Շաքէ Ա. Պետրոսեան | Ո՞Վ Է ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑԸ

Նւիրւում է ԱԶԱՏ ՄԱԹԵԱՆ- ի 70-ամեակին

Գրական Կամուրջը լավագույն բարեմաղթություններով ջերմորեն շնորհավորում է իրանահայ բանաստեղծ, գրականագետ և հրապարակախոս Ազատ Մաթյանի 70-ամյակը:

Ազատ Մաթեանը ծանօթ անուն է հիմնականում գրական եւ մտաւորական շրջանակներին. ջուղայեցի է եւ մամուլում յաճախ ներկայանում է երգիծական չափածոյ գրւածքներով եւ ստորագրում Ծատուրօղլի՝ Նոր Ջուղայի աշուղների օրինակով:
Սակայն երգիծական ոտանաւորները թող ձեզ չշփոթեցնեն, դա ընդամենը գրական հնարանք է՝ չասւելիք իրողութիւնները հանաքի լեզւով մի կերպ դառն հաբի պէս կլլել տալու ցանկութեամբ:
Աւարտել է Սորբոնի եւ Երեւանի պետական համալսարանների գրականութեան բաժինները. 80-ական թւականներին տպագրել է «Անապատի ծաղիկները» բանաստեղծութիւնների անդրանիկ հատորը. աշխատակցել է «Հանդէս գրականութեան եւ արւեստի» պարբերականին, «Յոյս» ամսագրին, հայրենի եւ սփիւռքի մամուլին:
Սկզբում աւարտաճառ դառնալ յաւակնող ուսումնասիրութիւնը՝ «Ո՞վ է Չարենցը», 1983 թւականին տպագրւեց «Փիւնիկ» հրատարակչութեան կողմից: Յետագային այն ընդարձակւեց, վերամշակւեց եւ դարձաւ մենագրութիւն՝ հայրենի չարենցագիտութեան գրականգէտների եւ ակադեմական շրջանակների համար անընդունելի (ես կասէի՝ անմարսելի) մի երեւոյթ, ըստ ակադեմիկոս Ազատ Եղիազարեանի:
Այժմ այն առանձին հատորեակով, «Ո՞վ է Չարենցը» խորագրով լոյս աշխարհ է եկել Թեհրանում՝ առանց Կոնգրէսի համաշխարհային գրքային համարակալման՝ ISBN-ի, եւ առանց տպարանի անւանումը նշելու, (որի համար ափսոսում ենք), մեկենասութեամբ Միրզախանեան ամուսինների, Ռազմիկ Ամիրխանեանի ձեւաւորմամբ:
Գիրքը ամենաուշագրաւ ուսումնասիրութիւններից մէկը կարելի է համարել չարենցագիտութեան բնագաւառում: Հեղինակը փորձել է բացայայտել Եղիշէ Չարենց բարդ կերպարի հոգեկան ամենամութ ու թաքուն ծալքերը եւ յաջողել է համոզիչ փաստարկներով լոյս սփռել նրա հոգու խաւարտչին խորշերին՝ տեսանելի դարձնելով այն վիհը, որը կոչւում է մարդկային հոգի:
Հանճարեղ բանաստեղծի շուրջ ստեղծւած ճշմարտացի ու մտացածին առասպելները դժւարացնում են ճիշտ գնահատել եւ մեկնաբանել ոչ միայն նրա բանաստեղծութիւնները, այլեւ նրա երկրային կեանքի հակասական ու արտառոց պահւածքի դրդապատճառները:
Ազատ Մաթեանը իրօք մասնագիտական-հոգեվերլուծական խոր ուսումնասիրութիւն է կատարել՝ «քօղազերծելու» ամենատարբեր դիմակների տակ պատսպարւող-ծպտւող Եղիշէ Չարենցին, վաղ պատանեկան հասակից մինչ ի մահ:
Չարենցի կեանքի ոչ մի դրւագ չի շրջանցւել, Մաթեանը կարդացել է նրա, մասունքի պէս հայրենի հողին պահ տրւած ձեռագրերը, որոնք 70-ական թւականներին լոյս աշխարհ եկան նկարչուհի Ռեգինայի ուշացած խիզախումով, ուսումնասիրել, վերլուծել, մտովի զրուցել Չարենցի հետ, (տե՛ս «Աշխարհի գերբը» բանաստեղծութիւնների ժողոված, Թեհրան, 2012, էջ75, «Չարենցի ձեռագրերի հետ») եւ վերակերտել է նրա կերպարը ինչպէս հոգեվերլուծող-հոգեբան, ինչպէս աւագ եղբայր ու ընկեր, ժամանակակից եւ Չարենցի չկայացած ապագայի պատմաբան:
186 էջ է այս ուսումնասիրութիւնը, եւ եթէ վերյիշենք, որ նախնական տարբերակը գրւել է 1970 թւականին, ապա Ազատ Մաթեանը՝ այն ժամանակ երիտասարդ բանաստեղծ (28 տարեկան), այդ տարիքին ոչ բնորոշ խորաթափանցութեամբ, մեծ խիզախութեամբ ու համարձակութեամբ սկսել է մի ուսումնասիրութիւն, որի մասին որոշ գրականագէտներ կասէին՝ իր գլխից մեծ: Պարզւում է, որ մեր կողքին ապրող համեստ, մեկուսի, լռակեաց Ազատ Մաթեանին չենք ճանաչում, չենք ճանաչել, ինչպէս հարկն է, նրա բազմաբնոյթ շնորհները (գրական ու գրականագիտական, թարգմանչական ու երգիծական, այլեւ քնարական՝ «Երգ երգոց»-ի շնչով գրւած սիրապատումները, խոհա-փիլիսոփայական մտքերը, բանաստեղծութիւնների տեսքով, ազգային-հասարակական ջիղը, որն էլ իր արտացոլումն է գտնում նրա բազմաթիւ յօդւածներում )…
Ազատ մաթեանը դեգերել է Չարենցի կեանքի բոլոր արահետներով, լուսաւոր ուղիներով, եւ մեզ հասանելի դարձրել Չարենցին, եթէ ի հարկէ հնարաւոր է հասնել անհասին:
Եղիշէ Սողոմոնեան-Չարենց՝ Կարս-Երեւան, դղրդալից մուտք գրական աշխարհ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ամբոխները խելագարւած», «Խմբապետ Շաւարշ», «Մահւան տեսիլ», «Սոմա», «Չարենցնամէ», «Ռոմանս անսէր»… ոճական շշմեցնող ինքնատիպութիւն, գրական ու ոճական հակասական բազմազանութեան գաղտնիքներ, տաղաչափական յղկւածութիւն, թեմատիկ հակոտնեայ եւ խայտաբղետ հակա-ներդաշնութիւն, տրամադրութիւնների եւ մօտեցումների բեւեռային տատանումներ, ե՛ւ «Ես իմ անուշ Հայաստանի» ե՛ւ «Գիրք Ճանապարհի», որը դարձաւ նրա յաղթական երթի վերջին ուղին դէպի անմահութիւն…
Յեղափոխական կարմիր օրերի տարեգրութիւն, «Երեք-ի մանիֆեստ», շրջապատող սխոլաստիկ մտածողութեան եւ բոլշեւիզմի կամակատարների նեղացող օղակ, ինտերնացիոնալիստ գրչակիցների զրպարտութիւններ կամ արջի ծառայութիւններ, գայթակղութիւններ, կրակոցներով համեմւած սիրահետումներ, ապա եւ մատնութիւնների ու հալածանքների թափ առնող ալիք եւ ի վերջոյ եղերական վախճան՝ Չեկայի «Մուղդսու» տիրոյթի 6-րդ բաժնում եւ անյայտ գերեզման՝ ահա անվերջանալի շարքը «Փոքրամարմին, Հանճարեղ Հսկայ»-ի կեանքի տարբեր օղակների:
Չարենցը դեռ երկար ու երկար կզբաղեցնի հայ գրականագիտական միտքը, եւ յօդւածների, դիսերտացիաների, աւարտաճառերի ու զանազան մենագրութիւնների նիւթ կը հայթայթի ներկայ եւ ապագայ ուսումնասիրողների համար:
Ազատ Մաթեանը անդրադարձել է բանաստեղծի ծնունդ-կեանք-անմահութիւն կախարդական շրջանակի բոլոր շրջափուլերին, տւել յաճախ սպառիչ պատասխան, եւ բոլոր դէպքերում շեշտել մարդու, առաւել եւս բանաստեղծի հոգեկան բարդ կերտւածքի ամբողջական բացայայտման անհնարինութիւնը:
Կունենա՞նք մի այլ Ազատ Մաթեան, այլ մի ժամանակում, որը կուսումնասիրի Ազատ Մաթեանի գրական վաստակը, կը վերլո՞ւծի ու կը բացայա՞յտի Ազատ Մաթեանի առեղծւածը: Թող լինի մէկը…
Շահեկան է գիրքը. ընթերցւում է մէկ շնչով. լեզուն կիրթ է, ճոխ ու հարուստ, գրական հայերէնի լաւագոյն օրինակներից մէկը, ինչու ոչ՝ լաւագոյնը իրանահայ գրականութեան «ԲԱՑԱՏ»-ում:
Չարենցի տաղանդով հիացողներին, 20-րդ դարի հայ իրականութեամբ հետաքրքրւողներին առաջարկում ենք անպայման կարդալ՝ Ո՞վ է Չարենցը:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի