Dino Buzzati, 1906-1972
Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Վերջին մեկնաբանություններ