին էլ իր հետ է տանում: Ինձ չի տանում, չէ: Ինչու՞ , չգիտեմ: Գիտեմ միայն, որ թե իր տանելով ու թե չտանելով նա խանգարում է ինձ գնալ իմ ճիշտ տեղը: Մոլորեցնում է, պատեպատ տալիս: Սրա, նրա հետ լավ ու վատ անում:
Կարծում եմ, որ եթե չլիներ ճամփաբաժանը, ու միայն ես լինեի, ապա մարդիկ անպայման իմ իմացած տեղը կգաին: Բոլորի համար էլ հեշտ կլիներ: Չէին հոգնի, չէին փոշոտվի, կոտրվի, վիրավորվի: Իրենց կյանքն ու առողջությունը չէին վատնի քայլելու վրա:
Չէ, էլի սուտ ասացի: Միևնույն է, կասկած մնաց մեջս: Վայ թե նրանք, այնուամենայնիվ ընտրեին ոչ թե ինձ, այլ մեկ ուրիշ՝ սխալ գնացող ճանապարհ:
Շքերթ
Բոլորն ուզում են առաջինը լինել:
Իրար հետ են, բայց ուզում են առաջինը լինել:
Երբ մենակ էին, ոչ ոք այդ մասին չէր էլ մտածում: Բայց հիմա, երբ իրար կողքի են՝ մտածում են: Մտածում են, որ արդարացի չէ՝ այսպես, իրար հետ պարանակապ, շղթայված լինելը: Մտածում են, որ արդարացի չէ նույն տեղից առավոտյան միասին ելնելը և իրիկունը մեկ ուրիշ տեղ միասին մտնելը:
Իսկ ե՞ս: Ես չեմ ուզում մտածել այդ մասին: Գլուխս լցնել թեփով: Փչացնել իմ, քո, մյուսի լավ օրը:
Ես գիտեմ, որ ինձ նման՝ շատերը չէին ուզենա դա անել: Մտածելով, որ մարդկանց մեջ լինել առաջինը՝ դեռ չի նշանակում առաջ ընկնել, իսկ վերջինը՝ հետ մնալ:
Չեն ուզենա:
Բայց մեզ խանգարում են հետևից քայլողները, որոնք չեն սիրում առջևից գնացողներին, այլ սիրում են միայն հետևից քայլողներին:
Խանգարում են առջևից քայլողները, որոնք չեն սիրում հետևից եկողներին, այլ սիրում են միայն առջևից քայլողներին:
Եվ այս ամենը տևում է ընդամենը մի քանի րոպպե:
Հրապարակում:
Ճառերի, ծաղիկների, փուչիկների ու երաժշտության մեջ:
Այսպես մենք տոնում ենք մեր բոլոր մեծ գործերը, որոնք մեզնից բացի ոչ մեկը չի տոնում:
Եվ ինձ թվում է, որ մեզ դա էլ է խանգարում:
…
Անձրև է,
Հազար անգամվա անձրև,
Նրան վաղուց արդեն ոչինչ բաժին չի հասնում փողոցում:
Քիչ հետո,
Ջրափոսի ջուրը կծածկի խաղալիքը, տղային, ամրոցը, անձրևը…
Ջրափոսի մեջ այդ ամենը մի քիչ ավելի ուշ է ավարտվում:
Փոքրիկ աղջնակը երկու ձեռքով, համառորեն, բռնել իր տիկնիկն ու սպասում է,
Թե ե՞րբ է, վերջապես, պատուհանը գոռգոռալու,
Դռնակը՝ նախատելու,
Իսկ քամին՝ ծամերը քաշքշելու փոխարեն, ճակատից հետ տանելու մազափունջը,
Ու վերջիվերջո չորացնելու ջրափոսը՝
Հարսանիքից ընդամենը մի օր առաջ:
…
Ինչպիսի ձանձրալի զբաղմունք է սա մեծերի ու փոքրերի համար.
Ձմռան կեսին, մատով ինչ որ բաներ գրել պատուհանի ապակուն,
Հաջորդ ձմեռվա մասին,
Փչել նրա վրա,
Մրսեցնել,
Հիվանդացնել,
Ու տաք վառարանի կողքին,
Թեյի ոսկե բաժակի շուրջը սպասել Ձմեռ պապիկին, Ձյունանուշիկին,
Համոզել,
Որ եթե մեկը գալիս է քեզ հյուր,
Ապա դա հավանաբար կզայրացնի մյուսներին,
Քեզ՝ չթույլատրված արարքներից հետ կկանգնեցնի,
Անպայման կնստի կողքիդ,
Նվերներդ կբացի,
Քաղցրավենիքները բոլորը հուպ կտա,
Ու հետո միայն, քնելուց առաջ կասի, որ ձմռան կեսին էլ, միևնույն է,
Վաղը գարուն է,
Անպայման՝ գարուն:
Գյումրվա արվարձանները
Մի ասա,
Տխրելու համար միշտ պատճառներ կան բաժանման մեջ:
Դա ամռան արևն է,
Տաք քամին,
Ձեռքի բացատրելի շարժումները,
Իմ քար լռությունը…
Երևի սա է պատճառը,
Որ հանդիպման մեջ ավելի շատ են տխրության առիթները:
Եվ, իհարկե, դա ամռան արևն է,
Տաք քամին,
Ձեռքի բացատրելի շարժումները,
Ու քարերը,
Խոտերի մեջ թաքնված քարերը…
Ոչինչ մի ասա:
Մեր տանը
Ուշ առավոտ է:
Իրիկվա բոլոր հյուրերը ծանր-ծանր բեռնավորվել, գնացել են վաղուց:
Արևը մեծ հաց է դրել սեղանին,
Իսկ պատի ժամացույցը,
Ում ոչ ծնունդով, ու ոչ էլ մահով չես զարմացնի արդեն,
Նորից զբաղված է մեր տան հազար ու մի հոգսերով:
Ես աչքերս չեմ բացում:
Ես լսում եմ, թե ինչի՞ մասին են խոսում սենյակում, բակում, երկնքում…
Իմ մասին դեռ ոչ ոք չի խոսում:
Բայց ես գիտեմ, որ երբ իմ հերթը գա,
Ու ես էլ աչքերս բաց անեմ,
Մեր հացը դեռ եփած, պատրաստ չի լինի,
Ժամացույցն իր գործն արած, վերջացրած չի լինի դեռ,
Սակայն ոչինչ չի խանգարի մեզ այլևս՝
Ընդունելու առավոտյան հյուրերին:
Արևելյան շքամուտք
Մեկ… երկու… երեք… չորս…
Դա գարնան սովորությունն է՝ պտտվել ու չնայել ոտքերի տակ:
Պտտվել ու ցած գլորվել:
Որտեղի՞ց ես գիտեմ այդ մասին,
Միգուցե՝ փոքրու՞ց,
Երբ ծալում էի հերթով պապիս մատները բռանս մեջ ու հաշվե՞լ սովորում:
Չէ, դժվար թե…
Ես նրան նույնիսկ չեմ էլ տեսել,
Հայրս էլ չի տեսել:
Բայց տեսնողներ եղել են,
Անչափ շատ են եղել տեսնողները,
Այդքան մարդ միանգամից սուտ չէին խոսի…
Ուրեմն՝ տատս չի հիշում:
Ոչ կանաչ տերևներն է հիշում,
Ոչ կարմիր ծաղիկները,
Ոչ մեղուներին, որ նրա ձեռքից բռնել ու հրամցնում են սեղանից՝ սեղան, տնից՝ տուն:
Հետո մեծ ու փոքրով սահում վերմակիս վրայից,
Կոնֆետներն ու կարկանդակները գետին թափում,
Ու վազում են ամեն մեկը մի կողմ,
Բաժին դառնալով մյուսներին:
Նրանք բոլորովին փոքրիկ են դեռ, ծիծաղելի, քնաթաթախ:
Նրանք միշտ այդպիսին են, երբ ժամանակից շուտ են արթնանում,
Ու չեն թողնում, որ մի քիչ էլ քնի մայրիկը,
Դեռ լույսը չբացված,
Դեռ արև չտեսած,
Մեղվի բզզոց չլսած,
Չփոշոտված…
Եվ դա ոչ թե՝ իմ,
Այլ գարնան անտանելի սովորություններից մեկն է միայն:
1 մեկնաբանություն
Կա գրողի աչք, որ ծեծված իրերի, երեւույթների, բնամիտների մեջ թարմություն է պեղում,մաքրում, գրառում ԻՐ իմացածությամբ եւ ի դերեւ հանելով՝ նկատվելու մղում: