Լիլիթ Հակոբյան | ԽՈՐԻԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ

Արփինեն օրերով սոված էր մնում. պարզապես բթացել էր քաղցի զգացումը: Նույնիսկ ուրախանում էր, երբ գալիս էր քնելու պահը, որպեսզի քնի մեջ խեղդի ուտելու ցանկությունը… Այդ գիշեր էլ նա պառկեց քնելու առանց բերանը մի բան դնելու՝ անհամբերությամբ սպասելով՝ վաղվա օրվան. գիտեր, որ վաղն էլ դժվար թե ուտելիք գտնվեր տանը: Այնուամենայնիվ, չէր տրտնջում, որովհետև ոգևորված պատրաստվում էր դպրոցական օլիմպիադային, որին առաջին անգամ էր մասնակցում: Նա միշտ էլ հափշտակությամբ էր լսել իրենից մեծ ընկերների պատմածները ու երազել, թե երբ իրեն էլ բախտ կվիճակվի մասնակցելու օլիմպիադայի: Եվ ահա եկել էր ժամանակը, բայց ամեն բան այնպես չդասավորվեց, ինչպես ինքն էր պատկերացրել…

Առավոտյան Արփինեն արթնացավ տանջող քաղցի զգացումով ու նրան թվաց, թե դեռ մի դար սոված է մնալու: Լուռումունջ համակերպվելով իր կայացրած դատավճռի հետ` հավաքեց գրքերը, տետրերն ու այն ամենը, ինչը կարելի էր տեղավորել պայուսակում. մեխանիկորեն գնաց դեպի դուռը, հետ նայեց ու նկատեց մորը: Մոր դեմքին էլ դրոշմված էր քաղցի դրոշմը… Նրանք լուռ նայեցին իրար:
-Մա՛մ, արի ու օլիմպիական չեմպիոնիդ ինչպես հարկն է, ճանապարհիր դպրոց, -ասաց նա պաթոսով:
-Ուրեմն այսօ՞ր է, ո՞նց էի մոռացել, որ այսօր աղջիկս պիտի մասնակցի օլիմպիադային,- ասաց մայրն ու հազիվ լսելի ու մեղավոր ձայնով ավելացրեց,- բա սոված չե՞ս… Աստված քեզ պահապան, աղջի՛կս…
Արփինեն գրեթե վազելով դուրս եկավ ու երգելով հեռացավ տանից: Մայրը պատուհանից լսեց աղջկա երգը. «Ես դեռ տուն կգամ, ու դու ինձ կասես` բարև…»: Նա միշտ քթի տակ ինչ-որ տարօրինակ ու չլսված երգեր էր դմդմում: Երգում էր այն, ինչ այդ պահին մտածում էր և վերջ: Երաժշտությունն էլ ինքն էր հորինում:
Արփինեն դպրոց հասավ ժամանակին, այստեղ հանդիպեց ուսուցչուհուն և իր դասընկերներից մի քանիսին, ովքեր ևս մասնակցում էին օլիմպիադային: Նրա հագին շատ բարակ բլուզ էր, մաշված շալվար ու ծռմռված ձմեռային կոշիկներ: Նա քայլում էր հազիվհազ, ոտքերը դանդաղ քարշ տալով: Աշակերտներին ուղեկցեցին այն դասասենյակը, որտեղ պետք է անցկացվեր օլիմպիադան: Նստեցին ու սկսեցին գրել:
Արփինեն մի անսովոր, սուր ցավ էր զգում՝ ավելի շուտ սրտի, քան ստամոքսի շրջանում: Բացի իրենից, թվում էր՝ բոլոր աշակերտները կուշտ ու առույգ էին. ինքը հյուծվել էր վերջին օրերի վատ սննդից ու անճարությունից: Նրան պատել էր ինչ-որ վիրավորանքի զգացում, ինչ-որ ցավ. սարսափում էր այն մտքից, թե կողքինները կգուշակեն իր վիճակը, և այդ մտքից շառագունում էր, անհանգստանում, որ թերևս տարբերվում է մնացածից, տվյալ դեպքում, իր սոված լինելով: Զգում էր, որ ակամա հեռանում է ընկերներից, նրան չէին հասկանում: Իր լռությունն ու մշտական մտազբաղ հայացքը հոգնեցրել էին ընկերներին ու նրանք… խուսափում էին իրենից:
Ուսուցիչը վերջին ցուցումները տվեց. աշակերտները սկսեցին աշխատել:
Արփինեն լրացրեց տետրի դատարկ էջերը, մտմտում էր մի հարցի, հետո մյուսի շուրջ: Գրում էր, գրում, այնպես ասես էլ երբեք չէր գրելու, ուզում էր ամեն ինչ հասցնել, ոչինչ չմոռանալ: Նա միայն մեկ անգամ համարձակվեց գլուխը բարձրացնել տետրից ու տեսավ, որ դասասենյակում մենակ ինքն է, իսկ հսկող ուսուցիչը դժկամորեն նայում էր իրեն. ըստ երևույթին, իր պատճառով տանից ուշանում էր: Արփինեն այս իրավիճակի համար իրեն անհարմար զգաց: Վերջին բառի մոտ մեխանիկորեն վերջակետ դրեց ու տետրը հանձնելով՝ որոնող հայացքով դուրս եկավ ուսուցչուհու հետևից. նա վախենում էր, որ իրեն մենակ թողած կլինեն: Ոչ ոք նրան չնկատեց, որովհետև դասընկերներն շտջապատած ուսուցչուհուն ոգևորված քննարկում էին առաջադրանքները: Արփինեն մի-փոքր հանդրատվեց, տագնապը վերացավ: Ուսուցչուհին, նկատելով Արփինեին, մոտեցավ ու մտահոգված հարցրեց.
-Դու ինչպե՞ս ես գրել:
-Դեռ չգիտեմ, գրեցի, ինչ հիշում էի, մի քիչ էլ չհիշածս գրեցի:
-Ինչպե՞ս, չհիշածդ:
-Եսիմ, չես հիշում, հետո շատ ես ուզում ու հիշում ես…
-Լավ, տեսնենք, թե ինչքան ես ուզել:
Այս ամենն Արփինեն անիմաստ էր համարում: Ինչքա՞ն ես գրել, ինչպե՞ս ես գրել, ինչո՞ւ ես գրել, ինչո՞ւ չես գրել: Ամենալավ բանը, որ այս պահին կարող էին անել հոգնած աշակերտները, տուն գնալն էր: Արփինեն փորձեց իրադարձություններն արագացնել:
-Արդեն տուն ենք գնո՞ւմ,- հարցրեց Արփինեն:
Աշակերտները քմծիծաղով միմյանց նայեցին ու ուսերը թափ տվեցին: Նրանց մեջ տարիքով մեծերը կային, ովքեր ակնհայտ հակակարանք էին տածում Արփինեի նկատմամբ, քանի որ աղջիկն իրենց «խավից» չէր, և պարզ երևում էր նրա խեղճ հագուկապից, պահվածքից ու նույնիսկ աչքերից:
Ետդարձի ճանապարհին երեխաները խնդրեցին ուսուցչուհուն, որպեսզի թույլ տա սնվել գոնե ճանապարհին, քանի որ օլիմպիադայից բավականին հոգնել ու սովածացել էին: Բոլորը շտապեցին մթերային խանութներ, Արփինեն էլ գնաց, բայց գրպանները դատարկ էին, իսկ ստամոքսը` առավել ևս: Ամեն մեկը մի լավ պատառ ընտրեց իր համար, մեկը մյուսի հետևից այս ու այն անուշեղենի գներն էին հարցնում ու որոշում միասին, թե որն է ավելի համեղ, որն է ավելի մեծ, ավելի շատ… Արփինեն էլ իբր մասնակցում էր քննարկումներին, բայց վերջում ասաց.
-Ես միայն մամայիս պատրաստածն եմ սիրում, մի քիչ էլ կդիմանամ, մինչև
տուն հասնելս:
Մոտ ընկերուհին նայեց նրան կասկածանքով ու հասկացավ՝ ասածի կեղծ և շինծու լինելը, սակայն լուռ մնաց: Դուրս եկան խանութից, բոլորն արդեն ուտում էին, իսկ Արփինեն, ձեռքերը թափ տալով, շտապեց ուսուցչուհու մոտ, որ չլսի, թե ինչպես են ծամում ընկերները: Հանկարծ աչքն ընկավ մեկի ձեռքի ախորժալի կարկանդակին` խորիզով էր. պաշտում էր նա այդ տեսակի կարկանդակը… Տատիկն էլ էր դրանից թխում, ավելի համեղ, ու ինքը հիշեց, թե ինչպես էին թոնրի շուրջը հավաքվում և անհամբեր տատի գաթաներին սպասում: Արփինեն քայլում էր` ոտքերի տակ նայելով, լուռ, գլխիկոր, հազիվ փոխելով քայլերը. երբեմն-երբեմն անվստահ նայում էր կողքով քայլող ուսուցչուհու կոշիկներին` համոզվելու համար, որ չի զատվել խմբից: Հասան կանգառ: Արփինեն էլի մտքում կրկնեց իր առավոտվա երգը, որը կարծես սփոփանքի միջոց լիներ. «Ես կգամ ու դու ինձ կասես` բարև»: Արփինեն միշտ սպասում էր եկողին, նրան, ում ասելու էր` բարև…
Արփինեն ձեռքն անվստահ տարավ գրպանը, որպեսզի համոզվի, որ իր ունեցած միակ կոպեկը` հարյուր դրամանոցը, տեղում է: Դա առավոտյան մայրն էր հարևանուհուց պարտք խնդրել, որպեսզի աղջկան ճանապարհի: Շոշափելով հարյուր դրամանոցը` նա հանգստացավ և հուսադրվեց, որ ընկերների մոտ նորից ամոթով չի մնա: Այդ պահին հանկարծ մի ձեռք հայտնվեց իր գրպանում և իր ձեռքի մեջ դրեց կարկանդակի մի կտոր. խորիզով գաթան էր…
Արփինեն չնայեց պարզված ձեռքի տիրոջ կողմը. նա գիտեր, որ դա մոտ ընկերուհու ձեռքն է…

Թողնել պատասխան

Your email address will not be published.