Գրքի նախաբանը
Տունը՝ բաղկացած մեկ սենյակից, հիմա ունի ծով, անապատ և փոքրիկ անծայրածիր երկինք, որը մեղմորեն ծածկել է մյուս երկուսին՝ պաշտպանելով սառնամանիքից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և օտարների կասկածամիտ աչքերից։ Ծովը պարուրել է անապատին՝ սենյակի միջնամասում, ու խաղում է նրա վարսերով։ Մանկամիտ խաղերից աննկատ ծնվում է սերը, պատրանքից դառնալով զգացմունք և տարփանք։
Երկնի կապույտ աչքերը հիացմունքով և գորովանքով են դիտում ուժգնացող սիրազեղումներին։ Երկինքը հուսավառ և հեռատես է. միգուցե այս սիրուց ծնվի հրաշք մի երևույթ՝ հետագայում դառնալով իր հարսնացուն։
Եռյակը մոռացել է սենյակի անկյունում կծկված, ակնդետ իրենց ուսումնասիրող անձին։ Հյուրընկալությունը մոռանալ տվեց իսկական տանտիրոջը։ Նախկին հյուրերը իրենց անուններն ու ապրումները նկարեցին պատերին և հեռացան՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ, իսկ սրանք մնացին՝ ավելի խորացնելով տանտիրոջ միայնության զգացումը։
Ի՞նչ հույսով լցվեց պատերին թողնված բառերի այս հոծ բանակը։ Եռյակը կարդալ չգիտի. նա ուրիշ հրճվանք ունի։ Ծնվելիքը նույնպես չի կարդա՝ նմանվելով ծնողներին։ Մնում է տանտերը; Նա կգնա, և այստեղ այլևս տառագետներ չեն բնակվի։
ժամանակին նա էլ փորձում էր ստեղծել նոր մի բան՝ գերազանցող հյուրերի սիրուց ծնվելիքին; Կենդանացնի՞ այն, թե սաղմը կմիանա չծնվածներին՝ բարբառելով և գովերգելով իր աներեվույթ ու մեռած աստծուն։
Դրսում ամեն ինչ շարժվում է, եվ կենդանի մարդիկ շատ կան. դրանում համոզվեց պատուհանից դիտելով։ Դրսի երկինքն էլ նման է ներսինին, սակայն ամուսնացած է։
Տունը հսկող շները վաղուց ազատ են արձակվել։ Նրանք թափառեցին մարդկանց ու երևույթների մեջ և այլևս ետ չդարձան՝ բացառությամբ մեկի։ Վերջինս՝ մի հսկա գամփռ է, որն ամեն անգամ փորձում է մտնել տուն, բայց ազատության բնազդը նրան քշում է դեպի շարժվող զանգվածը :
Գուցե տաղտուկն ու միայնությունը, կամ էլ վերջին հյուրերի ներկայությունից անճանաչելի դարձած տունը նպաստեցին շների օտարացմանը։ Ո՞վ գիւոե…Բայց տերը վստահ է՝ նրանք կվերադառնան։
Անապատը վիժեց։ Նա շատ էր դեռահաս առողջ ծննդաբերության համար։ Դրանից ճակատը մռայլվեց, այտերը կորցրին հմայիչ կարմրությունը։ Ծովն իրեն մեղավոր էր զգում, և փորձում սփոփել կնոջը։ Նրանք հեռացան՝ իրենց հետ տանելով հիասթափված երկնքին։
Նոր հյուր հայտնվեց՝ չնկարագրվող։ Նա իր հետ բերել է գամփռին, որն արդեն ճանաչեց իր տիրոջը և հայրենի օջախը։ Հյուրը կօգնի կարգավորելու սենյակը՝ պատրաստ մեկ ուրիշին օթևան դառնալու։
Իկան
Հորս անունը Բերքահավաք էր, մորս անունը՝ Կապույտ, իսկ իմը՝ Բուն, որն իր վրա է պահում ոչ միայն ծառի ճյուղերը, այլև նրանց վրա խաղացող երեխաներին։ Այդ պատճառով էլ հպարտ եմ իմ անվան համար։ Բայց էլ ավելի հպարտացնող և պարտավորեցնող է այն, որ ես շարունակում եմ իմ պապենական՝ դեպի երկինք տանող ուղեգիծը։
Պապս՝ որի անունն է Ծառ, ստեղծել է մայթերը ծածկող սալաքարերի գործարան։ Նրա շնորհիվ է, որ մարդիկ հաճույքով են զբոսնում մեր քաղաքի ճանապարհներով, և մեր տունն էլ ամենագեղեցիկն ու ամենաջերմն է։ Տունը հատկապես սիրում եմ դռնից բացվող պուրակի համար, որտեղ ամեն օր հոտոտում եմ բազմագույն և բազմաձև ծաղիկներ, փորձում խաղալ ինձ հետ չխաղացող քարե կենդանիների հետ, թրջվում շատրվանների ջրով և վազվում անծայրածիր կանաչապատ խոտածածկի վրա։ Բայց ամենից շատ սիրում եմ, որովհետև այնտեղ են ապրում մայրս, հայրս և պապս։
Սիրում եմ նաև մեր հաճախակի այցելությունը ծով։ Մինչ ծնողներս զբաղվում են պայուսակներ և այլ ավելորդ պարագաններ տեղափոխելով կամ տեղավորելով, ես վազում եմ ծովի ալիքներին ընդառաջ։ ճիշտ է, սառը և հսկա ալիքները ինձ և՛ վախեցնում, և՛ դուրս են շպրտում, սակայն միևնույն է, ես սիրում եմ ծովը։ Կապույտ անունով մայրս փարվում է ծովին, եվ անհետանում նրա մեջ, իսկ ես՝ որ ընդամենը հին ու ավանդապաշտ ծառի բուն եմ, որ ջրերին հանձնվելով դառնում եմ ճերմակ առագաստանավ ու մտքով թռչում հեռու-հեռու…
Մայրս հաճախ էր պատմում հեռավոր երկրի մասին։ Քարտեզի վրա այն շատ մոտ է թվում՝ ես կարող եմ մեկ քայլով հասնել, սական նա ասում է, որ այնտեղ գնալու համար մենք պետք է գոնե ճայերի պես թռչել սովորենք… Բացի այդ, նա պատմում է, իր և հորս հանդիպման մասին։
Հայրս շատ է աշխատում, միշտ զբաղված է,և երբեք ինձ հետ խաղալու ժամանակ չունի։ Բայց մի օր նա որոշեց զարմացնել մեզ, երբ ասաց, որ պատրաստվում է ճամփորդել մայրիկիս պատմած երկրռւմ, և մենք բոլորս կգնանք այնտեղ։
Ես երջանկությունից մի քանի սանտիմետրով բարձրացա,բայց հետո՝ տխրեցի, որ այլևս չեմ խաղա մեր բակում, չեմ տեսնի կենդանիներիս և չեմ հոտոտի ծաղիկներիս։ Ավելին, ես չեմ տեսնի իմ ծովը և չեմ վազվզի նրա ալիքների մեջ, ինչքան էլ մայրս համոզի, որ հեռավոր երկրռւմ էլ գետեր ու ծովեր կան, և ինձ ապացուցելու համար, կապույտ գծեր ցույց տա քարտեզի վրա։ Բոլորին խոստացա, որ կվերադառնամ, և արտասվելով նստեցի ալյումինե թռչունի մեջ, որտեղ բացի մեզնից ուրիշ երեխաներ ու ծնողներ կային։ Ինչպես ես էի համոզում մորս, այդ երկիրը շատ մոտ էր. դեռ աչքերս չբացած մայրս ասաց, որ հասել ենք։
Մենք նոր տուն ունենք։ ճիշտ է, այն շատ փոքր է մեր տնից, սակայն այնտեղ ես ապրում եմ մորս և հորս հետ։ Վատ է, որ պապիկս մեզ հետ չէ; Ամենաշատը նա էր ինձ հետ խաղում։ Այստեղ շատ շոգ է։ Բոլորն են խոսում դրա մասին, և ծիծաղելով ասում, որ միշտ էլ այդպես է լինելու։ Այս երկրռւմ, երբեք ոչինչ չի փոխվում, ամեն օր միշտ նույն պայծառ եղանակն է։ ճիշտ է, ես պայծառ եղանակ շատ եմ սիրում, սակայն սիրում եմ երբ օրը պայծառանում է անձրևից կամ մառախուղից հետո, ինչպես մեզ մոտ։ Եվ ընդհանրապես, առանց գետերի ու կարկաչուն աղբյուրների չեմ պատկերացնում կյանքս…
Մի անգամ, հայրս հոգնելով ինձ մերժելուց, քարտեզի վրա գտավ ամենամոտ լճակն ու նրա մեջ թափվող գետակներին; Մենք ճանապարհվեցինք այնտեղ։ Բայց… մեր առջեվ բացված տխուր տեսարանից սիրտս ճմլվեց… միայն լճափոս և գետերի չորացած հուներ, ուրիշ ոչինչ։ Հորս ընկերները մի լավ զվարճացան ու ծիծաղեցին, որ մենք չգիտեինք այստեղի անջուր գետերի ու լճերի մասին։
Մայրս ինձ սփոփելու համար տարավ ուրիշ երեխաների մոտ։ Նրանք իմ ընկերներին նման չեն։ Եվ հետո խոսել չգիտեն, ինչ որ ձայներ են արձակում, որից ես ոչինչ չեմ հասկանում։ Նրանց փորձում եմ խոսել սովորեցնել, բայց անօգուտ է։ Նույնիսկ ծաղիկների անունները չեն կարողանում արտաբերել։ Այդ պատճառով էլ հոգնել եմ ու չնայած մորս հորդորանքներին նրանց հետ այլեվս չեմ ցանկանում խաղալ։
Տունը հայրս լցրեց խաղալիքներով, բայց ավելի շատ նա է խաղում դրանցով, հատկապես երբ երեկոյան գինովցած տուն է գալիս։ Մայրս ասում է, որ հայրս և ընդհանրապես տղամարդիկ խմել շատ են սիրում,եվ եթե դա հաշվի չառնես, նրանք շատ լավն են։ ճիշտ է, հայրս երբեք չէր կռվում մորս հետ, եվ խմած ժամանակ միշտ ավելի զվարճալի տեսք ունի, բայց ես երեվի չեմ ցանկանա նրան նմանվել,մանավանդ որ նրա սիրած խմիչքը շատ զզվելի համ ունի։ Զարմանում եմ,ինչպես կարելի է քաղցր մրգահյութերը փոխարինել այդ դառնահամ հեղուկով։ Բայց ինչ կարող ես անել…մեծերը տարօրինակ քմահաճույքներ ունեն:
Ես դեռ չգիտեմ, որ ես և մյուս երեխաները տարբեր ազգերից ենք և տարբեր լեզուներով ենք խոսում։ Դեռ չեմ նկատել, որ իմ դեմքը սակավ արտահայտվածություն ունի, իսկ մյուսներին կարելի է կարդալ նրանց դեմքի ծամածռություններից։ Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես են նրանք կարողացել մեր տասերկու տարբեր «դու/դուք»-երը խտացնել ընդամենը երկու «դու/դուք»-ի կամ նույնիսկ ընդամենը մեկ «դու»-ի մեջ։ Ես դեռ չգիտեմ, որ իմ քչախոսությունը և կարծիք չհայտնելը նրանք կհամարեն անգիտություն կամ լավագույն դեպքում համեստություն, իսկ ես կզարմանամ, թե ինպես են այդ մարդիկ խոսում իրենց իմացած ու չիմացած նյութերից՝ չվախենալով սխալվելուց։ Ես դեռ չգիտեմ, որ ոչ նրանց և ոչ էլ նրանց ծնողների անունները ոչինչ չեն արտահայտի, եվ նրանք կզարմանան իմ և ծնողներիս անուներից։
Ես երեք տարեկան եմ։ Մայրս է այդ մասին ասել ինձ, և կրկնել որ հիշեմ դա։ Թե ինչ է նշանակում երեք տարեկան լինել կամ ինչու է այդ այդքան կարևոր, մայրս դրա մասին ոչինչ չասաց։ Հորս դեռ չեմ հարցրել; Կհարցնեմ, երբ սթափ լինի, այլապես գինովցած ժամանակ ոչինչ չի պատասխանում, և երբեմն բարկանում է իմ հարցերի վրա, անվանելով դրանք հիմար ու կրկնվող։
Լավն այն է, որ սկսել եմ խաղալ մյուս երեխաների հետ։ ճիշտ է, նրանք այդպես էլ խոսել չեն սովորել, սակայն միասին խաղալու համար խոսելը կարևոր չէ։ Ես զարմանում եմ, երբ հորս կամ մորս ընկերները գալիս, նստում և անընդհատ խոսում են։ Իսկ երբ դադարում են խոսելուց՝ հեռանում են։ Ինչո՞ւ նրանք էլ չեն կարող խաղալ և չխոսել։
Ավելի ու ավելի շոգ է։ Միայն ուշ երեկոյան ենք դուրս գալիս, երբ արդեն համարյա իմ քնելու ժամանակ է։ Հայրս չի մոռանում այդ մասին մայրիկիս անընդհատ հիշեցնել։ Նա մեզ ճանապարհում է տուն, իսկ ինքը շարժվում երաժշտությամբ և աղմուկով լցված շինության ուղղությամբ։ Նրան ես տեսնում եմ միայն հաջորդ օրը։ Իմ նոր ընկերներին վաղուց չեմ տեսել։ Ինչպես անակնկալ նրանք հայտնվեցին, այդպես էլ անակնկալ հեռացան։ Մայրս ասում է, որ նրանք գնացել են հեռու երկիր, սակայն մի օր կվերադառնան, և մենք նորից կխաղանք։ Նա երբեմն ինձ ցույց է տալիս նրանց նկարները, որոնց մեջ ես գտնում եմ նաև ինձ, և ասում, որ նրանք ինձ շատ են սիրում։ Ես էլ նրանց եմ սիրում, բայց չեմ հասկանում, թե ինչու, երբ գնում են հեռավոր երկիր, մարդիկ իրար տեսնել էլ չեն կարող։ Մայրս բացատրում է, որ հեռավոր երկիրը միակը չէ, որ շատ այլ հեռավոր երկրներ կան, որտեղ մենք դեռևս չենք եղել։ Ես փորձում եմ նրան համոզել գնալ այդ երկրները, որպեզի այլևս հեռավոր երկիր չլինի և ես միշտ լինեմ իմ ընկերների հետ, սակայն նա միայն ծիծաղում է։
Հայրս զայրանում է, որ խաղալիքներով վաղուց չեմ խաղում և միայն տրտնջում եմ։ Մի օր, ինձ ու մայրիկիս տարավ ամեն տեսակ անպետքություններով լցված մի անծայրածիր շինություն, որտեղ հսկա մարդիկ կային, հայրիկից ու նրա ընկերներից էլ աժդահա։ Նույնիսկ ծնողներս էին զարմացել և ասում էին, որ մեր երկրռւմ այսպիսիք չկան։ Մենք քայլեցինք, անպետքությունների շարքերի միջով, և հասանք աշխարհի բոլոր խաղալիքների տուն։ Սկզբում ես շատ ուրախացա, սակայն տիկնիկներից մեկը այնքան նման էր իմ նոր ընկերոջը, որ ես նորից տխրեցի և այլեվս ոչինչ չէի ուզում։ Հայրս նորից զայրացավ, և ասաց, որ ես անպիտան եմ։
Այսօր մայրս երջանկությունից շողալով հայտնեց, որ արձակուրդին մենք գնալու ենք հեռու քաղաքներ, և տեսնելու ենք ծովը։ Իմ հրճվանքով լի հարցին, թե՞ արդյոք դա իմ ծովն էր, նա սկզբում ասաց՝ ոչ, հետո ուղղեց՝ նույն ծովն էր բայց մյուս կողմից: Ոչինչ չհասկացա, քանի որ ծովը միայն մեկ կողմ ուներ, որը միշտ գալիս էր դեպի ինձ։ Հետո նա ուրախությամբ հայտնեց, որ մենք այցելելու ենք նաև այն հեռավոր երկիրը, որտեղ իմ ընկերներից մեկն է ապրում իր ծնողների հետ, քանի որ նրանց տունը ճանապարհի վրա է։ Ես հասկացա, որ մայրս նորից ինձ ուզում է խաբել, որովհետև ճանապարհի վրա ավտոմեքենաներ են լինում, և ոչ թե տներ։
Շատ եմ կարոտում մեր տունը և բակը։ Չէ,ես պետք է մնայի, որպեսզի իմ վրա պահեի ճյուղերն ու հատկապես նրանց վրա խաղացող երեխաներին, թե չէ էլ ինչ Բուն։ Այստեղ ծառերի մեծ մասը փշոտ են և անճյուղ։ Իսկ այն ծառերը, որոնց վրա կարող են բարձրանալ,սպասում են երեխաներին, որոնք չկան եվ ոչ էլ նրանց պահելու կարիքը կա։
Երազ
Տղան վերցրեց գնդակը։ Այն դատարկ էր։ Ցանկացավ համոզվել դրանում՝ պատռեց։ Գնդակը դատարկ էր։ Ափսոսաց… գոնե հույսը կմնար։ Մինչդեռ գնդակը արտասվում էր։ Դարչնագույն արյունը հոսում էր պատռվացքներից, որը տղան, խենթացած իր երազների փշրվելուց, չէր նկատում։
Իսկ գնդակներ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Վերջ, այլևս ոչ մի գնդակ պետք չէ. նա արդեն երեխա չէ։ Պառկեց, ընկղմվելով կապույտ երազների երանավետ գիրկը։
Դարչնագույն արյունը սկսեց նեխել, և տղան արթնացավ անախորժ զգացումով։ Վերմակը, որ մինչ քնելը կապույտ էր, դարձել էր դարչնագույն, տհաճորեն ձգվելով չորացած արյունից։ Փորձեց բարձրանալ անկողնուց, սակայն ինչ որ ամուր ձեռքեր գրկել էին նրան։ Այնժամ զզվանքով նկատեց տղամարդուն, որն ամուր սեղմվել էր թիկունքին։ Նա նույնքան դարչնագույն էր, որքան անկողինը, և տղային թվաց, որ ինչ որ տեղ տեսել է նրան, կամ գուցե՝ կարդացել։ Դարչնամարդը սկսեց խեղդել, և տղան ուրախությամբ նկատեց, որ ինքը դեռևս քնած է։ Եվ վարձահատույց եղավ քնին՝ նորից փակելով աչքերը։
Պանը նվագում էր անկողնու մոտ։ Զարմանքով նկատեց, որ չի վախենում նրա ներկայությունից; Ավելին, զմայլված լսում է երաժշտությունը, որն այնպես ծանոթ էր, այնպես հարազատ, բայց այնպես հեռու։ Թիկնեց անկողնում, և տրվեց վաղուց կորցրած երաժշտությանը։
Փոքրիկը ցատկռտելով ծերուկին ուղեկցում էր դեպի քարե դուռը։ Հասնելով հսկա քարին, հրեց այն, և քարը գլորվեց՝ բացելով դամբարանը, որտեղ դեռևս ոչ ոք չէր թաղվել։ Ծերուկը հազիվ նշմարեց իր հավիտենական անկողինը։ Նա հազիվ էր հասցրել պառկել, երբ փոքրիկը դղրդոցով ետ հրեց քարը։ Եվ խավար եղավ։
Դամբարաններ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Դրանք տղան արդեն չէր ցանկանում։ Նրան Պանն էր գերել՝ իր այլանդակ արտաքինով և հիասքանչ երաժշտությամբ։ Բայց Պանը գնացել էր։ Տղան դա նկատեց, երբ վերջապես բացեց աչքերը, որոնք համառորեն չէին ցանկանում բացվել։ Բայց ինչ որ բան մնացել էր. գուցե երգը։ Ոչ, երգը չկարողացավ հիշել։
4 մեկնաբանություն
Անցնել մեկնաբանելու դաշտին
Gnel, chnayac du bazmativ angamner lsel es im karciq@ qo stexcagorcutyan masin, bayc es chem hogni aseluc:”Du hrashq es ev stexcum es hrashali gorcer”.
SHNORHAVORUM EM MUTQD GRAKAN ASHXARH>>>SA DER SKIZBN E>>>
MER JAMANAKNERY KAROT EN NOR XOSQI U ZGACOXUTYUNNERI>>> KARDACI U ZARMACA>>>
Stexcagorcutyunnerd hianali en…Artasuq qamecin srtics