Ահմադ Շամլու | ԳԻՇԵՐԱՅԻՆ

Պարսկերենից թարգմանեց  Նորվանը

ԳԻՇԵՐԱՅԻՆ

Սիրում եմ նրան,
Քանզի ճանաչում եմ
ընկերությամբ ու եզակիությամբ…
(Թշնամանքով ու օտարությամբ է
քաղաքը լցված),
Ու երբ որ բարի ձեռքերն եմ բռնում,
Զզում եմ նրա մենակությունը.
Ու մայրամուտ է թախիծը նրա՝
Օտարության ու մենակության մեջ,
Այնպես որ խինդը
Արթնացումն է ողջ արեւների։
Նախաճաշ,
Տաք հաց ու մի պատուհան,
Որ լուսադեմին բացվում է դեպի
Պարտեզը ծաղկած,
Մի աղբյուր, թիթեռ,
Կամ՝ փոքրիկ մի վարդ
խանդավառում է սիրտն ու հոգին,
Ու տխրությունից
Լցվում է մանկան հուսահատությամբ,
Որ իր Բամդադը*
Վաղուց չի գրել բանաստեղծություն…
Իսկ երբ ասում եմ.
— Այս գիշեր պիտի գրեմ եւս մի
Բանաստեղծություն,
Ժպիտը շրթին քնում է խաղաղ,
Այնպես, ինչպես որ քարը՝ ծովակում,
Եւ ինչպես Բուդդան՝
նիրվանայի մեջ,
Եւ այդ պահերին
Փոքրիկ աղջնակ է, որ իր տիկնիկին
գրկել է ամուր:

* * *
Ու եթե ասեմ, երջանկությունը
Սխալից ելած մի պատահմունք է,
Թախիծը նրան կշրջապատի։
Ինչպես ծովակը՝ քարին
Ու նիրվանան՝
Բուդդային,
Որովհետեւ երջանկությունը
Գտնում է միայն սիրո ոլորտում,
Սեր, որ ուրիշ բան չէ, քան՝ փոխադարձ
ու պարզ ըմբռնում։
Իմ կյանքի դեմքին, որ ամեն ակոս
Պատմում է ինչ-որ ցավ ու կսկիծից,
Աիդան՝
ժպիտն է մի մեծ թողության։
Սկզբում
Երկար նայեցի նրան,
Ու երբ հայացքս հանկարծ թեքեցի,
Իմ շուրջն ամեն ինչ նրա կերպն ուներ,
Ու ես հասկացա, նրանից
բացի
ուրիշ ելք չունեմ։

*Ա. Շամլուի գրական անունը, որ նշանակում է լուսաբաց։

ԳԻՇԵՐԱՅԻՆ
Արեւների մեջ մշտական
Գեղեցկությունդ
խարիսխ է,
Մի արեգակ,
Որ ես չզգամ ողջ աստղերի
լուսաբացման ակնկալիք։
Հայացքդ՝
Պարտությունն է բռնության,
Հայացք, որ մերկ հոգուս
հագցրեց բարություն,
Այնպես, որ արդ
Հար աներդիկ այս գիշերը
Փոխաբերված
Մի երգիծանք է լոկ թվում։
Եւ աչքերդ ինձ ասացին,
Որ վաղն արդեն
ուրիշ օր է։
Ահա, աչքեր,
Որ բարության թթխմոր են ու
Բարությունդ՝ զենք ու զրահ,
Որ մարտնչեմ ընդդեմ բախտի։

* * *
Արեգակը
Հորիզոնից այն կողմ էի միշտ պատկերում։
Անժամանակ մեկնելն էր ելքը միակ։
Այդպես էի ենթադրում։
Աիդան
Հավերժ մեկնելու բեկանումն էր։

* * *
Արեւների մեջ մշտական
Գեղեցկությունդ
խարիսխ է,
Հայացքդ՝
պարտությունը բռնության,
Եւ աչքերդ ինձ ասացին,
Որ վաղն արդեն
Ուրիշ օր է…

ԳԱԶԵԼ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱԱԻՆ

Քո ջերմագին այս ձեռքերից,
Իմ գրկի զույգ մանուկներից.
Խոսքեր եմ ես կարող ասել,
հացի հոգսը եթե թողնի։
Մեղեղիներ հորինելով,
Մայր-Քրիստոս, ո՜վ արեգակ,
Հոգուդ շռայլ բարությունից,
Անլռելի քո տավիղով
Երգեր եմ ես կարող հյուսել,
հացի հոգսը եթե թողնի։
Եւ գույներով խայտաբղետ,
Ես քո գեղուն գարնանային ծիածանից.
Որ պարզվել է
Աշնանահար այս այգու մեջ,
Պատկերներ եմ կարող գծել,
հացի հոգսը եթե թողնի։
Մի կաթնաղբյուր սրտի մեջ ու
ափում ջրվեժ,
Հայացքի մեջ մի արեգակ,
շրջազգեստում՝ մի հրեշտակ.
Այն էակից, որ դու ես լոկ.
Հեքիաթներ եմ կարող պատմել,
հացի հոգսը եթե թողնի։

Թողնել պատասխան

Your email address will not be published.