«

»

Հուն 09 2012

Տպել Գրառում

Անրի Գրիգորյան | ԿԻՆԸ

Ես տասը տարի է ապրում եմ այս կնոջ հետ, բայց այս պատմությունը միևնույն է առեղծվածային է թվում ինձ: Ու ես այսօր միայն նկատեցի, որ նրա դեմքին կնճիռներ են հայտնվել:

Տաս տարի առաջ ես տեղափոխվեցի այս թաղամաս:
Իմ նոր տան պատուհանից նայում էի ցանկապատին հենված, ուռենու պես կորված դեղձենուն: Երևի քամին արևմուտքից էր փչում ու անընդհատ հարվածում նրա անպաշտպան մեջքին: Հասած պտուղը, ավելորդ բեռ դարձած, ծանրացնում էր դեղձենու ճյուղերը, որոնք նմանվել էին օգնություն կանչող ձեռքերի: Գուցե տանտերը այնքան զբաղված էր, որ չէր նկատում ծառը. չնայած իր տան մոտակայքում այն միակն էր:
Տան դուռը բացվեց մի ճռռոցով, որը վերջում վերածվեց ծվոցի, ու երևաց պառավ մի կին, որը կարճատև հազից հետո դարպասի մոտ խմբված ճնճղուկներին հացի փշրունքներ նետեց, վառեց ծխախոտն ու հենվեց պատին:
Քիչ էր մնում, որ ես բղավեի՝ մատնացույց անելով դեղձենին, բայց զսպեցի ինձ, մտածելով, որ տանտիրուհին բոլորից լավ գիտի, թե ինչ պիտի անի սեփական դեղձենու հետ:
Ծխելուց հետո պառավը մտավ տուն ու, չնայած հրաշալի եղանակին, դուռը հետևից փակեց: Ճնճղուկները, փքված փորիկներով, խմբված թառեցին տան կտուրին: Իսկ դեղձենին կրկին մնաց անցորդների հույսին:
Հաջորդ օրը, երբ ես անցնում էի պառավի տան մոտով, չկարողացա զսպել դեղձը ճաշակելու ցանկությունս ու կանգ առա՝ զննելով տան պատուհանը: Տանտիրուհին, կարծես անզգուշությունից, վարագույրը մինչև վերջ չէր քաշել: Ես անփորձ գողի պես նայեցի պատուհանից ներս՝ համոզվելու համար, որ ոչ ոք չի նայում ինձ: Հետո մի դեղձ պոկեցի. տերևները ցնցվեցին, կարծես ծառը շունչը պահեց՝ սպասելով, որ ևս մեկ դեղձ կպոկվի:
Ես նորից նայեցի պատուհանին. սենյակի անկյունում երիտասարդ մի կին անվրդով հետևում էր ինձ: Տեղում սառեցի: Մի կողմից, մտածեցի՝ պտուղը դառնալու է որդերի կեր կամ պատրաստի չամիչ, մյուս կողմից ամաչեցի, որ 40 տարեկան հասակում ուրիշի այգուց միրգ եմ գողանում: Սենյակի խորքում կանգնած կինն էլ խորաթափանց հայացք ուներ, դա ինձ վախ ներշնչեց: Մոտալուտ վտանգը ակնկալելով՝ ոչ դեղձն էի կարողանում ուտել, ոչ էլ համարձակվում էի փախչել:
Շուտով կատարվեց այն, ինչը միշտ հիշեցի: Կինը զգալով, որ ես նկատեցի իրեն՝ այս անգամ ինքը մեխվեց տեղում: Հետո գլխահակ մոտեցավ պատուհանին ու թանձր վարագույրը մինչև վերջ քաշելով՝ փակեց պատուհանը: Ես շունչ քաշեցի, դեղձը դրեցի գրպանս ու հեռացա:
Այս դեպքից հետո ես սկսեցի ավելի հաճախ նայել պառավի տանը: Առաջին հայացքից ոչ մի անսովոր բան տեղի չէր ունենում: Պառավը երբեմն դուրս էր գալիս բակ. ծխում էր, ավլում բակը, կերակրում ճնճղուկներին և, ուշադրություն չդարձնելով դեղձենուն, կարծես աննպատակ, պտտվում տան շուրջ: Որևէ տեղ գնալիս՝ տունը բանալիով փակում էր: Իսկ այն օրվա երիտասարդ կինը երբեք չէր երևում բակում: Մի՞թե պատահականություն էր, որ նա երբեք չէր հանդիպում ինձ դրսում, այնինչ պառավին հաճախ տեսնում էի բակում կամ հանդիպում խանութում: Գուցե կինը այդ օրը պառավի հյո՞ւրն էր: Այլապես ստացվում էր, որ պառավը նրան առևանգել ու կալանքի տակ էր պահում: Սակայն ինչո՞ւ կինը տագնապած ետ քաշեց վարագույրը:
-Դեղձը հիանալի տեսք ունի, բայց ոչ ոք չի քաղում…- մի օր ասացի նրա հարևանուհուն:
-Պառավը թույլ չի տալիս, որ պոկենք:
Պառավի անունը տալով, հարևանուհին ձայնը ցածրացրեց ու մոտեցավ ինձ:
-Ինչո՞ւ: Բայց ինքն էլ չի քաղում:
-Չար կին է. ինքը չի ուտում, ուրիշին էլ թույլ չի տալիս օգտվել:
-Ես պոկել եմ մի հատ:
-Չճղճղա՞ց,- զարմացավ հարևանուհին:
-Երևի չնկատեց կամ տանը չէր:
-Հնարավոր չի: Նա վհուկ է: Մեկ էլ տեսար՝ անսպասելիորեն դուրս է պրծնում թաքստոցից:
-Մենա՞կ է ապրում:
-Հա:
-Աղջիկ չունի՞: Գուցե քո՞ւյր:
-Այսքան տարի ապրում եմ այստեղ, չեմ տեսել, որ որևէ մեկը այցելի նրան:
Հարևանուհուն հրաժեշտ տալուց հետո ես մոտեցա դեղձենուն: Վարագույրը ամբողջովին ծածկել էր պատուհանը: Այս անգամ ես համարձակվեցի երկու դեղձ պոկել: Ոչ վարագույրը շարժվեց, ոչ էլ պառավը հայտնվեց:
Հաջորդ օրը նրա տան մոտով անցնելիս՝ արդեն երեք դեղձ պոկեցի: Այս անգամ վարագույրը թեթևակի շարժվեց: Հաստատ պառավն ինձ տեսավ՝ մտածեցի, հրես որտեղ որ է ճղճղալով դուրս կգա: Ու ինձ ու ինձ քմծիծաղեցի՝ բերանիս մեջ խրթխրթացնելով դեղձը:
-Գողանում ես իմ դեղձն ու տեղում ուտո՞ւմ,- պառավը պատին հենված ծխում էր:
-Դուք դեղձ չեք սիրում, իսկ ես սիրում եմ:
Պառավը լուռ նայեց ինձ՝ քթանցքներից դանդաղ բաց թողնելով ծուխը:
-Էլ չմոտենաս իմ դեղձենուն:
-Ծառի ճյուղերը դուրս են եկել ձեր այգու սահմաններից: Ուրեմն դուք ոչ մի իրավունք չունեք կոնկրետ այս ճյուղերի վրա:
-Այդ ծառի արմատները իմ հողատարածքում են: Ու այդ ճյուղերը աճել են արմատների շնորհիվ:
-Դա ապացուցել է պետք: Գուցե արմատներն էլ ճյուղերի պես ձգտում են փախչել ձեզնից:
Պառավը լռեց: Կարծես մի թեթև նույնիսկ կարմրեց: Նա շպտեց ծխախոտն ու շտապեց տուն:
Դեղձերը ձեռքիցս գլորվեցին: Ցանկապատի երկայնքով վազեցի պառավի հետևից: Սակայն նա արդեն բակում չէր: Ես անհանգստացա:
Քիչ անց պառավը դուրս եկավ տնից՝ քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով: Տան հետնաբակից հազիվհազ քարշ տվեց սանդուղքն ու հենեց պատին: Ձեղնահարկից սղոց հանեց ու երերալով նորից կանգնեց սանդուղքին: Իջնելը ավելի դժվար էր, քանի որ հիմա ձեռքին սղոցն էր: Երեք աստիճան էլ, ու պառավի ծրագիրը կիրականանար, սակայն սանդուղքը թեքվեց դեպի աջ: Պառավը հազիվ հասցրեց նայել վերև, երբ սանդուղքը սղղաց, ու նա վայր ընկավ:
Հենց պառավը վայր ընկավ, ես ցանկապատից ցատկելով՝ մոտ վազեցի:
-Գնա՛… գնա՛… – ծղրտաց պառավը:
-Ես կօգնեմ ձեզ:
Պառավը փորձում էր ինքնուրույն ոտքի կանգնել, բայց ապարդյուն: Ես օգնեցի նրան: Պառավը կատարյալ տագնապի մեջ իր շուրջն էր նայում. ասես ինչ-որ բան էր որոնում:
-Չկտրե՛ք ծառը… Ես այլևս չեմ մոտենա:
-Հեռացի՛ր,- որոտաց պառավն ու կաղալով մտավ տուն՝ դուռը չարությամբ շրխկացնելով:
Ես մոտեցա դռանն ու ականջ դրեցի: Հին դուռ էր՝ երեք տախտակից բաղկացած: Դիտանցքից ներքև, ձախ մասում, երկու տախտակի արանքում նեղ բացվացք էր գոյացել: Ես կռացա ու նայեցի անցքից: Կաշեպատ բազմոցին նստած էր այն երիտասարդ կինն ու տեղում ջղայնացած ճոճվում էր: Նրա հագին պառավի հագուստն էր: Ու ոտքն էլ այնպես էր շփում, ասես քիչ առաջ ինքն էր ընկել: Գլուխը հարբածի պես տարուբերելով, կինը հայացքը սևեռեց դռան վրա: Հանկարծ սարսափած տեղից վեր թռավ և քայլեց դռան կողմ: Կռանալով նայեց բացվածքին ու նույն պահին հետ գնաց…
Ես նստեցի դռան մոտ ու սրբեցի ճակատիս քրտինքը: Ինչո՞ւ էր կնոջ հագին պառավի հագուստը: Ինչո՞ւ էր շփում ծունկը: «Երևի աղջիկն է… Ուրիշ տարբերակ չկա… Երևի թաքցնում է աղջկան…», ես քորում էի գլուխս՝ չհավատալով իմ իսկ մտքերին:
Երեկոյան ես նայում էի պառավի տանը: Սենյակում մոմ էր վառվում: Կքված դեղձենին, պատուհանում երերող լույսն ու փողոցի լապտերը աննման պատկեր էին կազմում: Կինը երևի կարմիր գինի էր վայելում, իսկ հին ձայնասկավառակը ջազ էր նվագում:
Քիչ հետո պատուհանի մեջ գծագրվեց կնոջ կերպարանքը. նիհարակազմ ու ձիգ: Կերպարանքը սահեց վարագույրի վրայով ու անհետացավ: Լսվեց դռան ծանոթ ճռռոցը, ապա ծվոցը, և բակում երևաց պառավը: Ինձ թվաց, թե նրա տունը տարրալուծվեց մշուշում, իսկ դեղձենու ճյուղերը մշուշից հուսահատ ավելի ձգվեցին առաջ՝ օգնություն աղերսելով:
«Ի՜նձ է նայում… ի՜նձ է նայում…», ես թաքնվեցի վարագույրի հետևում: «Հետո ի՞նչ… թող նայի…»: Ես մոտեցա սեղանին ու գավաթը լցրեցի կարմիր գինով: Վերադարձա պատուհանին ու վարագույրը ետ քաշեցի: Պառավը կարծես տեղից նույնիսկ չէր շարժվել. նայում էր իմ պատուհանին: Ես գավաթը ձգեցի պառավի կողմն ու գլուխս թեթևակի հակեցի: Պառավը վառեց ծխախոտն ու ինչպես միշտ անում էր ծխելիս՝ հենվեց պատին:
Հաջորդ օրը ես թակեցի պառավի դարպասը: Քիչ անց նա երևաց:
-Ներեցեք ինձ՝ երեկ ձեզ կոպտելու համար…
-Ինչո՞ւ ես անընդհատ ինձ հետևում… հը՞…
-Ձեր տանը մի կին տեսա ու…
-Դու ուրեմն համարձակվել ես ներխուժել իմ տո՞ւն:
-Չէ՛… ես նրան դրսից տեսա ու…
-Ես քեզ թույլ կտամ խժռել իմ դեղձենին, բայց փոխարենը դու դադարելու ես ինձ հետևել:
-Ես դեղձ… ճիշտն ասած, ես դեղձ այնքան էլ չեմ սիրում…
Պառավը ոտքից գլուխ չափեց ինձ.
-Զզվեցրիր թողիր արդեն… Կորի՛ր աչքիցս…
Պառավը փակեց դարպասն ու մտավ տուն:
Մի պահ ցանկացա իսկապես ներխուժել նրա տուն և ամեն ինչ պարզել: Իսկ հետո սկսեցի ինքս ինձ կշտամբել պառավի գործերի մեջ քիթս խոթելու համար: Իրար հակասող մտքերից ու գրգռված երևակայությունից գլուխս պտտվեց: Ես ցատկեցի ցանկապատից ու արագ մոտեցա պառավի դռանը: Մի քանի անգամ, չգիտես ինչու ջղայնացած, թակելուց հետո նկատեցի, որ դիտանցքը խավարեց:
-Բացե՛ք դուռը… Հարց ունեմ:
Լռություն:
-Լսո՞ւմ եք: Եթե դուռը չբացեք, ես ոստիկաններ կկանչեմ:
Ես առաջին անգամ զղջացի, որ առհասարակ տեղափոխվեցի այս թաղամաս, քանի որ կատարյալ հիմարի էի նմանվել:
-Ես երկու անգամ ձեր տանը կին եմ տեսել: Ասում են, որ դուք մենակ եք ապրում: Ուրեմն ո՞վ է այդ կինը: Ոստիկաններին դա կհետաքրքրի:
Ես այն է, ուզում էի շրջվել և ընդմիշտ հեռանալ այդտեղից, բայց հանկարծ չխկոց լսվեց, հետո՝ հեռացող քայլեր: Ես անվստահ իջացրեցի բռնակն ու ներս հրեցի դուռը: Նախասենյակում ոչ ոք չկար: Ես երկմտում էի՝ մտնե՞մ, թե՞ չմտնեմ, բայց այստեղ նորից հիշեցի երիտասարդ կնոջն ու համարձակություն հավաքելով մտա ներս:
Սենյակում, որտեղ ամեն ինչ՝ սկսած պաստառից ու սպասքով վերջացրած, հին էր, մտացրիվ նստած էր երիտասարդ կինը: Ինձ տեսնելով՝ նա գլուխը շրջեց:
Ես շփոթված նայում էի հատակին: Մեկ-մեկ հայացքս հատակից ուղղում էի կնոջը, հետո սահեցնում սեղանի վրայով, որտեղ մոխրաման ու մի շիշ գինի էր դրված, ու նորից գցում հատակին:
Ես ձեռքերս մեքենաբար դրեցի շալվարիս գրպանը՝ չգիտենալով, թե ուրիշ ուր տանեմ: Գրպանումս կլոր ինչ-որ բան զգացի: Շոշափեցի. փափուկ էր: Հանեցի. տեսնում եմ մանդարին է: Առանց մտածելու՝ այն մեկնեցի կնոջը: Նա զարմացած նայեց ինձ: Տեղից չշարժվեց: Ես մանդարինը դրեցի սեղանին՝ մոխրամանի կողքին, ու էլ ավելի շփոթված դուրս եկա տնից:
…Կինը վերցրել է մանդարինն ու մոտեցրել շուրթերին: Նա վաղուց ոչ մի նվեր չի ստացել: Մանդարինը իսկական անակնկալ է նրա համար: Ուրախությունից այն կրծքին է սեղմել: Մանդարինը կարծես լրացրեց ինչ-որ բանի պակասը, որ միշտ զգացել է կինը: «Օգոստոս ամսին մանդարի՞ն», հանկարծ մտածել է կինն ու զարմացած սկսել է հոտոտել միրգը՝ համոզվելու համար, որ դա իրոք մանդարին է:
Երբ ես դարպասի դուռն էի բացում, հետևից հազի ձայն լսեցի: Չեմ թաքցնի՝ մարմինս սարսռաց, նույնիսկ տագնապի պես մի բան համակեց ինձ: Շրջվեցի: Պառավը, պատին հենված ու մանդարինը ձեռքին, ժպտում էր:
…Ես տաս տարի է ապրում եմ այս կնոջ հետ, բայց այս պատմությունը ինձ միևնույն է առեղծվածային է թվում: Ու ես այսօր միայն նկատեցի, որ նրա դեմքին կնճիռներ հայտնվեցին: Հետո՞ ինչ, եթե ես մինչև հիմա գլուխ չեմ հանել այս պատմությունից ու չեմ էլ կարողանում բացատրել, թե որտեղից հայտնվեց գրպանումս այն մանդարինը, կարևորն այն է, որ կինս ծերանում է ու ծերանում է բոլորից թաքուն ու միայն ինձ համար:

Share Button

3 կարծիք

  1. Սամվել Մարտիրոսյան

    Հեքիաթի և իրականության այս գեղեցիկ ու չափազանց փխրուն համակեցության մեջ հարցեր տալը՝ դա մեծ անզգուշություն է, իսկ պատասխանելը՝ վտանգավոր անփթություն: Իմ կարծիքով շատ հետաքրքիր էր ու անսպասելիորեն գրավիչ: Մի քանի անգամ կարդացի: Կարդացի ու վայելեցի:

  2. Սիրանույշ Օհանյան

    Շատ լավն էր :) Ուրիշ գործեր չունե՞ք:

  3. Անրի Գրիգորյան

    Շատ շնորհակալ եմ կարծիքների համար :)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>