Աշունը ժպտում էր դպրոցի բակում աճած բարդու կատարից: Ագռավը թառել էր երկաթյա սանդուղքի վերին աստիճաններից մեկին: Գեղեցիկ էր: Վզի ու կրծքի մի մասը գորշ կապտավուն երանգ ուներ, և աղջիկը շատ ցանկացավ բռնել ագռավի հայացքը:
Լսարանում լռությունն ընդմիջվում էր դասախոսի հանդարտ, միապաղաղ ձայնով: Աղջիկը չուզենալով հայացքը հեռացրեց լուսամուտից, նայեց պատի էկրանին. գծապատկերները հրավիրում էին բացահայտելու իրենց գաղտնիքները: Աղջիկը նորից հայացքը շրջեց դեպի լուսամուտը:
Ագռավը թառել էր սանդուղքի՝ վերևից հաշված յոթերորդ աստիճանին: «Տեսնես ինչո՞ւ հատկապես յոթերորդ»,- մտածեց աղջիկը և հանկարծ լարվեց. ագռավը թափահարեց թևերն ու թեթև ցատկեց մի աստիճան վերև: Զարմանք բան:
Դասախոսը բարձրացրեց ձայնը. աղջկայ հայացքը պոկվեց լուսամուտից, վախվխելով գտավ դասախոսի հայացքն ու ակնթարթորեն փախավ դէպի էկրանը, ապա կրկին դիմեց լուսամուտին:
Սանդուղքը երկաթյա էր. ձգվում էր դպրոցի կողմնային պատի վրայով դէպի տանիք: Սանդուղքը երևի մեծ կարծիք ուներ իր մասին. չարաճճի տղեկները հաճախ էին անցնելիս կանգնել, հրապուրված նայել իրեն՝ ափսոսալով, որ շատ բարձր է գետնից. «Նույնիսկ «10»-երը չեն հասնի»,- մի անգամ ասաց նրանցից մեկը: Սանդուղքը վեհացած զգաց իրեն, չնայած կգերադասեր, որ հաճախ իր օգնության կարիքն ունենային: Ինչ իմանար, որ դիմացի լուսամուտից թաքուն նայող աղջիկն էլ է երազում իր միջոցով տանիք բարձրանալ: «Պիտի լեռներում ծնված լինեի»,- մտածեց աղջիկը:
Ագռավը, մի աստիճան էլ բարձրացած, կրկին զննեց շրջակայքը: Չհասկանալով, թե ինչու հանկարծ վայրէջք կատարեց ամենևին էլ ծառի ճյուղերի չնմանվող այս ժանգահոտ «փայտերին», նա, այնուամենայնիվ, ցանկանում էր կամաց-կամաց բարձրանալ. հետաքրքիր է, մի տասն ագռավաչափ այն կողմ բարձրացած սլացիկ բարդուն կհավասարվե՞մ: Թափահարեց թևերը. վստահ, հանդարտ ցատկ, և ահա, մի ագռավաչափ էլ բարձրացավ: Աղջիկը թաքուն ժպտալով հետևում էր նրան:
Դասախոսը մտահոգվեց. «Ի՞նչ է պատահել այս աղջկան: Այսօր շատ մտացրիվ է երևում: Ոչ իմ կողմն է նայում, ոչ էկրանի»: Աղջիկը հոնքերը կիտեց՝ ջանալով վճռել, թե ո՞ւր գնա դասերից հետո: Ագռավը մի աստիճան էլ բարձրացավ: Դասախոսն ասաց.
-Դա կոչվում է տեղեկույթի զուգահեռ մշակում: Օրինակ, հիմա դուք լսում եք ինձ, և ձեր ուղեղը միաժամանակ ցբաղված է մտածելով, թե ո՞ւմ եք հանդիպելու այսօր կամ…
Խումբն ուրախ ծիծաղեց. հաճելի է կանոնների փոխարեն կատակներ լսել: Աղջիկը շփոթված ժպտալով, նայեց դասախոսին. կասկած չուներ, որ խոսքն ամենից առաջ իր ուղեղի մասին է: Ագռավը հասավ տանիքին. աղջիկը, օգտվելով ընդհանուր աշխուժացումից, նորից դարձավ դեպի լուսամուտը և տանիքի վրա տեսավ տոտիկ-տոտիկ քայլող ագռավին: Թույլ կռինչ լսվեց. «կռա՜»: «Ափսո’ս, լուսամուտը փակ է,- մտածեց աղջիկը,- լավ ամոթ է, չե՞ս հասկանում, հանգիստ թող ագռավիդ»: Սկսեց հետևել դասախոսությանը և չտեսավ, թե ինչպես ագռավը թռավ դպրոցի տանիքից: «Հետո ի՞նչ, որ դպրոցն ավարտելուց հետո տանիք չես բարձրացել ու ագռավ շատ ես սիրում: Տեսնես ի՞նչ է երևում այդ տանիքից»,-սովորույթի ուժով նայեց դասախոսի աչքերին և զգաց, որ ոչինչ չի լսել: Դասախոսի հայացքը տարակուսանք էր արտահայտում. հասկացա՞ր: Վատ զգալով, աղջիկը կեղծավորաբար գլխով արեց ու հայացքը փախցրեց դեպի լուսամուտը: Ագռավը չկար: Նրա ու ընկերների կռավոցը ապակու միջով հասնում էր լսարան: «Երևի բարդու վրա են: Տեսնես ի՞նչ են խոսում: Հերիք է ագռավների հետևից ընկնես, զանգին տասներկու րոպե մնաց: Որոշիր, թե ուր ենք գնալու»: Աչքերը կրկին հայտնաբերեցին սևագորշ ագռավին. Այս անգամ շուրջն էր նայում սանդուղքի՝ վերևից հաշված ութերորդ աստիճանից: «Գնաց, զեկուցեց, վերադարձավ: Վզի կապտավունը շատ գեղեցիկ է: Ինչո՞ւ են ասում «սև ագռավ»: Տեսնես հնարավո՞ր է դեմքով ճանաչել թռչուններին: Լավ կլիներ: Համենայն դեպս, ո՞ւր գնանք դասերից հետո»: Ագռավը հանկարծ թռավ. դեպի վար ու այնքա՜ն սահուն. աղջիկը մեկեն հիշեց, որ իր պատրաստած թղթե ինքնաթիռներն էլ, երբ ինքը սեղանի կամ աթոռի վրա բարձրանալով էր նետում, նույնպես հետագծով էին թռչում: Այդ մտքից պայծառ ժպտաց:
-Եղավ, շնորհակալություն: Տեսնում եմ՝ այսօր շատ հոգնեցիք: Կհանդիպենք երկուշաբթի,- դասախոսը ստորագրում էր մատյանը:
Ծառերի կատարներին թառած աշունը համբերատար գետնին էր թափում հոկտեմբերի ոսկին: Պարզ, կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկնքի ֆոնին գծագրված դեղնականաչ խոտ՝ վրան սփռված վառ բազմագույն տերևներով. այս ամենը սիրտ ճմլեցնող գեղեգցկությամբ աղաղակում էր՝ ես եմ, քո սիրած աշունը: Աշունը կանչում էր սիրածի անողոք համառությամբ: «Ինչ լավ կլիներ՝ գիշերը անձրև եկած լիներ»: Թվաց, թե արդեն շնչում է խոնավ հողի գրգռիչ բուրմունքը: «Բախտս չբերեց՝ վաղվա սեմինարին պատասխանելու հերթն իմն է. ախր ոչ մի տող դեռ չեմ կարդացել, միայն անծանոթ բառերն եմ դուրս գրել: Ի՞նչ անեմ»: Աղջիկը շվարած դանդաղեցրեց քայլերը:
Աշունը համառորեն կանչում էր: Կանչում էր անսահմանորեն տարածված վառ-կապույտ երկինքը. այսքան անարատ կապույտով մեկ էլ գարունն է պճնվում, կանչում էին խոտերի թավշյա գորգին տարածված, խատուտիկներ հիշեցնող ոսկերանգ տերևները, կանչում էին մայթեզրին հաստատված սլացիկ ծառերը, կանչում էր աղջկա սիրտը: «Մարդ պառկեր այս փափուկ խոտին ու նայեր, նայեր, պայծառ երկնքին: Ու՞ր գնամ»: Աղջիկը քայլում էր դանդաղ. Աննպատակ, թողնելով, որ հոգում վիճեն խոժոռ սեմինար-հոդվածն ու գունավառ աշնան կանչող ձայնը: Սիրտն ապստամբեց. «Ես ձեզ հետ գործ չունեմ: Որոշեք, արեք ինչ կուզեք՝ գնալ տո՞ւն, թե՞ թափառել»: Աղջկան հանկարծ թվաց, թե հոգին կշեռքի վերածվեց. մի նժարին ինքնագոհ թառեց սերը ՝ թեթևսոլիկ, անհոգ աշնանային կեսօրը, մյուս նժարին ծանրումեծ բազմեց վաղվա սեմինարի ինքնավստահ պարապմունք-հեռանկարը. հոգին սկսեց վայրիվերո տատանվել՝ դժվարին խնդրի առաջ կանգնեցնելով աղջկան: «Երնեկ այս ագռավին: Լավ, արի քայլենք, կամաց-կամաց մի բան կմտածենք»:- Փողոցի անկանոն աղմուկը էստրադային հիմար ու սիրելի երգի նման աղջկան առավ իր երաժշական ընթացքի մեջ ու տարավ առաջ, մինչդեռ հոգին անօգնական տատանվում էր, սիրտն էլ անտարբեր ձևանալով՝ զննում ճանապարհին պատահած ծառերի կեղևները:
Աղջիկն արդեն աղոտ կերպով անհանգստանում էր, որ դեռ երկար քայլելու է անհոգ-աննպատակ, երբ որտեղից-որտեղ իրեն վայել լրջությամբ հայտնվեց պարտականությունը. Ինչպե՜ս էին մոռացել իր մասին: Պարտականությունն սկսեց պնդել իր արդարացի իրավունքները. այնպէս, այսպէս, կարևորը ես եմ, ոչ թե ինչ-որ աշուն կամ դեղնած ծառ, ի՞նչ է, էլ դեղնած ծառ չե՞ս տեսնելու: Նժարը, որին բազմած էր աշնանասեր տրամադրությունը, թեթևորեն վերև թռավ, ու արդեն ներքևից վերև նրան էր նայում վաղվա սեմինարի հոդվածը՝ իր անուրանալի կարևորությունը գիտակցող հաղթողին վայել ներողամտությամբ: Աղջիկը հառաչեց ու բռնեց ուսանողական ավտոբուս տանող ճանապարհը:
Այս անգամ էլ սերը զիջեց պարտականությանը:
Վերջին մեկնաբանություններ