Լուսավոր թախծի երգը զնգում էր մաշկի տակ, և փշաքաղության ալիքը հետզհետե լցնում էր կոպերի թասը վարդագույն ջրով: Դրան միախառնվում էր վայելքի հաճելի ալիքը` եկող որովայնից և բարձրացող մինչ կոպերի թասը` լցնելով այն վարդագույն ջրով: Եվ սկսում էր կաթկթալ վարդագույն ջուրը` թրջելով ծակոտիները մաշկի, սահելով մինչև շրթունք և հանգցնելով բոցավառվող կարմիրը վրայի: Գլուխը դրեց նստարանի հենակին և աչքերը հառեց դեպի իրար հաջորդող կադրերը` փողոցի խանութների, խաչմերուկների լապտերների: Լապտերները լուսատտիկներ դարձան, շարվեցին մանյակի գծով և նվիրվեցին երկնքին: Տիեզերքից մարդկանց լապտերներն արձակում էին լուսատտիկի լուսավորություն, կանգնած միևնույն տեղում, իսկ նրանց սրտերի լույսերը` ավելի դժվար տեսանելի, բայց ավելի հզոր, քիչ էին երևակայության թևին նստած հասնում տիեզերքին: Լույսը միացնող վարդակն անսարք էր:
Կարդալ ավելին
Վերջին մեկնաբանություններ