«

»

Հոկ 21 2012

Տպել Գրառում

Հասմիկ Հոխանյան | ԻՐԱԿԱՆԻ ՈՒ ՎԻՐՏՈՒԱԼԻ ՄԻՋԵՎ

Դեռևս հնագույն ժամանակներից, բազմաթիվ գիտնականներ ու փիլիսոփաներ փորձել են պատկերացնել ու ներկայացնել կեցության այլ ոլորտներ, որտեղ ոտք դնելու նախապայմանը, առնվազն, կյանքին կամ առկա կեցության ոլորտին հրաժեշտ տալն էր: Մարգարեները, իհարկե, օժտված լինելով աստվածային ունակություններով, ի վիճակի էին առանց հեռանալու մի կեցությունից, լինել նաև մեկ ուրիշում: Հետո, գլուխ գովելու պես, նրանք եկել ու պատմել են այն, ինչը միայն իրենք կարող էին տեսնել, իսկ մյուսներին մնում էր միայն ափսոսալ, որ իրենք էլ օժտված չեն նմանատիպ ունակություններով ու… ստիպված աստվածացրել են նրանց:
Այ, եթե հիմա նրանք այստեղ լինեին, ես սիրով նրանց կհուշեի, որ իրենց ունակությունները ոչինչ են քսանմեկերրորդ դարի ընձեռած հնարավորությունների համեմատ: Սենսացիա. այժմ կարելի է առանց ճգնելու կամ առանց կյանքից հեռանալու, ապրել միաժամանակ երկու՝ իրական և վիրտուալ աշխարհներում:
Իսկ այնքա՜ն գեղեցիկ ու գունագեղ է այդ վիրտուալ աշխարհը՝ օժտված իրական կյանքի բոլոր զգացողություններով, զգացումներով անգամ կրքով… Ուղղակի հերոսություն է պահանջվում թողնել ու բաժանվել այդ աշխարհից, էլ չեմ խոսում անդարձ հրաժարվելու մասին: Պատկերացնու՞մ եք, օրինակ, մեծանուն մեկի հետ հարցազրույց վարելիս՝ լրագրողը հարցնի, թե ո՞րն է նրա վերջերս կատարած ամենահերոսական քայլը, և նա առանց դեսուդեն ընկնելու պատասխանի. «Վիրտուալ կյանքից հրաժարվելը»: Գուցե դա առաջին հայացքից ծիծաղելի կամ անհավանական թվա, բայց հավատացե՛ք, այստեղ անհավանական կամ գոնե ծիծաղելի ոչինչ չկա: Մեզանից յուրաքանչյուրը, ուզի, թե չուզի, առնչվում է այս երկու աշխարհների հետ, բայց հարց է առաջանում,արդյո՞ք բոլորն են կարողանում հստակ տեսնել իրականի ու վիրտուալի միջև ընկած սահմանագիծը, բոլորն են կարողանում զգոնությունը չկորցնել ու չմոլորվել, բոլորն են կարողանում դիմադրել գայթակղությանը՝ նախապատվությունը տալով իրական կյանքին: Ես չգիտեմ, բայց եկեք միասին հետևենք մեր հերոսուհու՝ վրտուալ կյանքի բնակչի օրվա հետագծին:
Լույսը վաղուց բացվել է,իսկ նա դեռ պառկած է իր տաքուկ անկողնում ու երազում հետաքրքիր կամ ասենք արտառոց բաներ տեսնելու փոխարեն, շարունակում է երեկոյան կիսատ թողած վիրտուալ զրույցները (չաթերը): Արևն արդեն քանի ժամ շարունակ թառել է պատուհանին ու պահանջում է արթնանալ, իսկ նա այդպես էլ անհաղորդակից իր շրջապատին՝ կշարունակեր իր «վիրտուալ» քունը, եթե չլիներ իրականության «ամենագեղեցիկ» արարածներից մեկը՝ ճանճը, որն իր անվերջանալի բզզոցով ու ուշադրություն հրավիրող հիստերիկ վարքով չպահանջեր, որ իր նկատմամբ վերաբերմունք դրսևորեն: Մեր հերոսուհին ի վերջո արթնանում է դժկամությամբ, առանց ուշադրություն դարձնելու անգամ ճանճին (որով ճանճը փրկվում է անխուսափելի կործանումից) և… դեռ անլվա, ուղղակի գիշերանոցով շտապում է միացնել համակարգչի կախարդական կոճակը՝ անմիջապես հաղորդակից դառնալով իր շա՜տ սիրելի վիրտուալ աշխարհի հետ:
Նման կենսակերպը մի այնպիսի աներևակայելի նիհարության է հասցրել մեր հերոսուհուն, որին միայն նախկին մոդելները կարող էին ձգտել. մաշկը զրկվել է կյանքի նշան արտահայտող որևէ գույնից, ստացել է մահագույն սպիտակություն և եթե մենք մի քանի դար առաջ ապրեինք, ապա նման գույնը կորակվեր որպես արիստոկրատական մաշկի գույն, իսկ մեր օրերում ես այն կանվանեի վիրտուալ աշխարհի բնակչի գույն: Դա նոր ռասսա կարելի է համարել՝ իրեն բնութագրող մաշկի գույնով: Իսկ մեր հերոսուհուն նայելիս, ինձ մոտ առաջանում է այն տպավորությունը, որ մարդիկ մի թոքը թողել են իրական կյանքում, իսկ մյուսը դեպորտ են արել դեպի վիրտուալ կյանք. ու դեռ քանի չկա կապը վիրտուալ կյանքի հետ, լիաթոք ապրելն ու շնչելը թվում է անհնարին:
***
Օրերի նմանատիպ տաղտկալի հերթափոխը այդպես էլ չէր ավարտվի, եթե մի օր չգար կյանքը գլխիվայր շրջող այն փուլը, որը բոլորին, դրանց թվում մեր հերոսուհուն, ստիպեց սթափվել. առավոտը բացվեց աշխարհի ամենաուժեղ ու զրնգուն ձայնն ունեցող զարթուցիչի ահազանգից: Տագնապալի իրավիճակ էր: Բոլորը մեկի պես փորձում էին կապ հաստատել իրենց երկրորդ թոքի հետ ու էդպես էլ չէր ստացվում, իսկ մարդիկ համառորեն պայքառում էին, նորից ու նորից փորձում՝ չուզենալով հավատալ,որ ամեն ինչ արդեն ավարտված է: Հարցնում եք՝ ի՞նչ էր պատահել: Ասե՛մ: Պարզապես տեխնիկան, որ մի օր փառահեղորեն մուտք էր գործել մեր կյանքի մեջ, հոգնել էր այդքան անհրաժեշտ լինելուց, անվերջ աշխատելուց ու գնահատված չլինելուց, հոգնել էր իր հասցեին հերթական հայհոյանքներ լսելուց, հատկապես, երբ դժվարանում էր աշխատել, իսկ մարդիկ մտրակները ձեռքին պահանջում էին գործել ու միայն գործել: Իսկ տեխնիկան դարձել էր դեղահաբ այն մարդկանց համար, ովքեր տառապում էին «Ժամանակ չունեմ» ախտանիշով, թեև հետո պարզվեց,որ նրանք ոչ մի ժամանակի կարիք էլ չունեին, պարզապես մարդկային բնորոշ սովորության համաձայն ուզում էին ունենալ այն, ինչ չունեն, առանց գիտակցելու՝ արդյոք դա իրենց իսկապես պե՞տք է, թե՞ ոչ: Եվ, քանի որ, ժամանակը լիուլի էր և իրական կյանքում չկար անելու որևէ բան,մարդիկ սկսեցին ապրել վիրտուալ կյանքով: Արդյունքում դարձան այնքան ալարկոտ,որ անգամ հաց ուտելու համար չէին հրաժարվի, եթե իրենց բերանի ու որովայնի փոխարեն, այդ «բարդ» գործընթացը ևս կատարեր ինչ-որ տեխնիկական սարք:
Եվ այսպես տեխնիկան ու էլէկտրոներգիան, որոնք, առանց մեկը մյուսի, գոյություն ունենալ չէին կարող, ձեռք-ձեռքի տված որոշեցին պարզապես հեռանալ,կամ գուցե պատժել մարդկան իրենց չգնահատելու ու գերհոգնածություն պատճառելու համար: Արդյունքում դեռ երկար ժամանակ բոլորն ապշած մնացին՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նույնիսկ առաջացավ՝ կիսով չափ կյանքը կրճատված լինելու զգացողություն (դա երկրորդ թոքն էր իր մասին հիշեցնել տալիս): Վերջապես հասկանալով,որ կապույտ էկրանը այդպես էլ չի վերադառնալու, մեր հերոսուհին փորձեց դուրս գալ սենյակից՝ տեսնելու, թե շուրջն ինչ է կատարվում: Առաջին անգամ էր սենյակը լքում՝ հետևից չլսելով կապույտ էկրանի կանչը, որը միշտ անհապաղ իր մոտ էր հրավիրում, երբ նա հեռանում էր: Իրականում նա դեռ չգիտեր,որ տան մյուս անդամների մոտ ևս նույն խուճապն է, ինչն ապրում էր ինքը: Դա հասկացավ հենց այն ժամանակ, երբ հայացքը բախվեց ընտանիքի մյուս անդամներին, որոնք ևս մոլորված հայացքով իրենց շուրջն էին նայում: Նրանցից յուրաքանչյուրը դիմացինի աչքերում տեսնում էր այն, ինչ ինքն էր զգում, կարդում այն, ինչ ինքն էր մտածում: Հանկարծ բոլորի աչքերը լայն բացվեցին,կարծես ներքուստ մի բան էին հայտնաբերել,որ չէին էլ ակնկալում գտնել: Նրանք զգացին,թե որքան էին կարոտել միմյանց այսքան ժամանակ,ու զարմացան, թե ինչպե՞ս դա շուտ չէին հասկացել, ոնց էին այսքան ժամանակ կարողացել ապրել առան մեկը մյուսին մի ջերմ խոսք ասելու: Մայրը արդեն խոհանոցում նախաճաշի պատրաստություն էր տեսնում, վաղու՜ց բոլորը միասին չէին նստել մի սեղանի շուրջ, շատախոսել միասին, երեխաները արդեն մոռացել էին իրենց չարաճճիությունների մասին,որոնց անպայման հաջորդում էր ծնողների նկատողությունը, որը ևս այնքան զվարճալի էր թվում այն ժամանակ: Ահա և բոլորը դրսում են, արևի ամենաջերմ շողերի ներքո. հասել էր արևի հետ գրկախառնվելու պահը և ինչքա՜ն հաճելի էր այդ վաղեմի բարեկամի հետ հանդիպումը:
Ահա հեռվից նրան է մոտնում իր մանկության ընկերը,որքա՜ն ժամանակ էր անցել, որքա՜ն բան էր փոխվել այն օրից ի վեր, երբ դրսում անհոգ խաղում էին,ու երազում, որ արևը մի փոքր էլ սպասի, մինչև խաղը կավարվի, բայց խաղերը երբեք չէին ավարտվում, իսկ մայրիկը հերթական անգամ տուն էր կանչում: Նա միայն հիմա հասկացավ, որ իր մի մանկության ընկերոջը չէր փոխի վիրտուալ հարյուրավոր ընկերների հետ: Որ այդ հարյուրից գուցե իննսունիննը լինելու հետ մեկտեղ, բոլորովին էլ գոյությւն չունեին: Հաջորդ օրը նա կստանա առաջին նամակը, որ ուղարկված կլինի փոստով, թղթի վրա գրված ու դա այն հարյուր ընկերներից հենց միակի,ամենաթանկի կողմից: Ագահորեն կլանելով տողերի արանքում պահված ջերմությունը՝ առաջին անգամ մի գողտրիկ տեղ կփնտրի թաքցնելու համար նամակը, որ միայն իրեն էր պատկանում. թաքցնելու և գիշերը անպայման ստուգելու, թե արդյո՞ք տեղում է, ու համոզվելով,որ ամեն բան կարգին է,կգնա գտնելու իր նախկին երազները,ոչ այն երազները, որոնք վիրտուալ կյանքի շարունակությունն էին: Այսուհետև, նա լույսը բացվելուն պես կցատկի անկողնուց ու մոտենալով պատուհանին՝ ձեռքեր լայն կտարածի ու կբղավի «Բարև՜,արև՜», ու լայն կժպտա աշխարհին:
Մեր մեջ ասած, երբ առաջին անգամ էի այս գործը շարադրում ու գրեթե ամեն բան ավարտել էի, հենց այդ պահին, էլեկտրականությունը որոշեց անջատվել, երևի վիրավորվեց ինձանից ու որոշել պատժել ինձ, որովհետև ընդամենը մեկ րոպե անց վերադարձավ, իսկ ես, քանի որ չէի հասցրել «ֆայլը սեյվ» անել, ամբողջ գրածս հօդս ցնդեց ու ստիպված՝ շարադրեցի երկրորդ անգամ:
Բա, հիմա ասեք, չարժե՞ համակարգիչը պատուհանից դուրս շպրտել… Ով գիտե, գուցե հին մարգարեներն էլ սուտ չեն ասում կեցության այլ ոլորտների մասին…

 

Share Button

2 կարծիք

  1. Ռի-Մա

    Հա՜ս, էս ի՜նչ լավն էր 😀
    ապրեեես :***

  2. Anonymous

    Շնորհակալ եմ Ռիմա ջան,որախ եմ,որ դուրդ եկելա :)

Պատասխանել Ռի-Մա-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>