Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը
«Կապույտ փյունիկը» շարքից
Գիշերվա խավարում
Նայում եմ մենավոր երկնքին.
Քեզանից հեռու, ամեն մի գիշեր
Դարձել է մի աստղ:
Ամեն գիշեր
Որքա՜ն աստղեր կան երկնքում:
«»«»«»
Անկողինը՝
Նարգիզի ծածկույթ,
Վերմակը՝
Ձյան ծաղկի տարափ,
Արտասուք ու քրտինք,
Համբույր ու ժպիտ:
Ա՜խ,
Երանի կույս լինեի…
«»«»«»
Խավարամած այս քաղաքի
Ամբոխի մեջ ու տագնապի,
Որքա՜ն ծանր,
Որքա՜ն միայնակ եմ կրում
Իմ ստվերը՝ ուսերիս…
«»«»«»
Ճյուղերի արանքից
Ծիկրակում է լուսնյակը:
Բացվում են մատները,
Լուսնյակն իրեն մենավորի գիրկն է գցում:
Փակվում են մատները:
…Թաղվում՝ կենդանի’:
«»«»«»
Պիտի
Ոտքի ելնեմ,
Փակեմ պատուհանը,
Քաշեմ նիգերը՝ դռները կողպեմ
Եւ ինձ թաղե’մ
Մենության սև ամրոցում:
Անվստահության ամպերը
Ողջագուրվել են երկնքին.
Շողոքորթության անձրևը
Տեղում է արդեն
Ու վշտահար սիրտս
Սուգ է մտել բացսրտության
Տիրուհու համար:
«»«»«»
Աշուն:
Դեղին մի տերև
Մոլորված
Ընկնում է գետին.
Մի կենակցության տխուր երեկո:
«»«»«»
Ծանոթ մարդիկ,
Ծանոթ աւտոներ,
Ծանոթ փողոցներ,
Ծանոթ ցուցատախտակներ,
Ծանոթ մի լեռ,
Ծանոթ մի քաղաք,
Ծանոթ խոսքեր,
Ծանոթ հայացքներ,
Ու ես՝
— Առանց քեզ,-
Լքված մի պանդուխտ:
«»«»«»
Հռհռոցով մի լկտի,
Առուծախել՝ Լեյլիի
Անձրևային հայացքը.
Լեյլիի վերքը ամոքել՝
Մի դաշույնի հարվածով:
Հավատացե’ք՝
Մաջնունի սրտի
կարմրությունը
Կուսությունից է Լեյլիի…
«»«»«»
Աչքերս,
Երկու բանդարկված թռչուն
Փրկության հույսով՝
Ձեռքերիս հառած.
Ձեռքերս
Երկու սառցապատ լեռ,
Հուր որոնելով՝
Վարսերում կորած.
Ուսիս արձակված վարսերս,
Սպասելով լուսնկաթին՝
Կրծքիս ցրված.
Կուրծքս,
Վիթխարի մի ափ,
Գիրկը բացած ծովի դեմ.
Ու վաղվան սպասող
Մի ծով է սիրտս:
Վեհանձն եմ. ե’կ,
Եւ այս ծովի
Միա’կ կարմիր ձուկը դարձիր:
1 մեկնաբանություն
shat hajogh e.