Ռասուլ Յունան | ՀԵՌԱՎՈՐ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԸ

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՆԻՆԱ
ԷԼՅԱՍ
Ա. փոստատար
Բ. փոստատար

Բեմը սովորական սենյակ է՝ ցորենի արտին նայող լուսամուտով և դեպի դուրս տանող մի դռնով։ Ձախ կողմում երևում է ևս մի դուռ, որը հավանաբար խորդանոցի դուռն է։
(Վարագույրը բարձրանալիս դրսից լսվում է աղվեսի ոռնոց-կաղկանձը։ Նինան տխուր նստած է աթոռին։ Քիչ անց ձախ կողմի դռնից ներս է մտնում էլյասը և, ուշադրություն չդարձնելով Նինային, խորդանոց է գնում ձկնորսական պարագաները այնտեղ դնելու համար)։

ԷԼՅԱՍ- (Բարձրաձայն)։ Գետը այլևս էն հին գետը չի։ Ոչինչ չունի, ոնց որ ձկները ծուխ են դառել ու երկինք են բարձրացել։
ՆԻՆԱ- Շուտ վերադարձար։
ԷԼՅԱԱ- Ասացի, գետը էլ ձուկ չունի. ուշ էլ վերադառնայի հետս ոչինչ չէի բերելու։
ՆԻՆԱ– Բոլոր ջանքերդ գործադրեիր։
ԷԼՅԱԱ– Դրեցի, ոչ մի օգուտ։ (Դուրս է գալիս խորդանոցից և նստում է Նինայի դիմաց՝ աթոռին)։ Դե, ի՞նչ կա։ (Սևեռվում է Նինայի դեմքին)։ Անհանգիստ ես երևում, ի՞նչ է եղել։
ՆԻՆԱ– (Հայացքը շրջում է դեպի լուսամուտը)։ Ոչինչ, նորից մի աղվես է թակարդը ընկել։
ԷԼՅԱԱ– Գիտեմ, ձայնը լսում եմ։ Անիծվածները հենց որ թակարդն են ընկնում, մի գլուխ ոռնում են։ Ոռնոցներն էլ էնպես աղիողորմ է, որ մարդու լացը գալիս է, բայց մենք ելք չունենք։ Եթե թակարդ չդնենք սրանք մի օրում արտերը կոչնչացնեն։ Բոլորն էլ էդպես են, երբ ազատ են ինչ ղալաթ, որ սրտները ուզեց կանեն, բայց հենց թակարդն են ընկնում սկսում են ախուվախ անել։
ՆԻՆԱ–(Տրտմագին)։ Ախր ինչու՞, ինչու՞ պիտի բոլոր աղվեսները հենց այս ցորենի արտում թակարդը ընկնեն։
ԷԼՅԱԱ– Նշանակություն չունի, էստեղ էլ թակարդը չընկնեն մի ուրիշ տեղ կընկնեն։ Բոլոր արտերն էլ լիքն են թակարդներով։
ՆԻՆԱ– Լսու՞մ ես էլյաս, էդ խեղճը տանջվում է։
ԷԼՅԱԱ– Հա, լսում եմ, էդ խեղճը տանջվում է, շատ տհաճ է, բայց մի մոռացիր, որ մենք էլ ենք տանջվում։ Ցորեն ցանելը իսկապես դժվար է։ Գիշեր-ցերեկ պիտի արտիդ մասին մտածես, պիտի շարունակ ջրես, պիտի ուշադիր լինես, որ ինչ-որ աղետ չվնասի, և հազար ու մի գլխացավանք։ Աշխատիր չանհանգստանալ։
ՆԻՆԱ– (Վեր է կենում, մոտենում է լուսամուտին)։ Իմ ձեռքը չի…Ախր գիտես, նրանք ոչ մի մեղք չունեն։ Նրանք չգիտեն, թե ինչ են անում։
ԷԼՅԱԱ–( Վառում է ծխամորճը)։ Բոլորը հենց էդ են ասում, հապա ո՞վ է մեղավորը, ես, թե՝դու։ Հապա ո՞վ է այս ցորենի արտը կոխկրտում։ Այս հարցում մեկը պիտի մեղավոր լինի՞, թե՝ ոչ…Եթե նրանք չգիտեն ինչ են անում, ես էլ չգիտեմ, իսկապես չգիտեմ։
ՆԻՆԱ– էլյաս դու չպետք է քեզ նրանց հետ համեմատես, նրանք աղվես են, հասկանում ես, չէ՞, աղվեսը մարդուց տարբերվում է։
ԷԼՅԱՍ–(Հունից դուրս գալով)։ Ասում ես ի՞նչ անեմ։
ՆԻՆԱ– Ոչինչ, չգիտեմ։
Դադար։
ԷԼՅԱԱ– Բայց գիտեմ, դու ուզում ես թակարդը գործից գցեմ, հա, էդպես չի՞։
ՆԻՆԱ– ( Գլխի շարժումով)։ Հա, ախր գիտես…
ԷԼՅԱԱ–( Խոսքը ընդհատելով)։ Որ ոչ միայն աղվեսներն այլ նաև, որ ուրիշները թակարդը չընկնեն, չէ՞…(Կասկածամտորեն)։ Դու ուրիշների համար ես մտահոգ, աղվեսները պատրվակ են… Դու ցանկանում ես, որ ով ուզում է հանգիստ գա էստեղ ու մեր արտն ու տունն ու տեղը քանդուքարափ անի:
Աղվեսի ոռնոց-կաղկանձը դադարել է։
ՆԻՆԱ– (Զարմացած)։ Ինքդ քեզ ի՞նչ ես խոսում, դու հաստատ գժվել ես։
ԷԼՅԱԱ– Գուցե, բայց դու էլ խելքդ թռցրել ես… կարծում էիր ես գլխի չէ՞ի ընկնի։
ՆԻՆԱ- (Զարմացած)։ Ի՞նչը։
ԷԼՅԱԱ– Քո սիրային կապը էդ անպատկառ ու անաստված մարդու հետ։
ՆԻՆԱ– Ու՞մ մասին ես խոսում։
ԷԼՅԱԱ– Պարզ չի՞, հենց նրա մասին, որ իմ աչքից հեռու այս արտի միջով երթ ու դարձ է անում և հատկապես այն գիշերները, երբ ես տանը չեմ լինում։
ՆԻՆԱ– Վստահ ես, որ նորմալ ես ու չե՞ս ցնդաբանում։
ԷԼՅԱԱ– Հա, վստահ եմ, որ նորմալ եմ ու չեմ ցնդաբանում, խելքս էլ չեմ թռցրել։ Երեկ չէ առաջին օրը ուրբաթ էր, այսօր էլ կիրակի է, տարվա եղանակներից էլ՝ ամռան եղանակն է։
ՆԻՆԱ– (Անզոր): Ես չեմ հավատում։
ԷԼՅԱԱ– Ինչի՞ն։
ՆԻՆԱ– Այն, որ ամուսինս իմ բոլոր չարչարանքների համար, որ կրում եմ այս տանը, այսպես է երախտապարտ լինում ինձանից։
ԷԼՅԱԱ– Բայց պիտի հավատաս, երկու օր առաջ ես թակարդներից մեկում տղամարդու կոշիկ եմ գտել։ (Ամպրոպի որոտ)։Գիտես, էդ մի հոգավորը այնպես է շփոթվել, որ չի կարողացել թակարդը բացել, միայն մերկ ոտքն է կարողացել թակարդից դուրս քաշել ու փախչել։
ՆԻՆԱ– (Արտասվելով ու չհավատալով)։ Բայց դա բացարձակ սուտ է… Գուցե գող է եղել։
ԷԼՅԱԱ–(Զայրագին)։ Բայց գող չի եղել, էդ մեկը լավ գիտեմ։
ՆԻՆԱ– (Բղավելով)։ Որտեղի՞ց գիտես։
ԷԼՅԱԱ– Ես ոչինչ չունեմ, որ գողը իմ տունը թալանի, եթե նույնիսկ գող է եղել, սիրահարված գող է եղել, եկել էր քեզ գողանալու և իմ տունը ավերելու։
ՆԻՆԱ– Չեմ հավատում, դու փոխվել ես։
ԷԼՅԱԱ– Աստված վկա ես՝ ես եմ, էլյասը՝ ձկնորս էլյասը, որսորդ էլյասը, ցորեն ցանող էլյասը։ (Զայրագին)։ Ինչու՞ ես թաքցնում, շատ սիրուն է չէ՞։
ՆԻՆԱ– Ո՞վ։
ԷԼՅԱԱ– Նա։
ՆԻՆԱ– Ի սեր Աստծո, վերջացրու։
ԷԼՅԱԱ– Ես չեմ սկսել, որ վերջացնեմ, դու ես սկսել։
ՆԻՆԱ– Ոչինչ գոյություն չունի, որ ես սկսեմ կամ չսկսեմ, հասկանո՞ւմ ես, թե՞ չես հասկանում։
ԷԼՅԱԱ–(Հեգնանքով)։ Հասկանում եմ, շատ էլ լավ եմ հասկանում, որովհետև ով նման պարզ խնդիրը չհասկանա շատ հիմար պիտի լինի։
ՆԻՆԱ֊- (Շշմած)։Գլուխս պտտվում է։
ԷԼՅԱԱ- Դե ասա, թիկնե՞ղ է, թե՝ ոչ, շքե՞ղ է հագնվում, թե՞ ինձ նման է ման գալիս։
ՆԻՆԱ– Գլուխս պտտվում է։
ԷԼՅԱՍ– Ասում են սրինգ էլ է նվագում, լավ էլ նվագում է…էդ մեկը չգիտեմ, հավանաբար լավ ձայն էլ պիտի ունենա։
ՆԻՆԱ– Ախ գլուխս…
ԷԼՅԱԱ– Անունը ի՞նչ է։ (Ապառնալով)։Կասես, թե՞ չէ։
ՆԻՆԱ– Ու՞մ անունը։
ԷԼՅԱԱ-Նրա, ով կյանքս ավերում է։ Նա, ով իր կեղտոտ արարքը չբացահայտվելու համար բոլոր արտերը թողած այս հեռավոր ցորենի արտն է ընտրել, որպեսզի սիրտը ինչ ղալաթ ուզում է անի։ (Բղավելով)։ Հարցրեցի՝ անունը ի՞նչ է։
ՆԻՆԱ–(Ահուսարսափով)։ Որևէ մեկը գոյություն չունի, որ անուն էլ ունենա։
ԷԼՅԱԱ– Ստում ես…շան պես ստում ես…Մեղավորը ոչ մի ժամանակ իր մեղքը չի խոստովանում, եթե նույնիսկ խոստովանում է, ոչ ամբողջությամբ։ Ինչու՞ չես ուզում ինչ-որ բան ասել։
ՆԻՆԱ– Ախր ի՞նչ ասեմ։
ԷԼՅԱԱ– Ասա, որ նա գալիս է այստեղ։ Ասա, որ ցորենի արտի մեջ քեզ համար սրինգ է նվագում ու երգում … Ասա, որ երբ նրան տեսնում ես, քեզ կորցնում ես, գլուխդ դնում ես ուսին… Ասա, որ սիրում ես նրան…Ասա, որ սպիտակ շորեր է հագնում։ Ասա, որ քեզ ասել է կերջանկացնեմ։
ՆԻՆԱ- (Ճչալով ընդհատում է խոսքը)։ Ո՛չ, ո՛չ, այդ խոսքերից ոչ մեկը ճշմարիտ չէ, դու ցնդաբանում ես։
ԷԼՅԱԱ– Գուցե դու իրավացի ես, ես ցնդաբանում եմ, բայց մարդիկ ի՞նչ, բոլորը հո միանգամից չե՞ն ցնորվել։ Բոլորը քո և այդ անիծյալ սիրո երգն են մրմնջում։ (Վեր է կենում և մոտենում է խորդանոցին)։
Հեռավոր ցորենի արտում
Երգում է մի սրնգահար,
Հրեշտակի նման մի կին,
Լուսնի նման մի կին,
Նազում է նրա համար,
Բայց մի օր սերը նրանց
Անպատվության պատճառ է դառնում,
Բարեկամները բոլոր
Իմանում են այդ մասին,
Ու պատերազմ է սկսվում…
Հեռավոր ցորենի արտում
Մի սրնգահար
Ցնծում է, ուրախանում։

(Որսորդական հրացանով դուրս է գալիս խորդանոցից)։…Հիմա հասկացար, որ ես չեմ ցնդել, թե դեռ պիտի երգեմ քեզ համար։
ՆԻՆԱ–(Թևաթափ ու անզոր) Չգիտեմ, քո խոսքերը նման են մղձավանջի. ես վախենում եմ։
ԷԼՅԱԱ–(Զենքը մաքրելով)։ Շա՞տ ես վախենում։
ՆԻՆԱ– Այո՛, շատ եմ վախենում։
ԷԼՅԱԱ-Գիտեմ, և վախը շատ վատ բան է։ Երբ մարդ վախենում է, ամեն մի ժամը տարի է տևում, ամեն տարին՝ դար։ էլ չի նկատում արևի գեղեցկությունը, անձրևը դառնում է նախատինք։ Չի սիրում լուսնին և ժամացույցի զանգից խորշում է և մյուս առարկաներից ու կենդանիներից, որ իրենց տեղն ունեն… Բայց մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ չեմ սպանի, այսինքն՝ չեմ կարող։ Գիտես, երբեմն բաներ կան, որ մարդու ուժերից վեր են…բայց նրան կսպանեմ, այդ անաստված մարդուկին։
ՆԻՆԱ–(Վախեցած և անհույս) Բայց որևէ մեկը չկա, որ սպանես։
ԷԼՅԱՍ– Քո խոսքերին այլևս չեմ հավատում, մի՛ փորձիր ինձ համոզել, ես նրան կսպանեմ… Մի՛ անհանգստացիր, չեմ տանջի…ուղիղ սրտին կկրակեմ, ու տեղում կմեռնի։
ՆԻՆԱ– Քո խոսքերից ավելի քան ենթադրում էի՝ արյան հոտ է գալիս։
ԷԼՅԱՍ- Զարմանալի չէ, որովհետև որսորդ եմ, այդ մեկը պիտի լավ իմանայիր։
ՆԻՆԱ– Գիտեի, բայց ոչ այդ աստիճան, իսկ հիմա լավ հասկացա, հասկացա նաև, որ մշտապես պիտի կրակես, եթե նույնիսկ ոչ մի որս էլ գոյություն չունենա։
ԷԼՅԱՍ– ճիշտն ասած երբեմն ձեռքս ու սիրտս դողում է, այդուհանդերձ այդ բանը անում եմ, որովհետև ուզում եմ ողջ մնալ։
ՆԻՆԱ– Եթե չսպանես էլ, նորից ողջ ես մնալու։
ԷԼՅԱԱ– Վախով ապրելը անիմաստ է, մարդ պիտի խաղաղորեն ապրի։ Ես նրան կսպանեմ, հետո կապրեմ։
ՆԻՆԱ– Եթե ես քո տեղը լինեի, ինքս ինձ վրա կկրակեի։
ԷԼՅԱԱ- Եթե դու իմ տեղը լինեիր, կնոջդ վրա կկրակեիր, բայց ես այդ բանը չեմ անի, ուրեմն ավելի լավ է՝ ամեն մարդ իր տեղը լինի, արյուն թափի ու դավաճանի։
ՆԻՆԱ– Ո՞նց ասեմ… Ես չեմ դավաճանել։
ԷԼՅԱԱ- Ջանք մի՛ թափիր, ես այլևս չեմ համոզվի։
ՆԻՆԱ– Դե, ոնց որ քեզ հարմար է։ Ես այլևս ի վիճակի չեմ այստեղ ապրել։ Ես գնում եմ այստեղից։ Դու կասկածում ես ամեն ինչի։
ԷԼՅԱԱ- Դե, վերացրու իմ կասկածանքը։
ՆԻՆԱ– Չեմ կարող… արդեն ուշ է… առհասարակ գիտես, ես պիտի այստեղից գնամ, որովհետև այստեղ ապրելու համար շատ փոքր է։
ԷԼՅԱԱ- Դա համոզիչ պատճառ չի։
ՆԻՆԱ– Պարտադիր չի, որ ամեն ինչ պատճառաբանվի։
ԷԼՅԱԱ– Բայց ինձ դուր է գալիս, երբ մարդու բոլոր արարքները պատճառաբանված են լինում։
ՆԻՆԱ– Երբեմն որոշ արարքներ ոչ մի պատճառ չեն ունենում, օրինակ՝ մարդ մի կինոֆիլմ չի սիրում, բայց նորից նայում է կամ, ապարդյուն, թրև է գալիս փողոցներում։
ԷԼՅԱԱ– Ախ այդպես, բայց իմ կարծիքով քո գնալը պատճառ ունի, և դա այն է, որ դու մեղք ես գործել և փախչում ես։
ՆԻՆԱ– (Վեր է կենում, բերում է ճամպրուկը, որպեսզի հավաքի իր անձնական իրերը)։ Եվ միայն հանցագործներն են փախչում, դու այդ ես ուզում ասել՝ չէ՞։
ԷԼՅԱԱ– Այո։
ՆԻՆԱ– Բայց կալանավորներն էլ են այդպես վարվում։
ԷԼՅԱԱ– Բայց ինձ չի թվում, որ այստեղ բանտ է, որովհետև դու կարող ես, երբ սիրտդ ցանկանա ներս ու դուրս անել։
ՆԻՆԱ– Մի՛ սխալվիր, այստեղ էլ բանտ է, և միակ տարբերությունը բանտերի հետ այն է, որ բանալին իմ ձեռքում է։
Լռություն։
ԷԼՅԱԱ– Հիմա ու՞ր ես ուզում գնալ։
ՆԻՆԱ– Մի տուն, որ ավելի մեծ կլինի այստեղից։
ԷԼՅԱԱ– Բայց մի՛ մոռացիր, որ այս գյուղի բոլոր տները միանման են, բոլորը սրա նման փոքր են։ Առհասարակ այս հողը, ինքը շատ փոքր է, ավելի փոքր, որպեսզի մեծ տուն ունենա։
ՆԻՆԱ– Այդուհանդերձ ես այստեղից գնում եմ։ (Փակում է ճամպրուկը)։ Դու էլ պիտի իմանաս, որ այսպիսի փոքրիկ հողը այնքան մեծ է, որ մարդ ի վիճակի է նրանում հանգիստ ապրել։ Պիտի շոշափես մեծությունը, հենց որ շոշափես, հետո միայն կհասկանաս, որ նրա մեծության դեմ զենք մաքրելը և, չգիտեմ, պաղպաղակի հերթում կանգնելը որքան ծիծաղելի է։
ԷԼՅԱԱ– Ուրեմն վճռել ես, որ այստեղից գնա՞ս։
ՆԻՆԱ– Այո, վճռել եմ, որ այստեղից գնամ և հենց հիմա։
ԷԼՅԱՍ– Եթե չթողնե՞մ։
ՆԻՆԱ– Դարձյալ կգնամ, եթե անգամ դիակս այստեղ թողնեմ։
ԷԼՅԱՍ– (Ասես սթափվում է)։ Բայց…բայց մենք կարող ենք փոխհամաձայնության գալ։
ՆԻՆԱ– Արդեն ուշ է, չենք կարող։ Փոխադարձ վստահությունն ու հավատքը վերացել է։ Մեզ համար կառուցված տանիքը փլվում է։
ԷԼՅԱԱ– Իմ կարծիքով լավ ապրելու համար երբեք ուշ չէ։
ՆԻՆԱ– Սխալվում ես , երբեմն մի բաժակ թեյ խմելու համար էլ ուշ է։
ԷԼՅԱԱ–(Հուսահատ)։ էդ մի հոգավորը քեզ վրա խիստ ազդել է. դու առաջ նման բաներ չէիր խոսում։
ՆԻՆԱ– (Հեռանալով բեմից) Դու էլ առաջ նման խոսքեր չէիր ասում։ Եթե կուզես ծաղիկները ջրիր։ Մնաս բարով։
ԷԼՅԱԱ– (Մոլորված)։ Մնաս բարով…( Մտախոհ)։ Հավատալու չի, որ Նինան ինձ դավաճանի։ Նա բարի կին է…բայց…եթե չէր դավաճանել, ինչու՞ գնաց…հույսով եմ, որ առողջ եմ, միտքս ճիշտ է աշխատել…Երեկ չէ անցյալ օրը ուրբաթ էր, այսօր էլ կիրակի է… եղանակն էլ ամռան եղանակն է։
Դուռը բախում են։
ՁԱՅՆ– (Դռան ետևից)։ Տանը մարդ չկա՞։
(էլյասը ոչինչ չի լսում)։
ՁԱՅՆ– (Դռան ետևից)։ Տանը մարդ չկա՞։ (Դուռը կրկին բախում են)։
ԷԼՅԱԱ– (Ձայնի կողմն է անդրադառնում)։ Եկա, ո՞վ է։ (Բացում է դուռը։ Մի մարդ՝ թևի տակ տետր, իսկ ձեռքին՝ մի կապոց, ներս է մտնում)։
ՏՂԱՄԱՐԴ– Բարև ձեզ, պարո՛ն։
ԷԼՅԱԱ– Բարև ձեզ։
ՏՂԱՄԱՐԴ– Փոստատարն եմ, եկել եմ այս կապոցը հանձնելու։
ԷԼՅԱԱ– (Կասկածանքով)/։ Բայց… բայց նախկինում մեկ ուրիշն էր այդ գործը անում։
ՓՈՍՏԱՏԱՐ– Այո, դուք ճիշտ եք, բայց պետք է ձեզ հայտնեմ, որ նա թոշակի է անցել։ Արանից հետո ես եմ նամակները բերելու։ Ձեզ համար որևէ նշանակություն ու՞նի։
ԷԼՅԱԱ– (Թաքցնելով իր ներքին հուզումը)։ Ոչ, բոլորովին։
(Փոստատարը կապոցը հանձնում է էլյասին և բացում է տետրը)։
ՓՈՍՏԱՏԱՐ– Խնդրում եմ այստեղ ստորագրեք։
(էլյասը կապոցը դնում է սեղանին և ստորագրում է տետրում)։
ՓՈՍՏԱՏԱՐ– Ձեր տունը հիասքանչ տուն է։ Այս գեղեցիկ ցորենի արտում ապրելը նման է երջանկության։
ԷԼՅԱԱ– Բայց գյուղից շատ է հեռու։
ՓՈԱՏԱՏԱՐ-Ոչինչ, փոխարենը խաղաղ է… հա, մոռացա ասել… երեք-չորս օր առաջ ես եկա այստեղ, բայց դուք չկայիք, և ձեր նամակը արկղի մեջ գցեցի…Ոնց ասեմ, այն օրը հոգնած էի. չկարողացա արտը շրջանցել ու ձեր տուն հասնել, այսինքն՝ արտի միջով եկա, հույսով եմ ինձ կներեք։
ԷԼՅԱԱ– Խնդրեմ։
ՓՈՍՏԱՏԱՐ–(Ամաչելով)։ Իհարկե աշխատեցի ցորենի արտը չտրորել, բայց նպատակս այս երկար բարակ նախաբանից այն է, որ այն օրը իմ ոտքը թակարդը ընկավ։
ԷԼՅԱԱ–(Ասես ինչ-որ բան հայտնագործած լինի)։ Ասում եք ձեր ոտքը թակա՞րդը ընկավ։
ՓՈՍՏԱՏԱՐ– Այո, բախտ չունեմ, ոտքս թակարդն ընկավ։ Ծիծաղելի է, չէ՞։
ԷԼՅԱԱ– (Ցածրաձայն դիմելով հանդիսատեսին)։ Ինքն է, ուրեմն չէի սխալվում։
ՓՈՍՏԱՏԱՐ– Ասացի, ծիծաղելի է,չէ՞։ (Ծիծաղում է):
ԷԼՅԱԱ–(Հեգնանքով)։ Շա՜տ։ Եվ հիմա ձեր կոշի՞կն եք ուզում։
ՓՈՍՏԱՏԱՐ– Եթե բարեհաճեք շատ շնորհակալ կլինեմ։ Գիտեք մեր աշխատավարձը այնքան չէ, որ, երբ սիրտներս ցանկացավ, կոշիկ գնենք։
ԷԼՅԱՍ– (Հեգնանքով))։ Ուրեմն այդ կոշկի թայը քոնն է։
ՓՈՍՏԱՏԱՐ– Այո,ցավոք սրտի։
ԷԼՅԱԱ– Ուրեմն այդ դու՞ ես կոխկրտել մեր ցորենի արտը։
ՓՈՍՏԱՏԱՐ– Պարոն, այդ ինչե՞ր եք ասում։ Ես միայն անցել եմ նրա միջով, եթե չեք ուզում կոշկիս թայը տալ՝ մի տվեք, թողեք ձեզ մնա, ես գնացի։
(Փոստատարը շրջվում է որպեսզի գնա, էլյասը ետևից բռնում է նրան)։
ԷԼՅԱԱ–(Զայրագին)։ Ու՞ր ես գնում կեղտոտի մեկը։ Ուզում ես փախչե՞լ։
ՓՈԱՏԱՏԱՐ- Չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել։ Ես մինչև հիմա չգիտեի, որ փոստատար լինելը հանցանք է։
ԷԼՅԱԱ– Շատ էլ լավ ես հասկանում։ Սրինգդ ու՞ր է։ Ասում են՝ դու հմուտ սրնգահար ես։
ՓՈՍՏԱՏԱՐ– (Սարսափած)։ Ի՞նչ սրինգ, ես սրինգ չեմ նվագում։
ԷԼՅԱԱ– (Սպառնալով)։ Զարմանում եմ, որ այսօր այսքան անպատշաճ եք հագնվել։
ՓՈՍՏԱՏԱՐ– Ես մշտապես այսպես եմ հագնվում։
ԷԼՅԱԱ– Դու պիտի շատ գեղեցիկ լինես։
ՓՈԱՏԱՏԱՐ–(Սարսափած)։ Ես ձեր խոսքերից ոչինչ չեմ հասկանում։
ԷԼՅԱԱ- Այսօր չէի՞ր ենթադրում, որ տանը կլինեմ,չէ՞։ (Նրան շպրտում է սենյակի մեջտեղը)։ Կարծում էիր ձկնորսության եմ գնացել։
ՓՈՍՏԱՏԱՐ– Ինչու՞ ավելի պարզ չեք խոսում։
ԷԼՅԱԱ–/(Բղավելով)։ Արանից ավելի պարզ էլ ոնց ասեմ։ Դու իմ կյանքը ավերեցիր, այսինքըն՝ դու և այդ զիբիլ կինը։
ՓՈՍՏԱՏԱՐ–(Վախով)։ Ո՞ր կինը։
ԷԼՅԱԱ– (Քմծիծաղով)։ Ուզում ես ասել, որ դու Նինային չե՞ս ճանաչում։
ՓՈՍՏԱՏԱՐ– Իհարկե չեմ ճանաչում։ Ես նոր եմ այս գյուղը եկել։
ԷԼՅԱԱ– Նախքան քեզ խեղդամահ անելը, ուզում եմ հարցնել ինչու՞ այդ բանը արեցիր։ (Բռունցքներով ու ոտքերով հարվածում է նրան)։
ՓՈԱՏԱՏԱՐ-Ո՞ր բանը։
ԷԼՅԱԱ– Ինչու՞ կապվեցիր Նինայի հետ, ինչու՞ բոլոր կանանց ու աղջիկներին թողած՝ իմ կնոջը ընտրեցիր։
ՓՈՍՏԱՏԱՐ– Աստված վկա, ես ոչ մի բան չեմ արել։
ԷԼՅԱԱ– Ստում ես, նա էլ էր ստում… Նա իմ կինն էր, նրան սիրում էի, նրան չկարողացա սպանել, բայց քեզ կարող եմ։
ՓՈԱՏԱՏԱՐ- (Լացելով)։ Աստված իմ, ես բռնվեցի։
ԷԼՅԱԱ– (Ձեռքով սեղմում է նրա պարանոցը)։ Չէիր կարծում, որ կբռնեմ, չէ՞, սխալ հաշվարկ ես կատարել։
ՓՈՍՏԱՏԱՐ– (Անզոր)։ Սպասի՛ր, սպասի՛ր, ի՞նչ ես անում։ Ես ոչ մի վատ բան չեմ արել և կարող եմ ապացուցել։
ԷԼՅԱԱ– (Հապաղում է)։ Ինչպե՞ս կարող ես ապացուցել։
ՓՈՍՏԱՏԱՐ– Շատ հեշտ, վե՛ր կաց հենց հիմա, մի պահ գնանք փոստային բաժանմունք, այնտեղ ամեն ինչ պարզ կդառնա։ Այնտեղ քեզ կասեն, որ ես ընդամենը հինգ օր է, որ այս գյուղն եմ եկել։
ԷԼՅԱԱ- Իսկ եթե չապացուցես շան պես կսատկացնեմ։
ՓՈԱՏԱՏԱՐ- Լավ եթե չապացուցեմ արեք այդ բանը, բայց վստահ եղեք, որ կապացուցեմ։ Դուք ձեր երևակայության գերին եք դարձել։
ԷԼՅԱԱ– Սպասիր տեսնեմ, առհասարակ դու փոստատա՞ր ես։ Չլինի՞ փախչել ես ուզում։
ՓՈՍՏԱՏԱՐ- Լավ, դա դժվար չէ, կարող եք կապոցը, որ բերել եմ, բացել։ Գուցե այդ ժամանակ ամեն ինչ պարզաբանվի։
(էլյասը վերցնում է սեղանին դրված կապոցը և արագորեն բացում է։ Թվում է մի բացիկ և ձայնարկչի սկավառակ են ուղարկել)։
ԷԼՅԱԱ– (Արագորեն կարդում է ծրարի մակագրությունը)։ Քրոջիցս է։
ՓՈԱՏԱՏԱՐ- Տեսնու՞մ եք, որ ասում եմ փոստատար եմ։
ԷԼՅԱՍ– (Հիմա արդեն կարդում է սկավառակի մակագրությունը)։ Ի՜նչ, սրնգահարը հեռավոր ցորենի արտում։
ՓՈՍՏԱՏԱՐ– Այո, սրնգահարը հեռավոր ցորենի արտում։ Նոր է շուկա դուրս եկել։ Շատ գեղեցիկ է։ Բոլորը երգում ու մրմնջում են այդ երգը…Մարդիկ այլևս հոգնել են հին երգերից։ Նոր երգերի են սպասում. հենց դրա համար էլ նման երգերը շատ շուտ ժողովրդականություն է վայելում։
(էլյասը խորասուզված է մտքերի մեջ)։
Լռություն։
ՓՈՍՏԱՏԱՐ– Եթե կարգադրություն չունեք, ես հեռանամ։
ԷԼՅԱԱ– (Մտախոհ շշնջում է)։ Թող անիծվի որքան սրինգ ու սրնգահար կա…
ՓՈԱՏԱՏԱՐ- Պարոն, ասացի, եթե կարգադրություն չունեք՝ ես հեռանամ։
ԷԼՅԱԱ– (Հանկարծ սթափվում է)։ Ինչու՞, այսինքն ոչ… Լսեք, ձեզ դու՞ր է գալիս այս սկավառակը։
ՓՈԱՏԱՏԱՐ- Այո՛, պարոն։
ԷԼՅԱԱ֊- (Ուզում է սկավառակը նրան հանձնել)։ Ես ուզում եմ այս սկավառակը ձեզ տալ։
ՓՈԱՏԱՏԱՐ- Ո՚չ, պարոն, անչափ շնորհակալ եմ. ես այս երգը շատ եմ լսել։
ԷԼՅԱԱ– Բարեհաճեք ընդունել… գիտեք, ախր իմ ձայնարկիչը վաղուց փչացել է, և ես էլ ոչ մի ժամանակ չեմ տրամադրվել այն վերանորոգման հանձնել։
ՓՈՍՏԱՏԱՐ– (Գնալու ընթացքում)։ Սխալվել եք։ Ես ձեր տեղը լինեի հենց այսօր վերանորոգման կհանձնեի, որովհետև մարդ չպետք է միայն իր ձայնը լսի։ Իհարկե, դա ոչ մի վնաս չունի, բայց աշխարհում շատ ուրիշ ձայներ էլ կան, որոնց պետք է լսել…Գիտեք… երբեմն հնարավոր է, որ մի ձայն մարդուն փրկի… Կներեք շատախոսեցի։ Ձեր թույլտվությամբ։
(Փոստատարը հեռանում է բեմից)։
ԷԼՅԱԱ– Կարծես բոլորը մաքուր են, բա կեղտոտը ո՞վ է, ե՞ս… ախր ես ոչ մի բան չեմ արել և այն օրվանից, որ ինձ ճանաչել եմ, աշխատել եմ մեղք չգործել, այսինքն չեմ գործել…բայց այն բարձրահասակ կինը…Դե, նա ինքը ուզեց, լավ հիշում եմ, առաջ նա սկսեց…Այսինքն՝ ասաց, որ ես լավագույն տղամարդն եմ, որ նա մինչ այդ տեսել է։
(Դուռը թակում են)։
ՁԱՅՆ– Տանը մարդ չկա՞։
ԷԼՅԱԱ– Եվ այն պարուհին… դե, նրա հետ ով էլ ուզեր կլիներ… Գողություն էլ չեմ արել…ինչպես նաև մարդասպանություն…
(Դուռը նորից են բախում)։
ՁԱՅՆ– Տանը մարդ չկա՞։
ԷԼՅԱԱ– (Սթափվում է)։ Եկա, ո՞վ է։ (Դուռը բացում է, և մի այլ փոստատար հայտնվում է դռան շեմին)։
ՏՂԱՄԱՐԴ– Բարև ձեզ պարո՛ն։ Դուք կապոց ունեք, պիտի ստանաք։
ԷԼՅԱԱ- (Ցնորված)։ Դու՞ք…
ՏՂԱՄԱՐԴ– Փոստատարն եմ և նոր եմ եկել այս գյուղը։
ԷԼՅԱԱ- (/Կորցնում է տիրապետումը։ Նրան դուրս է վռնդում ու փակում է դուռը)։ Դուրս կորեք, դուրս կորեք… Այս փոքրիկ գյուղը միթե քանի փոստատար պետք է ունենա…
ՏՂԱՄԱՐԴ– (Դռան ետևից)։ Դուք երևի ձեզ լավ չեք զգում…Դուռը բացեք և ընդունեք կապոցը։
ԷԼՅԱԱ– (Զայրագին բղավելով)։ Ասացի գնացեք, կորեք։ (Հոգեհան եղած մոտենում է հանդիսատեսին և իրեն զննում է հայելու մեջ)։ Հնարավոր չէ, որ ես արթուն լինեմ…Ես հաստատ երազ եմ տեսնում… Հա, ես երազ եմ տեսնում։ ( Խենթորեն ծիծաղում է)։ Բայց էս ինչ սարսափելի երազ էր…Բոլորը ստում են… Բոլորը դավաճանում են…Բոլորը սպանում են…(էլյասը խենթորեն ծիծաղում է։ Բեմը մթնում է)։
ՎԵՐՋ

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի