Բոլորը եկան, մարդ չմնաց…
Շ. Ազնավուր
Եկել են բոլորը: Ասես, պայմանավորվածության համաձայն, իջել են նույն գնացքի նույն վագոնից, միասին շտապել այստեղ՝ կանխագուշակելով, որ Մեծ մամի հետ բան է պատահել: Բայց Մեծ մամը, ինչպես միշտ, ինչպես մի ամիս առաջ, ինչպես մի տարի, երկու տարի առաջ, նստած է իր հին տեղը՝ մոդայից ընկած բազմոցի մի անկյունում, բրդե շալը ծնկներին, գլուխը հակած կրծքին: Որդու մահից հետո, դա նրա անփոփոխ տեղն է, չնայած ունի իր փոքրիկ ննջասենյակը, իր «անձեռնմխելի տնտեսությունը»՝ ճռճռացող զսպանակներով մի մահճակալ, գունավոր թիթեղներով երեսպատված մի սնդուկ, մահճակալից վերեւ կախած որդու մեծադիր լուսանկարը՝ գնդապետի համազգեստով:
Եկել է Հովակիմը՝ Մեծ մամի քրոջ որդին, դուրս ընկած այտոսկրերով, նոր ճաղատացող գլխով, կապույտ աչքերով մի մարդ, որ երկար տարիներ աշխատել է քաղառեւտրում որպես ապրանքագետ եւ հիմա ռեստորանի դիրեկտոր է: Նա այստեղ նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ դուռը ոտքով է բացում, հետը բերած կոնյակի, օղու, գինու եւ չեխական գարեջրի շշերը ցուցադրաբար շարում սեղանին, ու առաջին հարցը լինում է. «Է՜, ո՞նց ես, Մեծ մամ… Չէ, աչքիս լավ ես երեւում, շատ լավ: Դու տղամարդ կնիկ ես»: Մեծ մամը հասկանում է, որ Հովակիմը դա անում է ի ցույց գնդապետ որդու, այսինքն՝ տեսնո՞ւմ ես, Գեղամ Համազասպովիչ, ես Մեծ մամին պակաս չեմ սիրում, քան դու:
Այստեղ է Սահակը՝ Մեծ մամի եղբորորդին. կոլտնտեսությունում գլխավոր գյուղատնտես է, թերթերում նրա լավ աշխատանքի մասին հաճախ են գրում: Սահակը միայն մի անգամ է եղել հորաքրոջ տանը. գործով էր եկել քաղաք: Թինան նույնիսկ նրա բարեւին չպատասխանեց, եւ երբ Մեծ մամն ասաց՝ Սահակն է, իմ եղբոր մեծ տղան, հարսը չլսելուն դրեց: Եթե հարսը հյուրին չի ընդունում, հյուրը հո չի՞ կարող պնդաճակատություն անել. Սահակը գնաց հյուրանոց, իսկ առավոտյան պարզվեց, որ նա դատարկաձեռն չէր եկել, հետը մի բիդոն մաքուր մեղր էր բերել: Թինայի սիրտը փափկեց, զանգեց հյուրանոց, բայց ուշ էր արդեն, Սահակն արդեն առավոտյան ավտոբուսով գյուղ էր գնացել:
Սահակի դիմաց նստած է Մեծ մամի ավագ թոռը, հաղթանդամ մի տղամարդ, ըմբշամարտի գծով սպորտի վարպետ: Նա սպորտդպրոցում հիմա մարզիչ է եւ շարունակում է ապրել իր նախկին փառքով: Հագել է իր տոնական կապույտ կոստյումը, կրծքին սպորտի վարպետի կրծքանշանն է, վարդագույն փողկապին շողշողում է ոսկե քորոցը: Գեդեոնի համար Մեծ մամն իր դարն ապրած կին է, որը, չգիտես ինչու, հորեղբայր Գեղամի մահից հետո շարունակում է ապրել, չնայած դրանից առանձին մի հաճույք չի ստանում:
Գեդեոնի կողքին Մեծ մամի աղջկաթոռն է, մասնագիտությամբ՝ երաժիշտ, կոնսերվատորիա է ավարտել, երաժշտական ուսումնարանում կլարնետի դասեր է տալիս: Նա ներկաների մեջ թերեւս ամենաինտելիգենտ մարդն է, որ ուզում է տարբերվել նրանցից եւ՛ իր ծանրակշիռ խոսքով, եւ՛ նուրբ ու ընտիր բառերով, եւ՛ վարվեցողությամբ: Երբ գնդապետ քեռին մեռավ, ինքն էր այստեղ կարգադրություն անում, բոլորի ուշադրության կենտրոնում ինքն էր: Մերթ վազում էր պսակների ետեւից, մերթ փողային նվագախմբին դիտողություն էր անում եւ բացատրում, թե ինչ սգո քայլերգ պիտի նվագել:
Մնացածները տնեցիներն են. Թինան՝ երկարահասակ, չորուկ դեմքով եւ ներկած մազերով մի կին, Լեւոնը՝ որդին, որ կաբելի գործարանում ինժեներ է, եւ սրա կինը՝ Վիոլետան: Վերջինս չի մասնակցում զրույցին, իր սենյակում աշակերտների գրավոր աշխատանքներն է ստուգում ու մեկ-մեկ մատը թափահարում իր չարաճճի աղջկա վրա. «Հերիք է, Նունե, խանգարում ես, տե՛ս, կծեծեմ»:
Խոսողը հիմնականում Թինան է: Նա այդ հանդիպմանը շատ լավ է նախապատրաստվել. խոսում է ազատ ու անկաշկանդ, ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ ժեստ: Այդպես կարող է միայն խոսել իր դերը վարժ սերտած այն դերասանուհին, որն հույս ունի մոտ ապագայում արժանանալու վաստակավորի կոչման:
— Դուք, հարազատներս, հիմա տեսնո՞ւմ եք իմ վիճակը,- հարցն ուղղված է բոլորին,- Լեւոնը շարունակ գործուղման մեջ է, Վիոլետան չի կարող բացակայել դասերից,- նա ակնհայտ չարությամբ նայեց դեպի հարսի սենյակը,- իսկ ինձ բուժում է հարկավոր, եղել եմ պրոֆեսոր Մանունցյանի մոտ: Նա գտնում է, որ անպայման պիտի մեկնեմ Սոչի կամ Գագրա: Հիմա ձեզ եմ հարցնում, որպես իմ հարազատների՝ ո՞վ պիտի խնամի պառավին: Քառասուն տարի հարսնություն եմ արել, ոչ մի անգամ ծուռ աչքով չեմ նայել, չեմ ասել՝ Մեծ մամ, աչքիդ վերեւ հոնք կա: Քառասուն տարի խնամել եմ, ինչպես մայրը կխնամի իր հարազատ երեխային: Այդպես չէ՞, Մեծ մամ:
Մեծ մամը բարձրացրեց գլուխը, ակնոցի հաստ ապակիներից նայեց հարսին, հառաչեց.
— Թինա՜,- ասաց,- Թինա, այդ ինչե՞ր ես ասում: Դու լավ գիտես, որ ես Գեղամի մահից առաջ այսպես չէի: Ինձ դո՞ւրս ես անում տնից: Շնորհակալ եմ, Թինա, շատ եմ շնորհակալ:
— Իսկ ո՞վ ասաց, թե քեզ դուրս եմ անում տնից,- Թինայի լարի պես բարակ շրթները դողացին:- Խնդրեմ, տեսնո՞ւմ եք, թե ինչեր է հորինում: Վաղն էլ կասի՝ ինձ հարսս քաղցած-ծարավ է պահում: Ես թաքցնելու բան չունեմ, այստեղ մերոնք են, օտար մարդիկ չկան…
— Պարզ է, թաքցնելու բան չկա,- ասաց Գեդեոնը եւ զգալով, որ իր խոսքը ներկաների վրա տհաճություն պատճառեց, ուղղեց փողկապը, մոտեցավ պառավին:- Մեծ մամ, դու ինձ ճանաչո՞ւմ ես,- եւ նորից զգաց, որ սխալ է գործել. իսկ եթե Մեծ մամն ասի՝ տար ինձ ձեր տունը, ես ուզում եմ ձեր տանն ապրել ու մեռնել, ի՞նչ դուրս կգա:
Մեծ մամը լարեց հիշողությունը, նայեց մշուշված աչքերով ու խոսեց.
— Լավ չեմ տեսնում, աչքերիս մեջ լույս չի մնացել:
— Մեծ մամ, ես Գեդեոնն եմ:
— Գեդեո՞նը,- պառավի խորշոմած դեմքին առկայծեց ժպիտի պես մի բան:- Գեդեոնը, հա՛, Գեդեոնը, մեր Գուրգենի տղան: Ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել, ո՞նց չեմ հիշում: Գուրգենս ինչպե՞ս է:
— Թոշակի է անցել, Մեծ մամ:
— Բա ինչի՞ չի եկել:
— Քաղաքում չէ, գնացել է բուժման:
— Ասում են՝ կնկանդ հետ չես հաշտվում, էդ ո՞նց կլինի, ցավդ տանեմ:
— Ես հաշտվում եմ, Մեծ մամ, ինքը չի հաշտվում,- աշխուժացավ Գեդեոնը: Այդ լավ է, թող հիմա բոլորն էլ իմանան, որ Նյուրան չար կնիկ է. հազիվ թե պառավին ընդունի:- Նա նույնիսկ չհաշտվեց իր հարազատ մոր հետ, տնից դուրս արեց: Կանանց հետ լեզու գտնելը դժվար, շատ դժվար բան է, Մեծ մամ:
— Այսինքն՝ զոքանչիդ դուրս արեց,- չարությամբ պարզություն մտցրեց Արթուրը՝ երաժիշտը:- Նշանակում է, բարեկամս, ձեր ջուրը մի առվով չի գնում:
Գեդեոնն այնպե՜ս կուզեր շշպռեր այդ զուռնա փչողին. «Հոպոպ, դու քեզանից խոսիր, երեք անգամ պսակվել ես, երեք կնոջից երեք երեխա ունես»: Բայց պահեց իրեն, ձեռքերն անզոր տարածեց.
— Ինչ ճիշտ է՝ ճիշտ է, մի առվով չի գնում,- եւ, այնուամենայնիվ, չդիմացավ, խայթեց:- Ի՞նչ անեմ, հո չե՞մ կարող ուրիշների նման երեք անգամ ամուսնանալ: Հա, մի հայտնի գրող ասել է. «Ինչպես մահից, այնպես էլ կնոջից չես կարող փրկվել»:
— Այդ հայտնի գրողն իր համար է ասել,- Թինան զայրացած նայեց նրան:- Գրողները շատ բան կարող են ասել,- ու դարձավ Արթուրին:- Արթուր, ինչպե՞ս է Ելենի առողջությունը:
Դա հերթական հարց չէր, նպատակային հարց էր, եւ Արթուրը անակնկալի եկավ:
— Շնորհակալ եմ, ոչինչ… Պարզապես մայրիկը այն չէ, ինչ որ առաջներում: Անշուշտ, հին հիվանդությունն իրեն զգացնել է տալիս:
— Ես այդ հին հիվանդության մասին առաջին անգամն եմ լսում:
— Դե, կանացի հիվանդություն… Քեռակին, մի՞թե նա այդ մասին քեզ ոչինչ չի ասել:
— Ոչ, չի ասել: Անցած ամսին եկավ, թե մամային շատ եմ կարոտել: Գոնե, մի քանի օր մնար, տեսներ հալս: Չմնաց: Իսկ դուք չե՞ք կարող երկու ամիս պառավին պահել, մինչեւ բուժումից վերադառնամ:
— Մայրիկն ինձ այդ մասին բան չի ասել:
— Հասկանում եմ, դուք էլ եք ձեռքներդ լվանում: Դուրս է գալիս, որ ձեր մեջ ամենաանխելքը ես եմ: Ամո՛թ է, ամոթ:
Հովակիմի դեմքի մկանը թրթռաց. նայեց Սահակին, վերջինս փախցրեց հայացքը: Նայեց Լեւոնին, եւ Լեւոնը հասկացավ նրան, ներվային շարժումով ետ քաշեց աթոռը:
— Մամա, հերիք է,- ձայնը դողաց:- Լսո՞ւմ ես, հերիք է: Եվ, ընդհանրապես, ո՞ւմ է հարկավոր այս պրես-կոնֆերանսը:
— Դու լռի՛ր,- սաստեց Թինան:- Դու, ընդհանրապես, ինչո՞ւ ես խառնվում: Ես վաղը ճանապարհվում եմ Սոչի: Ես էլ եմ ուզում ուրիշների նման ապրել:
— Քեզ ոչ ոք չի խանգարում:
— Իսկ ո՞վ պիտի խնամի այս պառավին. կի՞նդ: Նա առավոտից մինչեւ երեկո իր մազերով ու եղունգներով է միայն զբաղված:
— Մամա, ամո՛թ է, դու արդեն հորինում ես:
— Ես ե՞մ հորինում: Քո հարազատ մայրը հորինում է, հա՞… տեսնո՞ւմ եք, թե նա ինչպես է խոսում ինձ հետ:
— Իսկ դու ինչպե՞ս ես վարվում Մեծ մամի հետ:
Հովակիմն արդեն դաշնակից էր գտել, չէր կարող չեզոք դիրք բռնել, դանդաղ բարձրացրեց թավ հոնքերը, խոսեց.
— Թինա քույրիկ, իմ կարծիքով, գործը ծուռ ես բռնել: Երբ Մեծ մամը Մեծ մամ էր, ուրիշ ձեւով էիր խոսում: Երբ Մեծ մամը տանդ լվացքն էր անում, եփում ու թխում էր, տունը հավաքում, շուկա գնում, երեսդ պարզ անում, մեր տեղը չգիտեիր, մեզ մարդատեղ չէիր դնում:
Թինան դրան չէր սպասում, դա թիկունքից հարված էր, եւ շիկացած Թինան թավայի մեջ լցրած յուղի պես թշշաց.
— Դու լռի՛ր…
— Որքան լռել եմ, հերիք է:
— Հասկացանք, մորաքրոջդ պաշտպանում ես… Ասա, խնդրեմ, ո՞վ է քեզ մարդ դարձրել: Գեղամը չլիներ, քեզ քաղառեւտրից այնպե՜ս կքշեին…
— Ինձ քաղառեւտրից քշողը դեռ մորից չի ծնվել:
— Գեղամի թիկունքով… Մոռացել ես, չէ՞, գիշեր-ցերեկ մեր տնից դուրս չէիր գալիս:
— Ես երբեք դատարկ ձեռքով ձեր տուն չեմ մտել:
— Բերածդ ի՞նչ էր՝ երկու շիշ թթված գինի:
— Էդ ե՞րբ թթվեց:
— Դու շատ լավ գիտես, թե երբ թթվեց: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ ես քիթդ խցկում այնտեղ, որտեղ դրա կարիքը չի զգացվում: Նախա՛լ…
— Թինա՜…
Դա անզուսպ մի ճիչ էր, բոլորը շրջվեցին Մեծ մամի կողմը: Պառավը հենվեց բազմոցի թիկնակին, շարժեց չորացած շուրթերը, ուզում էր խոսել, չկարողացավ: Լեւոնը բռնեց նրա ձեռքը:
— Մեծ մամ, կարիք չկա, ամեն ինչ լավ կլինի:
— Լավ կլինի, գիտեմ,- հոգոց հանեց պառավը,- մենակ չգիտեմ, թե այդ լավը երբ կլինի: Իմ մեռնելուց հետո՞: Ցավդ տանեմ, Լեւոն, ինձ տար իմ օթախը: Տա՛ր, ես ձեզ չեմ խանգարի:
— Մեծ մամ, քեզ վա՞տ ես զգում:
— Չէ, շատ լավ եմ զգում: Տա՛ր, բալաս:
Տիրեց լռություն: Սահակը մի ծխախոտ վառեց, Հովակիմն ամփոփվեց ինքն իր մեջ, Գեդեոնը շարժեց ուսերը, Արթուրը մատները տկտկացրեց սեղանին:
— Լավ չի,- խոսեց մինչ այդ լուռ ու չեզոք Սահակը:- Չէ՛, լավ չի:
— Ի՞նչը չի լավ,- հարցրեց Թինան:
— Դե ո՞նց ասեմ… Պառավը մեղք է, նստեցրել եք այստեղ ու խոսք եք կռվեցնում: Դա եղավ ի՞նչ,- եւ անսպասելի հայտարարեց:- Ես պառավին ինձ հետ կտանեմ գյուղ:
— Դու կտանե՞ս,- կարծես լավ չլսեց Հովակիմը:
— Որքան չլինի, Մեծ մամն իմ հորաքույրն է:
— Դու այդ սկզբից պիտի ասեիր, Սահակ… Իսկ ձերո՞նք…
— Մերոնք ի՞նչ պիտի ասեն:
— Շնորհակալ եմ, Սահակ,- Թինան թաշկինակը մոտեցրեց աչքերին,- երկու ամիսն ինչ է, որ յոլա չտանեք: Հանգիստ պառավ է, ձեզ չի խանգարի:
Ամեն ինչ հարթվեց ու խաղաղվեց: Բոլորը դարձան սրտացավ ու մտերիմ բարեկամներ, հիշեցին, թե Մեծ մամն ինչպես էր իրենց սիրում: Թինան հարցրեց Սահակի ընտանիքից՝ ով որտեղ է աշխատում, ինչպես է վաստակում, եւ խոստացավ կրտսեր որդուն տեղավորել ինստիտուտում, հետո ասաց, որ գյուղում ապրելը հեշտացել է, յուղը՝ բո՜լ, մեղրը՝ բո՜լ, կեր ու խմիր եւ մաքուր օդում քեզ համար ման եկ:
Երբ սեղանն արդեն պատրաստ էր, երկու բաժակից հետո Գեդեոնի տրամադրությունը բարձրացավ, համբուրեց Սահակի ճակատն ու ասաց.
— Խմում եմ քո բաց ճակատի կենացը: Խմում ու ասում եմ՝ պարտական մնաս, թե երկու ամսից հետո Մեծ մամին չուղարկես մեզ մոտ: Մեր Նյուրան, իմ արեւը, ոսկե սիրտ ունի, մեր օխտը պորտի համար հոգի է տալիս:
— Այդ ե՞րբ ոսկի դարձավ,- խեթեց Արթուրը:- Քիչ առաջ ուրիշ բան էիր ասում: Ո՛չ, բարեկամս, Մեծ մամը մենակ քո Մեծ մամը չի… Է՛հ, քեռին կենդանի լիներ,- ու արտասվեց:- Ախ, քեռի՜, քեռի՜, ինչո՞ւ այսօր մեզ հետ չես, մեր կողքին:
— Թե որ քեռին մեր կողքին նստած լիներ, Մեծ մամին ո՞վ պիտի դռնեդուռ գցեր,- Հովակիմն աչքի տակով նայեց Թինային:- Սահակ եղբայր, պառավը քեզ ամանաթ:
— Անհոգ եղեք, ես իմ խոսքի տերն եմ:
— Էդ լավ է, որ քո խոսքի տերն ես, բայց իմ կարճ խելքով պառավի հետ պիտի խոսել, գուցե սկի չի ուզում: Լեւոն, Մեծ մամը քնա՞ծ է:
— Մեծ մամը միշտ ուշ է քնում:
— Գնա խոսիր հետը: Ասա Սահակն ուրիշ չէ, քո հարազատ եղբորորդին է:
— Մեծ մամը կուրախանա, շատ կուրախանա,- Գեդեոնը բաժակները կոնյակ լցրեց:- Մեծ մամի կենացը: Մեծ մամը մեր տոհմածառն է:
— Մեծ մամի կենացը,- բաժակը բարձրացրեց Հովակիմը,- մենք Մեծ մամի արած լավությունները թե մոռանանք, նշանակում է՝ մարդ չենք:
Լեւոնը Մեծ մամի ննջասենյակից դուրս եկավ, բացակա հայացքով նայեց ներկաներին, ասաց.
— Մեծ մամը ոչ մի տեղ էլ չի գնում… Մեծ մամը մեռել է:
1976 թ.
Վերջին մեկնաբանություններ