«

»

Հուն 11 2013

Տպել Գրառում

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԻՄ ՎԱՏ ՕՐԸ

kolia

Վիրավոր շան պես լիզում եմ վերքերս: Օրը կես է դարձել: Դեմքս պատած է այտուցված կապտուկներով, մարմինս մղկտում է ցավից: Եթե ժամանակին զբաղված չլինեի սպորտով, հիմա երևի դժոխքում կլինեի. ո՜նց էին ծեծում շան տղերքը… Ես ձեր մերը… Ուժերի լարումով աստիճաններով բարձրանալիս՝ հիշեցի, որ երբ փոքր էի, սիրում էի չոփի ծայրով պատի վրա բարձրացող մրջյունին գետին գլորել, իսկ մրջյունը իրենից մեծ հատիկը ամուր բռնած բերանում, նորից համառորեն բարձրանում էր վեր. վերջը ե՛ս էի հոգնում, նա բարձրանում, տեղ էր հասնում… Ես էլ բարձրանում էի՝ արյան կաթիլներ շաղ տալով աստիճանների վրա՝ բեռի փոխարեն կրելով ինքս ինձ… Չեմ կարծում՝ հարևանների մեջ գտնվի մեկը, որ վաղը, հետաքրքրված արյան լաքաներով, դրանց ուղեծիրը բռնած հասնի չորորդ հարկի իմ բնակարանն ու դուռը թակի: Մարդիկ այնքան անտարբեր են դարձել…
Հիմա միայն անտանելի ցավ եմ զգում մարմնիս տարբեր հատվածներում, բայց էլի կոպերս փակվում են: Երկու օր է՝ կարգին չեմ քնել: Նախանցյալ գիշեր, Սոնայի պատճառով մինչև լույս չքնեցի, խմեցի, հեռուստացույցը միացրի, կարդացի, նորից պառկեցի ու այն ժամանակ վեր կացա անկողնուց, երբ զարթուցիչը անտեղյակ իմ արթուն լինելուն՝ իր ողջ դաժանությամբ՝ բարձր ծղրտաց: Չգիտեմ առաջին անգամ ով է հնարել զարթուցիչը, բայց շատ էլ լավություն չի արել մարդկանց… Չէ՛, լավ չեմ…
Հիմա Սոնա անունը ամպերի տակ թաքնված լուսնի նման երբեմն դուրս է լողում գլուխս պատած մշուշի միջից ու առկայծում ուղեղիս մեջ, բայց, զարմանալի է, ոչինչ չեմ զգում, չկա սիրտս ծվատող մրմուռը, լոկ նրա անունն է մնացել: Ոչինչ չեմ զգում, երբ նույնիսկ կոշմարի պես աչքիս առաջ ցցվում են նրա մերկ սրունքներն ու Արտոյի մազմզոտ հետույքը, ջինս շալվարը կախ՝ ոտքերին: Դեմքը չէր երևում, բազմոցի թիկնակին տարածվել էր սև մազերի խուրձը: Իսկ ես մեխված՝ հայացքս հառել էի նրա կարմիր, բարձրակրունկ, «լիեժով» կոշիկներին: Չլինեին կոշիկները և վեր քաշված կարմրագույն շրջազգեստը՝ կմտածեի աղջիկը Արտոյի հերթական որսերից մեկն է: Նրանք այնքան էին տարված, որ ինձ չնկատեցին: Անաղմուկ փակեցի մեր զարդասենյակի դուռը, գլխապտույտ զգալով՝ հենվեցի միջանցքի պատին ու նայեցի այս ու այն կողմ: Ոչ ոք չկար, սրճարանը դատարկ էր, բոլորը գնացել էին, բայց ես չհեռացա, ակամա անցա պահակության, չէի ուզում մեկ ուրիշն էլ տեսներ այն, ինչ ես տեսա… Ասես, քաշվում էի նրանց փոխարեն:
Ճիշտ է, Սոնան ոչ իմ կինն է, ոչ էլ նշանածը, բայց Արտոյից նման բան չէի սպասում: Ուղղակի նկատում էի, որ վերջերս գնահատող հայացքով է նայում Սոնայի բարեմասնություններին, սակայն մտքովս անգամ չէր անցնում, որ նա կշրջանցի ինձ: Դռան առջև սպասեցի այնքան, մինչև ներսից լսվեց Սոնայի բարձրակրունկների տկտկոցը մանրահատակի վրա. արագ հեռացա ու չհասկացա, թե ինչպես հասա տուն՝ մոռանալով խնջույքի հրավերը: Նրանք գիտեին, որ ես հրավիրված եմ ու կարծելով, որ գնացել եմ… Իսկ գուցե՞ դա առաջին անգամը չէր…
Հաջորդ օրը, տատանվում էի՝գնա՞լ, թե՞ մի պատրվակ հորինելով՝ մնալ տանը: Դառնացած ու ջարդված էի: Թարսի պես քույրս զանգեց ու էլի անիծեց իր բախտն ու ամուսնուն… Տան պատերը ճնշում էին, շնչահեղձ էի լինում: Ի վերջո, արկածախնդրությա՞ն, թե՞ պարտականության զգացումը հաղթեց: Ծրագրից առաջ, ամեն օրվա պես նստած էինք սրճարանի մեր սեղանի շուրջ ու գարեջուր էինք խմում: Բացի մեր երեքից, նվագող տղերքից էլ կային: Ինչքան փորձեցի անտարբեր ձևանալ՝ չստացվեց: Դա չվրիպեց Սոնայի ու Արտոյի հայացքից: Սոնան, ձեռքը փաղաքշաբար դնելով ուսիս ու իր խաժ աչքերի ողջ հրապույրով նայելով աչքերիս մեջ՝ հարցրեց.
-Մո՛ւշ, ինչի՞ ես թթվել:
Արտոն քննախույզ ու սպասողական աչքերը հառել էր դեմքիս: Ինչքան հեղհեղուկ են մարդկային հարաբերությունները. բավական է մի դիպված, ոմանց տեսանկյունից ոչ այնքան կարևոր ու հրատապ, որ ամեն բան հօդս ցնդի: Երեկ թվում էր, թե մեր ընկերությունը կգոյատևի դարեր… Բայց հիմա… Թեև այդ պահին, ստացածս հարվածից ու անքնությունից ուղեղս կարգին չէր աշխատում, բայց գիտակցում էի, որ շատ բան է կախված իմ պատասխանից: Չգիտեմ, մեր աշխատանքի բնո՞ւյթն է այդպես, որ կառչած ենք մնում մեկս մյուսից, թե՞ իրոք ընկերական միացությունն է զորեղ. մի կերպ տիրապետելով ինձ՝ ժպտացի ու ասացի.
-Ոչինչ, լավ եմ, ինչի՞ եք էդպես աչքներդ չռել:
-Մո՛ւշ, ինչ-որ բան էն չի,- ասաց Արտոն:
Համոզված էի, որ այդ պահին նրան տանջում էր խիղճն ու կասկածը… Աղոտ կռահում էր, որ ես տեղյակ եմ իր ու Սոնայի միջև տեղի ունեցածին: Իսկ եթե իմանար, որ ականատես եմ եղել, տեսե՜լ եմ… Չգիտեմ ո՞նց կհակադարձեր, բայց մի բան պարզ էր, որ մեր տարիների ընկերությունը կխախտվեր մի… աղջկա պատճառով: Մի աղջկա՞: Բայց այդ աղջիկը նույնպես շատ թանկ էր ինձ համար: Ակամա հայացքս դարձրի դեպի Սոնան. նրա դեմքին դժվար էր որսալ մեղքի կամ դավաճանության նշույլ անգամ: Ոչնչով չէր տարբերվում երեկվանից: Չէ՜, կանայք կարողանում են վարպետորեն քողարկել իրենց զգացումները, կամ՝ պարզապես իրենց երջանիկ են զգում սիրո եռանկյունու մեջ հայտնվելիս, մանավանդ, եթե դրա մյուս անկյունները զբաղեցնում են երկու առնական տղամարդ: Զգում են բավարարվածություն, հպարտություն և սեր՝ թեկուզ անհավասար… Նրանք պատրաստ չեն ձեռքից բաց թողնել երկսին էլ: Չգիտեի ինչ ասել. գլուխս խոնարհեցի, ու աչքս ընկավ Սոնայի բարետես ծնկներին ու կարմիր կոշիկներին: Գոնե կարմիր չլինեին… Կոշմարային տեսարանը նորից ցցվեց աչքերիս առջև ու արյունը գլուխս խփեց, այն էր, ուզում էի վեր կենալ ու բռնել Արտոյի օձիքը, բայց կարողացա՛, կարողացա զսպել ինձ: Գուցե թույլ ու անողնաշար մարդ եմ: Գուցե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն՝ պահակություն չէր անի, ներս կմտներ, հանկարծակիի կբերեր ու շանսատակ կաներ երկուսին էլ: Բայց ո՛չ, եթե թույլ լինեի՝ քաջություն չէի ունենա անծանոթ կնկան «բոզ» անվանել ու ծեծ ուտել… Ուղղակի խանդաղատանք եմ զգում Արտոյի նկատմամբ, իսկ Սոնային… Սոնան տարբեր է, առանց Սոնայի աշխարհը գրոշ չարժե…
-Առավոտյան քույրս էր զանգել, էլի կռվշտել է Գոռի հետ, հեռախոսի մեջ լացում էր,- ասացի գլուխս կախ,- երեխաները մեղք են: :
-Երևի էլի խմած է եղել,- ասաց Սոնան:
-Հո չի՞ ծեծել,- հարցրեց Արտոն… հանգստացած: Երևում էր, որ կասկածները ցրվել են ու վերագտել է իրեն: Բայց էլի, ինչ-որ ծուռ ու հարցական էր նայում ինձ: Նա գիտեր, որ ես չեմ սիրում խոսել մեր ընտանեկան հարցերի շուրջ:
-Հա, խմած է եղել ու երեխաների աչքի առաջ, ծեծել:
-Գոռը էդպիսին չէր,- ասաց Սոնան,- էս կյանքը բոլորին գժվեցրել է:
Արտոն լուռ էր:
-Դու ի՞նչ արեցիր,- հարցրեց Սոնան:
-Ինչ պիտի անեի, խոստացա, որ կխոսեմ Գոռի հետ:
-Ասես, չասես, մարդու տրամադրությունը փչանում է,- ասաց Արտոն ու էլի հարցական նայեց ինձ ու ավելացրեց:
-Երեկ ծխախոտն ու վառիչդ թողել էիր սենյակում:
-Հա, ուզում էի վերցնել, բայց փոշմանեցի:
-Խնջույքը ո՞նց անցավ,- ձեռք չէր քաշում նա:
-Չգնացի:
-Ո՞նց:
Սկսում էի բարկանալ. Ի՞նչ է, ուզում է գոռամ, որ եկա ծխախոտատուփս վերցնելու, դուռը բացեցի ու տեսա էդ տեսարա՞նը…
-Դե առանց սիգարի ո՞նց գնայի,- ասացի ծռված ժպիտով…
Արտոյի դեմքի վրայով մի ստվեր անցավ: Լավ է, Սոնան չլսեց մեր խոսակցությունը, որովհետև խոսքի էր բռնվել տղերքից մեկի հետ մի նոր երգի շուրջ: Արտոն լուռ վերցրեց կիթառն ու բարձրացավ բեմ…
Զանգում էին բջջայինիս: Նվագախմբի տղաներից էր՝ Սերժը:
-Մուշե՞ղ, քեզ ի՞նչ է պատահել, ծեծե՞լ են:
-Քեզ ո՞վ ասաց:
Ծեծ ուտելը հերոսություն չէ, հատկապես ինչ- որ անկանխատեսելի, ապուշ պատճառով: Ամոթ էի զգում. «Հիմա սաղ աշխարհը կիմանա», անցավ մտքովս ու տագնապեցի:
-Արամը՝ մեքենաների պահակը, – ասաց Սերժը, -ասում էր, որ մեքենադ չես տարել, ինքը օգնել է քեզ ու տաքսիով տուն ճանապարհել:
-Հա:
-Բայց ընդունիր, որ արածդ հիմարություն էր, շեֆը կատաղել է:
-Հա:
-Ասում էր՝ տեղն է, ծեծը քիչ էր. քո փոխարեն ինքը գետինն է մտել… Գալո՞ւ ես:
-Չէ,-ասացի ու անջատեցի կապը:
Շեֆն էլ արդեն տեղյակ է… Բոլորի բերանն եմ ընկնելու…
Նորից զանգ. Այս անգամ Սոնան էր. որոշեցի չպատասխանել, բայց չդիմացա:
-Մուշ, երեկ ինչի՞ չեկար մեզ հետ:
-Հավես չկար:
-Դե, շատ ես բարդացնում ամեն բան, ամուսիններ են, կռվել են, կհաշտվեն, մեջտեղում երեխա կա… սիրտդ ուրախ պահիր. բայց, ապրե՛ս, երեկ գիշեր մեռա ծիծաղից, թույն ես, թույն… Շեֆը գլուխը կորցրել էր:
Ես լուռ էի: Տանել չեմ կարողանում կանանց մայրական հոգատարությունը:
-Մուշ, ինչի չե՞ս խոսում:
-Բերանս ցավում է:
-Բերա՞նդ… Ի՞նչեր ես դուրս տալիս, հո չես գժվել:
-Դե, եսիմ:
-Մո՛ւշ… Մո՜ւշ, ինձ սիրո՞ւմ ես:
Նորից արյունը գլխիս խփեց, ուզում էի հայհոյել, ասել բերնիս եկածը, բայց շատ արագ փուքսս նստեց, տարօրինակ անտարբերություն ու դատարկություն զգացի: Չէ, ատելություն չեի զգում, սուտ է, ատելություն չկա, սիրում ես կամ դադարում ես սիրել՝ սիրելով հանդերձ… Զգացմունքներին անուն տալը մարդկային խենեշության ևս մի ապացույց է… դրանք անուն չունեն. տարբեր են, աննախադեպ և արտառոց: Տեսնես, նախամարդը գիտե՞ր, թե ինչ է սերը կամ ատելությունը… Չգիտեր, բայց ավելի լավ էր հասկանում դիմացինին իր ուժեղ բնազդով, մոտենում էր սիրած էակին , մռութը քսում, լիզում… ու դրանով ասում շատ բան… Հետո հայտնվեցին հոգեբաններն ու սկսվեց զգացմունքների տարանջատումն ու անվանակոչությունը՝ հացահատիկների պես… Մոգոնեցին զանազան տերմիններ, որոնք ոչ թե օգնում, այլ թելադրում են մարդուն կողմնորոշվել ըստ այնմ: Արդյունքում թուլացավ մարդու բնազդը, Սոնայի բնազդը… հիմա ասում են «սիրում եմ» ու ոմանց կարծիքով այդ երկու բառով շատ բան ես ասում, բայց ոչինչ էլ չեն ասում, խաբում են թե իրենց, թե դիմացինին…
-Մո՛ւշ, Մո՜ւշ, ասա՛, որ սիրում ես ինձ, կրկնեց նա:
Հասկացա, որ նա դեռ տեղյակ չէ գլխիս եկածին: Երբ ես խոսում էի շեֆի հետ, կամ ավելի ճիշտ շեֆը գոռում էր ինձ վրա, նրանք արդեն գնացել էին:
-Սիրում եմ…,- ասացի մեքենայաբար, ինչպես սովոր էի ասել նախկինում: Եվ չէի ստում, որովհետև այդ պահին մի տաք ալիք եկավ լցրեց հոգուս դատարկությունն ու չեզոքացրեց անտարբերությունս: Ուզում էի հավաստիացնել, որ նա ամեն ինչ է ինձ համար, բայց չկարողացա արատաբերել և ո՛չ մի բառ… Այդ տեսարանն իր ահավորությամբ ու դաժանությամբ, անկոչ հյուրի պես եկավ ու էլի ցայտուն ցցվեց աչքերիս առջև: Ինչքան կուզեի, որ դա չլիներ, որ դա լիներ մի վատ երազ… Պարզ է, դա այլևս ինձ հանգիստ չի տա և ոչ մի բան չի լինի նախկինի պես… Թերևս, սա առաջին անգամն էր, որ անջատեցի կապն ու բջջայինը՝ առանց սովորական մնաս բարևի ու համբույրների փոխանակման: Գծի այն կողմում Սոնան էր, իմ Սոնան, երևի շշմած իմ արտառոց վերաբերմունքից, երևի Արտոյի պես՝ պաշարված կասկածներով ու կռահումներով…
Քանիերորդ անգամը լինելով մոտեցա հայելուն: Քթիս արյունը վաղուց էր լերդացել, բայց շրթունքիս և աջ աչքիս ուռուցքը չէր ինջնում: Նման էի արհեստավարժ բռնցքամարտիկի:
Սոնան ինչո՞ւ էր ցանկանում հավաստիանալ, որ սիրում եմ իրեն և ինչին էր պետք իմ սերը, եթե նա տրվել էր Արտոյին… Զղջո՞ւմ էր արածի համար, հազիվ թե: Խելքին ավելի մոտ էր թվում՝ ինձնից խոսք քաշելու նրա ձգտումը. երևի նրան էլ Արտոյի պես տանջում էր մեղքի զգացումը… Չէ՞ որ բացի սիրուց կար նաև ընկերական մտերմությունը: Չէ, իմ սերը չէր, որ հետաքրքրում էր Սոնային. հավանաբար Արտոյի հետ կենակցելուց հետո տռփացած ու բավարարված էգի մոլուցքով, նա… բարությամբ էր տրամադրվել իմ նկատմամբ… Զուր չէր, որ երեկ գիշեր, նրբանկատ գտնվեց ու կանխելով ինձ՝ Արտոյի հետևից բարձրացավ բեմ:
-Դու անտրամադիր ես, հանգստացիր, առաջինը ես կերգեմ, -ասաց ժպտալով ու շոյելով գլուխս:
Ես մենակ մնացի նվագախմբի սեղանի մոտ իմ մտքերի հետ: Արտոյի դեմքից չէր իջնում մտահոգ արտահայտությունը: Այդ պահին, տարիներ անց, առաջին անգամ, մտածում էի այն մասին, թե ինչու երգիչ դարձա: Հայրս մերժեց կիթառ գնել, ստեց, որ փող չունի, բայց ուներ, որովհետև մեկ ամիս չանցած քրոջս համար դաշնամուր գնեց: Ես նախանձով լցվեցի Արտոյի նկատմամբ, երբ մի օր ինձ կանչեց իրենց տուն ու երջանիկ դեմքով պատյանի միջից հանեց փայլփլուն կիթառն ու մատով հպվեց լարին: Այդ ձայնը կախարդական ներգործություն ունեցավ ինձ վրա: Այդ օրվանից, սկսվեցին մեր «փորձերը»: Արտոն նվագում էր, ես նմանակում էի հայտնի երգիչներին ու դա լավ էր ստացվում ինձ մոտ: Բոլորը գովում էին իմ ձայնային տվյալները: Փոխեցի մազերիս հարդարանքը: Տանը շարունակվում էր կռիվ-կոտորոցը…Երկրում նոր բարքեր էին, տղաները չէին սովորում, սովորող տղաներին ծեծում էին չսովորողները: Այդ ծեծե՜լը… անպատիժ ծեծելը… Գոռը ծեծում է քրոջս, նույնիսկ երեխաներին, ծեծում են, ինքնակամ դատաստան տեսնում ուրիշների հետ, ծեծելով՝ սպանում… Չէ՞ որ դա վայրենություն է, վայրերնիներին կամ նախամարդուն բնորոշ արարք: Ո՜ւխ, ինչքան եմ այսօր հիշում նախամարդուն, երանելի ժամանակներ են եղել, ոչ փող է եղել, ոչ տնօրեն, ոչ Եվրոխորհուրդ…
Սոնայի հետ ծանոթացանք պատահաբար, երբ արդեն առաջին ելույթներն էինք ունենում մի հասարակ սրճարանում: Նա էլ էր երգում: Ես առաջին հայացքից սիրահարվեցի Սոնային, ինձ հմայեց իր կրծքային ձայնը, ճիշտ իմ ուզածն էր, իմ երազանքների աղջիկը: Սկսեցինք հանդիպել մենակ կամ Արտոյի հետ: Երբեք չեմ մոռանում մեր առաջին գրկախառնությունն ու համբույրը, սավառնում էի երկնքներում… Ակամա ցուցամատով շոշափեցի վիրավոր շրթունքս ու քիչ էր մնում ցավից գոռայի: Չէի կարողանում ուտել, թեև սառնարանը լի էր ուտելիքով: Խոհանոցի գզրոցում մի եղեգ գտա ու դրա օգնությամբ նռան հյութ խմեցի:
Սոնան ցած իջավ բեմից. իմ հերթն էր: Պետք էր երգեի, փախուստի ճանապարհ չկար: Սա մեր արհեստի անմարդկային կողմն է: Պաշտոնյան հիվանդ լինելիս բացակայում է աշխատանքից ու այդ բացակայությունը հարգելի է համարվում, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, որ երգիչը կարող է բացակայել, երբ հոգին է հիվանդ, հոգու հիվանդությունը հարգելի պատճառ չէ՝ ֆիզիկապես առո՞ղջ ես, պետք է երգես, ուզես-չուզես պիտի երգես… Գոնե գործդ երգելը չլիներ, լիներ օրինակ ասմունքել, պարել կամ պարզապես գլուխ հարդարել: Երգը, այն էլ սրճարանում, ուրախության արտահայտություն է, երգում ես, որ մարդիկ պարեն, ուրախանան, ու պիտի երգես այն, ինչը նվագում են… Ինձ զգում էի վանդակն ընկած թռչունի պես: Մի կերպ բարձրացա բեմ ու սկսեցի երգել մեքենայորեն, ռոբոտի նման. մի քանի պարող զույգեր լքեցին պարահրապարակը…
Հնչեց դռան զանգը. կաղալով վեր կացա ու դուռը բացեցի: Արտոն էր: Լուռ կանգնել էր դռան շրջանակի մեջ ու շշմած ու նույն մտահոգ արտահայտությամբ նայում էր դեմքիս:
-Ներս արի, ինչ ես ցցվել, -ասացի անփույթ:
-Մո՛ւշ, էս ի՞նչ ես արել… էս ի՞նչ վիճակ է:
-Ծեծել են:
-Ո՞վ, նրա՞նք…
-Հա:
-Ես էդպես էլ մտածում էի, պատվի հարց էր, մեր աբուռն էլ գնաց:
Իրավացի էր, բայց գոնե գիտակցո՞ւմ էր, որ ինքն էր այս ամենի գլխավոր պատճառը… Ճիշտ այն պահին, երբ այդ կինը մոտեցավ ինձ ու հանրածանոթ «Ամենալավը դու ես» երգը պատվիրեց, նկատեցի, որ Սոնան նայում է Արտոյին ու ժպտում: Չարացել էի, Սոնայի կարմիր կոշիկներն ու բացված ոտքերը չէին հեռանում աչքերիս առջևից: Կինը գեր էր, մինի հագած՝ տգեղ, թմփլիկ ոտքերով ու պատկառելի հետույքով, թանկարժեք վզնոցների խուրձը վզից կախ, թանձր շպարով: Փոքր աչքերը շաղվում էին գինուց. երգը պատվիրելիս՝ թեթև օրորվում էր ու բերանից տհաճ հոտ էր բուրում: Ոչնչից հարստության հասած ու դրա փայլից կուրացած մարդու տիպար ներկայացուցիչ էր. դա էր վկայում հեռվում կանգնած երկու թիկնապահների գոյությունը: Ինձ չարացնում էր նաև կնոջ կեցվածքը, ասես աշխարհի ու տիեզերքի տերը լիներ… Այդ երգը քիչ առաջ երգել էի, բայց կնոջ պատվերը փոխանցեցի Արտոյին: Սկզբում ամեն բան լավ էր ընթանում: Անավյուն, ռոբոտի պես, բայց երգում էի ու հազիվ էի հասցնում բարձր նոտաները: Ու չհասկացա, հիմա էլ չեմ հասկանում, թե ո՞նց այդ բառը դուրս մղվեց կոկորդիցս: Չէ՞ որ երգում էի ռոբոտի պես, իսկ ռոբոտը վերարտադրում է այն, ինչը տրվել է իրեն: Բայց այդ պահի՜ն… այդ պահին ռոբոտից վերածվեցի ինքս ինձ… Վիրավոր հոգով, մուռը սրտիս, ընդվզած աշխարհի, Գոռի, Արտոյի ու Սոնայի դեմ՝ սրտիս մեջ կուտակված ողջ դառնությունն ու լուտանքը մի բառով թափեցի կնոջ գլխին… և այդ չարաբաստիկ բառը դուրս եկավ իմ, ի՛մ, այլ ոչ ռոբոտի շրթերից, և ոչ թե մեկ, այլ կրկներգի հետ, մի քանի անգամ…
Ամենաբոզը դո՜ւ ես,
Ամենաբոզը դո՜ւ ես…
Զգացի, որ մեր ռեստորանային համալիրում գտնվող բոլոր մարդկանց հայացքները մեխվեցին ինձ վրա, սրահում տիրեց անսովոր լռություն, մի երևույթ, որ երբեք չէր պատահել սրճարանային երգչի իմ ողջ կարիերայի ընթացքում: Սրճարանը դահլիճ չէ, որ բոլորը անշշուկ քեզ լսեն, դու երգում ես, ոմանք լսում են ուշադիր, ոմանք զբաղված են ուտելով կամ խոսելով: Առաջին պահին թաքուն հրճվանք էի զգում, բայց երբ անջատեցին միկրոֆոնը ու ձայնս խլացավ, նոր ըմբռնեցի խնդրի ողջ լրջությունը: Երգը կիսատ թողած ՝ դանդաղ իջա բեմից ու ներկաների զարմացած ու նախատական հայացքների տակ, վիրավոր գազանի պես, անցա զարդասենյակ ու փռվեցի նույն բազմոցին, որի վրա երեկ գիշեր Արտոն և Սոնան էին…
Հյուրերի սեղանի մոտից անցնելիս՝ տեսա կնոջ այլայլված ու ներվայնացած դեմքը…
-Քեզ ե՞րբ ծեծեցին,- հարցրեց Արտոն:
-Շեֆի մոտից դուրս գալուց ու մեքենայիս մոտենալիս: Դուք գնացել էիք, իսկ նրանք ինձ սպասում էին:
-Ուշ էր, հոգնած էինք, -ձայնիս մեջ նախատական երանգներ որսալով՝ արդարացավ Արտոն:
… Ես մնացի, չգնացի, քեզ մենակ չթողեցի, երբ տարիներ առաջ դու հայհոյեցիր մի հարբած հյուրի ու դրսում ծեծկռտուք եղավ: Ծեծ կերանք, բայց որքան ուրախ էինք, որ չընկրկեցինք ու փախուստի մատնեցինք նրանց: Հետո մեկս մյուսի վերքերը դարմանեցինք ու մի լավ խմեցինք նշելով մեր հաղթությունը…
-Շեֆն ի՞նչ ասաց:
-Շեֆը գոռգոռաց, ապտակեց ու ասաց, որ էլ աչքին չերևամ:
-Քանի՞ հոգի էին:
-Երկու. կնոջ թիկնապահներն էին: Ես չէի դիմադրում… Եթե Արամը օգնության չհասներ, կսպանեին…
-Արա՛, դու խե՞նթ ես,- ձայնը բարձրացրեց Արտոն:
Շեշտակի նայեցի նրա աչքերի մեջ՝ լուռ, երկար…
Ուզում էի ասել, որ դու, դու և Սոնան ինձ խենթ դարձրիք, բայց խոսելու հավես չկար, դրանով ի՞նչը կփոխվեր, ամեն բան վերջացած էր:
Արտոն հայացքը փախցրեց:
-Մուշ, դո՞ւ…
Չսպասեցի, խոսքը ավարտի.
-Հա, ծխախոտս վերցնելու համար եկա ու տեսա…
Արտոն ցնցվեց: Նայում էր ինձ քարացած: Հետո դանդաղ ու գլխիկոր քայլեց դեպի դուռը, բացեց ու առանց ետ նայելու դուրս եկավ…
Կաղալով մոտեցա ու նրա հետևից փակեցի դուռը…

Նոյեմբեր, 2012 թ.

Share Button

2 կարծիք

  1. shakeh

    կոլիա . լաւն է. էս տղամարդիկ անհասկանալի են, իրենգ դաւաջանութիւնը հէչ հաշիւ չի.

  2. Հրայր

    Կոլյան իր յուրահատուկ ոճով շատ լավ է զարգացվել պատմվածքը: Հետաքրքրությամբ մեկ շունչով կարդացի և նույնիսկ խղճացի Մուշեղին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>